ԵՐԵՔ ԱՄԻՍ ՇՈՒՇԻ ԲԵՐԴԱՔԱՂԱՔՈՒՄ / ԲԱԿՈՒՐ

Արցախ գնալուս առիթը «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպն էր, որը որոշել էի հրատարակել հայրենի եզերքում: Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սիրով համաձայնեց ու Մշակույթի նախարարությանը հանձնարարեց միջոցներ գտնել գրքի լույս ընծայման համար: Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որին ճանաչում էի դեռևս նրա՝ Արցախի հեռուստատեսությունում մեկնաբան աշխատելու ժամանակներից, առաջարկեց Շուշիի հետ կապված մի քանի ծրագրեր մշակել: Առաջինը Շուշիի պատմության թանգարանի համար նոր ծրագիր կազմելու հարցն էր, հաջորդը` սեպտեմբերին կայանալիք տոնակատարության համար ազգագրական ծեսերի սցենարը, ապա շուշեցի հայտնի մարդկանց տներին ցուցանակների տեքստեր կազմելն ու քարտեզի պատրաստումը: Սիրով համաձայնեցի, որովհետև կրկին լավ առիթ էր 19-րդ դարի Հայոց կարևոր մշակութային կենտրոնի հետ առնչվելու, նրա անկրկնելի հմայքը վայելելու համար: Շուրջ 10 տարի առաջ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ «Շուշի» բարեգործական հիմնադրամի միջոցներով Երևանի ճարտարապետական համալսարանի 25 ուսանողներ էինք բերել՝ չափագրելու 19-րդ դարի շինությունները. նպատակը հինավուրց բերդաքաղաքի նախորդ դարերի պատմա-ճարտարապետական մթնոլորտը վերականգնելը և զբոսաշրջության յուրահատուկ կենտրոն դարձնելն էր: Այդ ծրագիրը սկսեցի հնագետ Համլետ Պետրոսյանի հետ՝ հաշվառելով բերդաքաղաքի հուշարձաններն ու կազմելով բերդաքաղաքի քարտեզը:
Ստեփանակերտից Շուշի բարձրանալիս կրկին հիանում էի ճանապարհի եզրի քարաժայռերով, մտքում մի քանի շտկումներ անելով, դրանք վերածում իսկական կոմպոզիցիաների: Մտածեցի, որ Շուշիում անցկացվող քանդակագործների ամենամյա սիմպոզիումի մասնակիցների մի մասին կարելի է առաջարկել հենց այդ ապառաժների հետ աշխատելը: Մի քանի շտրիխներով նրանք կօգնեն բնությանը ավելի արտահայտիչ դարձնելու դրանք: Այն լավ գովազդելու դեպքում կարող է գրավել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:
Շուշին ըմբոշխնելը սկսում եմ Շուշիից երեք կիլոմետր ցած գտնվող Կարկառ հինավուրց բերդաքաղաքից: Այն Շուշիի սարահարթի հյուսիսում է, երկարավուն հրվանդանի վրա: 2011 թ. մի պատահական դիպվածով հայտնաբերել է երևանցի հնագետ Գագիկ Սարգսյանը. վարորդը նրան հայտնել էր, որ հին պատերի շարվածք է տեսել: Մելիք Շահնազարը Շուշիի պարիսպները հիմնելիս հենց Կարկառի պարիսպներն էր քանդել ու քարերը տեղափոխել: Չորս տարի շարունակվում էին պեղումները, բայց ընդհատվեցին ֆինանսավորում չլինելու պատճառով: Բերդաքաղաքը ջուր էր ստանում Շուշիի հին գերեզմանոցի մոտ ապառաժի ճեղքվածքից դուրս հորդացող աղբյուրից: Այն հատուկ ջրանցքով հասցրել են բերդաքաղաք: Մի մասը լցվում էր հրվանդանի արևմտյան կողմում՝ ձորակը, որն էլ բերդաքաղաքի պաշտպանական համակարգի մաս էր կազմում: Մյուս կողմից հրվանդանը անանցանելի էր ուղղահայաց զառիվերի պատճառով: Մինչ բերդաքաղաքի հայտնաբերումը դրա մասին գիտեինք արաբ հեղինակներ Ասիրիի, Յակուտ ալ Համավիի և Կիրակոս Գանձակեցու վկայություններից: Ըստ արաբական աղբյուրների՝ բերդաքաղաքը VI դարի կեսին վերականգնել ու ամրացրել է Պարսից արքայից արքա Խոսրով Անուշիրվանը: Այս բերդի մասին գրել եմ «Վաչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպում. մի առիթով բերդաքաղաք է այցելում Հայոց Արևելան կողմանց թագավոր Վաչականը, այստեղ էլ հանդիպում է պարսից մոգերի ու կրակապաշտների:
