Թուրքական demokrathaber.org կայքի սյունակագիրներից Էրջան Քանարը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ, փորձել է վերլուծել, թե որոնք են այն հանգամանքները, որ ետ են պահում Թուրքիայի նախորդ և հետագա բոլոր իշխանություններին ճանաչել սխալն ու թույլ տալ սերունդներին առերեսվելու իրենց պատմությանը: «Մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նորից պալատականներն ու մոտիվացված գործիչներն սկսելու են կաթեցնել պաշտոնական տեսակետից բխող թույնը»,- գրում է նա, միաժամանակ հիշեցնելով, որ «Մերձավոր Արևելքում և հատկապես մեր պետության՝ ցեղասպանության ու պատերազմի հանցանքներին առերեսվելը շատ ավելի բարդ երևույթ է, քան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում և այլուր: Թուրքիային այդ մակարդակի բերելու համար մարդու իրավունքների պաշտպանները, մարդու իրավունքների համար պայքարողները շատ ջանք պետք է թափեն»: Թուրքիան որքան էլ մարդասպանի իր դեմքը փորձի քողարկել ժողովրդավարության շպարի տակ, ներկայանալ քաղաքակրթության թիկնոցով, մինչև հիմա էլ չի հաջողել ձեռքերը մաքրել միլիոնավոր անմեղ զոհերի արյան հետքերից, հետքեր, որ մատնում են նրա բարբարոս էությունը: Հավանաբար նրան էլի մի քանի 102 տարի է պետք՝ հասկանալու, որ հնարավոր չէ պատմությունը հավերժորեն ժխտողականության վարագույրի հետևում թաքցնել, որ վարագույր կոչվածը վաղուց մաշվել ու ապակու պես թափանցիկ է: Աշխարհին այլևս անծանոթ չէ ցեղասպանության իրական պատկերը, սակայն դեռևս ամբողջապես ընկալելի չէ թուրքերի հոգեբանությունը, որի անատոմիայի հիմքը անփոփոխ այլատյացությունն է: Այդուհանդերձ, աննշան փոփոխություններ նկատվում են՝ առանձին թույլ քամիներ, որ դեռևս անկարող են տեսանելի տեղաշարժ իրականացնել. ընդամենը պատրանք է, որ հեռանկարում միավորվելով հնարավոր լինի սեփական անցյալը ժխտողականության փոշուց մաքրել: Թուրք թատերագետ Հիլալ Նեսինի գրառումը հեգնանք է թուրքական իշխանությունների կեղծիքի քաղաքականությանը, նրանց սին պնդումներին. «Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները… Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան: Սովորեք ապրել առանց կեղծիքի: Հարցրեք ինքներդ ձեզ. առանց կոտորածի ապրած մեկ տարի ունե՞ք»: Թուրք լրագրող Մուրադ Սևինչը՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի կողմից ցեղասպանություն բառի գործածման համար խորհրդարանի 3 նիստին մասնակցելու իրավունքից զրկելուց հետո, անդրադարձել է թուրք հասարակության կողմից հայ ինքնության վերաբերյալ ընկալումներին, փաստելով, որ հայերի գոյության հետ հաշվի չնստելն ընկած է Թուրքիայի Հանրապետության կազմավորման հիմքում: «Երբևէ հետաքրքրվել ու նայե՞լ եք 100 տարի առաջ այս հողերում ապրող կրոնական փոքրամասնությունների բնակչության տոկոսին,- գրել է նա:- Ի՞նչ եղավ այս մարդկանց: Երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե այսպիսի հնագույն ու հարուստ տարածաշրջանում ինչպե՞ս է, որ միայն թուրքերը կան: Տարօրինակ չէ՞»: Թուրքիայում անպայմանորեն շատերն են այս հարցը տվել: Սակայն առանց այս հարցերի պատասխանների էլ. «…միլիոնավոր մարդիկ մի ամբողջ կյանք են ապրել այս հողերում»: Կարո Փալյանը հիշեցնում է, որ այդ քաոսային շրջանում չորս ազգ է անհետացել՝ հայերը, հույները, ասորիներն ու հրեաները, որոնք «մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»: 102 տարի անց էլ այլատյացության, անհանդուրժողականության քաղաքականությունը շարունակվում է՝ հնարավորություն չտալով թուրքերին երկխոսել քաղաքակրթության հետ: Այդ երկրի արտգործնախարարը հայտարարում է, որ ցանկանում են ներկա գտնվել աշխարհի բոլոր բանակցային սեղանների շուրջ, պաշտպանել օգնության կարիք ունեցող և ճնշված բոլոր ժողովուրդներին՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն, և սա այն դեպքում, երբ իր երկրում քրդերի ցեղասպանությունը շարունակվում է և ոչ միայն իր երկրի ներսում: Իսկապես անիմանալի են թրքական հումանիզմի, ինչպես և հռետորաբանության դրսևորումները: Այդ երկրի նախագահը, շրջանցելով բարեկրթության և միջազգային դիվանագիտական ընդունված նորմերը, Հունաստանին անվանում է «գյավուրի հող», կոտրատվելով, թե երբևէ չի կարող ապրել «գյավուրների կողքին»: Հեղաշրջման գիշերը, երբ Էրդողանին առաջարկել են տանել Հունաստան, հայտարարել է. «Ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում պատանդ մնամ»: Սուլթանի հավակնորդը «մոռացել է», որ «այստեղը» «գյավուր» կոչվածների պատմական հողերն են, որոնք «թուրքական» են դարձել իր կողմից ժխտվող ցեղասպանությունների պատճառով: 102 տարի անց էլ ոչինչ չի փոխվել. նույն ֆաշիստական, նույն ցեղասպան Թուրքիան է:
Կարդալ նաեւ․․․
ՀԱՍԱՆՔ ՍԱՀՄԱՆԻ՞Ն / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կառավարության այս առաջարկը (թե՞ արդեն որոշումը) ինձ սահման է…
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի՞նչ տվեց մեզ մեր անկախությունը: Պետականության վերահաստատում, միջազգային կապեր, անդամակցություն…
Ժամանակակից հայ պոեզիայի ներկան (Հատվածներ լիանիստի ելույթներից) / ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆ
Արդի պոեզիայի ստեղծումը կապվում է սեփականատիրության կարգավորման, Արցախի ազատագրության, ազգային…