Գիտաֆանտաստիկ գրականությունը արագությունների մեր դարաշրջանում ավելի քան արդիական կարող է լինել: Եվ ահա երիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանն իր «Սատանայի աշտարակը» վիպակով նորագույն գրականության մեջ հղում է կատարում հենց այս ժանրին:
Բժիշկ Դանիել Զինգերն իր կյանքի նպատակն է դարձնում անմահության դեղանյութի բացահայտումը. կյանքի անցողիկության ու մահվան անխուսա- փելիության խնդիրը միշտ էլ հուզել է մարդկությանը:
Դժվարին կենսագրություն է բաժին ընկնում վիպակի հերոսին: Նրա ծնողներին հոշոտում են բորենիները, ինքը կամովին մեկուսանում է հանրությունից, ապրում լաբորատորիայում, կյանքը նվիրում հետազոտություններին: Այսինքն` մարդը դատապարտված էր մահանալու ինքնաշրջափակման մեջ: Սակայն հեղինակը ստեղծել է համառ մտավորականի կերպար, ով ամեն ջանք ներդնում է իր նպատակին հասնելու համար: Պատմության սկիզբն այս համառ ջանքերի մասին է. մարդը մարտահրավեր է նետել ամենազոր մահվանը:
Վիպակը կառուցված է տասնչորս գլուխներից: Այն ծավալուն չէ, գլուխները հիմնականում երեք-չորս էջերից են բաղկացած: Սրանք տարբեր դրվագներն են Դանիելի կյանքից, որոնցով հեղինակը հյուսում է իր պատումը: Թերևս դրանք գլուխներ համարելը, կարելի է ասել, չափազանցություն է ու չհիմնավորված: Ավելի լավ կլիներ, եթե դրանք կոչվեին, ասենք՝ դրվագներ, անցումներ կամ այլ համապատասխան բնութագրիչներով: Սա իմիջիայլոց:
Ու իր մտքերի մեջ խորասուզված՝ գիտական տաժանագին ու երկարատև աշխատանքի և կարճատև հանգստի պահե- րին, հերոսը միտվում է իր կորուսյալ կյանքի իմաստավորմանը: Այն հանգամանքը, որ ընտանիքն անգամ նրան չի ընդունում, հասկանալի է դարձնում վիպակի սյուժեի հետագա զարգացումներում:
Մի կողմ թողնելով աղմկոտ քաղաքային կյանքը, պատահական փաստերով ու գրողի երևակայության ամբողջ զինանոցով հագեցած՝ գործողությունները տեղի են ունենում ճիշտ մեկ կյանքի ընթացքում: Ժամանակը ապագան է: Այս նոր ժամանակաշրջանն ամբողջությամբ պատկերվում է ապագայի տեսլականով՝ այսպես ասած, մոգականությամբ ու առեղծվածներով լի:
Արթուր Միկոյանը սեղմ միջոցներով պատկերում է սոցիալական տիպերը. միևնույն ժամանակ ցայտուն են արտահայտված մարդկային բնավորությունները, որոնք գլխավոր հերոսից զատ՝ էպիզոդիկ ներկայություն ունեն վիպական հյուսվածքում: Դանիելի ծնողները` մայրաքաղաքի մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ են. նրանք ամեն ինչ անում են իրենց որդու ուսման համար և ունեն հարուստ գրադարան: Պրոֆեսոր Ֆուրմանը գիտնականներին հատուկ սառը և չոր մարդ է, ով առաջնային է համարում իր գիտահետազոտական ինստի- տուտի շահերը: Դանիելի դուստրը, այսպես կոչված «բորենիների հիշողության կրողը», կյանքի ու մահվան սահմանն անցած հոր պատիժն է: Եվ ի վերջո Դալիլան` Դանիելի կինը, տիպիկ կանացի ներկայացուցիչ է` իր խորաթափանցությամբ, օրգանական մտածելակերպով և մայրական ողբերգությամբ: Այս բոլոր կերպարների ֆոնին առանձնանում են միֆական բորենիները (ցավոք, այս հրաշալի հնարանքը գրողի մոտ սակավ կիրառում ունի, այնինչ զարգանալու անսահման հնարավորություններ ու լավ հեռանկարներ է տալիս): Թերևս բորենիները գիշատիչ հանրությունն են մարմնավորում և Դանիելին հետապնդող այդ տեսիլքը՝ ապագայում սոցիալական հարաբերությունների բացակայությունն ու ամբոխի գիշատչային բնույթն են խորհրդանշում:
Հաճախ մանրամասն պատկերվում է Դանիելի ինքնակրթությունն ու հետազոտությունների ընթացքը: Այսպիսի մանրամասներում առկա են ամիս-ամսաթվեր, օրվա հստակ ժամեր և հերոսի վարմունքի ռեալական բնութագրումներ. ասենք` չքնած օրերի թիվը, կարդացած գրքերի քանակը և այլն: Սա լավ հնարանք է, որ կիրառում է գրողը: Նման կերպ նա փորձել է վիպակին վավերագրականություն հաղորդել, սակայն, իմ կարծիքով` մեկ վրիպում: Արթուր Միկոյանը գրում է. «Տասնմեկ տարեկանից Դանիելն անցավ ակտիվ ինքնակրթության: Դրա համար մեծ հնարավորություն էր ստեղծված հենց իրենց տանը՝ հյուրասենյակում. երեք լայն պատերին սփռված էին գրապահարանները: Դանիելը որոշեց նախ կարդալ գրապահարանների բոլոր գրքերը, որոնցում կային գիտության գրեթե բոլոր ճյուղերին վերաբերող գրքեր՝ բացառությամբ բժշկու-թյունից: Տասնհինգ տարեկանում Դանիելն արդեն կարդացել էր իրենց տան բոլոր գրքերը՝ շուրջ հինգ հազար կտոր և…» (էջ 4): Ավելորդ մանրամասն, քանզի պարզ մաթեմատիկական հաշվարկով հերոսը օրական պետք է կարդար երեքուկես գիրք (այն էլ հիմնականում գիտական), ինչը գրեթե անհնար է: Թերևս այստեղի մանրամասնեցումը հակասում է վավերագրա- կանությանը:
Կյանքը հեղինակի ստեղծած Ադվիս քաղաքում մնում է կյանք իր տեսանելի և անտեսանելի նուրբ զգացմունքներով: Խնդիրներ են առաջանում հիմնականում գլխավոր հերոսի ներհոգեբանական տարածքում: Նա անհաղորդ է իր միջավայրին, չնայած աշխատում է, որ կարողանա հայթայթել իր օրավուր հացը և պայմաններ` իր նպատակն իրագործելու համար: Հանուն այդ ամենի պետք է լինել ժուժկալ և քո սեփական կամքին ենթարկել մարդուն կառավարող «իշխանություններին»` բնազդներին: Սա հերոսի կարևոր բնութագրիչ է, վեր գիտակցության բարձր նկատառումներից, ինչ-որ տեղ նաև անհրա- ժեշտություն. «ընկած» մարդը կորցնում է ապրելու կամքը, անվստահ է, դատապարտված կորստյան: Այսպիսով, խնդիր է պահպանել մարդկային տեսակը, որը դառնում է գոյատևման գրավական: Մյուս կարևոր հարցադրումը վերաբերում է մտավոր աշխատանքին: Դանիելն աշխատանքի ընթացքում գրեթե մրցում է ինքն իր հետ. նրան չեն խանգարում ցուրտը, սովը, հանգիստը և հանուն գերնպատակի յուրովի կարճում է իր ժամանակը՝ աշխատելով նույնիսկ գիշերով, կամ սնվելու ընթացքում: «Ճիշտ» աշխատելու ունակությունը հերոսի մոտ հասցվել է բարձր մակարդակի: Ամեն միջոցի դիմում է մարդկության աչ- քերից թաքնվելու գնով անգամ… Ինչ վերաբերում է հանրությանը, նրանք վիպակում մշտապես ներկա են ու բացակա: Կյանքի բնույթն այնպես է փոխվել, որ յուրաքանչյուր անհատ շրջապատված է վայրի գազաններով` բորենիներով: Այս պայմաններում մարդկության բարօրությանը միտված յուրաքանչյուր ջանք դատապարտված է ձախողման:
Այն օրը, երբ Դանիելը բացահայտում է անմահության դեղամիջոցը, գլխիվայր շրջում է ոչ միայն հերոսի, այլև համայն մարդկության կյանքը` նման Բաբելոնյան աշտարակաշինությանը: Ի դեպ, այստեղից է ածանցվում նաև վիպակի վերնագիրը: Դանիելն ամենայն եռանդով միջա- մտում է արարչի գործերին, ուստի նրա կառուցածը վերածվում է «Սատանայի աշտարակի», քանզի դեղանյութը մարդկային նոր տեսակ է ստեղծում (ավելի մեղմ էր արարիչը մի քանի հազարամյակ առաջ, քանզի ընդամենը մարդկանց լեզուներն է փոխում), որոնք սկսում են ոչնչացնել մարդկությանը: Մյուս կողմից, վիպակում ակնարկ կա, որ գիտության նման արագընթաց զարգացումը դեմ է մարդկության, բնության ու հումանիզմի օրենքներին:
