Իսպանացի հանրահայտ գրող, ճարտարապետ Գոնսալո Էռնանդես Գուարչի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող եռերգությունը մեկն է այն ստեղծագործություններից, որոնցում երևում է աշխարհի մարդասերների կարեկցանքը, օտարի ցավը անձնականի պես զգալու կարողությունը: Եռերգության երկրորդ՝ «Հայոց կտակը» գրքի հերոսը ֆրանսիացի լրագրող, դիվանագետ Անրի դը Լատուրն է: Դեպքերը կատարվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Սուլթան Համիդի և երիտթուրքերի ծրագրված ցեղասպանության պատկերն է ականատեսի հայացքով: Գուարչի գրքում բազմաթիվ են այն դեպքերը, դեմքերը, փաստերն ու մտքերը, որոնք վկայում են թուրքերի ատելությունը հայերի հանդեպ։ Այսօր մենք էլի ու էլի համոզվում ենք, որ այդ զառանցական պանթյուրքիստական ծրագիրը հանգիստ չի տալիս թուրք իշխանավորներին: Եվ ոչ միայն պանթյուրքիստական, այլ նաև աշխարհակալական երազանքները: Դեպի Մեծ Թուրան ձգվող ճանապարհները վաղուց արդեն ճյուղավորվել են դեպի Եվրոպա, դեպի Փոքր Ասիա: Նրանց ձեռք բերած «հաջողությունները» օրավուր մեծացնում են գայլային ախորժակը, ավելի ու ավելի լկտի ու ցինիկ դարձնում նրանց այսօրվա ղեկավարներին: Թուրք տիրակալների այսօրվա պահվածքը հաստատում է նրանց բնածին անմարդկային հատկանիշները՝ խարդախությունը խորամանկություն համարելը, նենգությունն ու դաժանությունը ուժ համարելը, սեփական հավակնություններն ու քմահաճությունները աստվածային ուղղորդում համարելը…
Գուարչը խորապես ուսումնասիրել է իր նկարագրած ժամանակաշրջանի Թուրքիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, պատմական իրողությունները, որոնք էապես շատ չեն տարբերվում այս օրերից:
Այդ մասին են վկայում Գուարչի «Հայոց կտակ» վեպից առանձնացված, ստորև ներկայացվող հատվածները:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Թուրքերը մի բան արտահայտելու և ճիշտ դրա հակառակը անելու արվեստի մեծ վարպետներ են, նաև՝ համոզելու, սակարկելու և իրենց նպատակներում ոչ մի բանի առաջ չկանգնելու:
Օսմանյան կայսրությունում կա մի ավանդույթ՝ վերացնել իշխանություն տանող ճանապարհի խոչընդոտները:
Պրուսացի գեներալները թուրքական բանակը կազմակերպում են իրենց սկզբունքներով:
Եթե կա մի բան, որ թուրքերը հարգում են, ուժն է:
Ռուսներն ուզում են հայերին ռուսացնել, համայնքը քայքայել և վերածել այն ռուսական ականանետի, և այստեղ խնդիրը կրոնական չէ, այլ՝ քաղաքական: Անգլիացիները իսկապես դրանում տեսնում են որոշակի սպառնալիք և ըստ այդմ՝ նախընտրում ներկայիս իրավիճակը: Նրանց անհանգստացնում է այն, որ հանկարծ Ռուսաստանին չհաջողվի տիրել Հայաստանին և անգամ իրեն միացնել Թուրքիայի հայկական նահանգները, քանզի սա Կենտրոնական Ասիայում կարող է նշանակել ռազմավարական փոփոխություն:
Ջեմալ ալ-Դինի՝ ալ-Աֆղանի՝ մուսուլմանական աշխարհի կարևոր մտածողներից մեկի, արագ զարգացող պանիսլամիզմի գաղափարախոսության ստեղծողի և Անրի Լատուրի՝ Լոնդոնում կայացած զրույցից. «Իսլամը մեծահոգի կրոն է, բայց Աստված պատժում է նրան, ում Ինքն է ուզում: Եթե Ձեր հարցը քաղաքական է, Ձեզ ասեմ, որ երբ առաջին սուլթանները թույլ տվեցին մնալ քրիստոնյա փոքրամասնություններին, ծանր սխալ թույլ տվեցին: Իմ կարծիքով, այո՛: Փոքր Ասիայի հույները պետք է գնան իրենց մայր հայրենիք… հնարավորին չափ շուտ, խորհուրդ չի տրվում, որ մնան այնտեղ: Ինչ վերաբերում է հայերին, եվրոպական մշակույթով քրիստոնյաներ են և զանգվածաբար պետք է