ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր, բանաստեղծուհի, մանկագիր
Սաթենիկ Ղազարյանին
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՀԳՄ նախագահության որոշմամբ՝ Սաթենիկ Ղազարյանը հայ գրականությանը մատուցած ծառայությունների և ծննդյան 70 ամյակի առթիվ պարգևատրվում է «Գրական վաստակի համար» մեդալով:
ՀԳՄ նախագահ՝ Էդ․ Միլիտոնյան
28․06․2026թ․
Սաթենիկ Ղազարյանը յոթանասո՞ւն…
Ճիշտն ասած՝ հավատալու չէ, երբ առնչվում ես Սաթենիկի հետ, տեսնում ես, թե ինչպես է նա պահպանել հոգու երիտասարդությունը, նաև՝ մտքի թարմությունը։ Նրա ստեղծագործություններում տեսնում ենք մանկան մտածողություն, մանկան հոգի, և նրա գեղեցիկ ստեղծագործությունները մշտապես զարդարում են «Ծիծեռնակ» ամսագրի էջերը։ Սաթենիկի հետ մենք անցել ենք երկար ճանապարհ, ստեղծագործական ուղին անցել է իմ աչքի առջև, ծանոթ եմ նրա բոլոր գրքերին, և քանի գիրք հենց «Ծիծեռնակ» հրատարակչությամբ ենք տպագրել։ Ես ուրախ եմ, որ Սաթենիկի կնքամայրն եմ եղել գրող դառնալու դժվար ճանապարհին և ուրախ եմ, որ ունեմ այդպիսի հավատարիմ ընկեր ու «Ծիծեռնակ»-ի լավագույն բարեկամ։ Նաև նրա շնորհիվ է, որ մանուկները ստանում են մեր ամսագիրը, իրենց գործերը տպագրում ամսագրում։ Ցանկանում եմ, որ մեր ընկերությունը շարունակվի երկար և նույնքան արդյունավետ։
Սաթենիկ Ղազարյանը մանուկ ընթերցողի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունենում։ Նրա ստեղծագործությունները արձագանքում են մանուկների սրտերում։
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր
***
Սաթենիկ Ղազարյանը, նախ, լավ մարդ է, անսպասելի՝ բոլոր դրական առումներով։
Նա արտիստ է, բանաստեղծություն զգացող և փոխանցող։
Գիտեմ նրան արդեն տասնամյակներ, որ կարող է զարմացնել իր մարդասիրությամբ։ Վերջերս այցելեցինք մեր քաղաքի խնամքի կենտրոններից մեկը, որտեղ նա ասմունքեց սրտանց այն մարդկանց համար, որոնք շատ ունեին դրա կարիքը…
Սաթենիկ Ղազարյանն այդպես էլ գրում է՝ շարժվելով դեպի մարդն ու մարդկայինը։ Իր գրած հեքիաթները լուսե թաղանթներ ունեն, հերոսները՝ հայկական անուններով, որոնք արարում են, զարմացնում, մտորել տալիս։
Տաղանդավոր գրող Սաթենիկ Ղազարյանը փնտրող և հետաքրքիր փաստերը ստեղծագործական ատաղձով շաղախող է, հույզերը, թեև թափանցիկ, բայց խորքային ապրումներ են։ Հաճելի է կարդալ իր տողը…
Բացի այս ամենից, Սաթենիկն անչափ ուշադիր է գրչընկերների հանդեպ։ Սիրում է կարդալ նրանց նոր ծնված ստեղծագործությունները, չանտեսել… Ես չափազանց բարձր եմ գնահատում նրա հենց այս որակը՝ լինել ընկերոջ կողքին։
Այս տարին հոբելյանական է իր համար։ Մաղթում եմ լավագույն ընթերցողներ, նոր և կարևոր գրքեր, և, իհարկե, արևշատություն։
Անի ՓԱՇԱՅԱՆ
ՀՈԳՍԵՐԴ՝ ՇԱՏ, ՀՈՒՅՍԴ՝ ՄԵԾ
Սիրտ շոյող երգի այս տողն ասես մեկը մեկին հայ ժամանակակից մանկապատանեկան գրականության համար նաև գրված լինի։ Արդեն շուրջ չորս տասնամյակ ուղղակիորեն շփվելով մեր երկրում գործող կրթօջախների աշակերտական և մանկավարժական կոլեկտիվների հետ՝ այն հստակ կարծիքն ունեմ, որ պետք է գրել ոչ թե երեխաների ՄԱՍԻՆ, այլ՝ նրանց ՀԱՄԱՐ։ Ժամանակակից մանկագրության դաշտում Սաթենիկ Ղազարյանն իր գործն այս սկզբունքով է առաջ տանում, և տարբեր առիթներով մանկության լուսավոր ու բարի մոլորակում ներկա լինելով նրա հանդիպումներին՝ նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների աշակերտների հետ՝ առնվազն կարող եմ արձանագրել, որ նա տիրապետում է «մատը զարկերակին պահելու» գաղտնիքին։ Հերթական գրքի համար թեմաները հենց այսպես են ծնվում։ Կարողանալ սիրել ընթերցողին, նրա համար գրել պատասխանատվությամբ և հավատով, ահա ինչ է անհրաժեշտ երեխային վստահ ներկայանալուց առաջ, ասել այն, ինչն այնպես հատուկ է երեխաների աշխարհին։
