Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպ՝ իսպաներեն

Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպի իսպաներեն թարգմանությունը լույս է տեսել Մադրիդի «Armaenia Editorial» հրատարակչության կողմից։

Վեպը իսպաներեն է թարգմանել Նելլի Մինասյանը։

Նարինե Կռոյանը հրավիրվել էր Մադրիդի գրքի միջազգային փառատոնին, որտեղ ներկայացված էր նաև նրա «Ճանճերի ժամանակը» վեպը։ Նա  պատմեց փառատոնի շրջանակներում իր հանդիպումների և Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն այցի մասին։

Նարինե ԿՌՈՅԱՆ – «Մադրիդի գրքի փառատոն-տոնավաճառի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել իսպանալեզու ընթերցողների հետ, որոնք կարդալով հրատարակչի կողմից գրքին կցված թերթոնը՝ բավականին հետաքրքրված էին, մանավանդ որ վեպում ծավալված իրադարձությունները վերաբերում էին 44-օրյա պատերազմի իրադարձություններին, հայ մոր, կնոջ ինքնազոհ նվիրումին, որն իր որդու և ամուսնու ետևից ռազմաճակատ մեկնեց` այդպիսով դառնալով հանուն հայրենիքի և հանուն մարտի դաշտում գտնվող և նաև զոհվող իր բոլոր-բոլոր զինվոր զավակների հավաքական մայրը, ամոքիչը, Մայր Հայաստանը:

Լեզվի հետ կապված`ինձ սատարում էր հայ համայնքից մի հրաշալի ընտանիք, ամուսիններ, որոնք և պոտենցիալ ընթերցողների համար էին թարգմանում ասելիքս, և ինձ համար` նրանց հարցերը: 

Բավականին կարճ ժամանակահատվածի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, որ պատերազմը դեմք չունի. բոլորի արցունքներն էլ նույն աղահամն ունեն: Այդպես էր գրքի սյուժեի մասին արտահայտվում նաև հրատարակչության՝ Էվա անունով մի աշխատակից, ինչը շատ հուզիչ էր և պարտավորեցնող: Մենք բոլորս փոխանակվեցինք մեր սոցիալական ցանցերի հասցեներով, և ես հասկացա, որ պիտի լրջորեն զբաղվեմ օտար լեզուների իմ իմացությունը զարգացնելով: Դժվարությունները կապված էին միայն լեզվի չիմացության հետ, երբ, ինչ մեղքս թաքցնեմ, ես, անգամ հասկանալով անգլերեն խոսքը, դժվարանում եմ այդ լեզվով բավարար արտահայտվել: Ինձ հանդիպած բոլոր մարդիկ, անկախ ազգությունից և լեզվից, բարի էին և պատրաստ աջակցելու, ինչի համար շնորհակալ եմ բոլորին:

Իմ այցելության ընթացքում հրավեր ստացա նաև Իսպանիայում ՀՀ դեսպանատնից: Ես և հրատարակչության տնօրենը ներկայացանք այնտեղ և մեկ գավաթ սուրճի շուրջ խոսեցինք և՛ իմ գրքի մասին, և՛ հայ համայնքի հետ իրականացվող աշխատանքների մասին` հատկապես մշակութային ոլորտում: Հանդիպումն այցավ հետաքրքիր և կառուցողական մթնոլորտում: Հովնանյան ընտանիքի այս դրամաշնորհն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու նաև մի շարք մշակութային կոթողների` հանրահայտ Պրադո և Ռեինա Սոֆիա թանգարաններում, Մադրիդի ազգային գրադարանում, որտեղ, ի ուրախություն ինձ, կազմակերպված էր մեր Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցահանդեսը, որն այցելելու համար ես ուղղորդեցի նաև իմ պոտենցիալ ընթերցողներին՝ նրանց հետ գրքի մադրիդյան փառատոն-տոնավաճառում իմ հանդիպումների ժամանակ:

Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում «Հովնանյան ընտանիք» հիմնադրամին և «Արի» գրական գործակալությանը՝ ինձ, որպես հայ գրողի, աջակցելու և նման փորձառություն ձեռք բերելու հնարավորության համար:

Շնորհավորում և գրական նորանոր հաջողություններ ենք մաղթում Նարինե Կռոյանին։

«Լոռու մարզ» թերթի խմբագրություն: