Մանկապատանեկան գրականության հանրապետական շաբաթի նախօրեին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Հարթակ» ակումբում անցկացված հերթական դասը նվիրված էր ականավոր գրող, «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» արկածային վիպակների, որսորդական և բնասիրական հրաշալի պատմվածքների ու զրույցների հեղինակ Վախթանգ Անանյանին, ում ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շուրջ 40 լեզուներով: Դաս-հանդիպումն անցկացրին բան. գիտ. դոկտոր, անանյանագետ Լյուդվիգ Կարապետյանը և արձակագիր Տիգրան Նիկողոսյանը: Ներկայացնելով Վախթանգ Անանյանի հետ անձնական բարեկամության, նրա կյանքի և ստեղծագործական ճանապարհին վերաբերող հետաքրքրաշարժ դրվագներ՝ Լ.Կարապետյանը երախտագիտություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին մեծանուն գրողին «մոռացության դաշտից» հիշողության նորօրյա «հարթակ» վերադարձնելու նախաձեռնության համար: «Հայրենի բնաշխարհի ու մարդու անզուգական երգչի ստեղծագործությունները,- ընդգծեց գրականագետը,- ներկա և գալիք սերունդներին նույնպես ավանդելու են հայրենասիրության և բնապաշտության հրաշալի դասեր»:
«Նա ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև գործնական քայլերով, լինելով պատանի բնասերների հանրապետական շտաբի պետ, մինչև իր կյանքի մայրամուտը, ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենի բնության և կենդանական աշխարհի պահպանության ու հարստացման գործում»,- իր խոսքում շեշտեց Տիգրան Նիկողոսյանը:
Մտերմական երկխոսության ընթացքում գրողները պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին և խրախուսեցին նրանց որոշումը՝ առաջիկայում էքսկուրսիա մեկնել Վախթանգ Անանյանի ծննդավայր՝ Դիլիջանի Շամախյան բնակավայրը, որի դպրոցը նրա անունն է կրում:
(Սեփ. լրտ.)