Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ սերն ու հարգանքը Հայոց սահմանների պահպանության դիրքերում աչալրջորեն ու հաստատուն կանգնած Հայորդիների հանդեպ:
Հիրավի վեհ ու բարձրագույն է հայ զինվորի կոչումը: Նվիրյալ անձինք, որոնց կարիքն ունեցել ենք մշտապես և անհրաժեշտաբար:
Հայոց բնօրրանում իրենց երկիրը պահելու և չծնկած ապրելու պատգամը զավակներին փոխանցող առաջինները Թորգոմյան տան հայերն էին: Բոցաշունչ ելավ հայկական կտակը անցյալի խորքերից, անցավ դարերի հողմերի միջով` դառնալով ուղեկիցը դեպի հավիտենություն գնացող հայության երթի: Այդ երթը շքեղորեն պատկերացնող հայորդին, որ հայոց ոգեղեն աշխարհներում էր փնտրում գոյության գրավականը, զինվոր դարձավ: Հետո` զորավար, սպարապետ: Եվ հնչեց նրա ասելիքը իբրև Թորգոմյան տան շարունակվող պատգամականչ, թե` «…Արթնացե՛ք, ապավինե՛ք ձեր ուժին ու արժանապատվությանը, Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է»:
Արթնացան երկիրը պահողները, ովքեր արժանի զավակներն էին նրանց, ում քաջության սահմանը զենքի մեջ էր, նրանց ոգին առաջ էր թռչում մարմնից, և կրակադաշտերը վեր էին ածվում Հայոց ոգեղենությունը կարծրաբար կռող քուրաների: Այդ քուրաների մեջ իրենց մարմինն անվերադարձ լքող հոգիներ եղան, որոնց առջև գլուխ խոնարհելու ժամանակը սահմաններ չի ճանաչում:
Հայոց լուսավոր ապագային ընդառաջ տանող ճանապարհն այսօր էլ անպայմանորեն անցնում է գլուխը վեր, ճակատը` բաց, և հաստատորեն կանգնած հայ քաջորդիների շարքերի միջով: Այն շարքերի, որոնք էլ պատվարը դարձան Հայոց անկախ գոյատևումի: Գոյատևության մասին թեքեյանական չափածոն մղձավանջային փոշեծածկույթից դուրս գալու այսպիսի դեղատոմս է առաջարկում.
Կարենալու համար ապրիլ այսուհետեւ,
Օդի, ջուրի, հացի նման`
Մենք պէտք ունինք հպարտութեան:
Հայոց հպարտության պակասը լրացնող միավորներն են մեր քաջարի զինվորները` երկիրը պահող հայորդիները` օդի, ջրի և հացի նման անհրաժեշտաբար: Դրա վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ կրակե քուրայում էր ոգու փորձությունը:
Զինվորի կոչումը ոչ միայն ռազմակոչի, այլև խաղաղ օրերի մեջ ևս ուժի, կորովի, հույսի աղբյուր է: Նրա գոյությունն անգամ արդեն իսկ հաղթանակ է:
Թող հզոր և անպարտելի լինեն երկրի պաշտպանության զինվորագրյալները, որպեսզի լույսի և խաղաղության մեջ արարումների գնա Հայոց գիտական միտքը, հոգևոր շնորհը, ազգային կեցվածքը: Թող ուժը ծաղկի հայոց միասնության մեջ, որ ազգովի դառնանք հզոր և անպարտելի: