ԾԱՄԱԾ ԾԱՄՈՆԸ ՉԵՆ ԾԱՄՈՒՄ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լևոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքը ժամանակին ահագին չարչրկվել է լրատվամիջոցներում. կարծիքներ են հայտնել թե՛ ընթերցողները, թե՛ չընթերցողները, բայց, ըստ իս, «Քիրվան» հաջողված պատմվածք է ոչ թե թուրք, այլ մարդ-թուրք գրական հերոսով, և որ նման ստեղծագործություններ Ջավախյանից առաջ էլի են գրվել հայ մեծանուն գրողների կողմից: Ու հիմա, եթե նայենք գրող Սամվել Բեգլարյանի տեսանկյունից, ապա Լևոն Ջավախյանից առաջ դավաճաններ են եղել Խաչատուր Աբովյանն իր «Թուրքի աղջիկը» պատմվածքով, Պետրոս Դուրյանը «Թրքուհին» բանաստեղծությամբ, Հովհաննես Թումանյանը «Ահմադը» պատմվածքով, Եղիշե Չարենցը «Լենինն ու Ալին» բալլադով, Գուրգեն Մահարին «Այրվող այգեստաններ» վեպով, Մկրտիչ Արմենը «Հեղնար աղբյուր» վիպակով, Վարդգես Պետրոսյանը «Կրակե շապիկը» վեպով և այլն: Թվարկումը կարող ենք շարունակել, բայց կուզեի նկատել, որ Հովհաննես Թումանյանի «Ահմադի» և Լ. Ջավախյանի «Քիրվայի» միջև գաղափարական նմանություններ կան: Ահմադը հոտաղ է մի հայ ընտանիքում, ու երբ ավարտվում է իր ծառայության ժամկետը, իրեն հասանելիք վարձա­վճարը ստացած (մի քանի ոչխար), բաժանվում է հայ ընտանիքից: Թումանյանն իրեն հատուկ վարպետությամբ նկարագրում է Ահմադի և հայ ընտանիքի բաժանման պահը, որը հուզմունք կարող է առաջացնել ցանկացած քար սրտի տեր ընթերցողի մոտ: Ջավախյանի մոտ հային փող պարտք մնացած թուրքը պարտքը ազատամարտիկի միջոցով վերադարձնում է: Այսքանը:
Զարմանալիորեն ժամանակին ահագին ծամած ծամոնը փորձում են ծամել հիմա: Ահավասիկ, Սամվել Բեգլարյանի «Ձեռքներդ հեռու մեր բաց վերքերից» կիսածավալուն հոդվածը «Գրական թերթում», կիսածավալուն, որովհետև, ինչքան հասկացա, Ս. Բեգլարյանի առաջնային ցավը ոչ թե Լ. Ջավախյանի գրականու­թյունն է, այլ Սերգեյ Սարինյանի ծավալուն գրախոսությունը «Գրական թերթի» էջերում Լ. Ջավախյանի գրականության վերաբերյալ: Եվ դասեր տալով ակադեմիկոսին, թե ինչպես և ինչի մասին գրի, «Գրական թերթին», թե ինչ տպագրի կամ չտպագրի իր էջերում, ինքնահակասական դրսևորումներով է հանդես գալիս Ս. Բեգլարյանը. «Ես կուզեի, որ մեր սիրելի «Գրական թերթը» մեծ, ծավալուն հոդվածներ հատկացներ հատկապես բանակի, զինվորի, հայրենիքի մասին, հայրենասիրության թեմաներով գրող հեղինակներին, և ոչ թե իմ շատ հարգարժան Սերգեյ Սարինյանը երեք հսկայական էջում իր ծանրակշիռ ու հեղինակավոր խոսքն ասեր մեկի մասին, ով իր գրչով ու ասելիքով չի նպաստում մեր թանկ հայրենիքի պաշտպանությանը: Զարմանալի է, որ մեր պատվելի գիտնականը հենց նրան է համարում «ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից մեկը», իսկ նրա ստեղծագործությունները տեսնում է 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում: -Եվ հետո շարունակում է Ս. Բեգլարյանը. «…հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ինչ-որ ասացի` Լևոնի լավ կամ վատ գրելուն է վերաբերում, կամ նրա 21-րդ դարի «ականավոր դեմք» տիտղոսին»: Հիմա հարց է առաջանում` բա էլ ինչի՞ն կամ` էլ ո՞ւմ է վերաբերում:
Խոսքը եկել է, պետք է ասեմ: Քանի որ առաջարկում ես ակադեմիկոսին ու «Գրական թերթին», որ հայրենասեր գրողների, բանակի մասին գրեն, հիշեցի անցած տարի բանակի թեմայով գրածդ բանաստեղծությունը, որն արժանացավ Գրողների միության և Պաշտպանության նախարարության սահմանած մրցանակին, իսկ Ամիրան Գալստյանն այն կարդաց Գրողների միության դահլիճում: Անկեղծորեն չհասկացա՝ բանաստեղծության քանի տոկոսն էր Սիլվա Կապուտիկյանինը («Խոսք իմ որդուն») և քանի տոկոսը՝ Սամվել Բեգլարյանինը:

ԽՐԱՏ
(Մորս պատմածը)
«Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանց:
Հեռու մնա չարից անտես,
Նրա հոգին մութ է, անանց…
Ունկ չդնես ձայնին ուրիշ,
Որ չշեղվես դու քո ճամփից,
Քեզ կդյութեն նենգ ու լպիրշ,
Կեղծ է ամենը, բացի մորից…
Ապրեց տղան մորն հպատակ.
Հլու նրա ձայնին, կամքին,
Կարգին մարդ էր` ազնիվ, շիտակ,
Ունկ չէր դնում նա ամենքին…
Եվ երբ մի օր նենգ թշնամին,
Սուր բարձրացրեց իր երկրի դեմ,
Տղան նստած մեծ տան շեմին
Քեֆ էր անում մինչ լուսադեմ…
Մայրը խոսեց խիստ զայրացած.
– Նենգ ոսոխը դավ է հյուսել,
Հրեն, արյունն աչքերն առած.
Մեր սահմանին է հասել…
– Դու չե՞ս լսում, անուշ որդիս,
Երկրի ձայնը քո հարազատ.
Տես, տագնապած ձայն է տալիս,
Որ հավիտյան ապրենք ազատ…
Որդին հանգիստ ելավ ոտքի.
– Մայր իմ, ախր դու ես ասում.
Ունկ չկախեմ ես ուրիշի,
Ուստի քեզ եմ ես սպասում…
– Իրավ ես դու, ասել եմ ես,
Բայց հայրենիքն է քեզ կանչում,
Ինձ սրտիցդ պիտի հանես,
Երբ երկիրն է մարտի կոչում…

Հիմա մեջբերումներիդ մասին, որոնցով փորձում ես մեղադրել Լ. Ջավախյանին. օրական քանի՜ անգամ ենք լսում` երկիրը երկիր չի, քանի՜ գիտնական, գրող ու մտավորական են ասում, որ Ցեղասպանության պատճառը ցարական Ռուսաստանը դարձավ: Դրանից հետևություն, որը վերստին հաստատում է կյանքի և գրականության կապը: Եվ մյուսն էլ արդեն վերևում ասել եմ` «Քիրվան»: Դրան գումարած, որ մեջբերումներիդ մի մասն էլ գրողի գրական հերոսների շուրթերից են հնչում: Եվ, ահա, դրանից հետևում է քո ասած ամենավտանգավորը` Լևոն Ջավախյանը դավաճան է և պետք է արտաքսել երկրից: Զարմանալի չէ, քանզի ապրում ենք գերիշխող կեղծ արժեքների ժամանակաշրջանում, երբ ակադեմիկոսի վրա հարձակվելու համար ասում ես` կռված տղա եմ, գրողին վարկաբեկելու համար ասում ես` սահմանին եմ ապրում, իշխանությանը հաճոյանալու համար ասում ես` ռուսին է կպել: Հիմա հարց եմ տալիս քեզ. հիշո՞ւմ ես մեր իշխանությունների ֆուտբոլային դիվանագիտությունը թուրքերի հետ, բաց սահմաններով հարևան երկիր մեր նախագահի գնալը: Կարծում եմ՝ Լևոնի արածը գրականության բնագավառում նույնն է, ինչ մեր իշխանություններն են փորձում անել քաղաքականության մեջ, միայն մի տարբերությամբ՝ Լևոնը գրականությամբ առաջ է ընկել, իշխանությունները դեռ կես ճամփին են: Սա ավելի արդիական թեմա է, և առաջարկում եմ լևոնապատումը թողնել, անցնել դրան: Համոզված եմ` քեզ մոտ այն կստացվի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։