ՄԱՅԻՍԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ

Մայիսի 25-ին ՀԳՄ Լ. Անանյանի անունը կրող պոեզիայի պուրակում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ՝ «Հաղթանակների մայիս» խորագրով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում մայիս ամիսը համարելով հայ ժողովրդի պատմության և ներկայի հաղթանակների ամիս, ընդգծեց, որ ապրիլյան պատերազմական դեպքերն ապացուցեցին, որ մեր Ժողովուրդը ոչ միայն պատմության մեջ է հաղթանակներ ունենում, պահպանում իր ինքնությունը, այլև ներկայի մեջ կան ծանրացած պատերազմական խնդիրներ, որոնց հայ տղաները պատասխան տվեցին ինչպես հարկն է: «Գրողներն էլ անմասն չեն մնում այդ պայքարին՝ իրենց ստեղծագործություններով, գործերով, ելույթներով: Պոեզիայի խորհրդով ու շնչով պետք է ճանաչենք իրար, ճանաչենք մեր հայ ինքնությունը»,- ամփոփեց նա:
Ըստ Արևշատ Ավագյանի՝ բանաստեղծական խոսքի միջոցով հայորդիներին պետք է կրթել ու դաստիարակել այն հայրենասիրական ոգով, որն անհրաժեշտ է կյանքը բարեշտկման ճանապարհով տանելու համար:
Հրավիրված ՀԳՄ անդամ բանաստեղծները՝ Նոնա Պողոսյանը, Ղուկաս Սիրունյանը, Անահիտ Արփենը, Գագիկ Դավթյանը, Կարինե Աշուղյանը, Սաթենիկ Ղազարյանը, Լևոն Բլբուլյանը, Ռուզան Ասատրյանը, Հայկազ Խնկոյանը, Հերմինե Նավասարդյանը, Ռազմիկ Գալստյանը, Ալիխանե Մամեն, Մանիկ Աճեմյանը կարդացին իրենց ստեղծագործություններից:
Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցան «Կենտրոն» վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արմենիա» պարային համույթի սաները (գեղ. ղեկ.՝ Արթուր Սարգսյան): Հայ գրողների ստեղծագործություններից կարդացին Երևանի թիվ 1, 2, 55, 63, 76, 78, 172 դպրոցների աշակերտները:
Ցերեկույթը վարում էր Արևշատ Ավագյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։