Մշեցի Մաթոսի և նրա կնոջ`
Սիբիրում թևը կորցրած Գուլոյի
հիշատակին
Բաթումի ամենաուրախ կնոջ անունը Սալվե էր, սակայն իրենց լեզվի գործը հեշտացնելու համար բոլորը նրան Սալե էին կոչում: Վանեցի գաղթական էր, որ ո՛չ ինքն էր հուսահատվում, ո՛չ թույլ տալիս մյուսներին հուսալքվել: Մի երեկո, երբ ամուսնու` Հովանի ատամի ցավն էր բռնել, վերջինիս ուղեկցել էր քաղաքի ամենալավ ատամնաբույժի տուն, բայց կողքի դարպասից հատուկ մտել էր հարևան բակ, ուր մարդկանց մեծ բազմություն էր հավաքված ու հարցրել. «Վերջն ո՞վ է»: Մարդիկ ապշահար նայել էին իրեն. «Մեռելի տուն վո՞վ հերթի վերջ կհարցնե, Աստծու կրա՛կ Սալե…»: Այնինչ, միայն Սալեն գիտեր, թե քանի՜ հոգու էր օգնել Սիբիր ուղևորվել զառամյալ հանգուցյալը… Նրա զոհերից մեկը հենց Սալեի եղբայր Գրիգորն էր եղել, որ քրոջ պես հանաքչի էր: Երբ «չեկիստների» հետ համագործակցող մատնիչը հաղթական տոնով ասել էր. «Տեհա՞ր, ոնց դիփ դաշնակներին խփինք…», Գրիգորն ի պատասխան միամտորեն կատակել էր, թե` «Ինչքան էլ չլինի, մի երկուսը կու մնային»: Ու այդքան հեշտ, ինքնաբերաբար ծնված կատակը կյանք էր արժեցել` Գրիգորին տարել, այնքան էին ծեծել, որ ասի, թե ովքե՞ր են այդ «մի երկուսը», մինչև շունչը փչել էր խեղճը…
Սալեն, կոտորածին գումարված նոր ցավը սրտում, չգիտես` որտեղից, ուժ էր գտնում ուրիշներին ուրախացնելու: Ուրիշ հեշտ բան չէր մնացել: Մեկ էլ` մեռնելն էր հեշտ: Դժվար ժամանակները նոր չէին սկսվել, ու գնալով կյանքն է՛լ ավելի էր ծանրանում ու կորցնում արժեքը: Պատերը ոչ միայն ականջներ ու աչքեր ունեին, այլև` աքցաններ, որոնք օրեցօր մարդկանցով էին լցնում բեռնատար վագոնները: Պատճառները բազմազան էին, սակայն դրանցից առաջինը լավ հիշողությունն էր, մեկ էլ` երևի համառ լավատեսությունը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը ենթակա չէին ներման: Այդպես, մի քանի օր առաջ, հորդառատ անձրևից պատսպարվելու պատրվակով, մի խումբ հայ գաղթականներ հավաքվել էին Էնգելսի փողոցի վրա գտնվող գինետանը` միասին հիշելու «Էրգիրը»: Հայկական դպրոցի հավաքարարը` մորաքույր Ալմաստը, որի ընտանիքը ողջակիզվել էր Մուշում, հերթական անգամ տվել էր իր հարցը. «Դուք տեսած կա՞ք կարմիր-կանաչ բոցերով վառվող մարդկանց… Մարագից դուրս վազողներին ալ սրով կը սպանեին թուրքերը»:
Ի պատասխան, թիկունքում վառ պահելով իրենց քաղաքի պաշտպանության հուշը, վանեցիները հոտնկայս խմել էին` ասելով. «Այս գինի՛ն վկա, որ բոլորս տուն կվերադառնանք…»:
Փոխարենը, հայտնվել էին դեպի Սիբիր սլացող գնացքում:
Մատնիչները երբեք անգործ չեն մնում:
Ճանապարհն անողոք երկար էր, բայց, այդուհանդերձ, վերջ ուներ: Հանկարծ գնացքը կանգնեց, փայտե վագոնների դռները բացվեցին, Ալթայի երկրամասի ցուրտ, օտար օդն առանց ձևականությունների ներխուժեց ու պարուրեց ժամանածներին: Բոլորին ըստ սեռի բաժանեցին, կարգադրեցին մերկանալ ու բաղնիք մտնել, իսկ հագուստները տարան վառելու: Ասացին` «դեզինֆեկցիայի համար»: Այլ կերպ ասած` ճանապարհին «բուսնած» ոջիլներից ազատվելու: Դա լսելուն պես, մորեմերկ Սալեն կայծակնային արագությամբ նետվեց հագուստներով բարձված սայլի հետևից: Ձյան վրայով վազելիս ալյումինե թասով ծածկել էր մարմնի ամենաամոթալի մասը: Բոլորը, նամանավանդ տեղի` Կոսիխինսկի սովխոզի մարդիկ ապշահար նայում էին: Հետո սառնաշունչ օդի մեջ սկսեց թևածել ռուս կանանց շշուկը. «Эта бедная армянка с ума сошла…»:1
Իսկ Սալեն հասավ սայլին, իր շորի երևացող ծայրից քաշեց: Դրա հետ միասին, մի քանի ուրիշ հագուստներ էլ թափվեցին սպիտակ ձյան վրա: Սայլը մի քիչ առաջ գնալուց հետո կանգ առավ: Լսվեց կառապանի զայրացած փնթփնթոցը: Այդ ընթացքում Սալեն իր զգեստի ներսից, կրծքամասում կարված թաշկինակի գունդը պոկեց, սեղմեց ափի մեջ, իսկ զգեստն ու մյուս շորերը հավաքեց, արագ լցրեց մնացած կույտի վրա: Շվարած կառապանը լուռ նայում էր: Սալեն, առանց քանդելու թաշկինակի կապը, այն մի ձեռքում ամուր թաքցրած, իսկ մյուսով` թասը հաղթական դրոշի պես ծածանելով, ամոթի մասին մոռացած, վազեց դեպի բաղնիք: Շշուկները չհամարձակվեցին կամ չհասցրին վերաճել ծիծաղի: Եվ հետո, սովորության համաձայն, Սալեն առնվազը ծիծաղի խմբավար պիտի լիներ, այլ ոչ թե` ծիծաղի առարկա: Նրա վրա երբեք ոչ ոք չէր ծիծաղել:
Բաղնիքի ներսում արդեն Սալեն թաշկինակի միջից հանեց ու զավեշտական, արտիստիկ շարժումով թափահարելով՝ հայրենակից կանանց ցույց տվեց իր ևս մեկ անգամ փրկված մի բուռ զարդերը: Նրա այդ շարժումը չափ տվեց կանանց ծիծաղին: Դրսում կանգնածների ականջներին հասավ այդ տարօրինակ, ոչ հուսահատ ծիծաղը: Սրանք էլ թեթևակի ժպտացին և գնացին փայտահատման աշխատանքը շարունակելու, քանի դեռ ճաշից վերադարձող վերակացուները հեռվից ոչինչ չէին նկատել:
Օրերն անցնում էին դանդաղ ու ոչ միայն միօրինակ լինելու պատճառով: Ժամանակը կարծես կանգնած էր այդտեղ: Ո՛չ առաջ էր գնում, ո՛չ` հետ: Ամեն կերպ իրեն զգալ չէր տալիս: Ոչ հեռու Մալախով գյուղից մի ռուս կին սայլով կաթ էր բերում: Ու քանի որ դա կրկնվում էր ամեն առավոտ, նույնպես օգնում էր, որ թվա, թե ոչինչ տեղի չի ունենում սպիտակ այդ անծայրության մեջ:
Բաբա Լյուբան երեք աղջիկ ուներ, իսկ ամուսինը զոհվել էր կոլեկտիվացման տարիներին: Խեղճ կինն էլ դեռ պետությանը քսան հազար ռուբլի էր պարտք մնացել, չգիտես ինչու և ինչպես: Ու տեսնելով, որ աքսորյալ հայերը փայտե խրճիթների ներսում իրենց հետ բերած բրդյա գունագեղ ձեռագործ գորգեր ու կարպետներ են փռել, քնում են շքեղ ասեղնագործ սպիտակեղենով ծածկված բրդյա փափուկ անկողիններում, մտքում նրանց, իր հայրենակիցների նման, «բուրժույներ» էր կոչում: Երբեմն նաև լսվում էր Լյուբայի այդ ներքին ձայնը: Նա ոչինչ չգիտեր բրդի ու ձեռագործի այն պաշտամունքի մասին, որ տածում է հայը, թեև ռուսներն էլ աննման գեղեցիկ շալեր հյուսել գիտեն: Իսկ գաղթի ճանապարհներ անցած կրկնակի աքսորյալ հայերը ներողամիտ էին, որովհետև հասկանում էին, որ բոլորով նույն սառցաբեկորի վրա են: Որքան էլ տարօրինակ թվար, այդտեղ նույնպես լինում էին հանգստի և անգամ` մշակույթի օրեր: Այդ մասին նույնպես հոգացել էին ժողովրդի դահիճները, թե` «ժողովրդի թշնամիներն էլ մեծ ու փոքր ուրախությունների կարիք ունեն…»: Այդպիսով, կլուբում կուսակցական քարոզչական ելույթներից բացի, երբեմն նաև երգ ու պարի սիրողական խմբեր էին ելույթ ունենում: Աքսորյալները երեկոները սիրում էին այդտեղ հավաքվել, միասին հիշել և լամպի լույսի տակ, արցունքներն աչքերին նամակներ գրել իրենց ողջ մնացած հարազատներին ու ծանոթներին, հաճախ` ծանրոց ստանալու ակնկալիքով: Այդպիսի օրերից մի օր Սալեն հանկարծակի թռավ, բարձրացավ բեմ` գոչելով.
– Ես չեմ հասկնամ, թե ինչի՛ կուլաք… Երբ որ Բաթումին մեջ, Բենզեում կը տեսնեի տրիբունայում խոսողներին, կը նախանձեի էնոնց: Աստվա՛ծ վկա, հիմա ես էստեղ կանգնած կը մտածեմ, որ իմ երազանք կատարվել է…
Ապա բաժակը զարկելով կաթի բիդոնի մեջ` բարձրացրեց ու արտասանեց, երևի թե, աշխարհի ամենատարօրինակ կենացը.
– Ուրեմն` ձեզի կըսեմ, այս բաժակ կա՛թը վկա, որ մենք բոլորս տուն կվերադառնանք:
Եվ բոլոր հայերը ծիծաղից թուլացան: Իսկ ասվածից ոչինչ չհասկացած վերակացու կինը կատաղությունից, լուսանի նման, արագ ցատկեց բեմ և հարվածեց Սալեի ձեռքին: Ալյումինե բաժակը դիպավ նրա շրթունքին` իրար խառնելով կաթ ու արյուն…
Այս դիպվածը հիշեցրեց ու սթափեցրեց բոլորին: Օդի մեջ արյան ոչ միայն հոտ կար, այլև` համ: Ու այն խառնվում էր իրենց ապրած հին ու նոր օրերին` անպատեհ ներկելով դրանք: Սակայն, դեպի Սիբիր բերող ճանապարհի նման, այդ օրերն էլ վերջ ունեին: Մի օր սև ռադիոն ավետեց, որ բեղավոր հրեշը2 սատկել է:
Ափսոս, որ Հովանը` Սալեի ամուսինը, չապրեց մինչև այդ օրը: Տասներեք տարի այդտեղ, սառցե անծայրության մեջ անցկացնելուց հետո, Սալեն ու մնացյալ աքսորյալները սրտաբորբ ուրախություն ապրեցին: Այդ տասներեք տարիների ընթացքում իրենցից շատերը հեռացել էին կյանքից, վերջապես, համաշխարհային պատերազմ էր հասցրել սկսվել ու ավարտվել: Բայց Հաղթանակի օրն անգամ այդչափ չէր փոթորկել նրանց հոգին… Մանավանդ որ, առանձնապես բան չէր փոխել Սիբիր քշվածների կյանքում: Իսկ հիմա, հանկարծ անհույս հույսի մի ճառագայթ ճեղքում, հալեցնում էր մի արահետ սառցե անծայրության մեջ:
Ձնհալն ուշացած, բայց անսպասելի սկսվեց: Հայ գաղթականների մեջ առաջինը հասավ Սալեի ազատվելու լուրը: Նրա` Սովետական Միության հերոս մինուճար որդու շնորհիվ: Սալեն այս անգամ աներևակայելի հայհոյանքներով էր համեմում իր ուրախությունը: Ինչ է, հաղթանակից հետո այսքան տարի էլ պիտի անցներ, մինչև պարզեին, թե հերոսի մայր է աքսորում մրսում:
– Ե՛ս ձեր տասնվեց ծակը…
– Ջոջ Սալե ջան, մեր Ջոջո ջան, էս քանի օր է, մեր Կասիխինսկի սովխոզի ժողովուրդ հաշիվ կենե, համա թիվը յոթից չի անցնի, էդ ի՞մալ համրել ես:
– Տո, էնպես ջղայնըցած էի, որ հաշիվս կորցրած էի…
Եվ վաղուց մարած ծիծաղի ալիքը նորից բարձրացավ սպիտակ անծայրության մեջ: Վերջապես, եկավ տունդարձի օրը: Սալեն կապել էր իրերը: Թաշկինակի գունդն առաջվա պես կրծքին էր, շորի տակ կարված: Նա ամբողջ ժամանակ հույս էր փայփայել, որ տղային պսակելուն պես այդ զարդերը պիտի հարսին նվիրի: Խեղճ Սալեն չգիտեր, որ տղան հետմահու է հերոսի կոչման արժանացել…
Վերակացուն մոտեցավ, արտասովոր, իրեն ոչ հատուկ կարեկցանքով ուզեց հրաժեշտ տալ Սալեին, որին սայլ նստելուց առաջ հերթով փաթաթվել, գրկել էին բոլոր հայրենակիցները: Նրանք գիտեին, որ Սալեից հետո շուտով իրենց հերթն էլ է հասնելու: Մնում էր սպասել: Մի քիչ համբերություն էր պետք հիմա: Շատ էր պետք:
Սալեն վերակացու կնոջը մի լավ հրելուց հետո կտրուկ ընկրկեց` ասելով.
– Уйди! Таких, как ты в доме моего отца даже в прислуги не брали.3
Այդ պահին մոտեցավ Մալախով գյուղից կաթ բերող Լյուբան և ջերմ գրկեց Սալեին: Երկուսի աչքերում արցունքներ կսկծացին: Լյուբան շշնջաց Սալեի ականջին, որ իր պարտքը չեղյալ են համարել և մի մոլոչնիկով:4
կաթ տվեց Սալեի ձեռքը, ասելով, որ ճանապարհին կխմի, երկար է դեռ գնալու: Սալեն գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց ու հանկարծ միտը եկավ.
– Ձեզի կըսեի, չէ՞, էս կաթը վկա, որ բոլորս տո՛ւն կվերադառնանք:
Բոլորն այս անգամ, ասես մի լուռ հրամանով, ծիծաղելու փոխարեն տխուր ժպտացին: Իրոք որ, կաթն ավելի զորեղ դուրս եկավ, քան գինին…
————————————-
1. Այդ խեղճ հայուհին խելքը թռցրել է (ռուս.):
2. Խոսքը Ստալինի մասին է:
3. Հեռո՛ւ գնա: Քեզ նմաններին իմ հոր տան մեջ աղախին էլ չէին վերցնի… (ռուս.):
4. Կաթի մետաղական աման (ռուս.)