Անահիտ Թոփչյանի «Մարաթոնը» շարունակում է վազքը փարիզյան բեմերում

image004
Փարիզում լույս տեսնող «Լե նուվել դ’Արմենի» հանդեսը հայտնում է, որ Փարիզի «Տեատր դը Գուվեռնայ» թատրոնի բեմում այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին խաղացվելու է «Մարաթոն» ներկայացումը՝ ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի:
Ճանաչված դերասանուհու և արդեն նույնքան ճանաչում գտած արձակագրի այս գործը, կարելի է ասել, բախտավոր եղավ: Հայերեն և ռուսերեն մամուլում և ժողովածուներում բազմիցս տպագրվելուց հետո թարգմանվեց ֆրանսերեն և լույս տեսավ բելգիական «Լիեզոն» գրական հանդեսում, այնուհետև թարգմանվեց հունարեն և տպագրվեց Հունաստանի մշակույթի նախարարության «Մանդրագորա» ամսագրում: Ի դեպ, այդ հրապարակումից հետո, 2005 թ. հեղինակը հրավիրվեց Հունաստան:
Իսկ 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ըստ այս պատմվածքի, ներկայացում բեմադրվեց Փարիզի Դարիուս Միյոյի անվան թատրոնում: Բեմադրիչն էր Նինա Դիվը, դերակատարները՝ Սոլանժ Միյոն և Վիլյամ Ամբերը: Ներկայացումից հետո մանսավորապես գրվեց, որ «Անահիտ Թոփչյանի տեքստը հարազատ է Բեկետի և Իոնեսկոյի աբսուրդի թատրոնին»:
Առաջին ներկայացման հաջողությամբ ոգևորված՝ բեմադրիչը հեղինակին խնդրեց հարստացնել և ընդարձակել տեքստը: Այսպիսով, ավելացվեցին նոր տեսարաններ, սրամիտ, աբսուրդով ու սև հումորով լի երկխոսություններ: «Ներկայացումը մի դիալոգ-բանավեճ է երկու պերսոնաժների միջև, ովքեր իրենց կյանքն անցնում են վազքով: Մեկը՝ համոզված, մյուսն՝ ստիպված: Մի՞թե սա է մեր կյանքը, սա վա՞զք է, թե՞ գուցե հաճույք… Այդ երկու գործող անձինք մեզ հիշեցնում են Ֆելլինիի ֆիլմերը: Նրանց խոսքերը, նրանց շարժումները չափազանց խորհրդանշական են: Դա աբսուրդի թատրոնի, տրագիկոմիկ կլոունադայի մի խառնուրդ է, որ ստեղծում է արցունքախառն ծիծաղ», – գրում է հանդեսը:
Նինա Դիվն այս երկրորդ ներկայացման համար հրավիրել է դերասանական նոր զույգ՝ Ժիլ Գելբլյում և Ֆիլիպ Կոլո: Ի տարբերություն նախորդ ներկայացման՝ երկուսն էլ տղամարդ են:
Հանդեսը նշում է նաև, որ սա առաջին դեպքն է, երբ հայաստանցի հեղինակի գործը բեմադրվում է փարիզյան բեմում: Ավելացնենք մեր կողմից՝ երկու անգամ արդեն տարբեր թատրոններում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.