ՏՈԿՈՍԱՅԻՆ ՓՈՐԱՑԱՎ / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մարդ էի ու ասացի. օգտվեմ իմ սահմանադրական իրավունքից ու իմ տեսակետը հայտնեմ մի մարդու՝ ինձ համար անընդունելի կարծիքի վերաբերյալ, բայց, չէ, էս մարդը, իր բնավորությանը համաձայն, բազարի թամաշա սարքեց… Ու էս Լ. Ջ.-ն սկզբում հարազատներին, աղջկան, հարևանին, դասընկերներին, իր աշակերտ-աշակերտուհիներին, իջևանցի մի խեղկատակի ու չգիտեմ էլի ում լարեց իմ դեմ: (Տեսնում եք, չէ՞, հարգում եմ բոլորին ու իրենց կարծիքները և Լ. Ջ.- ի նման չեմ ասում՝ «քսի տվեց»):
Հիմա էլ չգիտեմ «որդիանց-որդի» իր փորացավով մեյդան եկավ ինձ կիսածանոթ Նորայր Գրիգորյանը՝ իր հավատով պաշտպանական խոսքով հանդես գալով հօգուտ իր ընկեր Լ. Ջ-ի, և իր անմնացորդ նվիրվածությունը ապացուցելու համար, արթնացրել է դեռևս վաղուց մեջը կուտակված նախանձի մաղձն ու թարախը ու մեջ է բերել մեկ տարի առաջ «Գրական թերթում» Հայոց բանակին նվիրված իմ բանաստեղծություններից մեկը, երևի չարությունից գլխի չընկնելով, որ ոչ թե լոկ այդ բանաստեղծությունն է արժանացել մրցանակի, այլ ամբողջ շարքը և գրում է. «Անկեղծորեն չհասկացա, բանաստեղծության քանի տոկոսն է Սիլվա Կապուտիկյանինը («Խոսք իմ որդուն») և քանի տոկոսը՝ Սամվել Բեգլարյանինը»:
Այսինքն՝ ոչ երիտասարդ այս այրը իր չհասկանալու հաշվին (որում ես բնավ մեղք չունեմ) փորձում է ինձ մեղադրել գրագողության մեջ, մինչդեռ ես առանց թաքցնելու Սիլվա Կապուտիկյանի երկու տողն օգտագործել եմ որպես իմ, բոլորովին այլ բովանդակության, բանաստեղծության բնաբան և դրել չակերտների մեջ: Ի դեպ, ես ունեմ ոչ միայն Սիլվային, այլև հայ շատ բանաստեղծներին պարոդիաների մի ամբողջ շարք, ինչպես օրինակ`
«Մեկը ելել է շալակն աշխարհի, //Մյուսը աշխարհն է շալակած տանում», // Բայց էս աշխարհից բան չեմ հասկանում. //Իր շալակին ամուր նստածին,//Աստիճաններով հա վեր է տանում, // Իսկ բեռի տակ հլու կքածին//Փշոտ ճամփան է միշտ բաժին հանում…
Կամ սա՝
«Աշխարհս մե փանջարա է»//Ու ես դիմացը կանգնած…//Թե ուզում եմ թռչեմ հեռու,//Երկինքը շատ է ամպամած.//Թե ուրիշն է դրսից գալիս,// Ձեռքին պարան է պահած…//«Աշխարհս մե փանջարա է»// Ու ես դիմացը կանգնած…//Թե որ ներսուդուրս չկա,//Ուրեմն ՊԱՏ է շարված…
Ըստ Նորայրի «հանճարեղ» տոկոսային հարաբերության, ստացվում է, որ այս բանաստեղծությունները «գողացված են» Սևակից ու Սայաթ-Նովայից:
