ԲԼՈԳԵՐ ԼԱՊՇԻՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ / Սամվել Կոսյան

«Անընդունելի եմ համարում բլոգերների հետապնդումը՝ լինի հայ, ադրբեջանցի թե վրացի,- ասել է Բելառուսի մարդու իրավունքների «Viasna» կենտրոնի իրավապաշտպան Վալյացին Ստեֆանովիչը:- Ալեքսանդր Լապշինը չի գրել որևէ բան, որը կարող էր սպառնալ Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել Լապշինի վերաբերյալ հայտարարությամբ ու պահանջել նրա անհապաղ ազատ արձակումը»: Ռուսաստանի, Իսրայելի արտգործնախարարությունները, ԱՄՆ պետդեպարտամենտը, եվրոպական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նույնպես բլոգերի արտահանձնման Մինսկի վարքը որակել են սկանդալային ու անօրինական: Ըստ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի. «Եթե Լապշինի ամբողջ հանցագործությունն այն է, որ այցելել է Արցախ, ապա սա պարզապես աղաղակող դեպք է»: «Ռուսական պետության արձագանքը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրավախախտ գործողությունների հարցում, անկասկած, պետք է կոշտ լինի»,- կարծում է քաղաքագետ Անդրեյ Մարտինովը: Այս առումով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկին ուղղակիորեն կոչ է արել Լապշինին չարտահանձնել Ադրբեջանին, նկատի ունենալով, որ ռուս քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրին անթույլատրելի է: Շատերն են համակարծիք, որ Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական նպատակ է հետապնդում, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումը հորինովի է, և նմանատիպ գործողությունները հակասում են սույն ոլորտը կարգավորող միջազգային և ներպետական իրավական ակտերի պահանջներին: Լապշինի ձերբակալման հենց առաջին օրերից Հայաստանում ևս, մասնավորապես ՀՀ փաստաբանների պալատում, բլոգերի իրավունքները պաշտպանելու մասնագիտական խումբ ստեղծվեց: Ինչպես նշում է խմբի անդամ Սիմոն Բաբայանը, Լապշինի արտահանձնումը կարող է վատ նախադեպ լինել: «Խնդիրը ոչ միայն Արցախ այցելության մասին է, այլև այն, որ կարող է ամբողջ աշխարհում այս մեխանիզմը կիրառվել: Պետություններն իրենց քաղաքական պահանջմունքները բավարարելու նպատակով կարող են այս իրավական լծակն օգտագործել»,- ասել է նա: Փաստաբանի տեղեկացմամբ, Լապշինը երկու անգամ է եղել Արցախում՝ 2011 և 2012 թթ. և իր կարծիքն է ներկայացրել ԼՂՀ-ի մասին, ինչը Ադրբեջանը դիտարկել է որպես քննադատություն իր հասցեին՝ նրա արարքը որակելով որպես հանցագործություն երկու հանցակազմով: Առաջինը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված ապօրինի կոչեր», երկրորդը՝ «Տարածքի ապօրինի սահմանահատում»: Առնվազն տարօրինակ է, որ ազերիները իրենց ատելության կիզակետ են ընտրել հենց Լապշինին, կարծես նա միակն է, ով Ղարաբաղ է այցելել: Հավանաբար նրան են համարել այցելությունների շղթայի ամենաթույլ օղակը, հաշվարկելով, որ այդ դեպքում միջազգային հանրության ընդվզումը չի տարածվի: Սակայն ապօրինի գործարքներում, որպես կանոն, ամենամանրակրկիտ հաշվարկներն իսկ անընդունակ են իրական զարգացումները կանխատեսել: Անցյալ նոյեմբերին, Լուկաշենկոն Բաքվում Հեյդար Ալիևի անվան շքանշանի արժանանալուց հետո էր Ալիևին խոստացել վարձահատույց լինել: Առայժմ դժվար է կանխատեսել, թե Լապշինի գործն ինչ ընթացք կստանա, հաշվի առնելով երկու երկրների նախագահների ավտորիտար նկրտումները, սակայն ցավալի է, որ բացասական արդյունքի դեպքում կգրանցվի տոտալիտարիզմի հաղթանակը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, որի հետևանքները դժվար է կանխատեսել: Տվյալ դեպքում թե՛ Մինսկը և թե՛ Բաքուն, անտեսելով միջազգային իրավունքի նորմերը, խախտելով մարդու, առավել ևս լրագրողի, տեղաշարժի ու խոսքի ազատությունը, շրջանցելով միջազգային խաղի կանոնները, փաստացի նոր բռնություններ ու օրինազանցություններ են հրահրում, որոնց ամենատարբեր դրսևորումները աղետալի կարող են լինել ոչ միայն իրենց, այլև հարևան երկրներում: Բելառուսի իշխանությունները, արտահանձնման որոշման դեպքում անգամ, մարդուն պետք է արտահանձնեն այն երկիր, որտեղ անվտանգ է և ոչ թե երկիր, որը անձին հետապնդում է միայն այն պատճառով, որ նա վիճելի տարածք է այցելել: Ադրբեջանում նույնիսկ իրենց քաղաքացիների կյանքն արժեք չունի, օտարի պարագայում դաժանության ու խոշտանգումների աստիճանն անհամատեղելի է խղճի ու բարոյականության հետ, ինչի օրինակներին աշխարհը քանիցս է ականատես, մանավանդ եթե խնդիրը հայկականին կամ Արցախին է վերաբերում: Թերևս ճիշտ է Լապշինը, երբ գրում է. «Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում շատ խճճված է, և ադրբեջանցիներն իրենք էլ չեն կարողանում բացատրել իրենց ղեկավարության դիրքորոշումը»: Ներկա պահին նույնքան խճճված է Լապշինի ճակատագիրը, և քավ լիցի, եթե արդարությունն ու բարի կամքն այս դեպքում էլ պարտություն գրանցեն, ինչը կնշանակի, որ աշխարհում իսկապես ինչ-որ բան սխալ է, և այդ ինչ-որ սխալը հակված է ճյուղավորվելու:

Հ.Գ. Հոդվածն արդեն գրված էր, երբ լուր ստացվեց, որ Լապշինին արտահանձնել են, և այժմ գտնվում է Բաքվում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։