ՍԱՄՎԵԼ  ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՍԱՄՎԵԼ  ԲԵԳԼԱՐՅԱՆՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ՍԱՄՎԵԼ
ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

***
Լավ կամ վատ ով ասես կի կիրի… Սյամո ջան, դու համով ես կիրում: Կյանքում անպետքն ու անհամը շատ է, ուստի համովի կարիքը միշտ էլ կա, համովը միշտ էլ «կյուտվի»… Դու կիրի, շատ լավ ես կիրում, կիրի, էսօր թե ալարեն էլ, հետո կկարդան, անպայման կկարդան ու շատ հավան կմնան, դու կիրի, շատ կիրի…
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
***
Սամվել Բեգլարյանի գործերը կարդալիս, ստորագրություն չլինի նույնիսկ, հասկանում ես, որ հեղինակը հայ է, սակայն իր հերոսներն էլ ընդամենը մեկ կամ մի քանի հայեր չեն… իր հերոսը Հայաստանն է ու մեծ` Էրգիրը ու ինքն էլ նրանց սիրող ու անմնացորդ որդին, որ խոսում է այնքան հայեցի, այնքան պարզ, սրտացավ ու հասկանալի:
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
***
Սամվե՛լ, գործերդ կարդալիս հիշում ենք Բակունցի նկարագրած չքնաղ պատկերները: Մաթևոսյանի նման դու էլ ես ստիպում խորհել ու մտածել, բայց լիուլի կա նաև քոնը, միայն քոնը. լեռնահորիզոն ինքնատիպ, համարձակ, զուլալ ու շիտակ:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
***
«Սոնա» ժողովածուդ մի գիշերում կարդացի: Հիացած եմ… կյանքի ամենաբարդ ու խրթին երևույթների մասին` հասկանալի, պարզ փիլիսոփայությամբ ու անակնկալ, անսպասելի եզրահանգումներով: Պարզ, բայց ոչ պարզունակ, մակերևութային ըմբռնելի, բայց ոչ մակերեսային: Հետաքրքիր գրականություն է` ավանդական ու նոր ոճի սահմանին. ինքնատիպ, միայն իր նման և հստակորեն հառնած, ապագային միտված: Անհնար է չտեսնել այդ ապագան…
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

***
Բեգլարյանը իր ապրածը միշտ արտահայտել է պաթետիկ, բայց ճշմարիտ խոսքով, միշտ եղել է ցավի կողքին` որպես ցավը դարմանող մարդ: …Իր եզերքի պատմություններն են, իր եզերքի մարդկանց հոգին է, առօրյան, բայց շատ ավելի պոետականություն կա, անգամ առօրյայի քարքարոտ մակերեսի տակ պոետական թրթիռ է` իրեն շատ հարազատ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Սամվել Բեգլարյանը ոչ միայն գրող է, հրապարակագիր, այլև դերասան է, ռեժիսոր, ոչ միայն Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ազատամարտիկ, այլև՝ սահմանում բնակվող, «սահմանապահ», Քառօրյայի կամավորական, և այդ հանգամանքը որոշակիորեն պայմանավորել են գրողի նրա մտածողության յուրահատկությունը` խտությունը, կարճառոտությունը, հաճախ նաև աֆորիստիկ բնույթը: «Հայրենասիրությունը սահմանին է սահմանվում»… անկարելի է չհարգել այս բառերի հեղինակին և պատկառանքով չխոսել նրա մասին:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

***
Շատ սիրելի պարո՛ն Բեգլարյան, Ձեր ազնիվ և անկեղծ գրականությունը ինձ ու անշուշտ` շատերի համար մեծախորհուրդ ոգևորության զարկերակ է, որը միշտապես տրոփում է անցյալ ու ներկա կյանքի իմաստուն և ուսանելի ռիթմերով: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Ձեզ լիակատար առողջություն շնորհի, ազնիվ և անմնացորդ նվիրումով հայորդի։
Բագրատ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

***
Բեգլարյանն իր պատմվածքներում ոչ միայն տան, օջախի, այլ հենց երկրի խնդիրն է դրել, երկրի գիտակցությամբ է նայում ամեն ինչին. ծմակը, երկինքը, տունը, կայարանը, եկեղեցին, վանդակը… ամեն ինչ դառնում է իր երկիրը… Նրա պատմվածքներին բնորոշ հատկանիշ է ասքապատումը, ժամանակակից առասպելի պատումը, սակայն այդ ասքի ու առասպելի մեջ կա իրապատում, կենսական հիմքեր, և հնագույն առասպելներից տարբերվում է հենց նրանով, որ ապրումը շատ կենսական է և այսօրեղենիկ …
Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

***

ԴՈՒՌԸ
Էս աշխարհում կար-չկար մի դուռ կար: Հլու-հնազանդ կատարում էր իր գործը: Հեշտ չէր շարունակ, առավոտից մինչ երեկո, երբեմն նույնիսկ գիշերը կանգնել մի ոտքի վրա ու բաց լինել բոլորի համար: Շատերը երևի կարևոր գործեր ունեին, շտապում էին և հաճախ ոտքերով, ծնկով, արմունկով, ուսով կամ հետույքով հրում-հարվածում էին դռանը: Իսկ դուռն ի՞նչ. հլու-հպատակ իր գործն էր անում՝ մոռանալով միակ ոտքի ու կողերին ստացած հարվածների անդիմադրելի ցավը:
Ու եկավ մի օր, սովորական մի օր:
Սովորական մարդիկ սովորական ճամփով եկան ու իրենց սովորական դռանը հասան, բայց սովորական չէր այն, ինչ տեսան: Դուռը փակ էր: Զայրացած հայհոյում, հրմշտում ու հարվածում էին բոլորը… Սովորական մարդիկ էին, իրենց սովորական վարմունքով, պարզապես չգիտեին կամ մոռացել էին, որ դուռը նաև ՓԱԿՎՈՒՄ Է:

ԼՔՅԱԼՆԵՐԸ
Սառնարանը դատարկ է վաղուց: Հարևանի երեխայի երեք օր առաջ գնած հացը տխրում է սեղանի անկյունում: Իրար հուշում, բայց այդպես էլ չեն հիշում, թե հինգ որդիներից ո՛վ ո՛ր քաղաքում է ապրում: Մի տղայի խնդրեցին, որ գա նորոգի հեռախոսը: Վաղուց զավակներից զանգ չէին ստանում: Տղան լուռումունջ հեռացավ: Հեռախոսը նորոգման կարիք չուներ…
Թոշակն ստանում ու կեսն ուղարկում էին որդու հասցեով: Ամբողջ գումարը ետ եկավ միանգամից. «Հասցետերը վաղուց այլ քաղաքում է ապրում»…
Դիմեցին, որ իրենց ծերանոց տանեն. «Դժվար չէ լքված ապրելը, լքված մեռնելն է դժվար»:

ԳԻՇԵՐՆ ՈՒՐԻՇ Է …
Լուսինն այնքա՜ն մենակ է ու վախից գունատված:
Աստղերն իսկապես զնգում են… էլի մենակ են և նույնիսկ ծղրիդների միալար, տաղտուկ ընկերությունն են երազում…
Քնած, «երազում կուտ տեսած» մի ծիտ ընկնում է ճյուղից …
Գիշերահավը կրքոտ ծկլտոցով խոպան գնացած կկվի բույնն է որոնում, որ կկվուհու տխրությունը փարատի…
Աշնան առաջին պաղ ցողը համբուրում է ծառերի սաղարթները, և կարմիր, դեղին տերևները ուշաթափ ընկնում են գետնին…
…Նայում ես աստղերին ու անցած-գնացած, կարդացած, սովորած տարիներիդ ամենն այլևս ոչինչ է՝ դու արդեն փիլիսոփա ես, աստղաբան ես, հանճարեղ ու ամենակարող, դու արդեն ուրի՜շ ես ու հասկանում ես նաև, որ միլիոնավոր աստղերին արդեն միլիոներորդ անգամ սեր խոստացող ու լույսը բացվելուն պես խաբող, հեռացող գիշերն էլ ուրիշ է, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ…

ԲԱՅՑ ԴՈՒՔ ՉՏԵՍԱՔ …
Թե շիկավարս աղջիկն ինչպես Լուսնի շողերից կախված իջավ անտառափեշին…
Թե ինչպես մազերը թաց էին ցայգալույսի ցողից, ու նա մրսած ձեռքերով պարուրվեց մարմնիս…
Թե ինչպես մոտիկ ոստին թառած ծղրիդը կատաղեց խանդից ու հանգիստ չտվեց մինչև լուսածեգ…
Թե ինչպես անտառի գիրկը պաղ էր, ծղրիդը վախեցավ այնտեղ մտնել…
Թե ինչպես ծառերը օրոր էին ասում գրկիս մեջ նիրհող լուսածամին…
Թե ինչպես եկավ ԱՐԵԳԱԿՍ, տեսավ, որ ծղրիդը ուշաթափ է խանդից, ու մեզ ասաց.
– Բարի լույս …
ԵՐԱՆԻ …
Երանի տեսնեիք՝ Լուսինն ինչ սիրուն է:
Երանի նայեիք՝ աստղերը էդ ո՜նց են աչքով անում:
Երանի ծղրիդի ձեռքից ջութակն առնեիք, որ թողներ՝ անտառը գոնե մի քիչ փակի աչքերը…
…Տարիքի հե՛րն անիծած. երանի մի աղջիկ լիներ, մի սիրուն եղնիկաշորոր աղջիկ. թաթիկն առնեի ափիս մեջ, մոտիկ սարակողը բարձրանայի, մտնեի ծմակի փեշի տակ ու ասեի. «Եկանք»…
Երանի գիշերը ուշ վերջանար, ու ծղրիդն ասեր.
– Տո՛ւր ջութակս, որ քեզ համար երգեմ մինչ լուսաբաց…

***
Ձյունը ձմռանն է գալիս.
Աշնան ձյունը անհաճո երգ է,
Որ պատկից սենյակում է լալիս…
Ձյունը ձմռանն է գալիս.
Տերևաձյունից ճկված ծառը
Պատկերն է մրսած բառիս…
Ձյունը ձմռանն է գալիս.
Ձեռքս ինչ գործի գցում եմ`
Հավեսս չի գալիս…
Ձյունը ձմռանն է գալիս.
Հազար գործ մնաց կիսատ,
Կոշիկ էլ չառա թոռիս…
Ձյունը ձմռանն է գալիս.
Կնոջս անվերջ հառաչը
Նոր բեռ է տանջված հալիս…
Ձյունը ձմռանն է գալիս.
Տարվա երրորդ եղանակ,
Ինչո՞ւ ես գլխիս տալիս…

ՏԽՈՒՐ ԵՐԳ
Ալբերտ  Մկրտչյանի  և
քառօրյայում զոհված  տղաների  հիշատակին
Նույն երգն է «հին օրերի».
Թախիծ  ու ցավ անսահման,
Փոստատարը «սև թուղթ» չի բերի,
Որ մահվան մասին չիմանան…
Փոստատարը  կաղ է  ու խենթ,
Գինով է մեղմում  ցավը մտքի,
Փոստատարը  քրֆում է մերթ-մերթ.
Հենց այնպես, օդում, ոչ ոքի…
«Սև թղթերը» ծոցում է պահած,
Մտովի  դռներ  է  բախում.
– Սպասեք, դե՜, քիչ մնաց,
Սուփրա կբացենք  թաղում…
Նա չգիտի, թե ում տուն գնա,
Կատաղած՝ բաժակն է  ջարդում.
– Ծո՛, դու ո՞նց չես ամչնա.
Կանգնել, գինի ես ծախում…
Նա անունները գիտի տղերքի,
Որ, ավա՜ղ, արդեն չկան,
Գինեվաճառը մաս չունի մեղքի,
Բայց գինին ինչո՞ւ է… արյան նման:

ՌԵՏՐՈ
Գոնե մի տրամվայ մնար,
Որ օրս անցյալ դառնալիս
Զնգար անվերջ, անդադար…
Սպասեի` հաջորդը երբ է գալիս,
Գար ու չանցներ անկանգառ…
Կարմիր «եղջերուն» թռչեր՝
Լուսե եղջյուրը գլխին,
Իմ հին երազը զարթներ,
Զարթներ կարոտը իմ հին…
Չգիտեմ՝ ինչու եմ լալիս,
Աշխարհը գայլ է, ես՝ անտեր գառ,
Յոթ համարն ինչո՞ւ չի գալիս,
Ինչո՞ւ է անցնում անկանգառ…
Գոնե մի տրամվայ մնար,
Տոմսավաճառ՝ մի քիչ լաչառ,
Նստեի տրամվայն անհամար,
Գնայի աշխարհից այս չար…
Գոնե մի տրամվայ մնար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։