Հատված «ՊՈՂՈՍ – ՊԵՏՐՈՍ» վեպից
Երբ իրականությունը կաղում է, այն զարդարելու համար հորինվում են առասպելներ: Այդպիսի մի առասպել է ռուսաց ցարի և Ներսես Աշտարակեցու միջև իբրև թե կնքված պայմանագիրը հայոց պետականությունը վերականգնելու մասին (ըստ որոշ աղբյուրների էլ Պասկևիչի և Աշտարակեցու միջև): Եվ որ այդ պայմանագիրը (առասպելում ամեն ինչ առասպելական պիտի լինի) Աշտարակեցին պահում էր իր ծոցում, սրտին մոտիկ (դե արի ու հուզմունքից աչքերդ մի թրջիր), մինչև որ նրա մահից հետո սրիկա մի վարդապետ այն գողացավ ու ծախեց ռուսներին:
Առակս ի՞նչ ցուցանե: Որ ռուսները խաբե՞լ են մեզ: Խաբել են Աշտարակեցո՞ւն: Որ հայոց պետականությունը դեռ 19-րդ դարի կեսերին վերականգնված կլիներ, եթե չլիներ մի սրիկա վարդապե՞տ: Որ Աշտարակեցին մեծ հայրենասեր էր, իր՝ այսօր մեր կողմից քննադատվող քայլերը նա արել է համոզված, որ հայոց պետականության վերականգնումը վճռված է, պայմանագիրը իր գրպանո՞ւմ է: Իսկ գուցե միայն մի բան է նշանակում. մենք լավն ենք, ճիշտ ենք, խելոք ենք, ուղղակի բախտ չունենք:
Բախտ ծածանողները գոնե մի անգամ իրենց հարց տվե՞լ են, թե ինչու էր Աշտարակեցին պայմանագիրը գրպանում պահում, սրտին մոտ, ինչո՞ւ, եթե նրա վրա կային ռուսական ցարի կնիքն ու ստորագրությունը, սեղանին չէր դնում: Նման բան չի եղել և չէր կարող լինել, քանզի տերը ստրուկի հետ պայմանագիր չի կնքում, այնպես որ՝ այս առասպելը թերևս ամենաանմեղն է՝ արարված հետին թվով՝ որպես մխիթարություն անմխիթար սրտի, ավելի վնասակար, քան մյուսները, քանզի փառաբանում է այն, ինչը կարող էր չլինել, բայց, ցավոք, եղել է:
Իսկ եղել է այն, ինչը իր նոթերում Աբգարդպիր վարդապետն է թեև ոչ ամենայն վստահությամբ, բայց նկատել: Գրում է, որ ռուսաց իշխանություններին կարծես թե դուր չի եկել հայերի ոգևորությունը, կարծես թե, գրում է, նրանք զղջացել են երկրամասը Հայկական մարզ կոչելու համար, կասկածանքով են նայում բոլոր նրանց, ովքեր փորձում են շտկել կորացած մեջքը, ուղիղ կանգնել: Այո, «Հայկական մարզ» ժամանակավոր անունով Ռուսաստանը սոսկ ցանկանում էր հայերի մեջ վառ պահել ազատագրական հույսերը, որպեսզի նրանց օգտագործի նաև մոտալուտ ռուս-թուրքական պատերազմում:
* * *
Ինչպես ասես, որ ընդունված չէ Ներսես Աշտարակեցուն մեծարել: Ամենատպավորիչը «Պաշտպան հայրենյաց»-ն է:
Փորձենք ներդնել նաև Հետադարձ հայացքի լուման: 1827 թվականի, եթե չենք սխալվում, գարնանը Ներսես Աշտարակեցին, ինչպես արդեն ասվել է, ուղեկցում է դեպի Արարատյան դաշտ շարժվող ռուսական բանակի առաջապահ զորամասերին: Եվ ահա, երբ Աշտարակ են մտնում, գեներալ Կրասովսկուն խնդրում է փոքր-ինչ շեղվել ճանապարհից, մոտենալ իր հոր գերեզմանին: Բավականին ոչ տեղին խնդրանք ռազմական արշավի ժամանակ, բայց Կրասովսկին՝ ռուս հրամանատարության կազմում միակը հայերի հանդեպ քիչ թե շատ անկեղծ վերաբերմունքով, համաձայնում է: Անսպասելին, սակայն, առջևում է: Աշտարակեցին նրան բերում է իր հոր գերեզմանի մոտ և բռնկվում մի մենախոսությամբ, որի ճիշտ տեղը բեմահարթակն է՝ կեղծ-հերոսապատում ներկայացումը: Աշտարակեցին բարբառում է. «Հայր, սիրելի իմ հայր, կատարվեց քո մարգարեութիւնը, քո ակնկալիքն իրականացավ, մեզ մոտ է եկել ռուսական հովանավորութիւնը, լսի՛ր, նրա հաղթական բանակը ահա շողշողուն զենքով, փողերի և ծնծղաների նվագակցութեամբ անցնում է մեր բնակավայրերով, հասնում թշնամուն, խորտակում նրա անսանձ գոռոզութիւնը նրա իսկ դռների մոտ: Լսի՛ր, հա՛յր, լսի՛ր որդիներիդ բարօրութիւնը, լսի՛ր և թող անդորր իջնի քո աճիւնին…»:
