Դու պատերազմի մեջ ես, հա՛յ… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Մենք ամեն օր մեզ համոզում ենք, որ պատերազմի մեջ չենք և այդ համոզմունքով էլ ճոխ սեղաններ ենք գցում, հաճախորդների պակաս չունեցող ռեստորաններում հերթագրվում գալիք ծնունդների ու հարսանիքների համար, մեզ՝ չտեսնելու ու չզգալու հատուկ տրամադրությամբ դուրս ենք բերում փողոց ու միջավայր, իբրև ոչինչ չի եղել… Կյանքը շարունակվում է, կասեք, անշուշտ կյանքը շարունակվում է՝ ձեզ համար, իսկ, ա՛յ, ընդամենը երեկ, նախորդ օրը վերջին զանգին հրաժեշտ տված՝ կես պատանի, կես երիտասարդ չորս տղաների համար, որոնք զոհվեցին Արցախի սահմանների վրա, նրանց 18 գարունները ընդամենը պատմություն դարձան… Եռաբլուրը բազմաբլուր է արդեն, ու տղաների հոգիները հանգիստ չեն, քանի դեռ ողորմելի ազերիների՝ թրքաշեն, հրեաշեն ու ռուսաշեն զենքերը ուղղված են, իսկապես, քարից հաց քամող խաղաղ գյուղերի ազնիվ ու միամիտ, հողասեր ու հոգսաշատ բնակիչների վրա և այն էլ՝ անզեն ու թշնամու ամենօրյա գնդակների տակ օջախ ծխեցնող կանանց վրա մեր՝ Հայաստանի Հանրապետության գյուղերում՝ Պառավաքարում ու Բերդավանում, Վազաշենում ու Ոսկեպարում, Կողբում… Եթե քո երկրի գյուղը հրետանակոծվում է, դու պատերազմի մեջ ես, հա՛յ, դու իրավունք չունես ջայլամի նման ապրելու: Այդ ջայլամակերպը 1915 թ.՝ հարյուր տարի առաջ, քեզ կճղակավորների կեր դարձրեց, արնոտ բերան գազանը, ինչպես ժամանակին Թումանյանն է նշել, հազար տարի հետո էլ մարդ չդարձավ ու չի դառնալու, քանի որ նրա քոչվորական ցեղի մեջ միայն աշխատում է անասունի ինստինկտը՝ բնազդը…
Հայրենիքն ու սերունդը մեր ազգային գոյապայքարի հիմքն են, մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահելը միայն զինվորի գործը չէ, հա՛յ, օլիգարխ թե հասարակ շինարար, Հայրենիք ես, եթե դու քո մեջ կրում ես քո ազգի գենը: Սևակն ասում էր. «Զավակ պահելը ավելի դժվար է, քան նրան թաղելը». խորն է փիլիսոփայությունը մեծ պոետի: Պատերազմը շատ խանդոտ է, հա՛յ, նա չի սիրում անտարբերություն, քեզանից տանում է ամենաթանկը, եթե դու նրա օրենքներով չես շարժվում, և այս օրերին նա մեզանից տանում է ամենաթանկը՝ մեր սիրասուն զավակներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։