Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ վարչության հերթական լիանիստը՝ նվիրված գրահրատարակչական խնդիրներին:
Բացելով նիստը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ վերջին շրջանում ինչպես տպագիր մամուլում, այնպես էլ էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ տարբեր կայքերում, ֆեյսբուքի էջերում և այլն, ակտիվացել են խոսակ- ցություններն ու քննարկումները ազգային գրականության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ պետության կողմից դրսևորվող վերաբերմունքի, աջակցության ձևերի շուրջ: Այդ ամենի հիմքը գրականությանը պետական աջակցության ներկայումս գործող համակարգից հրաժար- վելու և աջակցության նոր եղանակների ներդրման մասին նաև ՀՀ Մշակույթի նախարարության կողմից հնչող տեսակետն է, որը, բնականաբար, արդեն գործնական հետևանքներ կարող է ունենալ: Ամենատարբեր հարթակներում վիճահարույց այդ հարցի մասին արդեն իսկ իրենց՝ հաճախ իրարամերժ, կարծիքներն են հայտնել գրողներ, հրատարակիչներ, մշակույթի գործիչներ: ՀԳՄ նախագահը հիշեցրեց, որ ժամանակակից գրականությունը պետական պատվերի ծրագրում հայտնվել է 2001 թվականից, հետագայում ներդրվել է պետական աջակցությունը: «Տարօրինակ է, որ հենց գրողներից մեկ-երկուսը այսօր այդ ծրագիրը համարում են պետական միջոցների փոշիացում: Իբր, անցած տարիներին այդ ճանապարհով հրատարակվել է ոչ միայն արժեքավոր գրականություն: Մինչդեռ կարող եմ վկայել, որ պետպատվերով կամ աջակցությամբ հրատարակվող գրականության ընտրության Հանձնա- ժողովի անդամներ են եղել ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, գրականության ինստիտուտի տնօրեններ, Վազգեն Գաբրիելյանը և ուրիշ անվանի գիտնականներ և գրականագետներ»,- տեղեկացրեց ՀԳՄ նախագահը: Նրա կարծիքով` այդ ամենը փոշիացում համարել, նշանակում է դեմ գնալ արդարությանն ու ճշմարտությանը, մանավանդ որ աջակցությամբ հրատարակված ժամանակակից գրականության 20 տոկոսն է մնացել պետական կարիքների համար, որը բաշխվել է մարզերի, բանակի զորամասերի գրադարաններին: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ վերջին ամիսներին հիշյալ խնդրի շուրջ մի շարք հանդիպումներ, բանակցություններ են ունեցել շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև պետական մարմինների ներկայացուցիչների, ղեկավարների հետ: Առաջարկություններից մեկը, որը փորձարկվում է նաև Ռուսաստանում, հետևյալն է` հեղինակը հրատարակում է իր գիրքը, ապա ներկայացնում պետական աջակցության: Սակայն ռուս գրողների հետ ունեցած զրույցների ընթացքում ՀԳՄ նախագահը համոզվել է, որ նրանք էլ են դժգոհ այս ձևից: Ռուսաստանում ևս զգացել են, որ գրական դաշտն այդպիսով հայտնվում է վերանալու վտանգի տակ, վտանգվում է նաև լեզուն՝ ռուսերենը, որն իր բարձրակետին է հասնում գեղարվեստական գրականության մեջ: Զգալով այս վտանգը` Ռուսաստանի կառավարությունն անցյալ տարի, երբ գրականության տարի էր հայտարարվել, որոշել է աջակցել գրական մամուլին, ամսագրերին:
