Նոյեմբերի 30-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Նանեի «Անցում կյանքով» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Նանեի գիրքը ներհայեցողական, ներհուն բանաստեղծական հայացքով դիտարկում է կյանքը և միաժամանակ ընդգրկում կյանքի խութերը՝ ծանր, մղձավանջային, ինչպես նաև՝ հայրենիքի այժմյան ու պատմական խնդիրները: «Գրքի բազմաթիվ բանաստեղծություններում հայտնվում են կյանքի աստիճանական անցումները՝ մե՛րթ անձնական, մե՛րթ անանձնական, մե՛րթ հայրենական ելևէջներով: Նանեն նաև նկարչուհի է, շատ հետաքրքիր բնանկարներ ունի, և բանաստեղծություններում երևում է բնանկարի ընկալումն ու ներքին էությունը»,- ասաց նա:
Միջոցառումը վարում էր բանաստեղծուհի, գրքի խմբագիր Գոհար Գալստյանը: «Նանեն, ինչպես իր բանաստեղծություններից մեկում է գրում, արև կծկող, արևապաշտ բանաստեղծուհի է, որ այգաբացի հետ ամեն նոր օրը սկսում է բարությամբ ու հավատով: Սուր հրապարակագրությամբ նա իր ձայնը լսելի է դարձրել բոլորին, բայց այս գրքում լսում ենք բոլորովին ուրիշ ձայն՝ ավելի մտերմիկ, հուզաթաթախ ու պատկերավոր»,- ասաց նա: Գրքի մասին խոսեց գրականագետ Ֆելիքս Բախչինյանը. «Բանաստեղծուհին անցնում է կյանքով՝ հաղթահարելով անցումի դժվարությունները: Նա ընկճվողներից չէ, նրա հույսն իր գրիչն է, ուղին ու հույսը՝ Աստված: Ետ տանելով մութ քողը՝ նա մատուցում է երկնային առկայծումներով մեզ հասնող հոգեբուխ լույսը»: Խաչիկ Մանուկյանը խոսեց ոչ միայն Նանեի բանաստեղծությունների, այլև հրապարակագրության և Արցախյան 44-օրյա պատերազմում ու սահմանամերձ մարտերում զոհվածներին նվիրված նրա հեղինակած «Լավագույն տղերքը մենք ենք» գրքի մասին. «Նանեն չի շրջանցում ժամանակը, այն գալիս և իր տողերի մեջ է լցվում: Նա շատ զգայուն հեղինակ է, զգացել է իր ժամանակը, ապրում է իր ազգի ճակատագրով»: Ալիս Հովհաննիսյանն էլ նշեց, որ բանաստեղծություններում Նանեի պատկերն է, կան նաև անսպասելի պատկերներ: Պատերազմին վերաբերող բանաստեղծությունները կարծես օրագիր լինեն: Նա ինքնադիտման միջոցով դիտում է աշխարհը: Հովիկ Վարդումյանը շնորհավորեց բանաստեղծուհուն՝ հավելելով. «Կան բանաստեղծներ, որ հիմնականում գրում են միայն իրենց մասին, Նանեի մոտ ես-ը խոնարհված է, և ասելիքը գնում է դեպի ազգ, դեպի հայրենիք, դեպի երկինք, դեպի վերև»: Պերճուհի Ավետյանը նշեց, որ Նանեի քնքուշ, ժպտուն դեմքի խորքում շատ ալեկոծություն կա, որովհետև նա չի կարողանում հանդուրժել սխալները, և դա արտահայտվում է նրա բանաստեղծություններում: Անուշ Վարդանյանը խոսեց Նանեի ստեղծագործական տարբեր ժանրերի՝ պոեզիայի, հրապարակագրության և մանկագրության մասին՝ շեշտելով, որ ժողովածուն նոր աստիճան է նրա ստեղծագործության մեջ՝ անսպասելի հուզիչ և ամուր: Կարինե Ռաֆայելյանը գրականագիտական վերլուծություններով արժևորեց գիրքն ու նշեց. «Առերևույթ փխրուն, բանաստեղծության չափ աննյութական թվացող կերպարի տակ գրող, հրապարակախոս Նանեն ուժեղ, կամային, համարձակորեն հեռատես անհատականություն է, որը բոլորից առաջ է նկատում և ահազանգում իր ազգին, հայրենիքին, աշխարհին, մարդկությանը սպառնացող վտանգի մասին»: Արևշատ Ավագյանը խոսեց Նանեի բազմաշնորհության մասին՝ որպես բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս և նկարչուհի՝ կարևորելով այն խորքային հայացքը, որով նա նայում է աշխարհին: Ելույթ ունեցան նաև Հակոբ Հարությունը, Գոհար Ռշտունին, Օլգա Դարյանը, Սաթենիկ Ղազարյանը, Նանեի եղբայրը՝ գուսան Հայկազունը: Գրքից բանաստեղծություններ ընթերցեց Գայանե Սամվելյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Նանեն՝ խոսելով ստեղծագործելու, իր գրքերի ու բանաստեղծությունների մասին, ապա շնորհակալություն հայտնեց ելույթների և գրքի վերաբերյալ հնչած դրվատալից խոսքերի համար. «Դժվար է մեր ժամանակը, բայց պետք է ապրել, շարունակվել ու ամրանալ: Խոսքը շատ մեծ ուժ ունի, առավել ևս՝ գիրը»:
Սեփ.լրտ.