ՍԵՅՅԵԴ ՀՈՍԵՅՆ ԹԱԲԱԹԱԲԱՅԻ
Հայաստանում Իրանի
Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի
կենտրոնի մշակույթի
խորհրդական
Իրանն աշխարհի այն հինավուրց երկրների շարքին է պատկանում, որին կարելի է առանց երկմտանքի գրականության և հատկապես պոեզիայի բնօրրան համարել: Գրքի և գրականության յուրաքանչյուր սիրահարի, անշուշտ, ծանոթ և հարազատ են այնպիսի անուններ, ինչպիսիք են Հաքիմ Օմարր Խայյամը, Աբուլղասեմ Ֆերդուսին, Նեզամի Գյանջավին, Սաադի Շիրազին, քաղցրալեզու Հաֆեզն ու այլք: Աշխարհում դասական գրականության ամենափառավոր ստեղծագործություններից շատերն իրանցի մեծ բանաստեղծների գրչին են պատկանում: Մեծն Ֆերդուսին և նրա հավերժական էպոս, գրական գոհար «Շահնամեն», զբաղեցնելով իր արժանի տեղը համաշխարհային գրական գլուխգործոց հանդիսացող էպոսների կողքին, ի լուր աշխարհի լավագույնս ի ցույց է դնում թշնամու դեմ պայքարում մի հինավուրց ազգի հերոսական պատմության կերտման ամենագեղեցիկ դրվագները: Պարսից խոհափիլիսոփայական գրականության մեկ այլ հանճար Օմար Խայյամն էլ իր հերթին վաղուց վաստակել է աշխարհի ամենախոր և փիլիսոփայական բանաստեղծի տիտղոսը, իսկ Նեզամի Գյանջավին` պարսից և համաշխարհային լիրիկական գրականության ակնառու դեմքերից մեկը, իր սիրային չափածոյի հերոս դարձնելով հայ կնոջը, կերտել է աշխարհի ամենազգացական ու նուրբ գրական չափածո գլուխգործոցներից մեկը: Սաադիի «Գոլեսթանն» ու «Բուսթանն» էլ իրենց հերթին համաշխարհային գրականության՝ կյանքի դաս տվող, բարոյախրատական դաստիարակության և էթիկայի սերտման լավագույն դասագրքերից են համարվում, իսկ մեծն պոետ Հաֆեզը հիրավի վաստակել է համաշխարհային գրականության ամենաառեղծվածային, խորհրդավոր, բազմիմաստ և բազմաշերտ բանաստեղծի տիտղոսը: Խոսելով Իրանի գրականության մեծերի մասին` չենք կարող անտեսել աստվածային սիրո կրակում հոգին մոխրացրած մեծն սուֆի և կրոնափիլիսոփայական մեծ միստիկ Մոլանային և նրա «Մասնավին»:
Վերևում թվարկված բոլոր գրական հանճարներն էլ ամբողջ աշխարհում մեծ ճանաչում և հարգանք վայելող, պարսից դասական գրականության ամենափայլուն դեմքերն են, սակայն չպետք է մոռանալ, որ Իրանի հարուստ գրական ավանդույթներն ու նվաճումները շարունակվում են մինչև մեր օրերը: Պարսից գրականությունը, թևակոխելով նոր ժամանակաշրջան և բախվելով մոդեռնիզմի հետ, 20-րդ դարի առաջին տասնամյակից արդեն իսկ կարողացավ համաշխարհային գրական համայնքին ներկայացնել և՛ պոեզիայում, և՛ արձակում կշիռ և ոճ ունեցող ակնառու գրական նոր դեմքերի, որոնցից շատերը քաջ ծանոթ են հայ գրականասեր հասարակությանը: Պարսից ժամանակակից գրականության այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Նիմա Յուշիջը, Ահմադ Շամլուն, Մեհդի Ախավան Սալեսը, Ֆորուղ Ֆարոխզադը պարսից ժամանակակից պոեզիայի ու բանաստեղծության բնագավառում, իսկ Սադեղ Հեդայաթը, Մոհամմադ Ալի Ջամալզադեն, Սադեղ Չուբաքը ժամանակակից արձակի՝ վեպի և պատմվածքի ասպարեզի ակնառու դեմքերը, շնորհիվ հայ անվանի թարգմանիչների, հայտնի են դարձել հայ գրականասեր հասարակության լայն շրջանակին, իսկ նրանց գրական գոհարները հարստացրել են հայ գրականության գանձարանը:
Սակայն պարսից ժամանակակից գրականությունը չի սահմանափակվում վերևում թվարկված գրական դեմքերով, և այս շրջանի գրականության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ավելի շատ ժամանակ և աշխատություններ են անհրաժեշտ, ուստի, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առիթը պատեհ համարելով, ցանկացա իմ համեստ ներդրումն ունենալ պարսից ժամանակակից գրականության ներկայացման հարցում` հակիրճ ակնարկի տեսքով հայացք ուղղելով հատկապես Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ստեղծված գրականությանը` օգնելով