«Մեզանում պետությունն աջակցում է թատրոններին, կինոյին, երաժշտությունը նույնպես անմասն չի մնում: Ինչ վերաբերում է գրականությանը, առաջարկվում է աջակցությունն իրականացնել այսպես՝ տպագրված գրքերը նախարարությունը գնի, գրադարանները գնեն: Բայց, կարծում եմ, նման մոտեցման դեպքում հաշվի չի առնվում հրատարակչական գործի իրական վիճակը այսօրվա Հայաստանում, երբ ընդամենը մեկ-երկու հրատարակիչներ, որ ունեն տպարան, կարող են իրենց թույլ տալ հրատարակել գրքեր, վաճառել, իսկ մնացած 30-40 հրատարակչությունները, որոնք տարբեր տիպի գրականություն են հրատարակում, վտանգվելու են»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը: Ապա վստահաբար շարունակեց, որ 15 տարվա ընթացքում, եթե Հայաստանում մի դաշտ է գոյացել, որտեղ չկա մենաշնորհ, մեկի գերիշխանություն, և բոլորն էլ եղել են հավասար մասնակիցներ, հենց հրատարակչա- կան դաշտն է: Չի եղել որևէ լավ գիրք, որ ներկայացվի և չհրատարակվի: Ովքեր հակառակն են պնդում, թող բարի լինեն խոսել փաստերի լեզվով: «Ես հասկանում եմ, որ այն, ինչ առաջարկվում է, չի նշանակում հրաժարում պետական աջակցությունից: Պարզապես աջակցության գործող ծրագիրը դուրս է դրվում, դրա փոխարեն նոր ձևեր են առաջարկվում: Բայց այդ ձևերի վերաբերյալ շրջանառվում են տարբեր կարծիքներ, և խնդիրն այն է, թե այդ նորությունը որքանով է արդյունավետ, որքանով կարող է նպաստել մեր գրակա- նության ու լեզվի հետագա զարգացմանը, ինչը մեր ազգային հիմքերի ամրապնդման ամենակարևոր կռվաններից է»,- իր խոսքն ամփոփելով ասաց Էդ. Միլիտոնյանը:
Այնուհետև ՀԳՄ նախագահն առաջարկեց ներկաներին արտահայտվել և իրենց կարծիքներն ու տեսակետները հայտնել քննարկվող հարցի վերաբերյալ:
Արձակագիր Սուսաննա Հարությունյանն իր խոսքում նշեց, որ պետաջակցության մասին խոսակցությունների արդյուն- քում ակնհայտ է դառնում, թե ինչքան բացեր կան գրող-հասարակություն հարաբերություններում, որոնք էլ ստիպում են մտածել գրողի պաշտպանվածության մասին: Այդ առիթով նա մի քանի առաջարկություն արեց: Մասնավորապես`
1. Եթե ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես խոսվում է, փոքր հրատարակչությունները արանքից դուրս են գալիս: Մնում են խոշորները՝ «Զանգակը», «Էդիթ պրինտը», «Անտարեսը», որ ժամանակակից գրականություն են հրատարակում: Եթե այլ երկրներում գործակալը, հրատարակիչը, գրականագետը, գրախանութը, մրցութային հանձնաժողովը տարբեր մարդ- կանցից ու հիմնարկներից են բաղկացած, մեզ մոտ բոլորը ընդգրկված են մեկ կառույցում: Օրինակ «Անտարեսը», թեև մնացած տեղերում էլ չնչին տարբերությամբ պատկերը նույնն է: «Անտարես» գրական գործակալությունը գիրքն առաջարկում է «Անտարես» հրատարակչությանը, որն ինքն իրենից գնում է տվյալ հեղինակին, գիրքը պատվիրում է իր տպարանին, արտադրանքը ուղարկում է իր գրախանութ, գրաքննադատը, որ դարձյալ ինքն է (Ա. Նիկողոսյան), գիրքը ներկայացնում է հանրությանը, ապա այն ներկայացվում է պետական մրցանակի, որտեղ դարձյալ իրենք են (Ա. Նիկողոսյան):
