Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ԲԱՐԵՎ, ԱՇԽԱՐՀ

Արցախի հերոս զավակին՝
Անդրանիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ամեն ինչ մի քիչ անծանոթ է, մի քիչ նոր: Ուզում եմ բոլորին հատ առ հատ շոշափել ու գուրգուրել, որպեսզի մեկ առ մեկ ճանաչեմ ու կարողանամ սիրել:
Ամեն ինչ նոր է ու զարմանալի:
Խոտերը սվսվում են ուրիշ կերպ, գորտը ցատկեց ջուրը և չլմփոցը չվախեցրեց ձկնիկին: Սարից բարձրացող արևը լույսը սփռում է համահավասար: Աքաղաղը փաղաքուշ կլթացրեց և հավերին հավաքեց գլխին, կատուն ձագերի հետ անցավ շնիկի կողքով, շնիկը հանդուրժեց, որովհետև ձագերը փոքր էին ու սիրուն:
Ամեն ինչ նոր էր, մի քիչ անծանոթ, մի քիչ զարմանալի:
Խոտերը շարունակեցին ուրիշ կերպ սվսվալ, ջրի ալիքները ուռչում էին ուրիշ կերպ, մարդիկ արթնացան քնից և թռչունների ճռվողյունը դուրեկան էր շատ:
Նորացված երկիր:
Կակաչը վառման գույնով է լցվել, թոնրահացը հարազատ բույրեր է արձակում, ամպրոպի որոտը փորձում եմ կիրճերի առապարներում մարել, որպեսզի ամեն արարածի սիրով ասեմ.
– Բարև:
Գարուն է, հողը շնչում է բեղունությամբ, ծաղիկները բուրում են անուշահոտ, անտառները տքնում են խորհրդավոր, սարից իջնող գետերը շտապում են կանաչ հովիտները: Ամեն ինչ շարժման մեջ է, ամեն ինչ ձգտումով է լցվել:
Արարած աշխարհ, գոյություն շքեղ:
Ուզում եմ, շատ եմ ուզում, որ իմ ներկայությունը խնդություն բերի ամենքին, ջրերը խանդակաթ ծփան, ամեն շունչ իրեն ապահով զգա ինչպես հատիկը հասկի մեջ, երկինքը պայծառ աստղերով ժպտա և ամեն ինչ լինի ներդաշնակ ու խաղաղ, ու ես ասեմ.
– Բարև, աշխարհ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։