* * *
Մերկ,
ինչպես արշալույսը
նախասկիզբ ժամանակի,
ինչպես տունը, փողոցը և վարդը:
Ոչ մի այլ պատկեր քեզանից.
միայն տունը
փողոցը
վարդը
և վախը:
* * *
Ես գիտեմ՝ հին աշխարհը
կործանվում է,
ուրիշն է բարձրանում
խարխուլ հողի վրա:
Ես գիտեմ՝ հին աշխարհի
իմ կարոտը
ոչ մի ներկա չի մարի:
Ուր մի ժամանակ դու էիր,
անցածն այնտեղ է
և այստեղ, ուր ես հիմա կամ…
Ցավն անդունդի վրա գցված
իմ կամուրջն է,
hողի ճաքը փակող շաղախը,
որ կիսված ժամանակը ստեղծել է
կապույտի և աշնան մեջ՝
նրանով կյանքի շունչն զգալու համար:
* * *
Մենք օրերը կախում ենք պարանին.
թող այնտեղ չորանան
ձուկը ձկան կողքին,
և քայլը քայլի:
Կինը, որ ամեն ինչ գիտի,
անթացուպով ստուգում է,
թե կարելի՞ է դեռ
նրանց անուններ տալ:
անցյալ օրը երեքը չկային,
այսօր դարձել են հինգը,
տարեվերջին
նա կհանի օրացույցը
կնստի տան դիմաց
և ժամեր շարունակ կսպասի
այն վաճառականին,
որը նրա համար հավիտենությունն է
բերելու:
Ն Ր Ա Ն
Ներել.
ինձ խորթ չէ այս բառը,
որ ամոքում է սիրտս՝
ասես հիվանդություն:
Ներել.
հանգիստ, սառը դատողությամբ,
որ այդպես անսխալ ենթարկվում է ձեզ՝
բոլոր վախերը
թողնելով ինձ միայն:
Ներել,
երբ փողոցի ճաքերից
տարտարոսներն են հորանջում,
երբ լույսն ինձ համար դառնում է
մահվան ռենտգենյան պատկեր:
Այստեղ եմ ես.
ձեր նշանները չեմ հասկանում,
և պետքս էլ չէ այս կյանքը,
որ դուք կյանք եք կոչում:
Իմ քայլքը խարխափ է,
և խոսքս՝ թոթովանք.
ուր ձեռքս պարզում եմ,
վերք է բացվում.
բոլոր նշանները
ինձ համար արհամարհանքի նշաններ են
և ամոթի:
Եվ, այնուամենայնիվ,
այստեղ եմ ես`անկում և արտացոլք,
ինչպես առաջին օրը,
երբ նա դեռ երիտասարդ էր,
մենակ:
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ հանկարծ լինում է այն,
ինչը ոչ ոք չի ուզում տեսնել.
պատերազմ,
հետո՝ քավություն,
…որ որդին տուն չի դառնալու,
հայրն ընկած է խրամատում,
քույրն ազատվում է պտղից
բռունցքի հարվածով,
որովայնը պատռված՝
փտում է եղբայրն արևի տակ:
Ճերմակ են մազերը
և անփայլ, ինչպես ապագան:
Մայրն արդեն չի լալիս,
Գնդակն ընկած է այգում,
կողքին՝ հակատանկային ական,
վրեժ եմ՝ ասում է,
ով ինձ դիպչի, մեռնում է:
ՀԱՅՐ
Ինձ ասում են՝
դու երբեք չես գալու:
Ոչ մի աստղ քեզ չբերեց,
ոչ մի արծիվ,
ոչինչ, ոչ ոք:
Եվ նա՝ դարպասի մոտ կանգնած,
Մի ձեռքում կրակ,
մյուսում՝ հրացան:
Տնից մնացին սոսկ պատերը,
Աթոռը դռան առաջ, որ սպասում է:
Կոշիկդ գտանք անտառում:
Թարգմանությունը՝ Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