Եթե փոխվի պետական մրցանակ շնորհող հանձնաժողովի կազմը կամ մեկ այլ շտրիխ, ծանրության կենտրոնը կտեղափոխվի «Զանգակի» կամ «Էդիթ պրինտի» կողմը, և կունենանք դարձյալ նույն պատկերը: Սա մոտավորապես այն է, իհարկե, անհամեմատ փոքր մասշտաբով, երբ ասում ենք՝ գործարարը Ազգային ժողովում ի՞նչ գործ ունի՝ որ հավանությո՞ւն տա իր իսկ ծրագրին և որպես պետություն ֆինանսավորի իր իսկ ծրագի՞րը: Ի՞նչ գործ ունի հրատարակչության աշխատակիցը համահայկական նշանակության մրցութային հանձնաժողովում՝ որ մրցանակ տա իր հրատարակած գրքի՞ն: Թեև մենք չենք այդ հանձնաժողովները կազմում, բայց կարող ենք առաջարկել՝ ունենալ մշակված հայեցակարգ համահայկա- կան նշանակության մրցույթների հանձնաժողովների մասին: Ես մի անգամ գրել եմ, որ այդ մրցանակները շնորհելը նույնքան պատվաբեր է, որքան ստանալը, և հանձնաժողովի անդամներին պետք է ընտրել ինչ-ինչ չափանիշներից ելնելով՝ ըստ վաստակի, ըստ գիտական աշխատությունների թվի, ըստ ժամանակակից գրականության մեջ ունեցած վաստակի, ըստ գիտական-մանկավարժական գործունեության և այլն: Հայեցակարգում պետք է նաև հստակ նշել տվյալ հանձնաժողովի գործունեության ժամկետը՝ երեք, հինգ, յոթ տարի և այլն:
2. Կրթության նախարարությունն ունի դպրոցներում պարտադիր ընթերցանության ցանկ, որով առաջնորդվում են ուսուցիչները, և որտեղ ընդգրկված է մեկ-երկու ժամանակակից գրող: Ս. Հարությունյանի կարծիքով անհրաժեշտ է Կրթության նախարությանն առաջարկել հստակեցնել՝ ովքե՞ր են կազմում այդ ցանկը, ի՞նչ չափանիշներից ելնելով, ինչո՞ւ են ժամանակակից գրողները ներկայացված մեկ-երկու անունով, ինչո՞վ են այդ հեղինակները կրթա-դաստիարակչական տեսակետից առավել, քան մնացածները և այլն: Կարելի է նաև գրողական համայնքի ներկայացուցիչ ունենալ այդ հանձնաժողովում: Նույնը կարելի է ասել տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված գրողների մասին՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում…
3. Աշխարհի շատ երկրներում գրողի կոչումը հավասարեցված է ակադեմիկոսի կոչմանը: Այսօր ակադեմիկոսը թոշակ ստանում է, ժողովրդական կոչում ունեցող արվեստի վարպետները ստանում են, իսկ գրողները՝ ոչ: Ըստ արձակագրի` ժամանակն է առաջարկել Մշակույթի նախարարությանը գրողների համար ևս հիմնելու ժողովրդական գրող կոչումը, որպեսզի մշակութային այս ֆոնի վրա գրողի գործունեությունը չնվաստացվի:
4. Այս տարի հանվեց հանրային ռադիոյի գրական հաղորդաշարը, որը գործում էր տասը տարուց ավելի: Հիմա պարզ չի՝ ո՞վ է վարում, ո՞ւմ է ներկայացնում և ինչո՞ւ: Պետք է պայքարել և վերականգնել ռադիոհաղորդումը՝ գոնե ռադիոյով ժամանակակից գրողին պրոպագանդելու համար` պարտադիր պայման համարելով, որ հաղորդումը վարողը լինի գրական միջավայրի մարդ:
5. Մինչև ստեղծվի գրաշուկա, գովազդային միջոցներ և այլն, կանցնի մի քանի տարի: Իսկ այդ ընթացքում գրողները գրելու են, չեն սպասելու գրաշուկայի ձևավորմանը: Առաջարկում եմ նվազեցնել գրքերի տպաքանակները, եթե երկիրը ունի ֆինանսական դժվարություններ, մասնավորապես` գրքին հատկացնի 100-150 տպաքանակի գումար, եթե լավ կվաճառվի, մնացած մասը (ինչքան որ կուզի), կարող է հրատարակել հրատարակիչը:
Բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Կոսյանն իր ելույթում անդրադարձավ գրաշուկայում տիրող վիճակին. «Այսօր մենք ունե՞նք այդ գրաշուկան, որ հրատարակիչը ռիսկի գնա, գրքեր տպագրի, հետո ներկայացնի պետական աջակցության, կա՛մ կլինի, կա՛մ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Մենք շատ փոքր գրաշուկա ունենք, որ մտածենք, թե որևէ հրատարակիչ կարող է իր գրքով բիզնես անել: Դա բացառված բան է»: Նրա կարծիքով` նման առաջարկություն անելով, փորձում են բարձրացնել հրատարակչի պատասխանատվությունը՝ այն առումով, որ եթե տպագրում է գիրքը և ներկայացնում պետաջակցության, պիտի պատրաստ լինի նաև այդ գրքի ճակատագիրը մինչև վերջ տնօրինելու: Բայց թե որքանո՞վ է դա արդյունավետ այսօրվա պայմաններում. դա է խնդիրը:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանի համար ևս ամենակարևորը շուկայի ձևավորման խնդիրն է: «Եթե ասում են, թե գրքերը փտում են պահեստներում, նշանակում է, որ շուկան լավ չի աշխատել: Շուկա չկա, այդ ձևը լավ չի մշակվել»,-ասաց նա և առաջարկեց ստեղծել գրականությունը գնահատող հանձնախումբ, որը պիտի լինի հենց Գրողների միությունում, որովհետև ԳՄ-ում են այն բոլոր մարդիկ, ովքեր քիչ թե շատ ծանոթ են ժամանակակից գրականությանը, ովքեր իսկապես ճաշակ ունեն, սիրում և զբաղվում են գրականությամբ: Եվ այդ հանձնախումբը պիտի այնքան որակյալ լինի, որ նրա հետ հաշվի նստեն: Ա. Հովհաննիսյանի կարծիքով նախ և առաջ պետք է մտածել, թե ինչ գիրք է հրատարակվում: Նա կարևորեց նաև գովազդի հարցը, քանի որ այսօր միայն գրականությունն է, որ երևալու ոչ մի տեղ չունի: Արձակագիրը առանձնացրեց հետևյալ քայլերը` առաջին` հանձնախումբ, որը պիտի ճիշտ ընտրի տպագրվող գրականությունը, երկրորդը` գովազդ, երրորդը` շուկա: «Հրատարակիչն իր շուկան թող ինքը ձևավորի: Բայց այն, որ հրատարակիչը ձևավորի գրական մթնոլորտը և իր հայեցողությամբ տպագրի այս կամ այն գիրքը, իմ կարծիքով, սխալ է»,- եզրակացրեց Ա. Հովհաննիսյանը:
Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը շեշտադրեց գրականության միջոցով հայոց լեզվի պաշտպանության խնդիրը: «Պետության առջև պետք է հարց դնենք` արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը այս մի բուռ գրողների միջոցով հայոց լեզուն պաշտպանելու գործառույթը իր վրա վերցնելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց Ա. Վարդանյանը` հավաստիացնելով, որ անպաշտպան է մնում քիչ թե շատ կայացած գրողը: Նրա հավաստմամբ` ամենակարևոր գովազդը հեռուստատեսությունն է, ինչը գրողի համար օտարված է: Այն, ինչը պետությունը պետք է աներ՝ հայ գրողին գովազդեր, հայոց լեզուն և հայ մշակույթը պաշտպաներ, աջակցության ծրագիրը վերացնելով, հիմքից կտրվում է` կրճատելով հայոց լեզվի կյանքը£ «Եթե ժամանակակից գրողը չգրի ու չտպագրվի, հայ խոսքն ինչպե՞ս է գոյատևելու: Պարտադիր չէ արդեն կայացած համակարգը ոչնչացնել և ուրիշ երկրների օրինակները վերցնել, այն դեպքում, երբ այդ երկրներում էլ են դժգոհ իրենց տարբերակներից»,- եզրափակեց Ա. Վարդանյանը:
Արձակագիր, հրատարակիչ Վան Արյանը ևս պաշտպանեց այն տեսակետը, որ պետությունը պարտավոր է միջոցներ հատկացնել մշակույթին, գրականությանը, որը լեզվի պահպանման միջոցն է: «Այսինքն՝ մեր ազգի պահպանմանը գումար չպիտի՞ հատկացնի»,- հռետորական հարց ուղղեց նա: Բացի այդ, նրա համոզմամբ, կրթության և մշակույթի բնագավառում բիզնեսը պետք է բացառել, այլապես հրաժեշտ կտանք հայոց լեզվին էլ, հայ գրականությանն էլ, հայ մշակույթին էլ:
Բանաստեղծ Վահան Անդրեասյանի կարծիքով ժամանակակից մեր գրականությունը շատ բարձր դիրքերում է: «Ո՞վ է լավ ու վատի չափանիշ դնում»,- հարց ուղղեց նա` ավելացնելով, որ պետական այրերը պիտի հասկանան` չի կարելի պատժել գրականությանը, չի կարելի զրկել գրողներին տպագրվելու հնարավորությունից, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի մշակույթի վրա:
Ըստ բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի` անկախությունից հետո Հայաստանում ստեղծված հասարակական կարգերը, շուկայական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կարող են ստեղծել գրականության համար, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի: Դրա համար հարկավոր է այսօր եղածը պահել: Ցանկացած երկրի, պետության ամենամեծ կապիտալը, ամենամեծ արժեքը մշակույթն է: «Գրողների միության հեղինակությունն ավելի կբարձրանա, եթե ոչ միայն խնդրող լինենք, այլև պահանջող, որովհետև մենք իսկապես բարձր մշակույթ ու գրականություն ունեցող ժողովրդի միությունն ենք, և այս միության շահերի հետ խաղալը պատիվ չի բերում իշխանություններին»,- նշեց Ա. Ավագյանը: Ապա առաջարկեց դիմել Հանրային հեռուստատեսությանը՝ այնպիսի հաղորդաշար սկսելու, որտեղ հանդես կգան հայ ժամանակակից գրողները և կասեն իրենց խոսքը, իրենց առաջարկությունները, քանի որ այսօր բանաստեղ- ծական խոսքը վտարված է հեռուստատեսությունից:
Արձակագիր Վահագն Մուղնեցյանը նույնպես առաջարկեց պահանջել, որ գրողներին համապատասխան ամբիոն տրամադրվի, որպեսզի իրենց հետաքրքրող հարցերն ու հիմնախնդիրները, առաջարկները ներկայացվեն հրապարա- կայնորեն, նաև Մշակույթի նախարարի ներկայությամբ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ քննվող խնդիրը ծագել է մեր երկրի անկախացումից հետո, հասարակական նոր հարաբերությունների հաստատման հետ միասին, որը համահունչ է աշխարհի երկրների մեծ մասում տիրող իրավիճակին: Բայց եթե ամբողջ աշխարհում, մասնավորապես, մշակույթի, գրականության պահպանման, զարգացման նկատմամբ դարերով ձևավորված ըմբռնումներ, ձևեր ու միջոցներ կան և որոշակի մթնոլորտ ու միջավայր է ստեղծված, ապա Հայաստանում այդ ամենը նոր-նոր է սկսում ձևավորվել: Այն խնդիրները, որ բարձրացվեցին այստեղ, ի վերջո, ածանցյալ են այն գլխավոր հարցից, թե այսօրվա շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունը պե՞տք է արդյոք իր սուղ միջոցներից գումարներ հատկացնի մշակույթին, գրականությանը աջակցելու համար: Ինչպես արդեն նշվեց, 2001 թվականից պետությունն ինչ-որ չափով իր վրա վերցրեց գրականության, մշակույթի հրատարակման, տարածման խնդիրները: Այսօր, սակայն, ծառացել է հարց, թե պե՞տք է, արդյոք, այդ գործող մեխանիզմը շարունակել: «Կարծում եմ, բիզնեսը՝ գործարարությունը այս ոլորտում վերաբերում է գրավաճառությանը, գրքի առևտրին, տարածմանը, բայց մշակույթի, գրականության նկատմամբ աջակցությունը հիմնականում վերաբերում է այդ մշակույթը ստեղծելուն, իսկ ստեղծում են գրողները: Բոլորս ենք հասկանում, որ պետության միջոցներն այսօր բավարար չեն, բայց հիշենք, որ թե՛ Առաջին և թե՛ Երկրորդ Հանրապետությունների ստեղծման առաջին շատ ավելի ծանր տարիներին, քայքայված տնտեսության վերականգնման հետ միասին, նաև մշակույթը, կրթությունը, գրականությունն ու արվեստն էին պետության ուշադրության կենտրոնում: Վերջապես, հիշենք մեծն Թումանյանի կոչի պես հնչող խոսքը, որը, կարծում եմ, ուղենշային պետք է լինի նաև մեզ համար՝ «Եթե գրականությունը ձեզ է պետք և գրողն էլ գրականությանը – համեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասին – ոչ թե ողորմություն խնդրենք»: Եվ ապա՝ «Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն,
/…/ այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, վաղուց ասված է, կնշանակի ստեղծել»: «Ահա թե ինչու, առաջարկում եմ մեր դիրքորոշումը ձևակերպել հետևյալ կերպ՝ գրողները դեմ չեն մշակույթին, գրականությանը պետական աջակցության նոր ձևերի որոնմանն ու ներդրմանը, սակայն այսօր՝ մեր համոզմամբ, դեռևս ժամանակավրեպ է մինչև այժմ եղած համակարգը փոխելը: Հրատարակչությունների, գրողների մեծամասնությունը չունի միջոցներ, որ գրքեր հրատարակի՝ հետագա աջակցության ակնկալիքով: Հետևապես, այս խնդիրների իրականացումը պետք է թողնել այն ժամանակներին, երբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հնարավորություն կտա անցնելու նոր համակարգի: Իսկ նախկին համակարգը գործել է, գործում է, չնայած որոշ դժգոհություններ միշտ էլ եղել են, բայց բավարար է եղել մեր մշակույթը անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար»,- ասաց Պ. Դեմիրճյանը:
Եզրափակելով` ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ պետական աջակցությունը կարևոր է նաև այն պատճառով, որ մեզանում դեռևս չկան պայմաններ ու կառույցներ, ինչպես տարբեր երկրներում գործող՝ մշակույթի զարգացմանն օժանդակող հիմնադրամներն են, օրենքը մեկենասության մասին: «Բնական է, որ այս պայմաններում պետությունը մի ձև պիտի գտնի, եթե աջակցության գործող համակարգը համարվում է թերի: Մենք ևս պատրաստ ենք կրելու մեր բաժին բեռը»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ մեր հույսը միայն պետական աջակցությունը չէ: Մասնավորապես` Հայաստանի գրողների միությունը բազմաթիվ միջոցառումներ (փոխադարձ թարգմանական ժողովածուներ, մանկապատանեկան գրականություն, գրական էջեր «Լիտերատուրնայա գազետա»ում, բելառուսական, սերբական, վրացական, ուկրաինական, լեհական, պարսկական և այլ երկրների գրական մամուլի օրգաններում ու ժողովա- ծուներում) է իրականացնում նաև ոչ պետական միջոցներով: Էդ. Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ անցյալ տարի Քեսաբի, այս տարի Հալեպի իրադարձությունները նկատի ունենալով, գրական մարաթոն չի կազմակերպվել, և հույս հայտնեց, որ եկող գարնանը կիրականացնեն հերթական մարաթոնն ու նյութական լրացուցիչ հնարավորություններ կունենան: Նա նաև իրազեկեց, որ պաշտոնապես դիմել են նաև ՀՀ մշակույթի նախարարությանը՝ 2017-ը Գրականության տարի հայտարարելու առաջարկով, ընդ որում՝ նշելով, որ առաջարկված միջոցառումները կարող են տեղավորվել մշակույթի ու գրականության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերի սահմաններում` մեծապես նպաստելով գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը, գրքի, ընթերցանության, հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքի բարելավմանը:
Քննարկմանն արվեցին նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, այդ ամենը ամփոփելուց հետո կներկայացվեն պատկան մարմիններին:
ԳՆԱՀԱՏԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ՝ ԿՆՇԱՆԱԿԻ ՍՏԵՂԾԵԼ / Շաքե ԵՐԻՑՅԱՆ
