Հունիսի 28-ին Տիգրան Մեծի 8 հասցեում տեղի ունեցավ բանաստեղծուհի Մետաքսեի հուշաքարի բացման արարողությունը: Հուշաքարի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Թորոսյանը: Ներկա էին մտավորականության ներկայացուցիչներ, ՀԳՄ անդամներ, Մետաքսեի մտերիմներն ու բարեկամները:
Ըստ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի՝ Մետաքսեն մեր այն գրողներից էր, ով ոչ միայն բանաստեղծությամբ էր հաղորդվում մարդկանց, այլև առօրյա կյանքում, կենցաղում իր սիրտը բացում էր մարդկանց առաջ, մասնակցում հանդիպումների, միաժամանակ հրավիրում էր Գրողների միություն, որտեղ աշխատում էր երկար տարիներ: Էդ. Միլիտոնյանը գնահատեց միջազգային գրողական կազմակերպությունների հետ կապեր հաստատելու նրա աշխատանքը և հատկանշական համարեց այն, որ Մետաքսեն 90-ականների պատերազմական տարիներին Գրողների միությունը դարձրել էր սահմաններում կռվող զինվորներին ձեռնոցներով, տաք հա- գուստով օգնելու հավաքատեղի:
Գրականագետ Սամվել Մուրադյանը Մետաքսեին բնութագրեց իբրև մեծարենցյան անանձնական ուրախությամբ ապրելու ձգտում ունեցող բանաստեղծուհու, ով իսկապես կազմակերպիչ է եղել Արցախյան ազատամարտում, ինչի համար էլ արժանացել է համապատասխան պարգևի: Մարդկային բարեգթությանը, բարեսիրությանը, հոգևոր վեհությանը նվիրված նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել անգամ Հռոմի Պապը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը£ Մետաքսեին պարգևատրելով՝ նա ասել է. «Ես Ձեզ միշտ հիշելու եմ իմ աղոթքների մեջ»: «Մետաքսեն այն բանաստեղծուհին էր, ով իր ներկայությամբ կենդանի էր պահում ժամանակի գրական կյանքը, կարողանում էր մարդկային պարզ, նորմալ հարաբերություններ ստեղծել գրողների, գրականության և ժողովրդի միջև»,- ասաց Ս. Մուրադյանը և հիշեց բանաստեղծուհու խոսքը. «Թանգարան մտնել շատ հեշտ է կյանքում, դժվար է մահով մտնել թանգարան»:
Մետաքսեի դուստրը՝ բանաստեղծուհի Լիլիթը, շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ հուշաքարի տեղադրմանն աջակցելու համար, մոր թողած պատգամներից կարևորեց մարդկանց և աշխարհը սիրելն ու երբեք չհուսահատվելը: «Նա անսահման բարի էր, արդարության, ազնվության կողմնակից, պայքարում էր հանուն արդարության: Ինչպիսին որ կար կյանքում, այնպիսին էլ բանաստեղծությունների մեջ էր»,- ընդգծեց նա և Մետաքսեին հասկանալու և ճանաչելու համար հորդորեց կարդալ նրա ստեղծագործությունները: Մետաքսեն հրատարակել է 30-ից ավելի գրքեր՝ հեղինակային և թարգմանական, նրա բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ լեզուներով: Այս տարի լրանում է բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