ԱՐՁԱԳԱՆՔ ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԻԱՆԻՍՏԻՑ

Թովմա քահանա (Վահան)
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀԵՇՏ ՎԱՃԱՌՎՈՂ ՈՒՂԵ՞Ղ, ԹԵ՞ ԴԺՎԱՐ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՎԵՍՏ
Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ պետական աջակցությամբ ՀԳՄ անդամների գրքեր այլևս չեն տպագրվելու: Հուսանք, որ այդ որոշումը կփոխվի, որովհետև պետական աջակցությամբ գրողների գրքերը տպագրելուց հրաժարվելը նման է նրան, որ կտրես ծառը, որի վրա նստած ես: Գուցեև առաջին պահին չերևան դրա հետևանքները, սակայն նրանք կերևան վաղը, մյուս օրը և հետո:
Պետական աջակցությամբ տպագրվող գրքերը, բնականաբար, փող չեն բերում: Դա հիմնավոր պատճառ է տպագրելուց հրաժարվելու համար: Բայց ե՞րբ է եղել, որ գրականությունը փող բերի: Ո՞ր մի գրողի գրքերն են ժամանակին փող բերել: Գրականությունը անշահութաբեր բնագավառ է: Բացառություն են կազմում, երևի, վերջերս Արևմուտքում մեծ հանրահայտություն ձեռք բերած Ջոան Ռոուլինգի գրքերը Հարրի Պոտտերի մասին: Շահույթ կարող է բերել միայն էրոտիկ գրականությունը (դա ակներև է և ապացուցման կարիք չունի): Այ, օրինակ, 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում մեծ շահույթ էր բերում Միխայիլ Արցիբաշևի «Սանին» պոռնոգրաֆիկ համարձակ նկարագրություններով վեպի վաճառքը, այն դեպքում, երբ Չեխովն ու Կուպրինը հազիվ էին կարողանում իրենց ստեղծագործությունները տպագրել: Հիմա էլ արտասահմանում նման գրականությունը շահույթ բերելու իմաստով առաջատար դիրքերում է: 20-րդ դարի մեծագույն հակաուտոպիստներից մեկը՝ Օլդոս Հաքսլին, ասել է. «Հեշտ վաճառվող գրքեր գրելու համար պետք է ունենալ հեշտ վաճառվող ուղեղ»: Եթե մենք աշխատենք հեշտ վաճառվող ուղեղների արտադրանքն իրացնելու ուղղությամբ, գուցեև ինչ-որ բանի հասնենք (շահույթի առումով): Կամ՝ ավելի հեշտ ճանապարհ՝ ուղղակի տպագրենք հայկական էրոտիկ ստեղծագործություններ (մենք ետ ենք մնացել «արժեքներ» ունեցող Արևմուտքից: Հարգելի ստեղծագործողներ, շահութաբեր գործ է, մտածեք այդ ուղղությամբ):
Ծայրահեղ աղքատության մեջ են ապրել Սերվանտեսը, Գոցցին, Բալզակը, Բոդլերը, դը Ներվալը, Վերլենը, Բոմարշեն, Հոֆմանը, Նորվիդը, Դուրյանը, Մեծարենցը և ուրիշներ: Պուշկինն իր օրագրում գրում է. «Ես գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել: Բայց գրելուց հետո ասում եմ ինքս ինձ. «Ինչ լավ կլիներ՝ վաճառեի գրածս, որ գոնե մի քիչ փող լիներ»: Այո՛, գրական ստեղծագործությունների մեծ մասը չի վաճառվում և չի կարող վաճառվել: Եվ, իրավամբ, վաճառքի արժանի ի՞նչ կարող է ունենալ, ասենք, Արևշատ Ավագյանի բանաստեղծությունը, որտեղ խոսվում է տիեզերքի և մարդու հոգու կապի, նրանց միմյանց մեջ փոխթափանցելու հատկության մասին: Կամ ի՞նչ գումար կարող են բերել Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները, որոնք հոգևոր աշխարհի պեղումներ են, արտացոլումներ: Աստվածաշունչ չիմացող, այլաբանությունից ոչինչ չհասկացող մարդու համար այդ բանաստեղծությունները հիերոգլիֆներ են, Մորզեի այբուբեն, գաղտնագրեր, ցնդաբանություն:
Եթե պետական աջակցություն չլինի, գրողների մեծ մասը չի կարողանա իր ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը: Վերջապես՝ պետական աջակցությամբ տպագրված ստեղծագործությունների մեծ մասը տրամադրվում է գրադարաններին, դպրոցներին, Սփյուռքի ազգային կենտրոններին: Դրանցով կրթվում են մեր երեխաներն ու պատանիները: Չեմ կարծում, որ որևէ մեկը մտադիր է հեշտ վաճառվող ուղեղներով արտադրված ստեղծագործություններ տրամադրել իրենց:
Մշակույթը (գրականությամբ հանդերձ) ազգի զարդն է, պատիվը և դեմքը: Դա լավ են հասկացել մեր ոչ բարով հարևանները՝ թուրքերը և ազերիները: Մտեք համացանց, ուսումնասիրեք և տեսեք՝ ինչպես են իրենք ջատագովում իրենց գրողներին, աշխատում ամեն կերպ օգնել իրենց ստեղծագործողներին՝ գումար չխնայելով գիրք տպագրելու, գրողին պարգևատրելու համար: Ամոթալի է ինձ համար նրանցից սովորելու կոչ անելը, բայց ստիպված եմ անել:
Պե՞տք է մեզ անշահութաբեր, ծախսատար և, ըստ իս, ազգապահպան գրականությունը, թե՞ հրաժարվենք իրենից՝ փողերը ավելի «կարևոր»՝ հեշտ վաճառվող գրվածքների վրա ծախսելով: Հեշտ վաճառվող ուղեղները ծնում են հեշտ վաճառվող ազգ:

ՆԱՆԵ
ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ…
ՀՐԱԺԱՐՈՒՄԸ
Գրող-մտավորականը՝ իրենց կամեցածի պես, հեղինակազրկված է, կլիպային սարքովի աստղերի շուքի տակ կորսված, դուրս մղված հասարակության կյանքից, որին, ո՛չ նրա՝ ազգի համար մտահոգության խոսքն ու ճիչը, ո՛չ էլ գրականությունը չեն հասնում: Էլ չասած, որ այդ գրականությունը, բնական է, տուժում է՝ միտքը կենցաղով ծանրաբեռնելու արդյունքում, երբ ո՛չ մամուլում տպագրվելիս, ո՛չ գրքերի տպագրությունից գրողը գումար չի ստանում: Մտավոր աշխատանքը, անգամ ամենահետամնաց ժամանակներում և երկրներում, միշտ էլ համարվել-համարվում է ամենածանրը և գնահատվել ու գնահատվում է, թեկուզ փոքր չափով, եղածի սահմաններում: Իսկ մեր՝ միայն մշակույթով և հոգևոր արժեքներով հազարամյակների դարուփոսից անցած և առանց պետականության անգամ՝ ապրած և ապրող ազգի նորօրյա իշխանավորները, բավական չէ, որ գրողին արդեն իսկ դրել էին ժողովրդի կյանքից դուրս վիճակի մեջ, երբ հույսը մնում էր՝ աչք ու ականջից հեռու գրքեր հրատարակելու և լավ ժամանակների սպասելու վրա, թեկուզ կյանքից այն կողմ… հիմա դա էլ շատ համարեցին:
Եվ գրողներին վերաբերող հարցը քննարկում են առանց գրողների լուրջ, հավաքական ներկայացուցիչների, ընդամենը՝ հրատարակիչների հետ: Ասես միայն շուկայական հարց է եղածը: Գրողին շուկա հանելու, «շոուի» մաս դարձնելու չափազանց վիրավորական վիճակ…
Ամեն ասպարեզում էլ լավ ու վատ կա, և հենց այդ հակադրություն-միավորման մեջ է ձևավորվում, ամրանում հատուկենտ բարձրագույն արժեքը, որը միայն ժամանակը կարող է ճիշտ գնահատանքի արժանացնել: Ընդամենը պետք էր վերականգնել ժողովուրդ-գրականություն կապը և մտավորականի խոսքի կրթող ներկայությունը երկրի իրականության մեջ՝ մեզ ազատելով, բոլոր հնարավոր ձևերով և միջոցներով, ազգին բռնություն, շեղված կրքեր, անփայլ «աստղերի» անմեղեդի երգեր և միայն հումոր-հումոր մատուցողների սահմաններ չճանաչող ազատությունից: Որոնք արդեն իրենք են գրողներին մտցրել հումորային ծրագրի ծաղրուծանակի ցանկի մեջ… Դե, առաջին նետված քարն արդեն քարերի տարափ է ենթադրում:
Եվ որքան էլ գրեցինք, փորձեցինք բացատրել, համոզել… «անապատում հնչողի ձայն» եղավ ապշանքի այդ ճիչը…
Մի խոսքով, հասանք այն վիճակին, երբ գրողի խոսքն անգամ գրականությանը վերաբերող հարցերում ոչինչ չի նշանակում, էլ ուր մնաց՝ ազգ ու երկիր խնդիրներում եղանակ փոխի…
Այլ ելք չեմ տեսնում, քան միայն «բոյկոտ» հայտարարելը, մերժելը՝ գրողին անհարիր այդ իրավիճակը: Ավելի լավ է այդպես՝ արժանապատիվ կեցվածքով հրաժարումը, քան թույլ տալը՝ գրողին, կրկին և, այս անգամ՝ շատ ավելի, հեղինակազրկելը ժողովրդի աչքում: Ինչը, ցավոք, այս քննարկումների ընթացքում մեծ մասամբ արդեն արվեց: Տեր կանգնենք գոնե մնացած քչին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։