Արցունքները հոսում են սրբազանի աչքերից, ձայնը կերկերում է, և գեներալը, ապշած, ցնցված այդ արտառոց տեսարանից, որը տեղի է ունենում ոչ թե բեմում, այլ՝ գերեզմանատանը, փորձում է հանգստացնել իրեն կորցրած սրբազանին, թևը մտած՝ մի կերպ հեռացնում է հոր գերեզմանից:
Այստեղ ակամա ուզում ես հարցնել. «Հը, ո՞նց էր, հավանեցի՞ք»:
Ինքը՝ Աշտարակեցին, հավանել էր: Շատ: Անչափ գոհ իր տված ներկայացումից՝ ափսոսում էր, որ մի հանդիսատեսի թատրոն եղավ: Եվ այդ բացը լցնելու համար իշխան Վորոնցովին գրած նամակում (ահա թե որտեղից էր մեջբերումը) նաև հայտնում է, որ գործել է համաձայն իր հոր ցանկության, նա մահանալիս ավանդել էր՝ երբ ռուսները գան Հայաստանը ազատագրելու, ինքը ավետիս տանի նրա գերեզմանին: Չի մոռանում հիշատակել հուզմունքի ու ցնծության իր արցունքները, բայց ահա նույն հուզմունքն ու ցնծությունը վերագրում է նաև անսպասելիությունից ցնցված գեներալին: Ինչը առիթ է տալիս մտածելու, որ Աշտարակեցու կարծիքով՝ իշխան Վորոնցովն իր նամակը կարդալիս առնվազն նույնպես պիտի հուզվեր, աչքերը թրջեր:
Աշտարակեցու ինչի՞ն էր պետք այս ցածրաճաշակ ներկայացումը:
Բայց չանտեսենք նաև երկրորդ տարբերակը. Աշտարակեցին միանգամայն անկեղծ է եղել, գործել է սրտաբուխ, իրականություն է թե՛ հոր խնդրանքը, թե՛ նրա հուզմունքը: Անկեղծ է եղել նաև նամակ շարադրելիս:
Երկուսից ո՞րն է գերադասելի, քանզի նպատակը երկու դեպքում էլ նույնն է. դրսևորել անսահման ռուսասիրություն, շահել բարեհաճություն: Ոչ մեկը, քանզի երկուսն էլ գտնվում են միամտության ու շողոքորթության միևնույն տխուր հարթության վրա: Եթե անկեղծ է եղել, նշանակում է իրավունք չուներ հայությունը ներկայացնել ոչ միայն որպես հոգևոր, այլև ու առավել ևս աշխարհիկ առաջնորդ, քանզի դիվանագիտությունը ամենևին էլ արցունքների անկեղծության աստիճանով չի չափվում: Իսկ եթե չնայած իր հանրահայտ ռուսասիրությանը՝ այնուհանդերձ, ներկայացում է տվել, մնում է գնահատել նրա դերասանական տաղանդը և ողբալ դիվանագիտական սնանկությունը:
Սակայն սա չի նշանակում, թե մենք անտեսում ենք այն դրականը, որ Ներսես Աշտարակեցու շնորհիվ ներդրվեց խավարում դեգերող կովկասահայության մեջ: Հենց միայն Ներսիսյան դպրոցը ամեն ինչ արժե: Նա ծնվել էր որպես մեծ լուսավորիչ, բայց դատապարտվեց ավելի շատ քաղաքական խնդիրներով զբաղվել: Քաշում էր իր նախնյաց սխալների կամ, որ ավելի վատ է, ազգուրաց քաղաքականության բեռը, իր ժամանակի «ընդդիմախոսներն» էլ՝ պարսիկ ու ռուս, հզոր ու անողոք էին: Թերևս ավելի լավ, քան ձևակերպել է Աբգարդպիր վարդապետը, հնարավոր չէ ասել. «Ներսեսի դժբախտությունը ոչ թե թշնամին էր, այլ՝ այն, որ բարեկամը ռուսն էր: Պարսիկին նա գիտեր հինգ մատի պես, ռուսին՝ ոչ: Իսկ պարսիկի վայրագությունը սոսկ խոցում է, ռուսի նենգությունը՝ սպանում»: Եվ Քիշինև հասած Աշտարակեցին ստիպված է վիրավորանքը կուլ տալով, հպարտությունը մի կողմ դրած՝ երախտիքի նամակ գրել Պասկևիչին: Բացատրել, որ առաջարկված ճանապարհածախսից հրաժարվեց սոսկ մի պատճառով՝ չուզեց պետական գանձարանին բեռ լինել, շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչը կոմսն արել է հանուն հայության, և խնդրել, որ այսուհետ էլ հոգատար լինի հայ ժողովրդի, հատկապես պարսկահայ գաղթականության, Էջմիածնի հանդեպ: Ճարն ինչ, անզոր հպատակների համար այլ ճանապարհ չկա…
