Հանդիսություն` լցված Մետաքսեի սիրով

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` նվիրված անվանի բանաստեղծուհի Մետաքսեի ծննդյան 90-ամյակին: Հանդիսության կազմակերպմանն աջակցել էին ՀՀ մշակույթի նախարարությունը, Գրողների միությունը, «Տիգրան Մեծ» հրատարակչատունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Հանդիսությունը վարող Գայանե Սամվելյանն ընթերցեց Մետաքսեի ստեղծագործություններից, ներկայացրեց բանաստեղծուհու մասին հայ և օտարերկրյա անվանի գրողների գնահատանքի խոսքերն ու նշեց նրա բազմաթիվ պարգևներից մի քանիսը: ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը հանդիսատեսի հետ կիսեց իր հուշերն ու մտորումները: Այնուհետև բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստ. գործիչ Սամվել Մուրադյանը ներկայացրեց Մետաքսեի գրական ծանրակշիռ վաստակը` կարևորելով բանաստեղծուհու ստեղծագործությունների դերն ու նշանակությունը համամարդկային փոխհարաբերություններում և արդի պոեզիայի աշխարհում: Ելույթ ունեցան նաև Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստ. գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ վաստ. գործիչ Կարո Վարդանյանը, բանաստեղծուհու ծննդավայրի՝ Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, Հայոց աշխարհազորայինների հրամանատարական խորհրդի և «Գոյամարտ» ՀԲՄ նախագահ Սերժ Ղազարյանը: Նրանց ելույթներում ոգեկոչվեց բանաստեղծուհի, մտավորական, հայրենասեր Մետաքսեն, նշվեց Սպիտակի երկրաշարժի, Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին ազատամարտիկների ու ռազմաճակատի համար նրա ծավալած համաժողովրդական բնույթ ունեցող գործունեությունը:
Այնուհետև Սերժ Ղազարյանը Մետաքսեի դստերը` բանաստեղծուհի Լիլիթին, պարգևատրեց պատվոգրով` երիտասարդությանը ազգային արժանապատվությամբ ապրելու և նրանց ռազմահայրենասիրությամբ կրթելու, ինչպես նաև մոր` բանաստեղծուհի Մետաքսեի նախագահությամբ ՀԳՄ-ում ստեղծած «Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբում» 1991-94 թթ. ազգապաշտպան աշխատանքների իրականացմամբ Արցախյան հերոսամարտին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Մետաքսեի բանաստեղծություններից ներկայացրին ՀՀ վաստ. արտիստ Սիլվա Յուզբաշյանն ու դերասան Ամիրան Գալստյանը: Արևշատ գյուղի դպրոցի աշակերտուհիներ Անգին Խաչատրյանը, Արաքսյա Խաչատրյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լուսինե Ոսկանյանը արտասանեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից:
Հնչեցին Մետաքսեի խոսքերով գրված երգեր Էմմա Պետրոսյանի կատարմամբ` «Կռունկներ» և «Ամեն մի կին»: ՀՀ վաստ. արտիստ Արամոն կատարեց «Երանի» երգը: «Նոր տարվա գիշեր» երգով (երաժշտությունը` Հռիփսիմե Խրիմյանի) բեմ բարձրացավ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի «Ալիքներ» վոկալ-էստրադային խումբը (ղեկավար` Մարինա Գրիգորյան): Ներկաներն ունկնդրեցին Հ. Խրիմյանի (երաժշտության հեղինակ) «Կարոտս առնեմ» (խոսք` Մետաքսեի) երգը՝ «Ծիծեռնակ» պարային համույթի ուղեկցությամբ (ղեկավար` Մարինե Սահրադյան):
Պարային կատարումներով հանդես եկան Հայաստանի պարի պետական (երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ վաստ. արտիստ Ասատուր Կարապետյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան) և «Նկարագիր» (ղեկավար` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյան) համույթները:
Վերջում շնորհակալական խոսքով և Մետաքսեի մասին բովանդակալից և հուզիչ ելույթով հանդես եկավ նրա դուստրը` բանաստեղծուհի, «Ավետիք Իսահակյանի» անվան մրցանակի դափնեկիր Լիլիթը:
Հանդիսությանը ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, երգիչ Մուրադ Մալխասյանը, Արևշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանը, Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցի ուսուցիչները և բանաստեղծուհու պոեզիայի բազմաթիվ երկրպագուներ:

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։