Փետրվարի 21-ին Նոյեմբերյան քաղաքի «Հեքիաթ» մանկապարտեզի հեքիաթային կահավորանք ունեցող սրահը մարդաշատ էր: Մանկապարտեզի տնօրեն, պոեզիայի սիրահար տիկին Փառանձեմ Խանգելդյանն այստեղ էր հրավիրել տարածաշրջանի գրողներին, գրասեր ծնողներին և կոլեկտիվի անդամներին:
Միջոցառումը բացեց տնօրենը` Փ. Խանգելդյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ, արձակագիր Սամվել Բեգլարյանը: Նա անդրադարձավ տարածաշրջանի արձակագիրների ու բանաստեղծների գրական գործունեությանը: Գրող, Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրեն Ռուսլան Մալինյանը խոսեց նմանատիպ միջոցառումների կարևորության, մասսայականացման, մատաղ սերնդին պոեզիայի միջոցով դաստիարակելու խնդիրների մասին: Բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը բարձր գնահատեց մանկապարտեզի կոլեկտիվի ստեղծագործական աշխատանքները և ներկաներին նվիրեց ակրոստիքոսներ: Մանկապարտեզի դաստիարակները, ծնողները կարդացին Ս. Բեգլարյանի, Զ. Պետրոսյանի, տարածաշրջանի մյուս բանաստեղծների և հայ դասականների ստեղծագործությունները:
Միջոցառումը եզրափակվեց մանկապարտեզի տիկնիկային թատրոնի հերթական ներկայացման պրեմիերայով, բեմադրվեց Զավեն Պետրոսյանի «Հեքիաթ «Հեքիաթի» մասին» ստեղծագործությունը:
Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