Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀԳՄ նախագահ
Վերջին 5-6 տարում, ինչքան հիշում եմ, նման ստեղծագործական հավաք չի եղել: Նիստ թե պլենում, կարևորը թեման է: Կարծում եմ, այս տարիների ընթացքում մեզանում հետաքրքիր արձակ է գոյացել: Տարբեր լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում որոշակի քննարկումներ լինում են, գրվում են գրախոսականներ, տարեկան ամփոփումներ, սակայն այդ ամենը բավարար չէ ժամանակակից արձակի ամբողջական պատկերը ներկայացնելու: Անհրաժեշտություն կար ընթացքը առավել խորքային գնահատելու, վերլուծելու, լավագույն ստեղծագործությունների շուրջ մտքեր փոխանակելու, բանավիճելու: ՀԳՄ-ում արդեն բանավեճի ակումբ է ստեղծվել, տարբեր թեմաներով 2-3 հանդիպումներ եղել են, որոնցից վերջինի ամփոփ տեղեկատվությունը տպագրվել է «ԳԹ»-ում:
Երկու զեկուցումների շրջանակում դժվար է թեմայի համապարփակ պատկերը ներկայացնել, բոլորի անունները հիշել: Սակայն, այս առիթով վեճերից առաջ, ստեղծագործողներս ավելի պիտի մտածենք մեր գրածի մասին, փորձենք առավել խորքային ու քննական հայացքով գնահատել այն: Եթե ինքդ քո գրածի խմբագիրը չես, սրբագրիչն ու դատողը չես, ապա այդ ամենը ուրիշներից մի՛ պահանջիր: Կարևորը անունները չեն, այլ թե ինչ գործեր են ստեղծվել, կարևորը առկա ընթացքն ու գործընթացներն են: Կարծում եմ, մեր զեկուցողները կփորձեն շատ հարցերի պատասխանել:
Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
…Ժամանակակից հայ արձակի վրա հպանցիկ հայացք նետողը կարող է տեսնել խայտաբղետ մի խճանկար, որտեղ դասական վեպի կողքին հարմար տեղավորվում է փորձարարական վեպը, նախկին սյուժետավոր պատմվածքի հարևանությամբ համակարգչային նյութի վրա հիմնված նորագույն պատմվածքը, ռեալիզմի կողքին՝ աբսուրդը, ռացիոնալիզմի հետ սերտաճած իռացիոնալիզմը՝ իրական ու նյութական աշխարհի հետ և հաճախ նրա փոխարեն՝ միֆական իրականությունը, պատմական հերոսների կողքին՝ երեկն ու վաղը մոռացած հերոսը, որն ապրում է միայն այսօրվա և այս պահի թելադրանքով: Այս բոլոր երևույթներն ունեն իրենց սոցիալական, փիլիսոփայական ու գեղագիտական հիմքերը և եթե համատարած բնույթ են կրում, ուրեմն սոսկ անհատական նախասիրությամբ չեն պայմանավորված, ամբողջության մեջ արտահայտում են ժամանակի մտածողությունն ու ոճը, թելադրված են ոչ միայն մեր ազգային իրականությամբ, այլև այս կամ այն չափով արտահայտում են կամ անդրադարձնում են գրականության բնագավառում տեղի ունեցող համաշխարհային գործընթացները: Այս ամենի հետևանքով առաջացած հարցերի պատասխանները կարելի է գտնել հավաքական ջանքերով և ամենօրյա ու տևական աշխատանքով և, իհարկե, քննադատության աշխուժությամբ: Մեր նպատակն այսօր շատ ավելի համեստ է, այն է՝ նյութի անսպառության պայմաններում հայտնաբերել միայն որոշ օրինաչափություններ այս թվացյալ քաոսի մեջ, որը թույլ կտա նաև ինչ-որ չափով ուրվագծել արժեքային համակարգի ինչ-ինչ չափանիշներ:
Ընդհանրության մեջ մեր ժամանակակից կյանքի որևէ բնագավառ, կարելի է ասել, մոռացված չէ: Պատմություն և նրա հիման վրա ձևավորված ազգային հոգեբանություն, պատերազմի և անցումային շրջանի սոցիալական, հոգեբանական խնդիրներ, բարոյականության հարցեր, կյանքի ու մահվան մասին խորհրդածություններ, երկրաշարժի չսպիացող հետքեր, համընդհանուր դժգոհություններ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, գյուղացիական հոգսեր, մարդկային մտածողության ու երևակայության անկանխատեսելի թռիչքներ և այլն, ահա ամենևին էլ ոչ լրիվ այն ցանկը, որոնց շուրջը հյուսվում է մեր այսօրվա արձակը:…
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
…Գրքի, հատկապես մանկական գրքի քարոզչության մի քանի կնճիռների մասին: Տարիներ առաջ, կրթական ինչ-որ վերին չինովնիկի բանավոր թե գրավոր կարգադրությամբ, պարզապես հանիրավի արգելվեց մանկական «Կանչ» թերթի, «Աղբյուր», «Ծիծեռնակ» գրական հանդեսների մուտքը դպրոց՝ նույնիսկ չպարտադրվող բաժանորդագրության միջոցով: Փոխվել են նախարարները, կրթության քաղաքային վարչության պետերը, բայց այդ «տաբուն» մեխանիկորեն մինչև հիմա ուժի մեջ է: Դա գրքի ու մանկական մամուլի հանդեպ չարդարացված վերաբերմունք է, դպրոցականների կրթության ու դաստիարակության գործում նրանց առաքելության, մեղմ ասած, թերագնահատում:
Տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել ենք, որ գիրքն ու գրողը, առանձնապես մանկական գիրքն ու մանկական գրողը մեր հեռուստաեթերից հանիրավի օտարված են: Կար ժամանակ, երբ «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունն այդ ուղղությամբ ինչ-ինչ քայլեր անում էր: Հիմա սերիալային «բումը» եթերից դուրս է մղել նաև գիրքն ու գրողին, և քարոզչության այդ հզոր միջոցից օգտվելը գրեթե անհնարին է դարձել: Սերիալում երեք րոպե երևացող մի ապաշնորհ դերասանի հիմա հասարակությունն ավելի է ճանաչում, քան ի՛ր գրողին: Մի՞թե սա աններելի երևույթ չէ:
Մանկական գրքերի (ընդհանրապես գեղարվեստական գրականության) տարածման շրջա- նակների մասին ի՞նչ խոսք կարող է լինել, երբ նրանց առավելագույն տպաքանակը 500-ից չի անցնում:…
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
…Զեկուցումներն իսկապես տվեցին ամբողջ համայնապատկերը և ասվեց, թե ինչ գրականություն ունենք, դասդասվեցին ուղղություններն ու միտումները: Ելույթների մեջ կցանկանայի, որ լիներ կոնկրետ խոսակցություն մեր արձակի այն երևույթների վերաբերյալ, որոնց շուրջ մենք պիտի մտորենք այսօր, վաղը, և ինչ-որ տեղ մեր այդ խոսակցությունը պիտի հիմք հանդիսանա վաղվա ստեղծագործական նոր երևույթներ ծնելու համար: Մեր նպատակն այն է, որ սկսենք իսկապես շահագրգիռ խոսակցություն մեզ հետաքրքրող հարցերի շուրջ և եթե կան կարծիքներ այսօրվա արձակի ինչ-ինչ հարցերի վերաբերյալ:
Մեր արձակը ունի երևույթներ, որոնք ոչ միայն ազգային մակարդակի վրա են, ոչ միայն հասարակական, սոցիալական մակարդակի, այլև անցնում են դրանից էլ այն կողմ և հասնում մարդ-տիեզերք չափումների մակարդակին: Կա այս բոլորը` տիեզերական հավերժություն, հավերժության զգացողություն մարդու մեջ, որը, ի վերջո, ազնվացնում է մարդուն: Սա կարևոր երևույթ է, և մենք ունենք այդպիսի մտածողությամբ գրողներ: Այս առումով ասել, որ մեր գրականությունը այսօր մեզ չի բավարարում կամ, ասենք, չունենք գրականություն, ես բացարձակապես համաձայն չեմ: Մենք ունենք լավ գրականություն, պարզապես պիտի ճիշտ գնահատենք, ճիշտ շեշտադրումներ անենք, որի մի մասն այսօր արվեց զեկուցումների, ելույթների մեջ: Ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, մենք նախապատրաստելու ենք մեր պլենումներն ու համագումարները: Հիմնեցինք բանավեճի ակումբ, որի հաջորդ բանավեճը լինելու է «Գրականությունը դասագրքերում» թեմայով: Կքննենք, թե դասագրքերում ինչքանով է ներկայացված մեր այսօրվա գրականությունը, ինչ չափով և ինչ մակարդակով: Պլենումից հետո այս շեշտադրումները, խոսակցությունները պետք է շարունակենք, կլինի համագումար: Աշնանը ևս կլինի պլենում պոեզիայի շուրջ:…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
…Լավ կինոն ժողովուրդ լինելու նշան է, և եթե մենք այսօր լավ կինո չունենք, պատճառը մեր շփոթ և սոսկահար վիճակն է: Խոսքը մեծ կամ փոքր, ուժեղ կամ թույլ ժողովուրդ լինելու մասին չէ, այլ պարզապես ժողովուրդ: Իտալացին իր նեոռեալիզմի ոսկե դարում իրավունք ուներ իր ժողովրդի արատների մասին ճշմարտացի ֆիլմ-գլուխգործոցներ նկարահանելու, իսկ մեզ խանգարում է մեր վախվորածությունը, երբ այդ արատներին պետք է լուրջ վերաբերվել (սա վերաբերում է նաև լուրջ կոմեդիաներին) Պարոնյանի նման: Մի խնդիր, որ իր առջև չի դնում սերիալը (խոսքը այսօրվա այլանդակ սերիալների մասին է), թեև սերիալը հենց իմ ասած գրականության շարունակությունը կարող է դառնալ:
Առաջարկում եմ մի ձև գտնել հայ ժամանակակից գրականությունն ու հայ ժամանակակից կինեմատոգրաֆիան ի մի բերելու: Գուցե դրա համար անհրաժեշտ է լուրջ խոսակցություն ծավալել մեր և կինոյի միջև:
Եթե կինոն մեր՝ գրողներիս առջև խնդիրներ դներ, մենք էլ գուցե ուրիշ կերպ սկսեինք գրել: Եվ, այսուհանդերձ, մեր գրածներից շատերը արդեն իսկ կինոյի, լավ կինոյի նյութ են:…
Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
…Հերոսի խնդիր չունենք, եթե մի ժամանակ ասում էինք` մեր հերոսը կյանքը չի ընդգրկում, ապա այսօր լիուլի այդ կյանքը գալիս է գրականություն, ուղղակի հորդում է, հայացքը բաց է գրողի, վերցնում է, բայց իմ խորին համոզմամբ` միայն մակերեսի վրա, խորքը չկա: Էն գիրքը, որ կուզենամ ունենալ անվերջորեն իմ գրասեղանի վրա և էն մեծերի կողքին, որոնցով առաջնորդվել ենք, ովքեր առ այսօր մեզ միտք են տալիս, ծրագիր են տալիս կյանքի, գեղագիտական ընկալում են բերում և առօրյա իրականության և այլ շատ ու շատ խնդրների: Չգիտես ինչու, հայ գրողի հայացքը, սա իմ կարծիքն է, կարող է լինել շատ սուբյեկտիվ և քննադատելի, տարածություն չի ընդգրկում: Չգիտեմ, դա կապեմ իմ երկրի տարածության փոքրության հետ, որ Հայաստանը չունի տարածք, գուցե և դա ունի իր շատ կարևոր դերը այդ գործում, բայց այդ հայացքը նույնիսկ եռաչափ չէ, իմ կարծիքով: Երբ այսօր տիեզերք է նվաճվում, բոլորս հարթ մակերեսների վրա ենք, փոքրիկ, պրիմիտիվ նկարագրականությունը գալիս է, խոսքը չի վերաբերում առանձին գործերի հաջողվածությանը. այդ մասին շատ ենք խոսել: Բայց դարձյալ, երբ ընթերցում ես, առանձին հաջողված կտորներից բացի, էն թռիչքը, որ պիտի տեղի ունենա, իսկ դա հանգուցալուծումն է, էդ թռիչքը չի կատարվում: Եվ ես այդ ամենը կապում եմ գրողի հայացքի սահմանափակության հետ, գրողի` իրականությունը չճանաչելու հետ:
Հաճախ եմ գրքերում հանդիպում այնպիսի սխալների, որոնք պատմության չիմացության հետ են կապված, աշխարհայացքային թերություններ են, այնպիսի վերնագրեր են դրվում, որ գրողը չի տիրապետում նյութին: Լավ կլինի, որ մենք պատմության մի քիչ ավելի խորքը գնանք, պեղենք: 15 և 37 թվերն ուղղակիորեն կապված են իրար հետ, ձեռագիրը, կատարողները նույնն են, բայց արդյոք մեր վեպը, մեր արձակը դնո՞ւմ է այդ մտայնությունը, արդյոք հայ գրողը պեղե՞լ է Չարենցից հետո միակը, բացարձակ բացառիկը, որ այդ ամբողջը տեսավ ընդհանուր հարթության մեջ և հասկացավ, որ նույն ձեռագիրն է, նույն մարդիկ են կատարում, նույն իրականությունն է, մենք կարողանո՞ւմ ենք մեր թշնամուն տալ այսօր հասարակությանը, կոչում ունի տալ հասարակությանը իդեալ և բացել այն տարածությունը, որ Հրանտ Մաթևոսյանը տագնապ չունենա, թե վաղը քեզ կհրավիրեն մեռնելու իրական աղբանոցում, իսկ դու մահվան մասին այլ պատկերացում ունեիր: Եվ այդ պատկերացումների ամբողջությունը պիտի այսօր փոխվի:…
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
…Ժենյա Քալանթարյանն այսպիսի միտք ասաց` Եղեռնի թեման ապագայի մեջ տեսնելու հայացքի կապակցությամբ: Մենք երրորդ, չորրորդ սերունդն ենք, այն ամենը, ինչ ցուցադրվում է, կատարվում է, ներկայացվում է, առավել չափով փաստագրության ոլորտն է: Մի զարմանալի բան է իմ մեջ հասունացել: Արժանապատիվ հայ մարդու կերպարը տեսնել այս մեր պատմության ֆոնի վրա: Արժանապատիվ հայ մարդու, ոչ թե ծեծված, ջարդված, տրորված, հալածված, դա անպայման պետք է լինի հոգեբանության մեջ, բայց էն մարդու, ով աշխարհում արդեն իր տեղը ունի, իր երկրի արժանապատվության կրողն է: Այս կերպ միայն կարող ենք ուշադրություն հրավիրել մեզ վրա և ժամանակակից հայ մարդու կերպարը դարձնել առանցքային:…
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
…Մենք մոռանում ենք, որ խոսում ենք գեղարվեստական գրականության մասին, էստեղ չի խոսվում գրողի լեզվի մասին, ոճական առանձնահատկությունների մասին, արտահայտչամիջոցների մասին: Ինձ համար կարևորը՝ ինչպես գրեց, ինչպես մատուցեցն է կարևորը, ոչ թե ինչ գրեցը: Աշխարհում չկա չգրված թեմա, մենք ինչ պիտի հայտնաբերենք, ինձ թվում է՝ տաղանդը հենց մատուցումն է, և մենք պիտի ուշադրություն դարձնենք այսօրվա լեզվական դաշտում ինչ փոփոխություն բերեց, նպաստե՞ց այդ գրողը հայոց լեզվի զարգացմանը, և բազմաթիվ այլ հարցեր:…
Էդվարդ ԽԱՉԻԿՅԱՆ
…Նախկինում հզոր գրականագետներ, գրաքննադատներ կային, բայց կապ կար գրողի և նրանց միջև: Այսօր այդ անջրպետը մեծացել է: Իրար չենք տեսնում, չենք ճանաչում, չգիտենք: Առաջարկում եմ կազմակերպել գրողի և գրականագետի հանդիպում, որտեղ խոսեն գրքի մասին, և հեղինակը լսի, իր սխալները ընկալի: Մյուս առաջարկությունս է ԳՄ-ում ստեղծել գովազդային բաժանմունք, որը պետք է օժանդակի` գրողների գրքերի մասին հասարակությունը տեղյակ լինի: Շատ կարևոր հանգամանք է, դա կօգնեի և՛ վաճառքին, և՛ ճանաչողությանը, կկայանա որոշակի զրույց: Գրող և գրականագետ կապն այսօր ավելի հաստատուն դարձնենք: Հայաստանում, իրոք, ստեղծվում է հզոր գրականություն: Երիտասարդ գրողներն այսօր տարանջատվել են, իրար գովազդելով, իրար պահելով բաժանարար գիծ են դրել, այսօր կարծես առանձնացել են, և այդ ճեղքվածքն էլ քանի գնում, այնքան զգացվում է: Լավ կլիներ, որ նրանք այսօր ներկա լինեին:…
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
…Կինն է ճշմարտության սերմնահատիկ-հյուլեն, տիեզերքի ներսում ամբարած էակը, ասել է թե՝ կինը իբրև մայր, իբրև ցեղի գենետիկ կոդի պահպանող և փոխանցող, այսինքն՝ մարդ, ով աշխարհ է եկել ամենամեծ առաքելությամբ: Զուգահեռաբար ներկայացնելով Ալիս Հովհաննիսյանի և Լևոն Խեչոյանի ստեղծագործություններից` փորձենք հնարավորինս ծավալուն արձագանքը ստանալ, մի կողմից, մարդու ինքնորոնման և կանացի կերպարներ ներկայացնելու հաջողված և ինքնատիպ ձևերի՝ Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ, մյուս կողմից՝ Լևոն Խեչոյանի ստեղծագործական դաշտում մարդու ներքին որոնումների ճանապարհին տիեզերական ուժերի և կին արարածի կապի մասին:…
Անի ՓԱՇԱՅԱՆ
…Այսօր լուրջ մտահոգություն պիտի լինի քննադատության ճիշտ վարքը, աշխատանքը: Գրախոսության և քննադատության տարանջատումն ու չնույնացումը: Գրական-քննադատական օբյեկտիվությունը, քննադատությունը որպես սովորական, առօրյա գործընթաց տեսնելը: Եվ այս աշխատանքի ճիշտ, ազատ ու անկաշկանդ կայացման դեպքում կվանվի խոտանը, կճզմվի գրամոլությունը, կերևա կարևորը: Չափից ավելի թանկ ենք վճարելու այսօրվա «քննադատական վրիպումների» ու անտեսումների համար: Չի կարելի տարվել հատկապես օտար գրականության կեղծ փայլով և աքցանի մեջ վերցնել մեր հարստությունները: Պիտի հավատանք, որ քննադատությունը գրականության առողջությունն է: Բոլոր զարգացումները ճիշտ և առողջ հետևանքն են քննադատության ճիշտ մոտեցումների: Անմխիթար է այն գրականությունը, որը չունի քննադատական մտքի հստակ կայացվածություն: Եվ կամազուրկ է գրական այն մթնոլորտը, երբ նույն առողջ քննադատությունը կկոչվի չարակամություն:…
Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ
…Գրականություն-ժողովուրդ միասնությունը ապահովվում է փոխադարձ ջանքերի շնորհիվ: Գործնական առաջարկություն` ձեր գրած գրքերը տեղ հասցնել ընթերցողին, գոնե մեկական օրինակով: Եթե մեր Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում լինում են գրքերը, այդ գրողների հետ հանդիպումներ են կազմակերպվում, արդեն գրողները դառնում են փնտրված անուններ:…