գաղթեն Եվրոպա, իսկ եթե այստեղ նրանց չեն սիրում, հարցի էությունը դա է և ոչ այլ բան, քանի որ Եվրոպայի քրիստոնյաները չգիտեն, թե ինչ է գթասրտությունը, ոչ էլ սերը՝ մերձավորի հանդեպ, ուրեմն թող գնան Ռուսաստան կամ Հարավային Ամերիկա: Բայց ո՛չ Թուրքիայում և ո՛չ էլ մուսուլմանական այլ երկրում ապագա չեն ունենա: Իսկապես մի բան կասեմ, որ Ձեզ անհեթեթ կթվա. այս քրիստոնյա Եվրոպան վաղ թե ուշ պարուրված կլինի իսլամով, քանզի մեր կրոնը անհամատեղելի է, որովհետև Աստված մեզ հետ է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կպատահի, երբ դա կատարվի: Ես, այո՛, գիտեմ, թե ինչ տեղի կունենա: Բայց դառնանք հայերին, մի ժամանակավրեպ ժողովուրդ է, որը զբաղեցնում է կարևորագույն տարածք իսլամի զարգացման համար: Եթե ողջախոհ գտնվեին, իրենց եղած-չեղածը կհավաքեին և ճամփա կընկնեին… Ոչ ոք չի կարող կանգնեցնել Աստծո մտահղացումները և ոչ էլ ջանալ պայքարել տարերքների դեմ: Իրենց ժամանակը այդ տարածքներում վերջացել է, և եթե դա չեն տեսնում՝ կույր են… Տեսե՛ք, եթե անկեղծ լինենք, Ձեզ այսպես կասեմ: Մուսուլմանները չեն կարողացել միացնել իրենց ուժերը՝ դիմակայելու անհավատներին: Թույլ են տվել, որ իսլամի հաշվին մեծանան, սակայն դա սոսկ անցողիկ փորձ է: Այսօր մենք արդեն երկու հարյուր ութսուն, թե երեք հարյուր միլիոն հավատացյալներ ենք, բայց վաղը, իսկ ժամանակը թռչում է ու կանգ չի առնում, կդառնանք միլիարդավոր, և անմիջապես, մի ակնթարթում, ավելի շատ մուսուլմաններ կլինեն, քան մնացած բոլոր դավանողները միասին վերցրած: Կգա մի օր, երբ ամեն մի ծնվող եվրոպացու դիմաց կծնվի հինգ մուսուլման: Դե, Դուք հաշվեք և ինքներդ ձեզ պատկերացրեք… Դուք ինձ սխալ մի՛ մեկնաբանեք, քանզի ես անձամբ հայերին ոչ մի չարիք չեմ ցանկանում: Հավանաբար իրենց խնդիրը հենց իրենց մեջ է, որ չեն ընդունում իսկական հավատը: Ձեզ մի բան ասեմ, հաստատ գիտեմ, որ մինչև այս վայրը՝ Լոնդոնը, որը համարվում է ողջ աշխարհի մայրաքաղաքը՝ այս գոռոզամիտ անգլիացիներով, համոզված, որ աշխարհն իրենցն է, շատ կզարմանան, երբ հասնի այն օրը, երբ իսլամը հանկարծակիի բերի նրանց, իսկ երբ ուզենան գլխի ընկնել… կհասկանան, որ ոչինչ չեն կարող անել խուսափելու համար»….
«Մսյո դը Լատուր (խոսում է հայրենիքի փրկությանը նվիրված մի հայ), հայերս այլևս ոչ մի երկրի չենք հավատում, թեև իրենց հռչակում են մեր բարեկամներ, այլ հավատում ենք միայն մարդկանց: Հայերի իսկական բարեկամները նրանք են, ովքեր մեզ ճանաչում են, բարի կամքի տեր զգայուն մարդիկ, որոնք ոչ մի կերպ չեն կարող ընդունել այն ահավոր անարդարությունները, որ մեզ ուզում են պարտադրել թուրքերը… Կարծում եմ, կարող ենք դիմել միայն Ֆրանսիային՝ իրավունքների ու ազատությունների երկրին և Ռուսաստանին, որ մեզ միշտ օգնել է… թեև մեծ նախապայմաններով և իր ավանդական ռազմավարությամբ՝ լուծել հայկական աղը ռուսական կաթսայում»:
Ֆրանսիացի պաշտոնյայի փաստարկներից. «Լսե՛ք ինձ, Անրի՛, պետք է հավատաք ինձ, եթե Ձեզ ասում եմ, որ համակրում եմ հայերին: Շատ նման են ֆրանսիացիներին իրենց բնավորությամբ, և բացի այդ, քրիստոնյաներ են, որը մեծ արժանիք է: Բայց թուրքերը մեր գնորդներն են և մեր դաշնակիցները, և բացի այդ, մեզ պարտք են շատ ու շատ փող, բարեկա՛մս, իսկ դա շատ ավելի ծանր է կշռում, քան սիրտը: Ինձ հայտնի է, որ Դուք դիվանագետ լինելուց բացի, կարևոր ֆինանսիստ եք և կարող եք ինձ կատարելապես հասկանալ: Դժբախտաբար, աշխարհի համար, ի վերջո, կարևորը արդյունքների հաշիվն է»: …«Հայերը կարծես Ֆրանսիայի որբերն են: Եթե նրանց մի բան պատահի, պատասխանատվության մեծ մասը մենք ենք կրելու, որ չենք կարողացել արգելել թուրքերին մարդկության հանդեպ այդպիսի ոճիր գործել»: …«Եվ ամենավատն այն է, որ համոզված եմ, այստեղ՝ Կոստանդնուպոլսում, ամեն ինչից կհրաժարվեն: Դարձյալ հայերը կլինեն մեղավորները, իսկ թուրքերը՝ զոհ: Բայց այս անգամ ուրիշ է, անձամբ եմ վերապրել այդ, խոսքը հեռավոր քաղաքից ստացված պաշտոնական տեղեկության մասին չէ: Գնալու եմ մեծ վեզիրի մոտ, հաստատ գիտեմ, որ սուլթանն ինձ չի ուզենա ընդունել: Գիտես՝ հրաշալի իրազեկված է, ամենուրեք լրտեսներ ունի: Դաժան ու ցինիկի մեկն է, միակ բանը, որ անում է, շարունակում է նորից ու նորից խաբել Եվրոպային»:
Անրի դե Լատուրի պատասխանը Գերմանիայի դեսպան մարշալ ֆոն Բիբերշթայնին, որ նկարագրում էր, թե մեծ տորթի որ մասը ում կարող է բաժին հասնել: «Բալկանները՝ սերբերի, մակեդոնացիների, կոսովարցիների, չեռնոգորցիների և այլոց հայրենիքն է: Բուլղարիան բուլղարներինն է, և այսպիսով կարող ենք բաժանել տորթը բոլոր նրանց միջև, որոնց օրինականորեն այն պատկանում է: Իսկ «Հայկական հա՞րցը»: Որքան ինձ հայտնի է՝ Կիլիկիան արդեն իսկ Հայաստան էր շատ ավելի վաղ ժամանակից, երբ դեռ գոյություն չունեին Մեծ Բրիտանիան, Գերմանիան կամ Ֆրանսիան: Իսկ պատմական Հայաստանը՝ Տրապիզոնից սկսած, հասնում էր մինչև Դիարբեքիր և Երևանից սկսած՝ մինչև Վան: Առնվազն այդքան: Եղե՞լ եք այնտեղ: Տեսե՞լ եք նրանց հինավուրց խաչքարերը: Գիտե՞ք նրանց այբուբենը, նրանց մշակույթը։ Քրիստոնյաներ են, այն քրիստոնյա ժողովուրդներից, որոնց մասին քիչ առաջ խոսում էր իմ սիրելի Ռոստովսկին: Եվ ի՞նչ պետք է անենք: Մոռանանք, որ Եվրոպայի քաղաքակիրթ և ուսյալ ազգե՞ր ենք: Ո՛չ: Գուցե Թուրքիա՞ն է Եվրոպայի հիվանդ մարդը, գուցե շատ ավելի՞ն է ուզում զավթել, քան ի վիճակի է: Այլևս չունի օսմանյան առաջին սուլթանների ուժը»:
Կայզերի հետ մտքերի փոխանակությունից. «Շատ էկզոտիկ երկիր է, ա՜հ, մուսուլմանական աշխարհը: Այդ աշխարհը գիտենք սոսկ արտաքուստ, բայց անհնար է իմանալ, թե իրականում ինչ են մտածում նրա մարդիկ: Ահավասիկ Ձեզ օրինակ Աբդուլ Համիդը… Լավ, նա լայնախոհ մարդ է, Գերմանիայի եռանդուն երկրպագու և իմ լավ ընկերը: Նրան հրավիրեցի Բեռլին, թեև կասկածում եմ, որ գա: Հաճելի մարդ է, բայց ահավոր կասկածամիտ, շատ անգամներ են նրա վրա մահափորձ կատարել, և չեմ կարծում, որ ընդունակ լինի լքել իր սեփական Դոլմաբաղչե պալատը: Ի՜նչ ցուցամոլություն: Հավանաբար այն նրա համար կառուցել է մի հայ ընտանիք: Պալյաննե՞րը, այո՛, կարծում եմ՝ այո՛… Ի՞նչ տարօրինակ և սրտակեղեք է հարաբերությունը մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Հայերի նկատմամբ համակրանք եմ զգում, սակայն վերածվել են պատմական ժամանակավրեպության: Ձեզ այդպես չի՞ թվում: Հիմա, երբ թուրքերը Գերմանիայի բարեկամն են, ի՞նչ պիտի անենք հայերի հետ: Մարշալ ֆոն դեր Գոլցը՝ ապագան հստակորեն կանխագուշակող մի մարդ, ինձ առաջարկում է տեղափոխել նրանց Միջագետք… Գուցե այնտեղ վերստին կարողանային հիմնել իրենց երկիրը: Զիջենք նրանց մի լավ հողատարածք՝ Եփրատի և Տիգրիսի միջև, և նրանք, լինելով ջանասեր, մի քանի տարում կունենան իրենց երազած երկիրը, որովհետև, որքան ինձ հայտնի է, Թուրքիայում նրանց թև տալը կհանգեցնի աղետի: Ի վերջո քաջ գիտակցում ենք, որ Գերմանիան կարիք ունի նոր հողատարածքների, որոնցում կարողանա ընդլայնվել»: