Երբեք չդավաճանելով ինքն իրեն

Հոկտեմբերի 5-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի «Արդար ճանապարհ» և «Տառապանքի լույսը» գրքերի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Լիպարիտ Սարգսյանի մարդկային էությունը համարելով իսկապես արդար մարդու, արդար տեսակի գոյության առհավատչյա, որն արտահայտվում է նրա գրվածքներում, նշեց, որ իրար հետ մեկ տարի աշխատելով «Պիոներ» ամսագրում, ի մոտո ճանաչել է Լ. Սարգսյանին և՛ որպես աշխատակից, և՛ որպես ընկեր, և՛ որպես գրող: Անդրադառնալով նրա ստեղծագործություններին` Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ նա խոստովանանքային տիպի բանաստեղծ է, իր կյանքը, էությունը խոստովանքի պես ներկայացնում է ընթերցողին:
Ըստ բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանի` Լ. Սարգսյանի բանաստեղծությունները նման են Լոռվա սարերից բխող աղբյուրի մաքուր, զուլալ ջրին: «Նրա հաջողությունը, պոեզիայի գեղարվեստական արժանիքը պայմանավորված են այն փաստով, որ երբեք չդավաճանեց ինքն իրեն, դասական ավանդներին: Նրա ստեղծագործություններում իշխում է զգացմունքը, անկեղծությունը, կոնկրետ ասելիքը»,- վստահեցրեց Ս. Մուրադյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ, «Արդար ճանապարհ» գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ Լևոն Բլբուլյանի հավաստմամբ` գրողի հրատարակած գրքերից համոզվում ենք, որ տարիներ շարունակ նա գրական ասպարեզում պարապուրդներ չի ունեցել, մշտապես հանդես է եկել և՛ արձակ, և՛ մանկական գործերով` աստիճանաբար իր հաստատուն տեղը նվաճելով գրական ընտանիքում: «Նրա` խոհականությամբ գրավող, արտաքուստ պարզ, տողերը հաճախ են մղում մտորելու այս աշխարհի ու կյանքի հետ հարաբերությունները ճշտելու, օգնում ինքդ քեզ ճանաչել ու բացահայտել»,- ասաց նա:
Լ. Սարգսյանի «Արդար ճանապարհ» ժողովածուն հավատարմության ևս մի վկայագիր է մարդու, երկրի ճակատագրի հանդեպ` ցավի, տագնապի, հուսո, հավատի ազնվագույն զգացումներով: Իսկ «Տառապանքի լույսը» գրքում վերստին ապացուցվում է մեր գրականության ճշմարտացի գնահատող քննադատի քո անուրանալի շնորհը»,- ասաց գրականագետ, բան. գիտ. դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը և հավելեց, որ նրա ստեղծագործությունները արիության, սիրո, նվիրումի, աշխարհի ու մարդու արտապատկերն են:
Ելույթ ունեցան նաև հեռուստալրագրող, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գառնիկ Շախկյանը, նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Լիպարիտ Սարգսյանը և կարդաց իր քառյակներից: Գրողի բանաստեղծություններից ներկայացրին Գայանե Սամվելյանը, թիվ 135 դպրոցի սաները:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն