Օրերս ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գերմաներենի թարգմանիչ Կոնրադ Կունի հետ:
ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը ներկայացնելով համաշխարհային մեծության օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ամուսին, ազգությամբ գերմանացի Կոնրադ Կունին` հանդիպումը համարեց բացառիկ, քանի որ Կունը գերմանացի խստապահանջ ընթերցողներին է ներկայացնում մի աշխատություն` Չարենցի ստեղծագործությունների թարգմանությունների մի նոր ժողովածու`«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով: Նրա հավաստմամբ` հատորը նոր ձևաչափ ու նոր խոսք է չարենցյան թարգմանության մեջ: «Հեղինակի գեղարվեստական ճաշակը հիացնում և զարմացնում է: Շատ եմ կարևորում այս գրքի հրատարակումը»,- ասաց նա` ընդգծելով, որ թարգմանչին հաջողվել է վերարտադրել չարենցյան հնչեղությունը: Այնուհետև Կոնրադ Կունին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով: Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը կարևորելով հանճարների գործերը թարգմանելն ու օտար ընթերցողներին հասցնելը` փաստեց, որ Չարենցի ստեղծագործությունները թարգմանելը, հատկապես գերմաներեն, բավական դժվար է: Ընտրելով լավագույն բանաստեղծությունները` Կոնրադը կարողացել է հոգեհարազատ մնալ Չարենցի տողաչափերին, երաժշտականությանը: Ալբերտ Մուշեղյանը մեջբերելով գերմանացի փիլիսոփա Կանտին, ով բանաստեղծության միակ չափանիշ էր համարում հանճարեղությունը, նշեց, որ Կոնրադն այս չափանիշից ելնելով, ինչպես նաև բանաստեղծի ներքին զգայնությամբ է ընտրել և կազմել այս հատորը: «Հայ պոեզիայի հրաշալի զգացողություն ունի, հատկապես տաղաչափության առումով, առանց իմաստային կորուստների, առանց արվեստի կորստի մատուցում է գերմաներեն»,-ընդգծեց նա: Կոնրադ Կունը վստահեցրեց, որ ինքն այսքան խորը չէր ճանաչի հայկական մշակույթը, եթե չլիներ կինը` Հասմիկ Պապյանը: Նա խոստովանեց, որ թեև կարդացել էր Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», սակայն թե որքան հարուստ է հայկական մշակույթը, չգիտեր: Իսկ հայոց լեզուն սովորել է դստեր ծնվելուց հետո, քանի որ այն «Հասմիկի սրտի լեզուն է, թեև տիրապետում է նաև ռուսերենին և իտալերենին»,- շեշտեց նա: Ելույթ ունեցան նաև Ամալյա Ալեքսանյանը, Կլարա Թերզյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