հայ գրականասեր հասարակությանը ընդհանրական պատկերացում կազմել պարսից ժամանակակից պոեզիայի և արձակի մասին: Սակայն, նախքան բուն գրականությանն անդրադառնալը, պետք է նշել, որ Իրանի իսլամական հեղափոխությունը ամենից առաջ մշակութային հեղափոխություն էր: Իրանցիները, որոնք հայտնի են իրենց ավանդույթների և հավատալիքների հանդեպ անսասան հավատով, իբրև բողոքի նշան՝ Պահլավական դինաստիայի իշխանության օրոք ամբողջ երկրով մեկ տարածված արևմտամետության և արևմտյան մոդեռնիզացիայի ալիքի դեմ, ոտքի ելան և Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հաջողեցին տապալել տարածաշրջանի ամենահզոր կառավարական համակարգերից մեկը՝ Պահլավական դինաստիայի վերջին իշխանությունը։ Եվ չնայած նրան, որ այն հովանավորվում էր արևմտյան մեծ տերությունների կողմից, Իրանի ժողովրդին հաջողվեց տոնելով Իսլամական հեղափոխության հաղթանակը՝ Իսլամական Հանրապետության կառավարման համակարգ հաստատել երկրում: Իսլամական հեղափոխության հաղթանակի բերած նոր կառավարման համակարգը հիմնված էր Իրանի ժողովրդի կրոնական համոզմունքների և խոր արմատներ ունեցող ավանդույթների վրա, ինչն իր հերթին ի հայտ բերեց կրոնական և ազգային ինքնության պահպանմանը միտված ազգային ավանդույթների, կրոնական հավատքի և ազգային հոգեկերտվածքի խոր արմատներին ամուր կառչած մշակութային շարժման մի նոր հոսանք, ինչն էլ իր մեծ ազդեցությունն ու հետքը թողեց գրական նոր սերնդի ստեղծագործություններում, 1980-ական թվականներից ի վեր սկիզբ դնելով գրական նոր հոսանքի, որը հիմնված լինելով կրոնական ու ազգային արժեքների վրա և բարոյական ու հոգևոր արժեքների սրբորեն պահպանման կարևորությունը շեշտադրելով հանդերձ, լայնորեն սկսեց կիրառել գրական տեխնիկական լուծումների բոլոր ժամանակակից տենդեցները, ինչն էլ հանգեցրեց ժամանակակից պարսից գրականության տաղանդաշատ բանաստեղծների և գրողների նոր սերնդի գրական դպրոցի կայացմանը: Իսլամական հեղափոխությունից հետո ձևավորված նոր սերնդի գրական դպրոցի ներկայացուցիչները, քաջատեղյակ լինելով Իրանի հարուստ դասական գրականությանը և լայնորեն օգտվելով իրենց մեծանուն գրողների գրական ժառանգությունից, կարողացել են վարպետորեն համադրել հին և նոր գրական ավանդույթները, և հենց այստեղ է, որ Նիմայի բանաստեղծական դպրոցի գրական ավանդույթները եկել են ծառայելու հեղափոխության բարձր արժեքներին, ժողովրդի ազգային և ավանդական համոզմունքներին ու ավանդույթներին և վերածնվել են Ղեյսար Ամինփուրի տեսքով կամ նոր շնչով իրենց արտացոլանքը գտել ժամանակակից կայացած արձակագիրների պատմվածքներում՝ նվիրելով ժամանակակից արձակագիրների այնպիսի ոսկե սերունդ Իրանի գրական համայնքին, ինչպիսիք են Ռեզա Ամիրխանին, Մոհամմադ Ռեզա Բայրամին, Ֆարհադ Հասանզադեն, Ահմադ Դեհղանը, Բելղեյս Սոլեյմանին և այլք: Իսլամական հեղափոխությունից հետո հայտնի դարձած գրողների սերունդը, պոեզիայում և պատմվածքում գրանցած հաջողություններից բացի, փայլել է նաև մանկագրության, թատերագրության, գրաքննադատության ասպարեզում:
Իրան-իրաքյան ութամյա պատերազմի կուտակած փորձը, որն իրանցիների համար անմոռանալի էպոսակերտ սխրագործություններով հագեցած պատմական շրջան է համարվում, չէր կարող իր արտացոլանքը չգտնել հասարակության հայելու՝ գրականության մեջ, ուստի՝ ժամանակակից պատմության հենց այս սխրագործությունները ծնեցին «Հայրենիքի Սուրբ և Նվիրական Պաշտպանություն» խորագիրը կրող պոեզիայի և արձակի գրական նոր ժանրը, որը ժամանակի ընթացքում վերածվեց իրանցի գրողների ամենաներկայացված, ամենահաջող և ստեղծարար գրական հարթակի: Կարծում եմ, «Հայրենիքի Սուրբ և Նվիրական Պաշտպանություն» ժանրն առավել ընկալելի և հոգեհարազատ պետք է լինի հենց հայերի՛ համար, քանի որ հայ ազգն իր պատմության ողջ ընթացքում ականատես է եղել բռնությամբ և անարդարությամբ հագեցած բազում ցավոտ տեսարանների և քաջատեղյակ է թշնամու դեմ պայքարի ու դիմակայման նվիրական գաղափարին:
Իրանցի ժամանակակից գրողները թեև դասական բանաստեղծների նման համաշխարհային ճանաչման չեն հասել և համաշխարհային գրքի և հրատարակության աղմկոտ շուկայում իրենց արժանի տեղը չեն զբաղեցրել, սակայն, այս ամենով հանդերձ, շնորհիվ հինավուրց ավանդույթների և ինքնատիպ մշակութային արժեքների վրա խարսխված ստեղծարար մտքի` աստիճանաբար թարգմանվում և ներկայացվում են գրի և գրականության ժամանակակից աշխարհում: Ժամանակի ընթացքում տարբեր լեզուներով սկսեցին թարգմանվել այնպիսի դեմքերի ստեղծագործությունները, ինչպիսիք են Գարուս Աբդուլմալեքյանն ու Շամս Լանգյարուդին պոեզիայում և Զոյա Փիրզադը, Ֆարիբա Վաֆին, Ֆարհադ Հասանզադեն, Ռեզա Ամիրխանին, Հաբիբ Ահմադզադեն, Ահմադ Դեհղանը, Մոհամմադ Ռեզա Յուսեֆին և Մոհամմադ Ռեզա Բայրամին արձակում, իսկ ահա մանկագրության բնագավառում իրանցի մի քանի գրողներ նույնիսկ արժանացել են միջազգային մի շարք մրցանակների, այդ թվում՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան հեղինակավոր մրցանակին:
Հայ ընթերցողների համար գուցե հետաքրքիր կլինի իմանալ, որ Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի ամենավաճառվող գրողներից մեկն ազգությամբ հայ Զոյա Փիրզադն է, որի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործությունը «Լույսերը ես կանջատեմ» պատմվածքն է, որն Իրանի վերահրատարակված գրական ստեղծագործությունների ամենամեծ ռեկորդակիրն է և վերահրատարակվել է ավելի քան հարյուր անգամ:
Հայ ընթերցասեր հասարակությունն արժանի է պարսից ժամանակակից գրական ստեղծագործությունները ճանաչելու ավելի լավ հնարավորություն ունենալ: Բարձր գնահատելով հանդերձ Էդուարդ Հախվերդյանի, Գևորգ Ասատրյանի, Էմմա Բեգիջանյանի, Աշխեն Մակարյանի, Արեգ Բագրատյանի նման հայ թարգմանիչների ջանքերը պարսից ժամանակակից արժեքավոր գրական գործերի թարգմանության և դրանք հայ հասարակությանը ներկայացնելու հարցում, պետք է անկեղծորեն խոստովանենք, որ այնուամենայնիվ, ինչպես հարկն է, պարսից ժամանակակից գրականությունը հայերեն չի թարգմանվել, և քանի որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը այս բացի լրացումը իր կարևորագույն պարտականությունն է համարում, ուստի՝ մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել պարսից ժամանակակից գրականության և հատկապես Իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված գրական գործերի թարգմանչական շարժմանը Հայաստանում աջակցելու համար, և ուրախ ենք հայ գրքասեր հասարակությանը հայտնել այն ավետիսը, որ մոտ ապագայում հայերեն կթարգմանվի և կհրատարակվի «Հայրենիքի Սուրբ և Նվիրական Պաշտպանություն» խորագիրը կրող գրական ժանրի պատմվածքների ժողովածուն:
Անկասկած, ցանկացած երկրի գրականությունը այդ երկրի մշակույթի, քաղաքակրթության, արվեստի և ազգային ինքնության ամենազուլալ, պարզ և առանց ավելորդ պչրանքի հայելին է: Ե՛վ մենք՝ իրանցիներս, և՛ դուք՝ հայերդ, որպես հարուստ քաղաքակրթություն, մշակույթ, արվեստ և գրականություն ունեցող երկու հինավուրց ժողովուրդների ժառանգներ, մեզ բաժին հասած գրական հարուստ ժառանգության և մշակույթի մասին փոխադարձ ավելի խոր պատկերացում ունենալու համար կարիք ունենք և պարտավոր ենք երկուստեք զարկ տալ թարգմանչական գրականությանը, և այս փայլուն նպատակին հասնելու ճանապարհին ամենաարժեքավոր գործոնը հայ գրական համախոհների մեծ համայնքի զորակցությունն ու ընկերակցությունն է, իսկ ամենակարևոր միջոցն ու գործիքակազմը` հայ կարող և աշխատասեր թարգմանիչների համայնքը:
Թարգմանեց
Արմինա ՍԱՐԳՍՅԱՆԸ