Սիրելի՛ բարեկամներ, իսկ հիմա անփոփոխ մեջբերում եմ խնդրո առարկա բանաստեղծությունը, որը նախկինում էլ տպագրվել է «Գրական թերթում», իմ էջում, այսօր էլ կա ու նաև ասմունքվում է Ֆրանսիայում բնակվող, հարգարժան հայուհի Վարդ Ռոզիի կողմից: Ասեմ նաև, որ թե՛ բանաստեղծությունը տպագրվելուց, թե՛ մրցանակ ստանալուց հետո պարոն Նորիկն ինձ հանդիպել է մի քանի անգամ (նաև Էդ. Միլիտոնյանի աշխատասենյակում), դեռ ավելին – իմ ֆեյսբուքյան ընկերն է, ուստի այս մի տարում գոնե տանջող փորացավից խոսեր, գոնե մի բառ ասեր, տոկոսները տեղը դնեինք… Հիմա վերև` Աստված, ներքևում ` դուք: Կարդացեք ու դատավոր եղեք զրպարտանքի ու Նորիկի միջև:
ԽՐԱՏ (Մորս պատմածը)
«Լսիր, որդիս, պատգամ որպես,//սիրող քո մոր խոսքը սրտանց»://Հեռու մնա չարից անտես,//Նրա հոգին մութ է, անանց…// Ունկ չդնես ձայնին ուրիշ,// Ու չշեղվես դու քո ճամփից,//Քեզ կդյութեն նենգ ու լպիրշ,//Կեղծ է ամենը, բացի մորից…//Ապրեց տղան մորն հպատակ.//Հլու նրա ձայնին, կամքին //Կարգին մարդ էր. ազնիվ, շիտակ,//Ունկ չէր դնում նա ամենքին…//Եվ երբ մի օր նենգ թշնամին,//Սուր բարձրացրեց իր երկրի դեմ,//Տղան նստած մեծ տան շեմին՝//Քեֆ էր անում մինչ լուսադեմ…// Մայրը խոսեց խիստ զայրացած. //- Նենգ ոսոխը դավ է հյուսել,//Հրեն, արյունն աչքերն առած.//Մեր սահմանին է հասել…//- Դու չե՞ս լսում, անուշ որդիս,//Երկրի ձայնը քո հարազատ,//Տես, տագնապած ձայն է տալիս,//Որ հավիտյան ապրենք ազատ…//Որդին հանգիստ ելավ ոտքի. -//Մայր իմ, ախր դու ես ասում.//Ունկ չկախեմ ես ոչ ոքի,//Ուստի քեզ եմ ես սպասում…//- Իրավ ես դու, ասել եմ ես,// Բայց հայրենիքն է քեզ կանչում,//Ինձ սրտիցդ պիտի հանես,//Երբ երկիրն է մարտի կոչում…
Հարգելի՛ ընթերցողներ, հաշվի առնելով «Գրական թերթի» սուղ հնարավորությունը, առաջարկում եմ ընթերցել կամ վերհիշել բանաստեղծուհու «Խոսք իմ որդուն» հանրահայտ ստեղծագործությունը, գրված 1944 թ.: Համեմատեք և ինքներդ որոշեք, թե բանաստեղծությունները, Նորիկի ասած. «քանի՞ տոկոսով են իրար նման»… չնայած կարող էին նույնիսկ շատ ավելի նման լինել և նույնիսկ շատ տողեր կրկնվեին, քանզի, ինչպես ասվեց, իմ ստեղծագործության բնաբանը Ս. Կապուտիկյանի բանաստեղծության երկու տողերն են, առնված չակերտների մեջ: Թերթում հենց այդպես էլ տպագրվել է (տե՛ս «Գրական թերթ» 03. 2015, թիվ 5): Ես կարծում եմ, որ Նորիկը երևի չգիտի` ինչ ասել է բնաբան, և թե դա օգտագործող հեղինակին ինչ իրավունք է տալիս, կամ ավելի շուտ, Կապուտիկյանի այդ բանաստեղծությունը չի կարդացել, սակայն այդ դեպքում ով է հուշել նրան կամ ում հաճոյանալու և ծառայություն մատուցելու համար է իր գրած հոդվածում միտումնավոր հանել չակերտները, որպեսզի լուտանքներ թափի ինձ վրա (Տես «Գրական թերթ» թիվ 9): Ասեմ, որ երբեմն ֆեյսբուքյան տիրույթում շատ ջերմ, նույնիսկ կատակելով փոխադարձվել, կարծիք ենք փոխանակել, սակայն բերանը ջուր էր առել ու չէր ասում, որ տոկոսներից ցավում է փորը… Ամոթ է, Նորիկ, մեկ տարուց ավելի առաջ տպագրված բանաստեղծության մասին միայն Լևոնի հարցով հիշեցիր, հա՞… Նորիկ, թե որ տոկոսներից գլուխ չես հանում, գոնե երկու բանաստեղծություններն էլ անգիր արա, որ էլ չշփոթես… քեզ էլ բանաստեղծ ես կոչում, չէ՞, դեռ ասում ես, թե «Գրական թերթին» խորհուրդ եմ տալիս, ախր, ինչպե՞ս խորհուրդ չտամ, որ նույնիսկ Կարինե Խոդիկյանին ես փորձում մոլորեցնել բնաբանի չակերտները հանելով և քո անգիտությամբ: Չեմ հավատում, թե քաղաքավարությունդ կհերիքի ներողություն խնդրել, նամանավանդ, որ կանանց «միամսյակը» հին տոմարով դեռ չի վերջացել:
Ի դեպ, ասեմ, որ «Գրական թերթում» իմ հեղինակած հոդվածը տպագրելուց առաջ հարգարժան Կարինե Խոդիկյանը արդարացիորեն չէր ուզում և հանեց, իր կարծիքով, վիրավորանք արտահայտող մի քանի մտքեր ու բառեր, սակայն հիմա ինձ համար պարզ չէ, թե ինչու է թույլատրել, որ իր իսկ խմբագրած թերթում տպագրված իմ բանաստեղծությունը նորեն «խմբագրվի» Նորիկի կողմից և չքանան այս պարագայում խիստ կարևոր չակերտները: Լավ ճանաչելով Կարինեին, չեմ կարծում, թե դիտավորություն է: Սակայն լավ չճանաչելով Նորայրին, ապշած եմ ինձ դասեր տալու նրա ջանադիր փորձերից: Հայ դասականներ ու գրողներ է թվարկում, հիշելով, թե ով է սրտաբուխ տողեր գրել թուրքերի մասին` է՛լ «Ահմադ», է՛լ «Լենինն ու Ալին», է՛լ «Հեղնար աղբյուր», «Թուրքի ախչիկն» ու «Թրքուհին»… Այսքանը կարդալու փոխարեն Սիլվայի «Խոսք իմ որդունը» կարգին կսովորեր, որ չշշկլվեր տոկոսների մեջ ու հիշեր, թե ինչու և ինչ ժամանակներում են գրվել այդ գործերը…
Այսքանից հետո էլ ստում ես, թե իբր ես գրել եմ. «կռված տղա եմ» ու այդպիսով փորձել եմ «հարձակվել» իմ կողմից մեծապես հարգված, նույնիսկ վերջերս իմ «Արջաորսի այբուբենը» գիրքը խմբագրած, պատվարժան ակադեմիկոսի վրա: Ի դեպ, չեմ կարծում, թե պատվելի ակադեմիկոսը «վախենում է» ինձնից կամ քո նվաստ «պաշտպանության» կարիքն ունի: Հա, Նորիկ, հարգարժան գրականագետի խմբագրած իմ այս գիրքն էլ է մրցանակ ստացել… այստե՞ղ ինչ ես հորինելու: Փորփրիր, տես ինչ կգտնես…
Չէ, մուտիլովկա ես անում, պարոն Նորիկ, ու դեռ ավելացնում ես, թե «իշխանություններին հաճոյանալու» համար ասում եմ. – Լ. Ջ.-ն «ռուսին է կպել»: Դե «սուտ ասողը գետինը մտնի», թե ես Լևոնի հասցեին նման բան եմ գրել, կամ թե ասել եմ, որ նրան «արտաքսեն երկրից»: Չէ, արտաքսողը քո նման մարդկանց կեղտ կպցնող ու չարամիտ «հայր Ստալինն» էր, որ հորս Սիբիրի անվճար ուղեգիր տրամադրեց և արդյունքում ես զրկվեցի իմ սուրբ հողում, իմ հայրենիքում ծնվելու ամենամարդկային իրավունքից, ու հիմա դու բարբաջում ես, թե «իշխանություններին հաճոյանալու համար եմ ասում», թե «Լևոնը ռուսների դեմ է»…
Պարոն Նորիկ, դու դժվար հասկանաս, թե ինչ է նշանակում, երբ Ռուսաստանը իմ պարտադրյալ ծննդավայրն է, իսկ Հայաստանը՝ՀԱՅՐԵՆԻՔՍ: Ե՛վ այսօր, և՛ ընդհանրապես ես իշխանություններին հաճոյանալու խնդիր չեմ ունեցել և չունեմ, իմ ֆեյսբուքյան էջը կարդա ու կհամոզվես: Ըստ քո տոկոսային տրամաբանության, ուրեմն Խաչատուր Աբովյանն էլ է իշխանություններին հաճոյանալու համար գրել «ռսի օրհնված ոտի» մասին… Հանկարծ ու այստեղից էլ նորից չակերտները չգողանաս ու «գրագողության» շառ անես ինձ: Ի ՎԵՐՋՈ, ՔԵԶ Ո՞Վ Է ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎԵԼ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԻՆՁ: Ասեմ, որ իշխանություններին հաճոյանալու հնարավորություն դու ավելի շատ ունես` քեզնից ավելի մոտիկ են, դու էլ Էրվնցի, նրանք էլ, նամանավանդ, որ դու, ինչպես երևում է, կորցրել ես վիրավորվելու զգացողությունը ու գլխի չես ընկնում, որ քո սիրելի Լ. Ջ.- ն նաև քեզ է վիրավորում – մեր կողմից ընտրված, իմ ու քո կառույցի (միության) ղեկավարին կոչելով «աշխարհի ամենածույլ մարդը»: Այս երկրին «բոզի ու գողի երկիր» համարելով նաև ինձ ու քեզ, իմ ու քո այս երկրում ապրող հարազատներին է վիրավորում: Հիմա գլխի ընկա՞ր, թե որն է տոկոսային հարաբերությունը: Գոնե մի տող կգրեիր ի պաշտպանություն այն կառուցի ղեկավարի, որի անդամը նաև դու ես և հանուն այն երկրի, որտեղ նաև դու ես ապրում …
Ու նաև մի՛ ստիր, թե ես գլուխ եմ գովել սահմանում ապրելուս համար: Էրվնցի Նորիկ, սահմանում ապրում և սահման են պահում ինձ նման հազարավոր մարդիկ, դա փաստ է, սակայն մենք դա չենք անում պարծենալու կամ գլուխ գովելու համար, սահմանում ապրելը մեզ համար պարզապես ԿՅԱՆՔ է և եթե քո ու քո նմանների համար այս սրտի չափ պուճուր մասունքը «գողի, բոզի ու գյոթի երկիր է», ապա մեզ համար ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է: (Նորիկ, հանկարծ ու այստեղ էլ սիրելի ընկերոջդ գրած բառերի չակերտները չհանես): Ահա, հիմա այս տողերը գրում ավարտում եմ ու գնամ ԵԿՄ շտաբ, հավաքվում ենք տղաներով, նույնիսկ դու իմացած կլինես, որ իրավիճակը լարված է (հանկարծ խուճապի չմատնվես), որ ամեն օր մեր զինվոր տղերքից մեկն ու մեկի կյանքն են խլում:
Եվ վերջում, խորհուրդ կտայի քիթդ չմտցնել Լևոնի ու իմ արանքը… Ինչ էլ լինի, մենք մի ձորի տղերք ենք… հասկանում ենք և մի օր էլ ավելի կհասկանանք իրար, և դու հաստատ կմնաս «ճմբան ծերին»:
Նաև այսքանով «խոսքակռիվը» համարենք ավարտված, ու մի՛ կարծիր, թե ընկերներ չունեմ, ովքեր թերթերը կողողեն քո ու քո Լ. Ջ. ի դեմ հոդվածներով, սակայն ինչի նման կլինի դա… ողջամիտ լինենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.