Հնաբերդի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի անունով

60189704_467099507364765_7930551262594990080_nՄայիսի 17-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքի միջնակարգ դպրոցը սովորականից մարդաշատ էր, սովորականից տոնական: Առիթը դպրոցի անվանակոչումն էր` Հնաբերդի ծնունդ, նույն դպրոցի նախկին շրջանավարտ, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանի անունով: Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին համագյուղացիներ, բանաստեղծի հարազատները, համադասարանցիներ, Երևանից ժամանած գրչակից ընկերները, ինչպես և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Հանդիսավոր արարողության սկիզբը օրհնությամբ և բարի մաղթանքներով ազդարարեց Արագածոտնի թեմի Ծաղկահովիտ համայնքի հոգևոր հովիվ Սարգիս քահանան: Ինչպես իր խոսքում նշեց մարզպետ Դավիթ Գևորգյանը, դպրոցը բանաստեղծի անունով անվանակոչելը ոչ միայն տոն է, այլև հատկանշում է մարզի ղեկավարության դրական վերաբերմունքը մշակույթի ու գրականության նկատմամբ, և առաջիկայում էլ մարզում այսօրինակ և մշակութային այլ միջոցառումները շարունակական են լինելու: Համայնքապետ Նորիկ Հակոբյանը կարևորեց, որ թեև Երվանդ Պետրոսյանը տեղափոխվել էր Երևան, սակայն հաճախակի էին նրա այցելությունները հայրենի գյուղ, շարունակում էր մտահոգվել գյուղի և գյուղացիների հոգսերով ու խնդիրներով, և գյուղում քչերը կլինեն, որ ծանոթ չեն նրա հրաշալի գրականությանը: Դպրոցի տնօրեն Նելսիդա Նիկողոսյանը, գնահատելով Երվանդ Պետրոսյանի գրականությունը, հատկապես մանուկների համար գրված նրա գործերը, դրվագներ ներկայացրեց Երվանդի` դպրոցում ուսումնառության տարիներից` բնութագրելով նրան որպես ուշիմ, ընդունակ և գերազանց առաջադիմությամբ աշակերտի: Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյանը, Վաչագան Սարգսյանը, Հովհաննես Պապիկյանը, ով միաժամանակ ընթերցեց բանաստեղծի համերկրացի, գրաքննադատ Լյուդվիգ Կարապետյանի շնորհավորական ուղերձը, որը առողջական վիճակից ելնելով, դժվարացել էր ներկայանալ, «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանը, երգահան Հռիփսիմե Խրիմյանը, Նորայր Գրիգորյանը, բանաստեղծի դասընկեր Ֆուրման Հակոբյանն ու համակուրսեցի Կարինե Թորոսյանը: Ելույթ ունեցողները ներկայացրին Երվանդ Պետրոսյանի հետ կապված իրենց հուշերը, գնահատեցին հատկապես մանուկների համար գրված ստեղծագործությունները, կարևորեցին երկար տարիների նրա լրագրողական գործունեությունը, համարեցին նրան թեև տարիքն առած, բայց մանուկ, փաստեցին, որ նրա գրականությունը միշտ էլ եղել է ընթերցողների և գրաքննադատության ուշադրության կենտրոնում և արժանիորեն գնահատվել է, ինչի վկայությունը վաստակած պարգևներն են` ՀՀ վարչապետի հուշամեդալ, «Ոսկե եղեգ» պետական մրցանակ և այլն: Բոլորը համակարծիք էին, որ դպրոցը բանաստեղծի անունով անվանակոչելը ծանրակշիռ փաստարկ է աշակերտների հետաքրքրության շրջանակը ընդարձակելու, նոր լիցք հաղորդելու ընթերցանությանը: Երվանդ Պետրոսյանի բանաստեղծություններից կարդաց ասմունքող Գայանե Սամվելյանը: Տոնական տրամադրությունը ասմունքով և երգերով շարունակեցին արդեն իսկ անվանակոչված դպրոցի աշակերտները: Հանդիսությունը վարում էր դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Այվազյանը:

60532151_467099534031429_3684487868681551872_nԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Հուզիչ, խորհրդանշական առիթով էինք Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում` մի խումբ գրողներով ու արվեստագետներով: Միանգամայն տեղին նախաձեռնություն էր հանդես բերել մարզի ղեկավարությունը. այն դպրոցը, որտեղ սովորել, մեծացել ու ձևավորվել, իր գրական առաջին քայլերն է կատարել մեր սիրելի գրչընկեր Երվանդ Պետրոսյանը, այսուհետ կոչվելու է նրա անունով: Անվանակոչությունը երեք տարի առաջ կյանքից հեռացած տաղանդավոր բանաստեղծի, մանկագրի հիշատակը վառ պահելուն, նրա ժառանգության հանդեպ հետաքրքրությունը պահպանելուն ու մեծացնելուն միտված գեղեցիկ դրսևորում էր, և Երվանդը լիովին արժանի է դրան: Ես, որ շուրջ 40 տարի մտերիմ եմ եղել նրա հետ, լավ գիտեմ, բազմիցս համոզվել եմ, թե որքա՛ն կապված էր նա ծննդավայրի հետ, իսկ ովքեր կարդացել են նրա «Ինքս իմ ետևից» հուշերի գիրքը կամ հայրենի գյուղին նվիրված բանաստեղծությունները, ինձ հետ լիովին կհամաձայնեն: Հուշերի այդ գրքում Երվանդը ջանացել է հիշատակել իր ճանաչած, գնահատած գրեթե բոլոր համագյուղացիներին, մանկության ընկերներին, յուրովի ներկայացնել յուրաքանչյուրին: Հիշում եմ, երբ գիրքը կարդալուց հետո բարեկամաբար դիտողություն արեցի, թե այնտեղ անունները շատ են, մի տեսակ մեղավոր, իրեն հատուկ անմիջականությամբ արդարացավ. «Լևո՛ն, ախր չէի ուզում որևէ մեկը նեղանա, բոլորն էլ ինձ թանկ, սիրելի մարդիկ են…»:
Երվանդի շատ բանաստեղծություններ ընդգրկված են դասագրքերում, ու նա իրավացիորեն հպարտանում էր դրանով: Բայց ես համոզված եմ, որ այսուհետ նրա անունը կրող դպրոցում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բանաստեղծի ստեղծագործական ժառանգությանը` և՛ մեծերի, և՛ մանուկների համար գրված բազմաթիվ բանաստեղծությունները, ու գյուղի երեխաները կհպարտանան, որ նման հայրենակից են ունեցել, կդաստիարակվեն նաև նրա պարզ ու մաքուր, հարուստ մարդկային նկարագրով, նրա ստեղծագործությունների ազնիվ ոգով:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։