Նրա տեղը երբեք թափուր չի մնա

Ապրիլի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Վառլեն Ալեքսանյանի «Վիպական ժամանակների կնճիռը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված նրա հիշատակին և ծննդյան 75-ամյակին:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով Վ. Ալեքսանյանի «Վիպական ժամանակների կնճիռը» գիրքը, նշեց, որ այդ ամբողջական ժողովածուում ամփոփված է գրողի վերջին մի քանի տարիների աշխատանքի արդյունքը: Այստեղ ընդգրկված են համանուն վերնագրով անավարտ վիպակը, հոդված, պատմվածքներ, էսսեներ, թարգմանություններ, գրախոսականներ, ֆեյսբուքյան գրառումներ: Անդրադառնալով Վ. Ալեքսանյանի հրատարակչական, բանաստեղծական, թարգմանական և գրական այլ գործունեությանը՝ նա նշեց. «Վառլեն Ալեքսանյանը միշտ հիշվելու է մեր կողմից որպես մարդ, ընկեր, հայրենասեր: Նրա տեղը երբեք թափուր չի մնալու»:
«Վառլեն Ալեքսանյանն այն եզակի տեսակից էր, ում ներկայությունն զգում էիր օրերիդ մեջ` անկախ նրանից, թե քանի օրը մեկ ես հանդիպում իրեն և, ընդհանրապես, հանդիպում ես թե ոչ»,- ասաց Գագիկ Դավթյանը և հավելեց, որ Վառլենին ճանաչելու համար քիչ է նրա բանաստեղծական աշխարհին ծանոթ լինելը, նրա հետ պետք է ճանապարհ գնացած լինել ու լսած լինել վիճահարույց զրույցները:
Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ Վ. Ալեքսանյանը անհանգիստ ու որոնող բնավորության, քաղաքացիական հոգեբանության, մտածողության տեր, հարուստ ներաշխարհով, մտածող, դատող, կենսասեր անհատականություն էր, ով պատմությանը նայում էր պատմության դասագրքերի պարագրաֆներից դուրս: «Կարդում էր տողատակերը, ձգտում հասկանալ և վերլուծել փաստերը, անձանց, երևույթները պատճառահետևանքային ամբողջության մեջ»,- շեշտեց Դ. Սարգսյանը և հավելեց, որ գրքում ներկայացված է ոչ միայն բանաստեղծը, այլև էպիկական մտածողության տեր գրողը, անհանգիստ հրապարակախոսը, գրականության վերլուծաբանը, թարգմանիչը, խոհափիլիսոփայական դասեր տվող Վառլեն Ալեքսանյանը:
Արտաշես Արամը, անդրադառնալով «Վիպական ժամանակների կնճիռը» գրքին, ընդգծեց, որ այստեղ ընդգրկված վիպակի հիմքում հիշողության կրակը պահպանելն է, քանի որ ամենավտանգվածը մարդկային հիշողությունն է, որովհետև դեպքերի, իրադարձությունների հորձանուտում հանկարծ կորչում է մի շատ թանկ բան: «Վիպակը կարդալուց հետո ընթերցողին է փոխանցվում այն համոզմունքը, որ մարդուն հնարավոր չէ ծնկի բերել, կարելի է մատնել, աքսորել, գնդակահարել, բայց ազատության, արժանապատվության ձգտող ոգին մնալու է անսանձ: Այս գրքով հավատում ես, որ հաղթելու է անկոտրում մարդը, ով հավատում է իր ճշմարտությանը, իր արդարությանը»,- ամփոփեց նա:
Շանթ Մկրտչյանը, վստահեցնելով, որ Վ. Ալեքսանյանը ճանաչում էր իր երկիրը և գրում էր նրա մշակույթի, գիտության մասին, շեշտեց, որ նրա ողջ ստեղծագործությունն ուղղակիորեն արձագանք էր իր ժամանակի խնդիրներին, հոգսերին և հարցադրումներին: «Ինձ համար նա կմնա որպես մի բանաստեղծ, որ ուներ թանձր հեգնանք: Վառլենի մտածողության մեջ այդ հեգնանքն ու հումորը գալիս էին իր երկրից, իր ժողովրդից»,- ասաց Շ. Մկրտչյանը:
Ելույթ ունեցան նաև Ալիս Հովհաննիսյանը, Արևշատ Ավագյանը, Արմեն Ավանեսյանը և ուրիշներ:
Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Սիրանուշ Եղիազարյանը, Վ. Ալեքսանյանի բանաստեղծություններից կարդաց Գայանե Սամվելյանը:
Շնորհակալական խոսք ասաց գրողի դուստրը՝ Լիլիթ Ալեքսանյանը, ում ջանքերով լույս է տեսել այս ժողովածուն:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։