Հոբելյանը մեկ օր է, կանցնի, մնայունը գիրն է մաշտոցյան։ Սաթենիկ Ղազարյանն այս մոտեցմամբ է ապրում և ստեղծագործում։
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՕԾՅԱԼ ԱՐԵՎԱԼՈՒՅՍ
Ամառվա ջերմ ու բոլոր գույներով օծված արևալույսն է քեզ բերել մարդկանց աշխարհ, սիրելի՛ Սաթենիկ, և քեզ ճամփու պաշար դրել՝ ոսկեղենիկ հայոց լեզվի գիրը, խոսքը, գունեղեն կտավն ու հեքիաթների կախարդական արահետները։
Սկիզբ էր։ Առաջին անգամ քեզ տեսա ասմունքի պահին, դու ճախրում էիր ինչ-որ ոլորտում, իսկ ես փորձում էի հավասարվել ու ճանաչել քո ներկայացրածը՝ պոեզիայի ու իրականի սահմանին։ Մեր ժպիտները ծանոթացան և մեզ երեք տասնամյակ ուղեկցեցին արվեստի և հավատարմության ճամփեքով։ Ինձ միշտ թվացել է, թե քո անունն է քեզ թևանցուկ բարձրացնում՝ պոեզիայի, արձակի, կերպարվեստի, բեմական խոսքի, հեքիաթների սանդուղքներով ու հիմա էլ, իմ քար ու սարերի մեջ բարձրաձայնում եմ՝ Սաթենի՛կ…
Աստվածային լռությունը խախտվում է, և ինձ լսելի ու տեսանելի են դառնում քո հրաշք հոգու համեստ, կանացի ու շնորհաշատ լինելը, մանուկների հետ առանձնահատուկ շփվելու գաղտնիքները, նվիրումով մեծատառով Մարդ մնալու արձագանքները։
Շնորհավորում եմ արևալույսով օծված հոբելյանդ, անկրկնելի՛ Սաթենիկ Ղազարյան, սրբությամբ կատարիր հրաշք առաքելությունդ և երջանկություն պարգևելով քո արվեստի երկրպագուներին՝ երջանկացիր ինքդ։
Դարիկո ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իմ սիրելի Սաթ, Սաթենիկ ու հեքիաթուհի… ընկերս…
Սրտանց շնորհավորում եմ Ձեր հոբելյանը՝ մաղթելով առողջություն, երջանկություն, անսպառ ստեղծագործական ներշնչում և երկար տարիների բեղուն կյանք։
Տիկին Սաթենիկ Ղազարյան…
Դուք ոչ միայն սիրված մանկագիր եք, որի ստեղծագործություններով մեծացել և դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ, այլև ջերմ ու նվիրված մարդ, որ միշտ իր ներկայությամբ ու աջակցությամբ արժևորել է մեր գրադարանում տեղի ունեցող մշակութային, մանկական, դաստիարակչական, գրական միջոցառումները։ Ձեր բարեկամական վերաբերմունքը, պատրաստակամությունն ու հոգատար մասնակցությունը մշտապես ոգեշնչել և միավորել են բազմաթիվ մանկապարտեզների և դպրոցների սաների գրադարանի շուրջ։
Թող Ձեր գրիչը շարունակի պարգևել բարություն, լույս և գեղեցիկ երազանքներ երեխաներին, իսկ կյանքը Ձեզ վերադարձնի այն սերն ու հարգանքը, որ տարիներ շարունակ սերմանել եք մարդկանց, ձեր փոքրիկ ընթերցողների սրտերում։ Հոբելյանական այս գեղեցիկ օրը թող լինի նոր հաջողությունների, ուրախ հանդիպումների և նվիրական երազանքների իրականացման սկիզբ։
Եվ, թերևս, ամենակարևորը՝ թող որ միշտ տարիներն այդպես աննկատ անցնեն ձեր կողքով, իսկ դուք միշտ մնաք մեր հեքիաթի աղջնակը։
Սիրով և խորին հարգանքով՝
Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն,
«Ավետիս Արտ» Արվեստի միջազգային միության
հիմնադիր Նազենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
