Անահիտ ԱՐՓԵՆ / ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԱՆԿԱԽ ԼԻՆԵՆՔ

Ներկայացված է «Գրական թերթիե մրցանակաբաշխությանը

Ամեն անգամ անկախանալիս ձգտում ենք, որ մե՛նք լինենք մեր գլխի տերը: Փառքդ շատ, Տեր, անկախ ենք, լավից-վատից նորից պետականություն ունենք, և մեր երկրի դրոշը ծածանվում է ՄԱԿ-ի առջև: Լավ կլիներ, իհարկե, որ չհամարակալեինք որպես երրորդի ու չառանձնացնեինք որպես 25 տարվա կյանք ունեցողի, այլ, հասկանալով, որ մինչ այդ եղածն էլ մեր ազգի գլխով անցած կյանք է և ընդունելով նախորդների անգնահատելի լուման` համարեինք փորձություններ հաղ- թահարած մեկ Հայաստանի Հանրապետություն, զի պատմություն է թե ներկա` մենք ենք, լավ թե վատ` մերն է ի վերջո: Մենք Թուրքիայից հատուցում ենք պահանջում իր նախորդների արածների համար, ուրեմն՝ մենք էլ մե՛զ բաժին հասած երկրի ժառանգորդն ենք ու ժառանգողը: Մինչև մենք ինքներս չվերագնահատենք մեր արժեքները, մեր վերցրածն ու թողածը, առաջ չենք գնա: Որովհետև կա բարձրագույն արժեք ու շահ, որ կոչվում է ազգ: Իսկ ազգային արժեքները հազարամյակների պատմություն ունեն ու քանի՜-քանի հայկական պետականություն են տեսել… Հանրապետական կառավարման համակարգը 1918-ից է հաստատվել: Անկախ թե կախյալ՝ երեքն էլ հանրապետություն են, ոչ թե միապետություն: Ուրեմն՝ առաջինից էլ հաշվենք մեր անկախությունը, մանավանդ որ Մայիսի 28-ից չենք հրաժարվում: Կարևորը, իհարկե, ազգային արժեքները պահպանելն է, բայց մենք, ախր, ինքնաճանաչման բացթողումներ ունենք և ինքնաօտարման մոլուցք: Մինչդեռ ազգը ազգ չէ, եթե իր մեջ չի կրում հավաքական քանքար, չի հպարտանում իր արժանապատվությամբ, իսկ երկիրը երկիր չէ, եթե չի խրախուսում այդ քանքարը կերտողներին ու չի փայփայում իրեն ավանդված արժեքները: Այլապես, ամեն նոր նախագահի հետ ստիպված կլինենք ամեն ինչ նորից զրոյից սկսել: Հո չե՞նք անտեսում հայ մտքի նվաճումները, ինչ է թե դրանք ստեղծվել են ԽՍՀՄ-ի օրոք: Չէ՞ որ նորից անկախանալիս տներից ոչ ոք դուրս չթափեց խորհրդային արտադրության սառնարաններն ու հեռուստացույցները: Մինչդեռ հայի ձեռքով ստեղծված և նորանկախ երկրին այնքան անհրաժեշտ շատ բաներ սովետական պիտակավորմամբ աղբանոց նետվեցին:

Հայոց համազգային շարժման բուռն ալիքից մինչև պատերազմական տարիների նվազագույն պայմաններում ապրելը բոլորս պայքարեցինք մի շնչով: Տոկացինք, որովհետև ընկրկել չէր կարելի: Որովհետև հայրենիքն էր վտանգված: Որովհետև հայրենիք էինք կառուցում: Դիմացանք, որովհետև լի էինք մարդկային լույսով, ջերմությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ, ապագայի հանդեպ խոր հավատով, մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու և մեր երեխաներին մեր երազած պետությունն ավան- դելու անխորտակելի կամքով: Սակայն ինչքան բարձր ճախրեցինք մեր երազանքներում, այնքան մեծ եղավ մեր հիասթափությունը, քանզի ղեկավարումից հանելով պատասխանատվության կրումը և կառավարումը համարելով հնարավորինս իշխում` ԽՍՀՄ-ի ծանր վարագույրները բացվելիս ճանապարհին մամլվեց դարեդարյա արարչականը, և կուլիսներից բեմառաջ խուժեց ախտակիրը: Խաղացանկում` ջլատիչ ու պառակտիչ բարձրամբիոն ներկայացումներ ու ստորին ռեգիստրներում երգվող անմաքուր երգեցողություն: Աչքներս` էլի դեպի դուրս (որ սեռ ու հոգի փոխել տան), վզներս էլի ուրիշի առաջ ծռած, որ փող տա (թեկուզ տեղ-տեղ դեմքներիս թքի կամ գոտկատեղից ներքև զարկի)… Անհնար է ասել, թե երբ էր ավելի դժվար՝ պատերազմի՞ օրերին, թե՞ հետո, երբ արդեն լուսավորություն կար, իսկ լավ կյանքի հույսը գնալով մարում էր: Նախկին արդարամարտիկները կարծում էին, թե կյանքն իրենք իրենց պատկերացրածով են փոխելու, բայց բոլորը չէ, որ հասկանում էին, թե ամեն զինվոր գեներալ չի դառնում, կամ որ կռիվը սպանություն չէ, իսկ փողն ու իշխանությունը չեն ազատում պատասխանատվությունից ու չեն ծնում ամենա- կարողություն: Բարոյական արժեքները փոխվեցին, չափորոշիչները շատ ցածրացան, ամենաթողությունն ու անպատժելիությունը Հայոց աղբյուրները գրեթե ցամաքեցրին, մարդիկ էլ բռնեցին գաղթի ճամփան, երբեմն՝ ստիպված: Ու դժվար է ասել, թե ում համար է ավելի ծանր՝ գնացողի՞, թե՞ մնացողի: Նրա՞նց, ովքեր բարձրագույն կրթությամբ սկսեցին վարորդ աշխատել, նրա՞նց, որ ոչինչ չեն անում, բայց աշխատողից լավ են ապրում, թե՞ նրանց, ովքեր լեզվի մաղձը հանդարտեցնելու ճար չեն գտնում, գյուղացո՞ւ համար, որը կարծում է, թե ամեն ինչ քաղաքին է տրվում, թե՞ գյուղմթերքը թանկ գնող անաշխատանք քաղաքացու: Պատերազմից հետո սկզբի մի քանի տարին իներցիայի ուժով ապրեցինք` աչքներս լուսավորված շենքերին, հետո՝ գովազդներին: Խաբկանքը չընկալելով` քիչ-քիչ ընտելացանք գլխներիս կախված ահռելի վահանակներին ու մինչև հիմա գլխի չենք, որ ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: Միայն այն զգացողությունը, որ աշխատանք ունենք, պահեց ամբողջ 25 տարի, համարձակություն տվեց երեխա ունենալ, իմաստավորել մեր գոյությունը: Մենք ենք ու մեր երկիրը: Նորից անկախանալուց ի վեր շատ բան է փոխվել: Ռուսերենի մրից անգլերենի մրջուրն ենք ընկել (վախենամ` օրերից մի օր հայատառ ու հայերեն ցուցանակ չմնա, և եթե դարեր անց աղետ լինի, պեղումներն էլ չապացուցեն, որ գիր ենք ունեցել), և մեր երեխաների լսածը մեր մեծերի ձայնն ու երգեցողությունը չէ` շոուներն ա՛յլ սկզբունքով են գոյատևում: Մեր «փակ դռները» հենց բացվեցին,

ոչ պակաս լճացած արտասահմանից աղանդ ու դրամաշնորհներ, խղճի ու մարմնի ազատություն, ինչ ասես, լավ ու վատ մեկեն հորդեցին դեպի մեր բաց գիրկը: Թաթախվեցինք հնարավորինս, կշտացանք, այլևս ժամանակն է նորից որոմը հնդրելու, թացը չորից զանազանելու, կողմնակի ազդեցություններից ձերբազատված՝ ընտրելու, մեզ պետքականը ուրիշին տալու փոխարեն մեզ համար աշխատեցնելու, ամեն ինչ երկրի ու ազգի շահերին ծառայեցնելու, հատկապես՝ տնտեսության մեջ: Որովհետև այն արժեքները, որ աշխարհն այդպես արագ խփշկում է, նախևառաջ մեր երկրին են պետք: Իսկ ինչը որ անհրաժեշտ է տալ, հարկ է, որ ինքներս տանք, ոչ թե խփեն գլխներիս, վերցնեն, մանավանդ այն, ինչը պետք չէր, որ մեզնից, ազգից կամ երկրից դուրս գար:

Չնայած ավելի շատ մեր ցավերից ենք խոսում, որովհետև ցավերն ավելի սուր են անդրադառնում մեզ վրա, այդուհանդերձ քիչ չենք նաև հաջողություն գրանցել. շատ տառապել, բայց չենք կոտրվել, չենք հանձնվել, լացել, բայց և ստեղծել ենք: Առաջին հերթին՝ Հայոց բանակ: Այնուհետև. Արցախը Նախիջևանի ճակատագիրը չունեցավ, անկախացավ, աշխարհի հետ ինքնուրույն հարաբերվեցինք, օտարալեզու դպրոցների հաղթարշավը կասեցվեց, մայրենի լեզուն պարտադիր դարձավ պետականորեն, մեր ազգի պատմությունն սկսեցինք ուսուցանել, որ մեր կյանքով ապրենք վերջապես: Մե՛ր սերիալները ծնվեցին, ու շատ հարցեր իրենց բնականոն զարգացումը պարտադրեցին: Ինչքան զարգացանք, այնքան խնդիրները բարդացան, ինչքան աչքներս բացվեցին, ինչքան մեր իսկ ծնած ու սնած անկախության սերունդը հասունացավ, այնքան մարդավայել գոյության պահանջը մեծացավ: Ու այսօր, պայքարի ու պատերազմի ծանր պայմաններում  արյամբ ու քրտինքով, մարդկանց առողջության հաշվին ու չվայելած մանկությամբ, պատանեկությամբ կամ երիտասարդությամբ նվաճված մեր նոր անկախությունն ու թշնամու հանդեպ հաղթանակը ավելի թանկ են ու վեր են ամեն ինչից: Եվ հայը (իմա՝ հայի վերջին խելքը) չի զիջի այն ոչ ոքի` ինչքան էլ սպառնան Հայոց կարկաչահոս աղբյուրների քարատաշ պատերը հերթական անգամ ծածկել գորշ սվաղով՝ որպես տխուր իրողություն, թե իբր դեռ սպասված ապագան չի երևում: Իրականում մարդիկ արդարության հաղթանակման զգացողությունը չունեն. դա է պատճառը, որ վիճակը չի շտկվում: Ում բռունցքն ասես իջնում է մեր գլխին, իսկ հայրական հոգատար մատը չկա, որ ամեն մեկին իր տեղը ցույց տա: Ու եթե ամեն ոք իր դիրքերում գործ անի, եթե ամեն ոք իր արժանի գնահատականը կամ պատիժը ստանա, շնորհաշատ հայի քանքարը հրաշքներ կգործի, ինչպես եղավ այս ապրիլին սահմանում: Աշխարհն ականատես եղավ, որ մեզ պետք չէ թերագնահատել, արհավիրքի օրերին հայը համախմբվում է, պատնեշի նման կանգնում է չար հեղեղի առաջ: Հպարտանանք, բայց և թույլ չտանք, որ սա էլ ուրիշն իր շահերին ծառայեցնի, այլ հասկացնենք, որ հային պետք չէ ձեռք տալ: Ոչ թե ասենք՝ «Ամերիկայում լիքը հայ կա, լավ, ենթարկվենք, որ նա էլ մերոնց լավ նայի» (մեզ նրա Մեծի բերանին նայելն էլ բավական է), «Եվրոպայում լիքը հայ կա, Ռուսաստանում լիքը հայ կա, լավ, են- թարկվենք, որ մեր ազգակիցներին չնեղացնեն», այլ մեդալի մյուս երեսին էլ նայենք: Ավա՜ղ, «Աշխարհում էդքա՜ն հայ կա, ամեն տեղ մի գործ անենք ազգի համար» ասող չկա, իսկ դիվանագիտության մեջ ուղղակի Աստծու պահած ենք, և այսօր ոչ թե զինվորի, այլ մե՛ր ռազմահայ-րենասիրական դաստիարակության մա- սին է պետք հոգալ, իսկ զինվորին ուղղակի զենք է պետք տալ և բազկի թափը չկասեցնել…