Շուշու գյուղի բարձունքից ձայներ էին լսվում: Գյուղի մոտ, Ջիրիդտափ կոչվող վայրում (հետագայում թաթարները այն հարմարեցնում են իրենց լեզվին, կոչում Ջդրդուզ) մրցում էին Շուշու գյուղի և Կարկառի երիտասարդ հեծյալները: Կարկառը, ըստ միջնադարի հեղինակների, 13-րդ դարում դեռ գործում էր: Իսկ հնագետ Գագիկ Սարգսյանը պնդում է, որ 18-րդ դարի սկզբին Կարկառ բերդաքաղաքը Ավան զորավարի կողմից սղնախի էր վերածվել ու կարևոր դեր ուներ թուրքական զորքերի դեմ 1726 թ. ամռանը սարահարթի պաշտպանության գործում: Հայտնի է, որ Օսմանյան 40 հազարանոց բանակը այստեղ պարտություն է կրել ու հեռացել Արցախից:
Շուշիի թանգարանի ծրագիրը նախատեսեցի Կարկառին նվիրված սրահով, առաջարկելով պեղումներից գտած նյութերից բացի ցուցադրել բերդաքաղաքի 3D տեսաերիզը: Այսինքն, առաջարկում էի, որ թանգարանը նվիրված լինի ոչ թե միայն Շուշիին, այլև ընդգրկի ողջ սարահարթը, ինչպես և Հունոտի կիրճն ու Քարին Տակ գյուղը: Այս մտորումներով հեռանում եմ Կարկառից, կրկին հայտնվում Շուշու քաղաքում: Ես Շուշու եմ գրում, հետևելով 1428 թ. հեղինակ Տեր Մանուելին, որը գյուղի սբ. Աստվածածին եկեղեցում Ավետարան է գրել (այն պահվում է Մաշտոցի անվան Մատենադարանում), որտեղ էլ թողել է Շուշու գյուղի մասին առաջին հիշատակը: Սուրբ Աստվածածին եկեղեցին գոյություն է ունեցել մինչև 1955 թվականը: Հետո Բաքվի իշխանությունների հրահանգով այն քանդել են: Մի քանի տարի Շուշիի, ինչպես և շրջակա բնակավայրերի հայ բնակչությունը շարունակում էր այցելել եկեղեցու մոտ պահպանված Քամու Խաչ սրբատեղին, որը գոյություն ուներ դեռևս հեթանոսական ժամանակներից: Կարծում եմ, մի քանի հին խաչքար տեղափոխելով այստեղ, սրբատեղին կվերականգնվի, մանավանդ որ մարդիկ հավատում են նրա զորությանը:
Քայլում եմ քարտեզում նշված ուղերթերով: Որպեսզի հեշտ լինի զբոսաշրջիկի համար, բերդաքաղաքը հինգ ուղերթի եմ բաժանել: Գագիկ Սարգսյանը թվայնացված քարտեզում ամեն ուղերթ մի գույնի է ներկել: Բոլորն էլ սկիզբ են առնում կենտրոնական հրապարակից, որը հնում Սբ. Աստվածածին եկեղեցուն մերձակա գերեզմանոց է եղել: Շուշիի ադրբեջանական իշխանությունները այն ասֆալտապատել էին, իսկ ազատագրումից հետո սալապատվել է: Սկսում եմ Շուշիի պատկերասրահից, որը կարճ ժամանակահատվածում հետաքրքիր ու հարուստ հավաքածու է ստեղծել: Հատկապես ուշագրավ են շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի քանդակները: Փողոցի մյուս կողմում, հրապարակի ծայրին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանն է: Այգու միջով քայլում եմ դեպի Հասան խան Ումցիևի շքեղ առանձնատունը: Նա իր կնոջից՝ Նաթավանից բաժանվելուց հետո, տունը վաճառել է ռուս դատավոր Լումյակինինին, որին 1906 թ. սպանել են բերդաքաղաքի թաթար բնակիչները: 1826 թվականին այստեղ եռում էր կյանքը: Կիսավեր շենքն ասես պահպանել է այդ տարիների հիշողությունը: 1826 թ. հուլիսին Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան, Թիֆլիս արշավելու ճանապարհին, 60 000 զորքով ու 30 թնդանոթով պաշարում է Շուշի բերդաքաղաքը: Նրա հետ էին Շուշիի թաթար խանը՝ Մեհթին, քրդերը: Շուշիում էր գտնվում ռուսական 42-րդ եգերական գունդը՝ 2700 զինվորներով, 400 կազակներով: Գնդի հրամանատարն էր Կովկասյան պատերազմների հերոս, գնդապետ Իոսիֆ Ռեուտը: Պարսից զորքը բերդը պաշարման մեջ է առնում ու պահանջում հանձնվել: Հայ կամավորները օգնում էին ռուսներին, կանխում բերդի թաթար բնակիչների ապստամբությունը: Հայերը ձեռք ձեռքի տված պատ էին կազմել՝ թույլ չտալով թաթարներին մոտենալ դարպասներին ու բացել այն թշնամու առջև: Շուշիի մեծահարուստներ Հախումյանները, Թառումյաններն ու բեկլարբեկ Մելիք-Շահնազարյանը բացեում են մթերքի իրենց պահեստները: Թիֆլիսից օգնության են գալիս նախ արցախցի գեներալ, 1812 թ. պատերազմի հերոս Վալերիան Մադաթովը, ապա և Պասկևիչը, գլխովի ջախջախում պարսից զորքը:
Շուշիի Ջրաբերդյան մուտքի կողմից երաժշտության ու մարդկանց աշխույժ ձայներ էին լսվում: Դե, իհարկե, հեթանոսական տրնդեզն էին նշում տեխնոլոգիական համալսարանի ուսանող-ուսանողուհիներն ու զինվորականները, որոնք հերթով թռան խարույկի վրայով, իսկ ուսանող-ուսանողուհիները ավելի երկչոտ էին, սակայն փոխարենը ակտիվ էին շուրջպարում ու արցախյան կուրկուտ ըմբոշխնելում:
Վերին մզկիթ տանող ճանապարհին շուշեցի մեծահարուստ Թառումյան եղբայրների կիսավեր տունն է: 1821 թ. դեկտեմբերի 15-ից այս տանն էր հյուրընկալվել ամենայն Հայոց Եփրեմ կաթողիկոսը: Դրան նախորդել էր մի իրադարձություն, որի հետևանքով Պարսից տիրապետության սահմաններից (Էջմիածին) կաթողիկոսն անցել էր Ռուսական կայսրության սահմանը (Արցախ): Երևանի խանն ու պարսից մեծահարուստները անընդհատ պարտքով փող էին առաջարկում Ամենայն Հայոց Եփրեմ կաթողիկոսին, ապա և պահանջում փողը ետ վերադարձնել: Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզայի պայմանն էր՝ կաթողիկոսական աթոռը տեղափոխիր Պարսկաստանում գտնվող Սուրբ Թադևոսի վանք, ու կներվեն բոլոր պարտքերը: Աբաս Միրզան տասը տարի առաջ էր սկսել Սբ. Թադևոսի վանքի վերականգնման ու ընդարձակման աշխատանքները՝ ծրագրելով այն դարձնել հայոց կաթողիկոսների նստավայրը: Իր ուղեկիցներով Եփրեմ կաթողիկոսը շարժվում է դեպի Տաթևի վանք, ապա և Գորիս: Այստեղից նա պետք է հասներ Ջուղա, անցներ Արաքսն ու հասներ իր համար պատրաստած կաթողիկոսական նոր նստավայրը: Պարսից թագաժառանգը համոզված էր, որ հսկողության տակ պահելով հայոց հոգևոր առաջնորդին՝ իր ենթակայության տակ կպահի նաև հայությանը: Թիֆլիսի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին ու գեներալ Երմոլովը որոշեցին խանգարել պարսիկների այս ծրագրի իրականացմանը… և Գորիսից Եփրեմ կաթողիկոսը բռնում է Շուշի տանող ճանապարհը: Նրան Շուշիի մերձակայքում դիմավորում է բերդաքաղաքի հայ բնակչությունը: Սկզբում կաթողիկոսին հյուրընկալում են Հախումյանները, ապա նա տեղափոխվում է Թառումյան եղբայրների տունը: Կաթողիկոսի հետ էր նաև գրող, ճանապարհորդ, հասարակական գործիչ Մեսրոպ Թաղիադյանը: Երեկոյան հավաքներից մեկում Զոհրաբ Թառումյանը Թաղիադյանին առաջարկում է երգել: Տեղեկանալով, որ նա երգել չգիտի, հարցնում է կաթողիկոսին, թե ինչո՞ւ է նրան բերել: Վեհափառ հայրը հանձնարարում է երիտասարդ Մեսրոպին ճառ պատրաստել հաջորդ օրվա պատարագին, այդպես ցուցադրել իր ունակությունը: Թառումյանները չորս հազար ոսկի են տալիս Կաթողիկոսին, օգնում են նաև Թաղիադյանին, որ շարունակի ուսումը Հնդկաստանում:
