ԳԻՐՔ – ԽԱՂԱԴՐՈՒՅՔ / Սոնա ՎԱՆ

(Ընթերցելով Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով վեպը»)

Այս աշխարհում հայտնվելուս համար ես պարտական եմ մորս։ Մնացածը ինձ տվել է լեզուն, ու հենց այդ գիտակցությունն է պատճառը, որ երբ տեքստն ինձ դիպչում է մեկ այլ ձևով, ես նախ ամրագրում եմ լսածիս ու լսողական ապարատիս միջև կայացած նոր ալքիմիան, ապա փորձում հասկանալ ընթերցողական նոր փորձիս պատճառները. ոչ թե որպես գրաքննադատ (որ չեմ), այլ՝ որպես գրող ու լավ ընթերցող, որպիսին ես ինձ համարում եմ։ Միանգամից պարզ է դառնում, որ անկախ թեմայից, որն այստեղ բացակայում է (ու եթե կա էլ՝ դա թեմա չունենալու մասին է կամ, ավելի շուտ, թեմա ունենալու հավես չունենալու մասին է), գրողն իր նյութին մոտենում է նախ և առաջ իր ժամանակի՛ թելադրանքով, ու երբ այդ ժամանակը ավելի սյուրռեալ է, քան գրողը կարող է պատկերացնել, իսկ իր պոետական շնորհը փողոցային լարախաղացության պես դարձել է ժամանակավրեպ, բանաստեղծին ոչինչ չի մնում անել, քան գրել արձակ։ Ու հենց այսպիսի՛ արձակ (ես այն կանվանեի ջազային արձակ), որ ամենուր պայթող ռումբերի, փողոցային աղմկոտ ցույցերի և մոլորակը սեփականաշնորհած շիզոֆրենիկ իշխանների արնածարավ հայտարարությունների ֆոնին կկարողանա ընթերցողին պահել իր անօդ ու կլաուստրոֆոբիկ խցի և իր դանդաղ ու հիմնականում աննշանակալից կյանքի ձանձրալի ոլորանում՝ նրան փոխանցելով ոչ թե իր բնական ձանձրույթը, այլ՝ արհեստականորեն արագացված ժամանակի, մոտալուտ վտանգի, խուճապի ու հրատապության իլյուզիա, որ այլընտրանքի բացակայության պատճառով ասես պարտադրվում է ընթերցողին, որը նա ներս է քաշում առանց դիմադրության, սեղանի շուրջ միմյանց փոխանցվող հաշիշի պես։ Մնալով իրական տաղտուկի և առեղծվածի զվարթ ամենաթողության միջև՝ հեղինակը ստեղծում է կյանքի իրական հոսքի շարունակականության մեջ գտնվելու խաբկանք՝ նրան մշտապես պահելով հիմա և այստեղ՝ ճշմարիտ էմոցիայի տարածքում։ Ինչպես և պոեզիան ինքը, հեղինակը ևս եզակի ճշմարտություն չի հետապնդում, այլ՝ տատանվում է բազմակի իմաստների միջև՝ ընթացքում բախվելով նաև իմաստությունների, որոնց թերևս հասու չէ դեռ, բայց և այնպես դեղին-կոկտեյլային խումհարի միջից չի զլանում արձագանքել նաև դրանց՝ ինչ-ինչ հավերժական հարցեր բարձրացնելով ու ձեռքի հետ ձևակերպելով հոմերոսյան քրոնիկոնի իր սեփական ըմբռնումները։ Ի դեպ այդ եզրահանգումներից շատերը ծայրահեղ են, եթե չասեմ՝ չափազանց վիճելի, և հատկապես ֆեմինիստներին խորհուրդ չէի տա կարդալ այս գիրքը։ Կինն այստեղ ներկայացվում է հիմնականում որպես որս՝ մադոննա-բոզ կամ կույս-պոռնիկ ծայրահեղությունների միջև, որպես «անխուսափելի չարիք» կամ «դաժան պարունակ», թեկուզ և երբեմն նրան «պատառոտելու անհագ նյարդով»։ Ու սա անհամաձայնության միակ առիթը չէ։ Ողջ ընթացքում ընթերցողը ստիպված է լինում առնվազն վկան դառնալ չորգլուխ տղամարդու չպատճառաբանված բարկության, վրեժի ու կասկածի դրսևորումներին՝ ամենևին էլ ոչ ոսկեղենիկ հայերենով, կուլ տալ նրա անհասկանալի ինքնավստահությունը, ասես ինքը ներկայացուցիչը չէ այն ցեղի, որ ձեռքը մշտապես շալվարի գրպանում է պահում՝ համոզվելու համար, որ ամեն բան դեռ տեղում է։ Այնուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ դրամատիզմով առանձնապես չփայլող այս 120 էջը ընթերցվում է մեկ շնչով, ու գիրքը վայր դնելուց հետո սեփական շնչառությունդ վերագտնելու ցանկություն ես ունենում, ինչպես երկար վազքից հետո։ Դժվար ու նույնիսկ վիրավորական է թվում, որ անգամ այսպիսի կոնֆլիկտային ընթացքի մեջ հեղինակին հաջողվել է ոչ միայն իր կողքին պահել ընթերցողին, այլ նաև այնպես անել, որ նա որդեգրի գրողի շնչառության ռիթմը՝ դրա պարբերական խզոցներով ու ասթմատիկ շնչահեղձությամբ, ինչպես միևնույն թոքերով շնչող սիամի երկվորյակ։ Շնչառություն, որը բաց թողնված գազի պես ակամա լցվում է ընթերցողի թոքերի մեջ։ Տարբեր էմոցիոնալ հնչերանգները միմյանց կապելու միջոցով ստացված այս համարյա երաժշտական հյուսվածքը ընթերցողին կապում է հեղինակի հետ՝ առաջ բերելով շոշափելի էմոցիա, զգացողության ալտերնատիվ տարածք՝ մտերմություն։ Ակամա մանիպուլացված լինելու այս գիտակցությունը նախ զարմացնում է, ապա՝ զայրացնում. «Ինչպե՞ս է կարողացել, որտե՞ղ է գցել քեզ, ի՞նչ մեթոդով, ո՞րն է հեղինակի ոգևորության ու ազդեցության աղբյուրը»,- մտածում ես՝ կարծես մոռանալով, որ որպես գրական արարք՝ գիրը նախ և առաջ ենթակա է հենց լեզվի՛ ազդեցությանը։ Այնպիսի լեզվի, որը շան պես ճանաչում է իր տիրոջը, գիտի նրա առօրյա հույզերի տրամաբանությունը, ծանոթ է նրա վախերին, բարդույթներին ու ոգևորություններին, նրա գործողությունների մոտիվներին, նրա ինտուիցիայի, երևակայության ու իրականության ալքիմիային։ Լեզու, որը տիրոջ գաղափարի կրողն է։ Նրա ավատարը երկրի վրա։ Խոսքս ճշգրիտ գործիքի վերածված լեզվի մասին է, որով գրողը խորանում է ինքն իր մեջ, առերեսվում իր մեջ ապրող ցինիկին, կարեկցողին, բոզարածին ու փրկչին։ Կասկածից դուրս է, որ Հայկ Սիրունյանը ուղնուծուծով տիրապետում է լեզվի հնարավորությունների ողջ սպեկտրին՝ սկսած դրա էվոլյուցիոն ամենանոր նյուանսներից մինչև նախալեզու՝ երաժշտություն։ «Ես մեղեդու մարդ եմ»,- խոստովանում է հեղինակը։ «Առաջինը երաժշտությունն էր, իսկ պատմությունը հայտնվեց ավելի ուշ»,- կհավելեր Բրոդսկին։ Անվերջ երկու բանի միջև ձգված լարի է նման հեղինակի ձայնը. ցինիզմի ու իդեալիզմի, բացարձակի ու անկատարության, առեղծվածի ու իրականության, քաոսի ու բարկության՝ առ այն, որ անկարող է ամեն բան վերահսկել, կոնկրետ ձև հաղորդել գոյությանը։ Ջղի այսպիսի բորբոքվածությունից է ծնվում ձայնային այն ֆորման, որը նույնանում է իմաստի հետ կամ ստեղծում սեփական իմաստ՝ հաճախ ավելի մեծացնելով ճեղքը՝ բառի ու դրա իմաստի միջև։ Սա անկայուն, ապոկալիպտիկ աշխարհում իր շնորհն ու իր գոյության իրավունքը նախ և առաջ ինքն իր համար արդարացնել փորձող, իր սեփական հոգու բորբոքման չափին ու իր ներքին ինտենսիվությանը քաջատեղյակ առնական ձայն է, հրատարակչի նամակին ի պատասխան գրված արձակ, «ամեն ինչ կամ ոչինչ» մտածողությամբ կատարված գիր-խաղադրույք, որը լավագույն դեպքում ճանաչում կբերի գրողին, իսկ ծայրահեղ դեպքում գոնե ժամանակավորապես կլցնի այս անտանելի դատարկությունը՝ պատասխանելով գեթ մեկ հարցի. «Ինչպե՞ս անցնել A կետից B կետը ձգվող և կյանք կոչվող այս պարտադրված ճանապարհը՝ մեծ գաղափարներով ու ծակ գրպանով»՝ քայլելո՞վ, թռչելո՞վ, թաքուն սողալո՞վ, թե՞ հենց ցուցադրաբար ու մարմինների վրայով՝ ցինիկաբար վստահ, որ այլընտրանք չկա. «…Դե ասեք, առանց տրորելու ո՞նց գնանք…»։

Կարևոր է նաև այն, որ այստեղ անհուսության և խուճապի էներգիան ընթերցողին է փոխանցվում բնական պուլսացիայով ու հնարավորինս մինիմալ կորուստներով։ Անքնության ու արթմնի մղձավանջների միջև հերոսը պարբերաբար ձգվում է դեպի գրիչը՝ որպես ներքին և արտաքին քաոսը հաղթահարելու գործիք, որպես իր գոյության համար այնքան անհրաժեշտ ապշանքի ու ինտենսիվության աղբյուր, ուրախ զբաղմունք, որն արժանի է իր շնորհին ու իր տարօրինակ ոգևորությանը։ Խուճապի ու ագրեսիայի չափերով վեպի ժամանակը հիշեցնում է ամերիկյան մռնչացող քսանականների ջազային աուրան։ Ջազ, որ ծնվել էր անհրաժեշտաբար ու ոչ որպես երաժշտական ոճ, այլ՝ որպես ժամանակի չարորակ, հիստերիկ էներգիան դուրս հանելու խողովակ, որպես կենսակերպ։ Իր միջավայրի հետ անհաշտ, բայցև այն փոխելու անկարող, կաֆկայական հերոսի պես միաժամանակ բանական ու բնազդային արուի ներքին ակամա մի ընթացք, որտեղ անզորությունը քողարկվում է ցինիզմով, հեգնանքով ու սարդոնիկ ծիծաղով։ Պարտադրված իրականությունը փոքրիշատե տանելի դարձնելու համար հերոսը նախընտրում է աշխարհին նայել խումհարի պղտոր ոսպնյակով ու արհեստական խթանների օգնությամբ. ալկոհոլ, թմրադեղ, սեքս, որը ոչ թե սիրո կամ հիացմունքի արտահայտություն է, այլ՝ մենության, վերջի վախը մի պահ հաղթահարած զգալու փորձ, մարմինների ինտենսիվ դինամիկան մահվան անշարժությանը հակադրելու վարժանք։ Տեսանելի միապաղաղության մեջ զգացվում են հերոսի հիստերիկ ցնցումները. ջահելության անսարք գնացքը՝ իր բերած շնչահեղձությամբ ու սրտխառնոցով։ Կենսակերպ, որտեղ վերջի գաղափարը դառնում է ոգեշնչող, իսկ մահը՝ ցանկալի, անգամ էրոտիկ։ Կեղծ ինքնավստահության, ցուցամոլության, էժանագին փայլի ու ամեն գնով առանձնանալու միևնույն մարմաջն է նաև այսօր, և պատահական չէ, որ վեպի հերոսը ևս տատանվում է բանականության ու անհեթեթության միջև՝ անկարող կայացնել բարոյական վճիռ։ Այս համատեքստում «Մարմինների վրայով» ջազային նովելը նաև մշակութային խոստովանություն է, և պատահական չէ, որ մահվան թափորը ուղեկցում է պատմության ողջ ընթացքին ոչ միայն որպես կորստյան ու վերջի հիշեցում, այլ՝ ավելի շատ որպես մխիթարող միտք, որպես ցանկալի ավարտ։ Ավարտ, որը փառք որոնող գրողի դեպքում կարող է դառնալ նրա գոյությունն ու տաղանդը տեսանելի դարձնելու գործիք, ինչպես լավ շրջանակն է ավարտուն ու տեսանելի դարձնում նկարը։

Այստեղ ու հիմա բռնկված էմոցիայի, հիշողության ու առողջ բնազդի տրամաբանությամբ շարժվող ֆիկցիա է սա, կինեմատոգրաֆիկ օրագիր, վախի, անհուսության, ձանձրույթի, լկտիության ու ցինիզմի մոնտաժ, որտեղ ջազային է ամեն ինչ. ամեն միտք, գաղափար, ցանկություն ենթակա է փոփոխվելու, ամեն գործողություն, ամեն էմոցիա, ամեն հարաբերություն իրավիճակային է, հորմոնային, կարճատև և մակերեսային՝ կախված տրամադրությունից, եղանակից և անգամ լույսի քանակից, որը պարբերաբար շատացնում ու քչացնում է հերոսը՝ սենյակի վարագույրները թատերաբար բացելով ու փակելով, ստեղծելով ինչ-որ բանի վրա վերահսկողություն ունենալու ինքնախաբկանք։ Օպտիմիզմի ու կենսախնդության կարճատև ընթացքի մեջ հերոսը երբեմն նարցիսաբար հիանում է իր սեփական մարմնի կատարելությամբ, մտնում ինչ-որ հարաբերության մեջ, որը երբևէ չի վերաճում սիրո կամ մտերմության։ Ջազային ելևէջների պես ոչ մի կերպար և ոչ մի էմոցիա չի հասնում իր կատարյալ պիկին։ Օրգազմին հաջորդում է զզվանքը, տարածքը լքելու, փախչելու ցանկությունը՝ մինչև հաջորդ կասկածը, հաջորդ դավաճանությունը, և ամեն ինչ սկսվում է նորից։

Սոցիալական ռեալիզմի և մետաֆիզիկ ողբերգության միջև կայացող քաղաքակրթական խոստովանություն է սա, որի ողջ ընթացքում ընթերցողն զգում է հերոսի ագրեսիվ էներգիան։ Ամեն բան ներծծված է սեռականությամբ, լիցքավորված է գինով ու հորմոնով։ Տողը մերթ թույլ է, ծույլ, կարճ, մերթ անսպասելիորեն ամրանում է, կենդանանում, ծավալվում, դառնում անկառավարելի, անզուսպ, անգամ վայրենի։ Էմոցիաները ևս հեշտորեն կոտրվում են, արհեստականորեն արագացված ջազային ռիթմերի պես անկայուն են ու երբևէ չեն իրացնում իրենց ողջ պոտենցիալը։ Ամեն վճիռ իրավիճակային է՝ ենթակա պահի իմպրովիզացիային. չպատճառաբանված զայրույթին հաջորդող քնքշության կարճատև նոպա, սինկոպ։ Ընթերցողն զգում է փուստ գնացած սրտի զարկը։ Վտանգված, անկառավարելի ալիքի վրա հայտնվածի պես, ընթերցողը շոշափելի ու հուսալի մի բան է փնտրում, կայուն մի ֆորմա, ու գտնում է իր սեփական լսողության ձևը։

Սիրում եմ, երբ իմ մեջ գտնվող կամային ճնշումը հոսում է ընդդեմ իմ ցանկության և իմ տրամաբանության։ Սիրում եմ նաև լսողությանս ճկունությունը, որով այն կարողանում է գտնել այդ ընթացքն ընդհատելու ընդունակ ֆորմա՝ ֆորմա, որի համար կարևորը խոսողի կոնկրետ պահանջն է։ Հաճելի է մտածել, որ տողը քեզնից ինչ-որ կոնկրետ բան է ակնկալում, և որ լսողությունդ կարող է ծառայել որպես տարա, որի մեջ պիտի լցվի բովանդակությունը։ Այս գիտակցությունը ոչ միայն բավարարում է ի վերջո կառավարելի ինչ-որ բան գտած լինելու ցանկությունը, այլ նաև զարմանալիորեն հեշտացնում է տողի ռեալիզացիան։ Ու թող դժվար չթվա ասածս. լսողության այս անանձնական ձևն ընդամենը երկու պատվիրան ունի՝ մաքսիմումի հասցված ներկայություն և մինիմում տրամաբանություն։ Նույնը, ինչ պահանջում է երաժշտությունը։ Կամ հավատը։ Էլ չասեմ՝ Աստված։