Հայոց, շատ բան տեսած, լեռները ապառաժ համառությամբ անթեղել են ազգի բոլոր իրադարձություններն ու նայում են, թե ինչպես հայը չի ճկվում: Պատմության քառուղիներում կոտորում են, կոտորվում է, ճնշում են, ճնշվում է, պակասում է, հարմարվում է, բայց չի կորչում և, ի վերջո, ազատվում է: Ուրեմն՝ ժամանակն է ամեն ինչ, առաջին հերթին մեր անհագուրդ կրքերը չափավորելու, աշխարհի հետ մեր տալիք-առնելիքը նժարավորելու, մեր ուժերն ու ռեսուրսները ճիշտ բաշխելու, որ կարողանանք մեր բնօրրանում մեր տքնաջան աշխատանքով ամեն մեկս մեր վար ու ցանքն անել, որպեսզի Վարդավառի արժանա- նանք ու հնարավորություն ստանանք մեր

արդար քրտինքով մեր հողը ջրելու, մեր ուզած բերքը ստանալու և ազգովի խաղողօրհնեք անելու: Այլապես թվացյալ խաղաղությունը, հաղթանակները, 25 տարի կառուցածն ու ձեռք բերածը, ունեցած-չունեցածներս ոսկե ձկնիկից ստացածի նման հանկարծ կկորցնենք ու կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Անհրաժեշտ է, որ մեր կյանքը և երկիրը կանոնակարգե՛նք, ոչ թե տարերայնորեն տրվենք հոսանքին ու տեսնենք, թե մեզ ուր կտանի: Նման խաղում որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է: Մինչդեռ մենք պիտի ուղղորդենք մեր ճակատագիրը: Մենք ազգ ենք, մենք երկիր ունենք: Օրենքներ ու օրենսդիրներ ունենք, կառույց ենք, միջազգային հարթակում մեր տեղն ունենք, մնում է մի թեթև աշխատենք մեր դեմքի հարցում: Ընդամենը: Որպեսզի բարձրացնենք մեր երկրի հեղինակությունը և՛ մեր, և՛ օտարների աչքում: Մենք կարող ենք, քանզի մենք անպարտելի ենք, երբ գործում ենք:  Մենք անպարտելի ենք պատերազմի դաշտում և եթե աշխատենք նպատակամղված ու ազգաշեն, մենք անպարտելի կլինենք նաև տնտեսության մեջ ու մյուս բոլոր բնագավառներում: Այո՛, մենք ամեն ինչ ունենք մեր երկիրը  շենացնելու համար, և արդեն ժամանակն է, որ լիիրավ անկախ լինենք` նախ մեր մեջ, ապա և օտարներից: Մենք այլընտրանք չունենք, մենք մեր երկիրը պետք է հզորացնենք, քանի դեռ աշխարհը մեզնից գլուխ չի հանում: Եվ որպեսզի ավելի պաշտպանված լինենք, պետք չէ ուրիշներին շատ բացատրություններ տալ, սրտներս փռել առաջները և մեր հարստությունների տեղը ցուցանել: Մեր «ջուրն ուրիշ ջրեն է», օտարները մեզ չեն ուզենա հասկանալ, մեր «գիրն ուրիշ գրեն է», օտարները չեն ուզում կարդալ, որովհետև մեր տունը ավազի վրա չէ, մեր բունը քարեղեն է: Ուրեմն՝ լինենք այնքան երկիր, որ ոչ ոք  չհամարձակվի մեզ թելադրել, թե մենք ազգային, մշակութային ու բարոյական ինչ արժեքներ համարձակվենք ունենալ, մեր  հազարամյակների խորքերից ինչ աստծու պաշտենք, հանուն որոնց զոհվել ու մինչև օրս զոհվում ենք և թե ում արձանը կանգնեցնենք մեր կենտրոնում: Սա կախված է մեր վարքագծի ելակետից: Իմ գրականությունը կարևորում է մարդուն` իր տանը և շրջապատում: Եվ հիմա, բնավ միտում չունենալով քննելու, թե ով ինչ է արել` պարտքս եմ համարում մտածել, թե ես ինչ եմ արել, և այդ ինչպես է լինում, որ հենց պատերազմը թեժանում է, ու ազգի գլխին վտանգ կա, ես, որ արձակագիր եմ, ինքնապաշտպանական խտացված ոգով սկսում եմ չափածո գրել: Իմ դիրքորոշումը սեփական շնորհով և ուժերով, կանխակալ կամ միակողմանի կողմնորոշման  փոխարեն  համակողմանի բարիդրացիական հարաբերություններ ստեղծելով` արժանապատիվ ելք գտնելն է: Բոլոր բնագավառներում: Մենք արա- րող զարմ ենք, բոլոր քաղաքակրթություններում մերկ ձեռքերով առյուծ ձևող հոր դյուցազուն որդիներ ունենք, ովքեր աշխարհի որ ծագում էլ լինեն, հզորանում են, եթե սնվում են հայկական լեռնաշխարհի մեղր ու կարագով: Նույնիսկ ռեպրեսիաներից հետո և հատկապես օտարի լծի տակ մեր հզոր գործիչներն ամենուր հայոց մշակույթը զարգացրել են, գիտական նվաճումներ ունեցել ու տնտեսություն են առաջ մղել: Եվ ուրիշները հաշվի են նստել մեզ հետ: Մենք կառուցող ենք,  երկրում այսօր հորդում է շինարարությունն ու դեմն առնելու չի… Ուրեմն՝ Հայոց կյանքի անիվը միշտ «գեղ կանգնի, գերան կկոտրի» սկզբունքով է պետք առաջ մղել, ոչ թե թողնել, որ անհարթ ճամփան գլորի-տանի ուր պատահի: 25  տարին ի՞նչ է մեր ազգի կենսագրության մեջ, բայց և քիչ չէ երկիր շենացնելու համար: Հիմա, վերևից ներքև ու ներքևից վերև, տեսանք, թե ով ենք: Թվում էր՝ հուսալքվել ենք, չկանք: Սակայն մի ցնցումը բավական էր՝ համոզելու, որ հույսներս ոչ մեկի վրա չպետք է դնենք` գիտենք բռունցքվել, ինքնուրույն որոշումներ կայացնել ու դառնալ անպարտելի: Դրա շնորհիվ այս ապրիլի 24-ին երկինքը չարտասվեց՝ որպես նախախնամության հորդոր զարթոնքի ու հզորանալու: Զի աշխարհի աղը մենք ենք: Մենք այլընտրանք չունենք: ԽՍՀՄ-ի փլուզումով աշխարհում նոր շրջան սկսվեց, որի հիմնաքարը հենց մենք դրեցինք արցախյան շարժմամբ, ու եթե մեզ մի բան լինի, աշխարհն էլ կփլուզվի: Մենք պետք ենք աշխարհին, բայց… արնաքամ, ոչ թե հզոր: Ստացվում է՝ ուզենք-չուզենք, մենք ենք տանելու աշխարհի բեռը: Մենք կարող ենք, որովհետև մեր արմատներն ամենախորն են, արիական, չարի դեմ կռիվ տվող արմատներ են, ինչքան էլ մեր ճյուղերը կտրեն, կկանաչենք: Երիցս կեցցես, հա՛յ ազգ՝ որպես տարբեր ու շատ քաղաքակրթություններ տեսած ու աշխարհում քո առաքելությունը  չավարտած դոնոր տեսակ: Հաջողություն քեզ, երկի՛ր իմ Հայաստան, դու արժանի ես առաջինների մեջ լինելու: Այսքան մաքառել ենք, արդ, բավական է անկախություն-անկախություն խաղանք, ժամանակն է, որ լիովին անկախ լինենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։