ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Երբ դուք հեռանում եք, ուխտավորներ,
ձեր հեռանալուց հետո (ասում է մատուռը)
որմերի լռությունն է մնում անողորմ`
մոմերի ճարճատյունով ընդհատվող…
Երբ դուք հեռանում եք, տարիներ,
երբ դուք անդարձ հեռանում եք (մրմնջում եմ ես),
տանելով դեմքեր սիրելի, տանելով պատկերներ անգին –
իմ շփոթ լռությունն է մնում արտոսրակիր`
ձայնեղեն հուշերով ընդհատվող…
Ձայները ժողովվում են մեղվապարսի պես
ու հեռանալով մարմրում:
Եվ մեն-մի լռություն է մնում`
արձագանքն Ամենախորինի լռության…
ԻՍԿԸ ՄԻ ՊԻԳՄԱԼԻՈՆ
Երևութական և աներևույթ հողմերը,
նաև՝ հրեղենները դրանցից, գաղտնաթաքույց,
(ինչպես նաև դեռատի աղջկա
այտի փոսիկի պես նրբանուրբ թրթռացող
փոքրիկ պտտահողմե՜ր…) – ինձ առան իրենց մեջ
ու մասնակից արին մի վերին սրնգահարության –
ու ի՜նչ հրաշալի փողերով ես անցա…
Իսկ հիմա նստած եմ, ահա, սթափված
Ամենաբաշխ ձեռքից մարգարտի պես թափված
իմ տողերի առջև (մի հավք թևաթափված):
Իսկը մի Պիգմալիոն՝ դառը խումհարի մեջ…
Մեկ էլ ե՞րբ այդպիսի չքնաղ մի հողմ կանի,
մեկ էլ ե՞րբ այդպիսի չքնաղ մի հողմ կանի,
որ ինձ նորից այնտեղ, նորից այնտեղ տանի…
ՌԵՔՎԻԵՄ
Երբ գետաբերանն է ծանծաղում տաք արյան,
ավշահոսքերն ամեն՝ վտակ-վտակ սառչում…
Պատկե՜ր ահասարսուռ – լույսի շողն է աչքի
հանգած բիբի շեմին շփոթահար գայթում,
իսկ ձայնը՝ մոլորվում ունկի խեցու մուտքին…
Վերջին շունչն է պոկվում կրծքից՝ ասես չղջիկ`
անձավից հալածված ջահով հետապնդման:
Վերջին խոսքն էլ՝ մեկ է՝ չասվածում է մնում…
Տեր, մտորի՜ր մարմինն այս դեպ իր հարություն
և ընդունի՜ր հոգին ափերիդ մեջ գթոտ…
***
Անդրջրհեղեղյան
ռանդան, ուրագը, սղոցը,
գայլիկոնը…Հազիվ էր
Նոյը մաքրել թեփն ու տաշեղը`
հորիզոնում ջրերը բարձրացան…
Նույն գործիքներն էին
Մարդու Որդու ձեռքին`
այս անգամ ուրիշ մի
տապանաշինության համար:
Բայց Ձայնը կանխեց, ասաց`
հիմա Խոսքը պիտի փրկի`
շատ ջրերի ձայնով Խոսքը,
Շատ Ջրերից առաջ…
ԱՆԴԵՆԱԿԱՆ ԾՈՎԻՆ
Է՜յ նավավար, ի՞նչ ես անում…
Ալ. Ծատուրյան
Որ տարածվում ես անտեսանելի
ակնհայտ կյանքի մայրցամաքի շուրջ…
Քո մասին միայն մեր երազների
մեջ ենք երբեմն նշան ստանում…
Մակընթացության ահեղ ժամերին
ինչ-որ կանչեր ես ունկերին հղում –
բայց խեցիներում միայն ամեհի
լռությունն է մեր՝ ամեն կանչ սղող…
Ասում ես՝ ո՜վ մարդ, կազմիր տապանդ
(ընտրյալներիդ բարկ լեզվով ես ասում),
այլևս ի՞նչն է քո գործն ու բանը,
եթե ոչ՝ Ելից Ջրերին հուսալ…
Այն անդենական հրվանդաններից
մեղմ ճողփյունով մեր անունն ես տալիս,
մինչև՝ հաշվառման մատյանը ձեռքին,
Հավաքագրող Նավազդ է գալիս…
***
Չարչարանքնե՜ր ըստ ուշ նոյեմբերի – թեև
եղյամապատ սիրտը շողշողում է
ադամանդի հանգույն…Նվիրականը`
աղավնագող պատանու պես, որ գողոնը
վերնաշապկի տակ է պահում,
կրծքին մոտ, նվիրականը
չենք անվանում – թող աստղը
ցոլցլա այդ մասին՝ կեսգիշերվա
խորանների մոտ ծնկած, թող ջրվեժը
շառաչի այդ մասին՝ այլևս անզուսպ
մի մոլուցքով բռնված, թող հովը
այդ մասին շշնջա երեկոյան,
բարդու սաղարթի մեջ՝ իբրև
մխիթարություն անպտղության, թող…
Չարչարանքնե՜ր ըստ ուշ նոյեմբերի – թեև
եղյամապատ սիրտը շողշողում է
ադամանդի հանգույն, հանգչում
ինքնամոռացության մեջ երանելի…
ԿՅԱՆՔԸ
Փոքրիկ, արյունոտված թաթիկներով