Շուշիում գտնվելուս ամիսներին ինձ խիստ մտահոգում էր Արցախում հնագետ Գագիկ Սարգսյանի հայտնաբերած 74 ամրոցների ճակատագիրը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ինձ ու Գագիկին ընդգրկել է նորահայտ հուշարձանները ուսումնասիրելու ծրագրի մեջ: Այդ ծրագրի իրականացումը կապված է հիմնականում դաշտային աշխատանքի հետ: Որոշակի ֆինանսական միջոցներ են պահանջվում այդ բերդերի ու ամրոցների հանույթի (ռելյեֆի քարտեզագրման), ժամանակաշրջանը որոշելու համար մասնակի պեղումների, անհրաժեշտ այլ ծախսերի համար: Սակայն գործուղման ծախսերը հասցվել են աշխատավարձի 5%-ի, որը բավարար չէ նման աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագիրը խիստ կարևոր է, մանավանդ որ դրանց մեծ մասը գտնվում են ազատագրված տարածքներում: Արցախի Հանրապետության իշխանությունները ոչնչով չեն կարող օժանդակել: Գործարարներից կամ պետական այրերից օգնություն խնդրել չհամարձակվեցի, ուղղակի չեմ հավատում նրանց: Միայն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը խոստացավ տեղանքը նկարահանելու համար անհրաժեշտ դրոն գնել մեզ համար:
Այլ հոգսեր էլ են ծանրացել իմ ներսում: Օրական շուրջ հարյուր «Գազել» տիպի ավտոմեքենա Արցախից մեկնում է Երևան, շուկաներից վաղ առավոտյան բանջարեղեն, միրգ գնում, տանում բաժանում Մարտակերտից մինչև Հադրութ շուկաներին ու նպարեղենի խանութներին: Երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ է Արցախում այս տնտեսակարգն իշխում, պատասխանում են, թե արցախցին չի սիրում բանջարեղեն աճեցնել: Իսկ ես համոզված եմ, որ պատճառն այն է, որ Արցախի բնակիչները զրկված են սեփական գյուղմթերքները վաճառքի հանելու հնարավորությունից: Բացի այդ, անհրաժեշտ է պետական պատասխանատու այրերին արգելել սեփական բիզնես ունենալու հնարավորությունից, քանի որ նրանք պաշտոնեական դիրքը սեփական բիզնեսի համար են օգտագործում: Լուրջ խնդիր է նաև բանակի կարիքները տեղական մթերքով ապահովելը, ինչը հազարավոր աշխատատեղեր կբացեր, այնինչ դա երևանյան մի խումբ գործարարների մենաշնորհին է հանձնված: Կարծում եմ, Արցախի Հանրապետությունը ի վիճակի է հաղթահարել այս դժվարությունները ևս:
Այս և բազում այլ հոգսեր ուսերիս շարունակում եմ շրջայությունը Շուշիում: Ինձ համար հատկապես հուզիչ էր Շուշիի փոստատար Եղիշե Սարգսյանի տան հայտնաբերումը: Եղիշեն շաբաթը երկու անգամ իր ֆայտոնով մեկնում էր Եվլախի կայարանը, Վարարակն ու Շուշի հասցնում փոստը: Երբ ես գրում էի «Շուշեցու հիշատակարանը» վեպը, գրում էի նաև գլխավոր հերոս շուշեցի Ռուբեն Սարգսյանի հոր՝ Եղիշեի մասին: Արխիվներում հայտնաբերեցի, որ փոստատար Եղիշեն նաև Շուշիի ժամանակավոր կառավարության հատուկ սուրհանդակն է եղել և անհրաժեշտ տեղեկություններ է հավաքել թուրքերի և թաթարների տեղաշարժերի, տրամադրությունների մասին: Եղիշեի թոռը՝ Ռուբեն Սարգսյանը, նպատակադրվել է վերականգնել պապական տունը: Այդ տան մոտ կտեղադրվի փոստատար Եղիշեի մասին պատմող ցուցանակը:
Իշխանություններին առաջարկել եմ պարսկական Վերին մզկիթը վերածել XX և XXI դարերի տեղային պատերազմների ֆոտոքրոնիկա թանգարան-ինստիտուտի, որի նպատակը պետք է լինի ազգամիջյան հակամարտությունների և պատերազմների ուսումնասիրությունն ու կանխումը, միաժամանակ ներկայացնելով իմ ստեղծած www.photo.avetis.org կայքը: Առաջարկություն ունեի Փոքր մեդրեսե-մզկիթը մեկ այլ թանգարանի վերածելու խնդրում: Այն իր միջոցներով նորոգել էր փարիզահայ հասարակական գործիչ Օշինը: Ներկայացրի այն քրիստոնեական և իսլամական մշակույթների կենտրոն դարձնելու հայեցակարգը: Պետական այրերը կարծում են, որ Արցախի հանրությունը պատրաստ չէ նման կենտրոնի ստեղծմանը: Իսկ ես հակառակ կարծիքն ունեմ:
Ես եղա այն տներում, որտեղ ապրել են պատմաբան Լեոն, արձակագիր Մուրացանը, Լեռնային Ղարաբաղի զինկոմ Հարություն Թումյանը, Շուշիի տասնյակ շինությունների հեղինակ Սիմոն Տեր-Հակոբյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, մեծահարուստ և բարերար, Շուշիի Օրիորդաց դպրոցի հիմնադիր Հախումյանների գերդաստանը, հայ ազգային գործիչ Պետրոս Շանշյանը, ակադեմիկոս, պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը, ռուսական բանակի գեներալ-ադյուտանտ Իվան Լազայանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը, Շուշիի պաշտպանության հերոս Սաֆար և Ռոստոմ եղբայրները, հայության ոխերիմ թշնամի Իբրահիմ խանի սպանության կազմակերպիչ Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանը, ԽՍՀՄ սև մետալուրգիայի նախարար Հովհաննես Թևոսյանը, 1937-ին ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած տաղանդավոր բանաստեղծ Գրիգոր Ներսիսյանը, աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը, կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովը, հռչակավոր լեզվաբան և բառարանագետ Հրաչյա Աճառյանը, Սովետական Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը և այլք: Առանձին հետաքրքրություն առաջացրեց այն տունը, որտեղ, ըստ ավանդության, երեք օր գիշերել էր ռուս հանճարեղ պոետ Միխայիլ Լերմոնտովը: Միշտ ակնածանքով էի անցնում Նելսոն Ստեփանյանի հուշարձանի հարևանությամբ, Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող այն շենքի մոտով, որը որպես Թեմական դպրոց է ծառայել, իսկ 1918 թ. հուլիսի 22-ին այնտեղ է անցկացվել Արցախի հայության առաջին համագումարը, կազմվել է 7 անդամներից կազմված կառավարություն՝ Եղիշե Իշխանյանի գլխավորությամբ:
Շուշիում գտնվելուս վերջին շաբաթը լեցուն էր հանդիպումներով: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նարեկացի համալսարանում, որը կազմակերպել էր Արցախի գրողների միության նախագահ, Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը: Արցախի Պետական և Նարեկացի համալսարանների դասախոսներ Սոնա Համբարձումյանը, Սոկրատ Խանյանը, Ամալյա Գրիգորյանը, Զինաիդա Բաբայանը հետաքրքիր զեկուցումներ էին պատրաստել «…եւ նրա շուրջը», «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի, «Շուշեցու հիշատակարանը», «Երկրագնդի մանրե տիրակալը» գրքերիս մասին:
Սումգայիթյան եղեռնի օրերի հետ կապված՝ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դահլիճում Տեխնոլոգիական համալսարանի ուսանողների, ավագ դասարանցիների համար ցուցադրեցի եղերագործների քաղաքում իմ նկարահանած “Сумгаитские волны” վավերագրական ֆիլմն ու դասախոսություն կարդացի 1988 թ. մարտին այնտեղ տասնօրյա իմ հանդիպումների մասին: Նման հանդիպում ունեցա նաև Արցախի պետական համալսարանում:
Պակաս հետաքրքիր չէր Նարեկացի և Արցախի համալսարանների մի խումբ դասախոսների հետ հանդիպումը իմ վարձակալած բնակարանում, նրանց ներկայացրի Շուշիում ստեղծած իմ կտավները. պատրաստվում եմ աշնանը անհատական ցուցահանդես բացել Հայաստանի նկարիչների տանը: Այդ օրը հիմնեցինք «Շուշու» գրական ակումբը, որի հիմնադիր անդամներն են գրականության դասախոս Զինաիդա Բալայանը, բանաստեղծուհիներ Սոնա Համբարձումը, Զարինե Սարաջյանը, Ելենա Գրիգորյանը և ես: Շուտով ակումբը կունենա իր կայքը, որտեղ կհրապարակվեն Արցախի գրողների ստեղծագործությունները:

12.03.2017

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։