Ժամանակը հոսում է հանց ավազը,
Ավազը՝ սորուն, ավազը՝ եռման։
Ժամանակը հոսում է ոնց գետը`
իր հունով, հունով հազարամյա,
Քար ու կապանի միջով բացել է
Ջուրը սառը, ջուրը անկասելի։
Ժամանակը և կյանքը չեն խաչվում,
Անտրամաբան ընթացքը կյանքի` և
Ժամանակի ամենակուլ ընթացքը…
Մարդը
Ապրում է
Ժամանակից
Անդին,
Ժամանակից
դուրս…
30.05. 2026
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
(մայր)
Փարիզ, Մոնակո, մանավանդ Հռոմ
Ճանապահներ, խաչմերուկներ, ձգվում եք հեռու, հեռու…
Բայց շրջանցելով ինձ, թողնելով փոշման։
Ժը տեմը` Մարսել, Յո տիամո` Մադրիդ,
Այ լով յու՝ Լաս Վեգաս…
Խոստովանքներս ուր են, զուր են։
Օսկարի կարմիր գորգը, Մոսկվայի համերգը` մուզտեվեի Լուժնիկիում՝
Օ լյա լյա, լյա լյա.
Կրքոտ համբույրներ, մետաքսե շղարշներ
Մնացիք հեռու`
Էլ չենք լինի քսան տարեկան։
Միայն քո բույրն ու տաք գիրկը
կմնա ինձ հետ. ինձ հետ կմնա
հավիտյան,
ՄԱՅՐ։
ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Որպես մոլորակների շքերթից
Դուրս պրծած մի աստղ՝
Թափառում է հոգիս
Հարդագողի:
Բլուրների ուրվագիծը սահուն
Ու ծղրիդների ճռռոցը
Միակ հուշերն են իմ հայրենի երկրի:
Արդյոք կգտնե՞մ ճամփան
Տունդարձի
Երազի զնգուն ոսկեթելերով:
Թե՞ կանէանան որպես լույսի շող,
Եվ կդառնամ աստղ ոսկե
Մոլորակների շքերթի
Շուրջպարում խև:
ՍԻՐՈ ԱՅԲՈՒԲԵՆ
Մարմինների համաձուլվածքը
Զնգում է պղնձի հանգույն,
Ջութակի պրկված աղեղ ասես…
Վնգում է կիրքը:
Կռվամարտիկներն այդպես ավյունով
Չեն զարկի միմյանց գետնին,
Բաց թողնված նետն
Այդպես սրընթաց
Չի հասնի իր նպատակակետին:
Հրաշալի է ամեն շարժում
Բույրը քրտինքի, հառաչը անզուսպ,
Սահուն գծեր են
Միահյուսվում…
Հանց մի գորգ ասեղնահյուս:
Եվ ինչպես բնությունն է շողշողում
Անձրևից հետո տեղատարափ,
Օրվա գույներն են թարմանում,
Եվ կյանքն է դառնում հուրհրան:
ԵՍ
Ուր է կյանքն իմ`Երևանի սրտում կառուցած իմ տա՞նը,
Որտեղ է կյանքն իմ` Վանա ծիծղուն լճակի աղի ջրերո՞ւմ։
Երբ բարձրացա Նորավանքի անգմբեթ տաճարը,
Հոգիս սլացավ դեպ երկնի անհունը, տիեզերքը դեպի…
Եվ ով եմ
Ով եմ
Ես։
Հարցեր, հարցեր,
Հարցեր։
ԹԻԹԵՌ
Սերը քո գույնը ունի
Հոտն ու համը
Սիրույն նույնանում են
քո հպումները նուրբ։
Դու բուրում ես
Սիրո տտիպ ու դառը
Թրթիռով…
ԴՈՒՌԸ
Այն բացվեց պատահական`
Ինքն իրեն։
Զգուշորեն մտա, ուր` հայտնի չէր,
և ընկա զուգահեռ չափումներից
ինձ անհայտ մեկում։
Երնեկ երազ լիներ և ինձ արթնացներ
հարազատ մի ձեռք…
և դա լիներ
հայրս։
Շարունակելի։
ԱՆՏԵՍ
Կուզեի մեռնել,
երբ լուսինը կշողա գունատ,
Երբ աստղերը երկնի դուրս կգան,
Դուրս կգան շքերթի։
Երբ մահը կլինի
Կլինի ցան_կա_լի…
Բայց մահը գալիս է,
Գալիս է անտես։
Հանց կատուս Խաչո
Փափուկ թաթերով`
Զգույշ, աննկատ ու
Անտես…
ՁՈՆ ԼԻՍԱԲՈՆԻՆ
Այնտեղ
Գինետներում հնչում է երգը` ֆադու,
Այնտեղ
Նեղլիկ փողոցով սլացող տրամվայչիկը
Քսվում է պատերին հնամյա,
Այնտեղ
կանայք կրքոտ պարում, իսկ
մաչո տղաները չխկացնում են կաստանյետ,
Այնտեղ
Փողոցի վերջում բացվում է տեսարանը ցնցող
Փոթորկուն Օվկիանի։
Ւսկ այս տողերը ներբող են մի քաղաքի մասին
Երազ քաղաքի
Որը
Դեռ չեմ տեսել…
***
Դու նայում ես ակնդետ
Հատակից ճենապակե բաժակի
Եվ ափսեից օվալ։
Արքայադուստր Սիսի,
Դու չքնաղ ես…
ԻԲԵՐԻԱ
Աստված ստեղծել է դրախտը,
Տեղադրել սրտում Կովկասի։
Օ Կոլխիս` ոսկե գեղմը փնտրել է
Հույներից ազնվագույնը` Յասոն։
Մանթաշովյան շարքերով քայլելիս
Ողջունեցին Աղայանը և Ճավճավաձեն`
թևկիցը ծանոթ թվաց։
Գուցե թե Թումանյանն էր կամ Ծերեթելին։
Հայոս և Քարթլոս` եղբայրներ հազարամյա,
ձեռք ձեռքի տված ստեղծեցիք
Գունագեղ քաղաքը` Թիֆլիս։
Նեղլիկ, ոլորուն փողոցից
Վազքով իջնում է Փարաջանովը Սարգիս։
Նորօրյա պատերդ զարդարում են
Փիրոսմանիի աղջիկները, ծաղիկներն ու
Աշխույժ կինտոները։
Օ Վրաստան, Սաքարթվելո,
Քեզ սիրում են այցելուներդ բոլոր։
Չմոռանամ ասել`
մանավանդ
Ես։
7.05.2026
ՀԱՅՐ
Քեզ չեմ տեսել իմ կողքին`
Ճակատագրի բերումով։
Բայց քո շողը տրոփում է
Մտքում իմ, սրտում իմ։
ՀԱՅՐ…
***
ՍԵՐԸ
ԱՅՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍՈՎՈՐԵԼ։
ՍԵՐԸ ԾԱԳՈՒՄ Է ՀՈԳՈՒՄ
ՀԱՆՑ ԱՐԵՎԸ` ԼՈՒՍԱՅԳԻՆ։
ՍԵՐԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ ԵՎ
ԵՎ ԹԵՎԱԲԱԽՈՒՄ Է։
ՍԵՐԸ։
ԵՐՆԵԿ ԻՆՁ
ԵՐՆԵԿ ՈՐ
ՈՐ ՍԻՐԵԼ ԵՄ…
ԱՌԱՆՑ ՔԵԶ
Աշխարհը կդառնա ուրիշ`
Որպես գիսաստղ, ասուպ կսլանամ
Ետքից քո,
Վերից երկիրը կլինի փոքր,
կլինի մատչելի։
Որպես դյութիչ թղթե օձ,
Պոկված քո ձեռքից,
Կձուլվեմ ամպերի սլացքին։
Ասա, ինչ կլինի,
կփոխվի դյուզն-ինչ
Աշխարհը, աշխարհը
Առանց ինձ։
30.04.2026
ՈՒՆԱՅՆ
Մարդը մենակ է` տանը, փողոցում ողջ աշխարհում։
Դեռ ավելին կասեմ՝ տիեզերքում
համայն։
Մարդը ծնվում է մերկ և լքում աշխարհն այս մերկ։
Ծնունդը, սերը, անգամ մահը նույնն են
Օրից արարման։
Իսկ այս աշխարհ գալը շահումի
տոմսակ է`
Եթե շահել ես, եղիր,
Եղիր երջանիկ…
ԷԼԵԳԻԱ
Տունս սարքեցի
խախուտ հողին, մայր իմ։
Պատուհանից բաց խուժում էին
երազներ պատիր,
Պատրանքներ կեղծ։
Կանգնած եմ սև քամիների դեմ`
Անօգ, մենակ։
Միայն անունը քո,
Քո անունն է շուրթիս։
Մայր։
27.04.2026
ԹԱՆԿԱ
Ծաղկած բալենի, դու
սքանչելի ես,
Արահետով քայլելիս դու
Բուրում ես։
Ծաղկած բալենի, դու
Հիասքանչ ես,
Զի գեղեցկությունը քո
Վերանում է,
Անհետանում է՝
Ակնթարթում մեկ…
ՔԱՂԱՔԸ
Քաղաքը ներկեց ծաղիկները
Փոշով, ավաղ, փոշով սև։
Ուզում եմ ապրել քաղաքում, որտեղ
Մութ գիշերները
լուսավորվում է պատուհանը`
քո
պատուհանը…
****
Բախտս չի բերել
Չծնվեցի արծիվ
Միայն երազներում
Երազներում միայն
Ես թռչում եմ
Բարձունքներում,
Զի Արծիվ եմ,
Արծիվ եմ ճերմակագլուխ…