լաբիրինթոսի կայծքարե
պատերը շոշափելով-
այսպես ենք մուտք գործում…
Գանձարկղի մոտ Մինոտավրոսն է
դանթում՝ կոտոշը երբեմնակի
խփելով սեղանի եզրին: «Համեցե՛ք
ծիծաղի սենյակ»,- գրված է
(համեցեք՝ սա կյանքն է…):
Հազար ու մի հայելի ու տեսք ենք մենք փոխում –
բոլորը մենք ենք, բայց և ոչ մեկը չենք դրանցից:
Իսկ ծիծաղն ավելի շատ հոմերական է հնչում…
Ասում են՝ այլ տեղ է պատկերը մեր, որ հասնենք –
այնտեղ, ուր լսելի է հրեշտակային կլավեսինը`
մարդակատվային այս… մլավեսինից հետո…
***
Եվրիդիկեն,
որ գալով քո ետևից,
առաջնորդում էր քեզ սակայն,
լինելով քո մուսան,
երգիչ:
Բայց դու կործանեցիր քո
անհավատությամբ նրան`
ետ նայելով:
Թեև բոլո՜ր երգիչներն են
ետ՝ Մեղեդու անցյալ մեծամեծերին նայելով,
աղարձան դարձել –
ու աղը նրանց
տպաքանակներով առհոսում է այժմ`
հանց համը ժամանակի…
***
Ամեն ավարա ճռիկ,
որ լուսնյակ գիշերով, էյֆորիայի մեջ ընկած,
ձայներից ամենաբարձրն ու անխոտելին
իրենն է համարում, թեկուզ խոտերի մեջ
իր թաքստոցից ձայնը հազիվ
սեզերի ծայրին է հասնում…
Ձայնատու Տե՜ր, թող
մրցանակակիր ծղրիդների համքարությունը
ինձ շեմից ներս չթողնի, թող
տողս չընկնի վիրաբույժ քննադատի
դանակի տակ (էկոլոգիապես
մաքուր սրտով եմ սա ասում…) –
միայն թե շնորհս վատնած չհամարես,
ու ձայնս դասես վերին
ձայնադարանում Քո:
Ամեն:
ՈՒՇ ԱՇՆԱՆ ՆՈԿՏՅՈՒՐՆ
Անարև՜, անարև…
Աշնան երկինքը
անպարունակ է
զգում ինքզինքը`
հանց… անդրավարտիքը`
կնոջ հագին
(սա չեղավ տող կարգին…):
Ամպամած վերևին է
մեկնել իր դունչը
անտառը՝ թավամազ կինճ:
Կտրվել է շունչը
քամու՝ եղեգնուտում:
Դի է ամեն շշուկ`
թե հերձելով հատենք…
Անարև՜, անարև…
Ինքնամփոփ ու մռայլ
ջրհորի պես այսպես
թաց ձանձրույթից ճողփալ:-
Քար գցող էլ չկա`
թե… ջրցայտքը… ողբանք…
ԱՍՔ ՃԱԿԱՏԻ ՄԱՍԻՆ
Պայծառ, լայն ճակատը
շնորհակիր մարդու,
որից հենց տիեզերական
կոր տարածությունն է սկսվում:
Հավերժի կա՜լը լայնարձակ,
ուր ժամանակի կալսիչը
տերունական ցանքսերի
արդյունքն է հար կալսում:
Իր լայնությամբ նաև
այն բռնակալների գնդակն է
հրապուրում, ավաղ…
***
Ինչպես մրջյունները ժրաջան`
հետախույզներով, հարայհրոցով,
մրջնաթթու-հետք թողնելով ճանապարհին,
գտնում են Շաքարավազի Մեծ ճանապարհը
(Մետաքսի այն Մեծ ճանապարհի նման) –
իմաստունները, մաքառելով,
բռնում են ճշմարտության ճանապարհը:
Բայց, Բաղդադի հայտնի խուրմայի նման,
Անհասանելիի միրգը ոգեղեն
պոետներին է միայն երազ գալիս…
ՍՐՏԻ ՀԱՏԱՊՏՈՒՂԸ
Ալ և իր
այլությունից
այլայլված –
շողշողուն
ցնորական արշալույսի
մարգերում:
Պտուղն առեղծվածի
և կրողը
երկնային համի…
Ոչ խելք,
ոչ հանճար –
կսխալվի նա,
ով կկարծի,
թե Տիրոջն ինչ-որ բան պետք է`
սրտի ազնվամորուց բացի…
ՔԱՂԱՔ, ՄԻ ԵՐԵԿՈ…
Անհունական հեռվում Անսահմանի`
Գահերը, Պետությունները, նախարար
հրեշտակապետերի Աթոռները՝ արար
տարածություններում մոլորակների լավագույն
դիմակայությունները դաշնավորող… Սելա՛:
Ահա միայն Երկրի կապույտ ջահն է
երկչոտ իր ծիրընթացը լուսավորում…
Հորիզոնից՝ ասես Ջրհոսի
համաստեղությունից, սահուն…
ջրնետ մեքենաների կոհորտան է դուրս սահում`
ի սպաս երկրային ստրատեգաց,
գահի ու աթոռների…- Փոքրիկ դիկտատորը
ջրով է մկրտում իր ժողովրդին…
Այնուհետև գալու է նա, ով հրով կմկրտի
ոսկու քուրաների մոտ կքանստածներին…