«Սատանայի աշտարակը» վիպակում առկա են բազում բախումներ: Կան պայթյուններ, որոնք կարելի է համարել «ուղղորդված»: Այդ պայթյունները հատկապես ի հայտ են գալիս մարդկային ռեսուրսների շահագործման պատկերներում, որոնցով բեռնված է ժամանակակից կյանքը: Հատկապես անմահության դեղանյութի տարածման պատմությունը, որտեղ նույնանում են մարդիկ: Այս մեքենայացումը անձին վերածում է ապրանքի, որը հատկապես բնորոշ է համաշխարհային հետմոդեռնիստական գրականության փորձին:
Սակայն, մյուս կողմից, այս պատմությունը ոչ թե աշխարհի, այլև անձի փլուզումն է նաև խորհրդանշում: Մարդկային անձի հետ է փլուզվում նաև աշխարհը, բաժանվելով ատոմների, և դեղանյութի տեսքով ներթափանցում մարդու մեջ, ու այդ ատոմները ժողովուրդն է: Այդ բոլոր ատոմները տրոհվում են, և կյանքը դառնում է անիմաստ: Եվ դա հատկապես ընդգծվում է, երբ գալիս է նոր սերունդը, որը պետք է լիներ կյանքի աղբյուրը: Գրողը, որպես դիրիժոր, իրար է ամրագրում ամբողջը և մեկ կյանքի պատմության մեջ բացահայտում մարդկային էությունը, զգալով, որ կյանքի օրենքին դեմ գնալը քայքայում է մարդկային անհատին, որը կյանքի ակունքն է: Այսպես ժամանակակից հայ գրականության մեջ դարձյալ կերտվում է անխուսափելիորեն դատապարտված հերոսը:
Միկոյանի հերոսներն անխուսափելիորեն դատապարտված են այն առումով, որ նրանք դեմ հանդիման են կանգնած մարդկային բնազանցական աղետին, և դատապարտված են դիմակայելու` հատկապես հոգեպես: Դանիելի կերպարը ձևավորվել էր մի միջավայրում, ուր սովորույթներն աղավաղված էին: Ֆուրմանը գիտնական էր, ով պայքարել էր միայն իր գիտահետազոտական ինստիտուտի ներսում, մոռանալով դրսի կյանքի մասին, սակայն հայտնվելով իրականության ընդհանուր հոսանքի մեջ՝ իր կենսագրությամբ նույնանում է մյուս հերոսների հետ՝ դառնալով մեկ ամբողջի մի մասը և այլն:
Ընթերցողի մոտ առաջին իսկ էջից հարց է առաջանում` այս ամենը մարդո՞ւ մասին է: Կարծես մռայլ, սարսափելի ու անվերջանալի մի երազ լինի: Գիտնական Դանիելի բոլոր հետազոտությունները, ասես պտտվում են միայն մեկ սևեռման շուրջ. անտեսված են բնական կարիքները. արդյո՞ք մի կտոր հաց ձեռք գցելու պատմությունը ոչ մի հետաքրքիր բան չի կարող ավելացնել այս կերպարին: Ինչպե՞ս է խուսափել ինչ-որ պահի, ինչ-որ տեղ դարանված անխուսափելի փորձանքից, ինչպե՞ս խնայել մի փոքր էներգիա, պահ- պանելով խրոնիկական տանջանքից թուլացած մարմինը, կարճ ասած, ինչպե՞ս է գոյատևել իր դժոխային կյանքում:
Այս պատմության բոլոր գործողություններն ընթերցողի մոտ տպավորություն են ստեղծում, որ ողջ մարդկությունը մեկուսացված է աներևույթ մետաղալարով և նրանց գործողությունները բեմադրված են. մի հոծ զանգված ճերմակ խալաթներով անընդհատ ինչ-որ փորձարկումներ են անում մարդկության վրա, ինչպես փորձաճագարի: Մարդկային կյանքը արժեզրկվել է:
Նման միջավայրի պատկերումը գրողի համար հոգեբանորեն ևս դժվար է եղել, և նա չի խուսափել նաև տարրական վրիպումներից: Այսպես, 42-րդ էջում հստակ նշելով եղանակը` ապրիլի 21 (գարուն), մի փոքր անց (վիպակի գործողություններում 15-20 րոպե հետո ընդամենը), խոսում է ամռան մասին. «նրա դեմքին խփեց ամառային զով քամին» (էջ 43): Դրանից առաջ արձակագիրը նման ձևակերպում է կատարում. «…բարձրանալ ավելի վեր` հասնել տիեզերք, տիեզերքի անհայտության մեջ նորից փնտրել բարձունքներ և այդպես շարունակ»: Տիեզերքի մասին խոսելիս տարածական այլ չափումներով պետք է առաջնորդվել: Շարքային այս թերացումները թերևս պայմանավորված են ընտրված նյութի հոգեբանական ծանր ազդեցությամբ: Սակայն այս բոլոր անմարդկային իրողություններով չի սահմանափակվում Միկոյանի ստեղծած կյանքը. կան նաև մարդկային հատկանիշներ: Դրանք արտահայտվում են Դանիելի ամուսնության պատկերներում, բարձրագույն մրցանակի արժանանալու հույզերի ձևով, ծնող դառնալու ապրումներով և այլն:
Որտե՞ղ է կյանքի անդորրը, ե՞րբ է մարդու հոգևորը ներդաշնակելու աշխարհի հետ, ո՞ւր է նրա գլխավոր «երջանիկ օրը»: Իսկ եթե մարդն ամեն ինչ անում է աշխարհի վերջն արագացնելու համա՞ր: Խոհական այս հարցադրումն այնքան է ընդ- լայնվում, որ դառնում է նոր կեցություն, ինչն էլ հրաշալի է ձևակերպում հեղինակն իր պատմության մեջ: Վիպակում հրաշալիորեն է պատկերված մարդու ճակատագիրը. կյանքն անսահմանափակ հնարա- վորություններ է ընձեռում: Դժվարությունները պետք է ընկալել որպես առաջին փուլ, որով կյանքը չի ավարտվում, հակառակը՝ «առաջին փուլը» սոսկ ճակատագրի սկիզբն է: Կյանքի անիվը յուրաքանչյուրին էլ անցկացնում է այդ փուլով, բայց այս դեպքում պատկերված է այն ընթացքը և անիվի պտույտի շրջանակները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում դառնալով պատմության ընթացք:
Գրողը փորձում է բացահայտել, թե ինչ է գտնվում այդ շրջանակներում: Նա համարձակվել է ցույց տալ մարդու հոգևոր աշխարհի անհամապատասխանությունն ամբոխին, որը բարոյական սահմանափակումներ է դնում բնականությանը, որպեսզի սոցիալական և բարոյական առում- ներով իրենն առավել դասի հասարակ մարդուց: Միկոյանը հոգևոր դասեր չի տալիս, քանի որ նրա էներգիան դիմադրություն է, իսկ նրա պատկերած մարդու միայնակությունը հետևորդներ և համակիրներ չի կարող ունենալ և չի կարող ոգևորել անողոք ամբոխին: Գրականությունը գրողի կյանքի գլխավոր հենքն է և, որպես արվեստագետ, Միկոյանը պարտքի ու պատասխանատվության ոլորտում է, բայց ոչ ազդեցության բարձունքում… Մարդը կարոտ է հավատի, և գրողը դա գիտի ու կարևորում է, սակայն նա չի քարոզում եկեղեցու հոգևոր իշխանությունը: Գրողը հեռու է մնում ամեն տեսակի կատեգորիկ ձևակերպումներից, սակայն տեսանելի է ընդդիմությունը՝ մարդու դեմ առկա ոճիրների, և հանուն կյանքի հավատքը:
Արժեքն այս վիպակի ոչ միայն այն է, որ գրողն անդրադառնում է կյանքի ու մահվան թեմային` կարևորելով կյանքը, այլև գեղարվեստական ճշմարտության մի նոր մակարդակի նվաճումը` գրականության առումով յուրօրինակ ու նորարարական լուծումներով:
ՀԱՆՈՒՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ (Արթուր Միկոյանի «Սատանայի աշտարակը» վիպակը) / Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ
