Ռուս բանաստեղծուհի Քսենյա Նեկրասովան 20-րդ դարի ամենաաննկատ անուններից է: Ապրել և ստեղծագործել է ոչ վաղ անցյալում, սակայն նրա գոյությունը փաստող շատ քիչ ապացույցներ կան. գրեթե չի լուսանկարվել, չի թողել ստորագրություն և շատ քիչ է տպագրվել, սակայն մինչ օրս նրա մասին պամություններ են պատմում և բանաստեղծություններ նվիրում:
Ծնվել է 1912 թվականին: Որդին՝ Տարասը, որ պատերազմի ժամանակ գրկի երեխա էր, մահանում է ռմբակոծությունից հենց Քսենյայի գրկում: Ամուսինը խելագարվում է, և Քսենյան այդ ապրումներից ձեռք է բերում գանգուղեղի բորբոքում և այլևս աշխատել չի կարողանում, ձեռքերը չէին ենթարկվում իրեն, այստեղից էլ՝ մանկական ձեռագիրը, անհավասար տողերն ու քերականական սխալները: Նա մնում է բոլորովին մենակ ու անօգնական, հրաժարվում են տպագրել նրա գործերը, մի քանի տարի նրա առջև դնում են անհեթեթ պատնեշ՝ բացատրելով, թե նրա բանաստեղծություններն ավելի շատ վերաբերում են բուրժուական, այսինքն՝ արևմտյան դեկադենտական գրականությանը և չեն արտացոլում «մեր սովորական իրականությունը»: Ծնողներին չէր հիշում, և երբ հուսահատվում էր, սկսում էր մտածել, թե ինքն արքայական ընտանիքից է, ոչ այլ ոք՝ քան Ալեքսանդր Երկրորդի դուստրը, և դա է պատճառը, որ իրեն թույլ չեն տալիս խոսել ու տպագրվել:
Քսենյա Նեկրասովան մահացավ 1958 թվականի փետրվարի 16-ին:
ՄՏՈՐՈՒՄ
Սեղանին բացված մի էջ,
մաքուր, ինչպես անապակ խիղճը:
Ինչ-որ բան գրի կառնե՞մ հիշողությանս
մեջ…
Չգիտես ինչու, առաջինը միտս են
գալիս վշտերը,
բայց անցնում, կորչում են աղետները,
և վերջում մնում է
արևը կենսահաստատ:
ՕՐ
Առավոտից՝ ողջ օրը, լվացք էի անում,
իսկ կեսօրին դուրս եկա տանից
ու գնացի ջրհոր՝ ջրի հետևից:
Երկար կռանալուց
գոտկատեղս թույլ ծակծկում էր,
և ձեռքերս վերից վար շարժից
կոտրատվում էին՝ ափից մինչև ուս:
Իսկ փողոցում լռություն էր,
այնպիսի լռություն,
որ թափվող փաթիլների ձայնը
ելևէջ էր թվում,
ասես անփորձ ձեռքով
նվագում էր մանկիկը.
թռչում են դո-ն և լյա-ն
և աստղերով ծածկում երկիրը:
Դիմացը տնակներ էին՝
նախշազարդ ձյուների մեջ,
ու ընկնող տերևներն
ասես
կիսամուշտակներ էին նապաստակի
մորթուց:
Եվ պտուղները կարմրած սնձենու
քաթանե եղյամից գլխարկ էին հագել:
Փողոցի մեջտեղում
բրդոտ շունը
թավալվում էր ձյան մեջ՝
քիթը ցցելով երկինք:
Ես շղթան դույլին կապեցի պարանով
ու սկսեցի դանդաղ
իջեցնել թակը:
Եվ ամենուր լռություն էր:
ԶԳԵՍՏԸ
Ինձ նվիրեցին
թավշյա զգեստ:
Իսկ նախկինում ես
Երկու զգեստ ունեի միայն՝
վուշե կտորից և բրդե:
Ինձ նվիրեցին թավշյա զգեստ:
Ես անմիջապես
փորձեցի այն
և տեսա ինձ հայելում:
Պատուհանի արտացոլքում
գրանիտե ապարանքն էր կախվել,
փափուկ հնչյունը արծաթե ձյան,
ցրտահարված լուսամուտներին
ջահերն էին մարմրում,
աճել էին կեչիները պատի տակ:
Եվ հրաշալի էր համադրությունը.
ես՝ զգեստով թավշյա,
ապարանքը
և սպիտակ ձյունը՝
ճյուղերին ու գետնի վրա:
Այնպե՛ս տոնական էի ինքս ինձ թվում:
Ու այդ զգացումով
քայլում էի Մոսկվայով:
Եվ ինձ ընդառաջ եկողները
իրենց թարմացած դեմքերին
իմ ուրախությունից մի շող ունեին:
Եվ ինչ-որ բան էի ես
ուզում տալ մարդկանց.
բարություն անել
կամ գրել բանաստեղծություն:
Թարգմանությունը՝ Քրիստինե ԴԱԴՅԱՆԻ