ԳԵՐԴԱՍՏԱՆ/ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

«Բնիկ որտեղացի՞ եք»։

                              Կ. ՍՈՒՐԵՆՅԱՆ

 

ԱՆՎԱՆԱԴԻՐԸ

Անվադիրը ապուպապն է, նահապետն է, տոհմապետը, որի անունով կոչվում է գերդաստանը ու ընդմիշտ հավատարիմ մնում անվանակոչությանը։

Մեր գերդաստանի անվանադիրը այնքան է սիրել ու գուրգուրել  իր զավակներին,  թոռներին, վերջում նաև ծոռներին,   «Ջանիկ ջան, ջանիկ ջան» ասել, որ Ակնի Սուրբ Նարեկ մայրավանքի արժանապատիվ ավագ քահանա Տեր Մովսեսը մկրտելիս նրանց բուն ազգանունները  մոռացել (եթե, իհարկե, իմացել է), ծխական մատյանում «Ջանիկյաններ» է արձանագրել։

Հիմա այդ Ջանիկյանները չկան, գրեթե չկան։

Ազգասպանդի  արհավիրքին, մեր գերդաստանի ինքս էլ չգիտեմ ինչպես փրկված անվանադիրը, Ռաքքայի արնացոլ մայրամուտին,  տարագրի վհատ վրանում, ընտանեկան Աստվածաշնչի  «Ծնունք», «Ամուսնությունք», «Մահք» բաժիններում արագ-արագ գրառել է (չի իմացել, թե ինչ է իրեն բերելու բացվող օրը) այն զավակների,  թոռների, ծոռների՝   «Ջանիկ ջան»-ների անունները, որոնց կորցրել է բռնագաղթի բարկ  ավազների վրա։ Վերջում, քանի որ մեր ընտանեկան  Աստվածաշնչի  երեք՝ «Ծնունք», «Ամուսնությունք», «Մահք» բաժիններում  անգամ բոլոր նահատակների անուն-ազգանունները չեն տեղավորվել,  «Հիշատակարան» է թողել․ «Մեր գերդաստանում, այսուհետ, ով երբ ծնվի՝ 1915 գրվի, մեր գերդաստանում, այսուհետ, ով երբ վախճանվի, 1915 գրվի»։

Աստված ողորմի քեզ, ապուպա՛պ, չգիտեմ էլ որտեղ են հող դարձել ոսկորներդ։

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԾՀԱՅՐԻԿՍ

Ես, իհարկե, նրան չեմ տեսել, բայց մի շտապեք վշտակցել, ազգասպանդի  արհավիրքին զոհ չի դարձել, ընդհակառակը, քանի որ իր հանգրվանած Չորլու գավառաքաղաքում միակ պայտարն է եղել,  բոլոր հայերի հետ չեն աքսորել, պահել են, որ թուրք մեծամեծների ձիերը պայտի, գավակները թիմարի։ Նման առանձնաշնորհման համար մեծհայրիկս իրեն հպարտ է զգացել, միակ ու բացառիկ հայը համարել։ Սակայն երբ բռնագաղթի հատուկենտ վերապրողները վերադարձել ու պատմել են, թե իր պայտած ձիերով թուրք զինվոր-ոստիկանները ինչպես են աքսորի քարավաններին  ասպատակել, տղամարդկանց խողխողել, կանանց  բռնասպանել, կույս աղջիկներին լլկել, Հարություն մեծհայրիկս ամոթից ինչ անելը չի իմացել։ Որպեսզի իրեն չճանաչեն, պայտար լինելը չհիշեն, ընտանիքը վերցրել, գաղթել է Հունաստան, Հունաստանից Ռումինիա, Ռումինիայից՝ Բուլղարիա։ Բայց անհայտ ու աննշան որ բնակավայրում  էլ որ հաստատվել է, հայկական անկելանոցներ, այրիանոցներ, որբանոցներ է տեսել։ Ու այդ ամենի համար իրեն է մեղավոր համարել։ Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում չի դիմացել, կախվել է փորձել, բայց վերջին պահին դեռևս մանուկ հայրս ու հորեղբայրս վրա են հասել, փրկել։

Երկրորդ անգամ Հարություն մեծհայրիկս իրեն կրով լեցուն հորն է նետել, կրայրվել։ Փրկելն անհնար է եղել։

Չասե՞նք ողորմի։

 

 

ԻՍԿՈՒՀԻ ՄԵԾՄԱՄԱ

1946-ին, երբ մեր ընտանիքը Խորհրդային Հայաստան է ներգաղթել, մեզ կեցավայր են հատկացրել այն ժամանակ Ղշլաղ, հետո՝ Ժդանով, հիմա արդեն չգիտեմ ինչպես վերանվանված բնակավայրում: Մեծ մամաս ամբողջ օրը հիացել է Լոռվա տարաշխարհիկ բնապատկերներով, իսկ երեկոյան հանդիմանել է հորս.

– Այս ո՞ւր բերիր ինձ:

– Ուր որ ուզում էիր՝ հայրենիք,- արդարացել է հայրս:

– Հայի հայրենիքն առանց Արարատի չի կարող լինել,- համոզված պնդել է մեծմամաս:

Ու նույնն այնքան է կրկնել, որ հայրս Երևան է եկել, Նոր Արաբկիր թաղամասում՝  Ֆուրմանով փողոցի 1-ին նրբանցք, թիվ 12-ում Արարատահայաց բնակարան է վարձել: Մնացածը ես հիշում եմ: Մեծմամաս ամեն առավոտ պատշգամբում նստում, հայացքը Արարատին հառելով էր խաչակնքում, սուրճ խմում, գիշերները Արարատին ուղղված գոհաբանական աղոթքով էր անկողին մտնում:

Ռոդոստոյի Սուրրբ Խաչ եկեղեցու նախակրթարանում նրա վարժուհին Վազգեն 1-ինի՝ ապագա Վեհափառի մայրն էր եղել, մեծ մամաս համոզված էր, որ Աստվածաշունչ մատյանում մի բառ համենայն դեպս հայերեն սխալ է թարգմանված՝ երբ ջրհեղեղի ջրերը քաշվել են, աղավնին Նոյին ոչ թե ձիթենու, խաղողի ոստ է բերել, ու մեր նախահայրը, որպես իրեն ու իր գերդաստանին փրկելու երախտիք, Արարատի մատույցներում է տնկել, ուխտել փրկարար լեռանը հավերժ հավատարիմ լինել: Վկայություն՝ դաշտավայրը այդպես է կոչվել, մինչև հիմա էլ կոչվում է՝ Նախիջևան: Ըստ մեծ մորս՝ Ճիշտ նույն կերպ, Տրդատ հայոց գերհզոր արքան, որպեսզի առաջին քրիստոնեական տաճարն անսասան մնա, մեջքով Արարատից է հիմնասյուների ժեռ քարերը կրել: Վկայություն՝ Էջմիածնի Մայր Տաճարը մինչև հիմա կանգուն է, Արարատի զորությամբ կանգուն է մնալու հավերժ:

Մահվան մահճում անգամ Իսկուհի մեծմամաս պատվիրեց.

-Չլսեմ, չիմանամ հուղարկավորող քահանաներին անսաք՝ դեմքս արևելք, ոտքերս արևմուտք ուղղեք, այնպես հողին կհանձնեք, որ Արարատը միշտ դիմացս լինի։

Չե՞ք հավատում, գնացեք, տեսեք ու համոզվեք (Նոր Զեյթունի գերեզմանոց, 3-րդ ծառուղի, 15-րդ շիրմաթումբ) ու եթե իրավացի եք համարում՝ ողորմի տվեք։

 

ՍՐԲՈՒՀԻ ՄԵԾՄԱՄԱ

 

Դուք մեծմամա ունեցե՞լ եք, կիրակի օրերին նա ձեզ ստիպել է, որ իրեն թևանցուկ անեք, ոտքով՝ այն էլ ոտքով, եկեղեցի ուղեկցեք, որպեսզի ամբողջ Երևան քաղաքը տեսնի՝ իր Գրիգոր ամուսնու անունը  կրող Գրիգոր թոռ ունի (Սրբուհի մեծմամաս ութսունն արդեն անց էր, բայց դեռևս ամուսնու անունը քաշվում էր բարձրաձայնել, ինձ էլ «Փաշա մանչս» էր ասում)։ Եկեղեցու ճանապարհին նա որտեղ որ գետնին ընկած մի պատառ հաց էր  տեսնում, համբուրում, ինձ էլ էր ստիպում, որ համբուրեմ, քսում էր ճակատին, փղձկում՝ «Աս մեկ պատառ հացին համար, մանչս, գիտե՞ս՝ քանի-քանի հոգի աքսորի վրաններուն մեջ անոթի մեռան»։

Երբ մեծմամաս զգաց, որ մահամերձ է, ինձ, քանի որ ավագ թոռն էի, կանչեց ու մանրամասն նկարագրեց, նույնիսկ գծագրեց, թե Ակնի իրենց առանձնատան ո՞ր ծառի տակ է պահված գերդաստանի՝ բղուկով չէ,  կճուճով ոսկին։

Ես մեծմամայիս հողին հանձնելուց հետո բազմաթիվ անգամներ իմ բնօրրանը՝ Ակն գնացի, բայց բղուկով չէ,  կճուճով ոսկի որոնելը մտքովս էլ չանցկացրի։ Չէի հասկանում, մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ կճուճով ոսկի ունեցողներն ինչո՞ւ էին մի պատառ չոր հացի համար սովամահ լինում տարագրությունում։

Աստծո արքայությունը քեզ սիրելի՛, սիրելի՛ մեծմամա։

 

 

Մայրս

 

Իմ կյանքի ամենաանամոք մորմոքը եղել է ու հավանաբար կմնա մորս կորուստը։ Մեր Նոր Արաբկիրի վարձու երկհարկանիում  նա մահամերձ էր, ու ես հասկանալով հանդերձ, որ ի վիճակի չեմ  փրկել, արցունքներս կուլ տալով՝ աղերսում էի․

-Մամա ջան, ասա՛, ի՞նչ ես ուզում, քո համար էլ ինչ անեմ։

Դժվարությամբ շարժեց շրթունքները.

-Թե կարող ես մեր Ակնա Ժամու աղբյուրից մի բաժակ ջուր բեր, խմեմ, հոգիս հովացնեմ, կարոտ չմեռնեմ։

Ես խոհանոց նետվեցի, որքան կարողացա ծորակի ջուրը սառեցրի, բերեցի։

Մայրս կում արեց, օրհնեց ինձ, աչքերը փակեց։ Ընդմիշտ։Բայց ես երկար խղճի խայթ էի զգում, որ հաղթահարել չէի կարողանում։ Շատ տարիներ անց միայն կարողացա Ակն հասնել, Ժամու աղբյուրից մի փարչ ջուր բերել, մորս շիրիմին ցողել։ Ու զգացի, թե ինչպես այդքան տարիներ անց նա շարժվեց  հողի տակ, ձայնեց.

-Տուն գնալու ժամանա՞կն է։

Նոր Զեյթունի գերեզմանոցի արաբկիրցի, վանեցի, ղարսեցի հին ու նոր մեռելները շարժվեցին գերեզմանաթմբերում, արձագանքեցին.

-Տունդարձի՞  ժամանակը։

 

Ես

 

Երբ ես միջնակարգն ավարտեցի, մեր տանը խնջույքի նմանվող երեկո տեղի ունեցավ, որի ընթացքում մեր ազգականները վեր էին կենում, նույնը բարեմաղթում. «Մեզ  ամոթով չթողնես, այնպես արա, որ Հայրենիքը քեզ նման զավակ ունենալու համար չզղջա»։ Ես այն ժամանակ, դեռ չգիտեի, որ նրանք Դանիել Վարուժանին են մեջբերում, բայց երբ իմացա, առավել ևս նման պատգամ-պատվիրանին հավատարիմ մնալ ձգտեցի։ Երբ «Գարուն» ամսագրում էի  աշխատում, պարբերաբար Արփա-Սևան փապուղու կառույցում էի լինում, Սևանի փրկության մասին գրում, «Գրական թերթում» աշխատածս տարիներին՝ կործանարար երկրաշարժի (առաջին Նոր տարին նույնիսկ աղետյալների հետ, խարույկի շուրջը դիմավորեցի), «Հայ զինվորում» աշխատածս տարիներին՝ Արցախի արդարամարտի։ Վերջիններն  իմ հրապարագրական գործունեության ամենաերջանիկ տարիներն էին՝ բարձրանում էի հաղթանակած Շուշիի ամենաբարձր բերդաշտարակն ու արդեն ազատագրված տեսնում Նախիջևանը, Վանն ու Սասունը, ամբողջ Արևմտահայաստանը։

Ես հավատում եմ՝ դարձյալ բարձրանալու եմ հաղթանակած Շուշիի ամենաբարձր բերդաշտարակն ու ազատագրված եմ տեսնելու Նախիջևանը, Վանն ու Սասունը, ամբողջ Արևմտահայաստանը։

Ես հավատում եմ ու ուզում եմ, որ դուք էլ հավատաք։ Հավատաք ու հավատացնեք։