ՊՐՈՖԵՍՈՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Երջանիկ է այն մարդը, ով կյանքում հանդիպում է
լուսամիտ ուսուցչի:
Մարի Բրոսսե
ֆրանսիացի
նշանավոր հայագետ

1987-ին լույս տեսավ Տիգրան Հախումյանի «Հուշեր» գիրքը, որը բացառիկ տպավորիչ է թե՛ իր բովանդակությամբ և թե՛ մշակութային բացառիկ արժեքով: Այն իրավամբ ինքնատիպ հանրագիտարան է XX դարի հայ մշակույթի, քանզի նրանում բացառապես մեր մեծերն են` գրողներ, գրականագետներ, թատերագետներ, նկարիչներ, ճարտարապետներ, պատմաբաններ, երաժիշտներ, դերասաններ: Հուշերն այնքան կենդանի են ներկայացնում հայ և ոչ հայ մտքի երևելիներին, որ ընթերցվում են մեկ շնչով: Տիգրան Հախումյանը մեզ է մատուցում հայկական առաջավոր միտքը XX դարում առաջ մղողների կերպարների կարևոր այն հատկանիշները, որոնք մենք` հայերս, պետք է ճանաչենք ու հիշենք: Բոլոր այդ անհատների հետ հեղինակն ունեցել է անձնական շփումներ և խորքով ճանաչել նրանց էությունն ու հայ իրականությանը բերած նպաստը: Ու բնութագրում է նրանց համառոտ, սակայն իմաստալից: Հովհ. Թումանյանի մասին ասում է. «Բնությամբ նա պարզ ու հասարակ էր, բայց և բարդ ու իմաստուն, ինչպես կյանքը»: Իսկ որքան անմոռաց է հուշերի այն դրվագը, որը ներկայացնում է 1918 թվականի մայիսի 28-ին թուրքերի ներխուժումից հալածական փախած հայերի և Թումանյանի հանդիպումը: Մեծ բանաստեղծը իր ջերմ խոսքով, առակներով ու կատակներով հանգստացնում է փախստականներին, և բոլորը քուն են մտնում, իսկ բանաստեղծը. «Ձեռքը բռնած փայտով դանդաղ խառնում էր խարույկի ածուխները, գլուխը հակել ու լուռումունջ արտասվում էր»: Տպավորիչ է Իսահակյանի կերպարը, որը սեր ուներ աշխարհի տարբեր բանահյուսությունների նկատմամբ և փորձում էր գտնել նրանցում համընդհանուրը: Լինելով Ե. Չարենցի ամենամտերիմ բարեկամներից մեկը` Տ. Հախումյանը խորությամբ և հիմնովին վերլուծում է հանճարեղ բանաստեղծի հարուստ ստեղծագործական ուղին` բացահայտելով նրա մարդկային բարդ ու հակասական կերպարը և կյանքի ահավոր ողբերգությունը: Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելիս Տիգրան Հախումյանը հանդիպում է Վահան Տերյանի հետ: Վերջինս այնպիսի պատգամներ է տալիս, որ նա երբեք չմոռացավ ողջ կյանքում: Դրանք են` ամբողջովին նվիրվել մեր հինավուրց մշակույթին, հիանալի հարուստ լեզվին, սրբորեն պահպանել մեր ժողովրդի դարավոր ավանդները: Եվ նա պահպանեց դրանք: Զարգացրեց մեր մշակույթը` հայերեն թարգմանելով ռուս և արտասահմանյան նշանավոր գրողների բազում երկեր, հայերենից էլ ռուսերեն է թարգմանել մեր անվանի գրողներին: Հայտնի է, թե ինչ ոգևորությամբ ռուսերեն թարգմանեց Մուրացանի «Ռուզան» դրաման: Հավանաբար Ռուզանի կերպարն իրեն ոգևորում էր` հիշեցնելով իր արմատները: Ծնողները հերոսական Շուշի քաղաքից էին, հայտնի ազնվական ընտանիքներից: Հայրը` Սիմոն Հախումյանը, խիստ կրթված էր, հայ հասարակական կյանքի վրա ուներ իր ազդեցությունը: Նրա ազգականներից Մարիամ Հախումյանը 1864-ին Շուշիում բացում է առաջին օրիորդաց դպրոցը` տրամադրելով ոչ միայն նյութական միջոցներ, այլև սեփական տունը: Այդ դպրոցի գործունեու­թյունը բարձր են գնահատել Պ. Պռոշյանը և Լեոն: Հորեղբոր որդին` Սիմոն Հախումյանը, սովորել է Սորբոնի համալսարանում, նաև հաճախել Կոլեժ դը Ֆրանսի սոցիոլոգիայի դասընթացներին: Եղել է հրապարակախոս, գրող, թարգմանիչ, մի շարք հանդեսների հրատարակիչ: Մտավոր և ազգանվեր կյանքի այս մթնոլորտն իր կնիքն է դրել Տիգրան Հախումյանի կյանքի ողջ ընթացքի վրա: Մոսկվայում նա փայլուն ավարտում է ոչ միայն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ սովորում է պատմալեզվագրական բաժնում: Պատճառը հասկանալի էր. նա իրեն զգում էր բանաստեղծ և գրող: Դեռ ինը տարեկանում գրել է բանաստեղծություններ և առաջին դրամատիկ գործը մանկական թատրոնի համար: Լրջորեն տպագրվել է 1914 թվականից, այսինքն` 20 տարեկանից: Նրա բանաստեղծությունները տպագրվում են Մոսկվայի «Հայկական տեղեկա­գրում» ¥«Армянский вестни껤: Դրանք անհատի ներքին խռովքն արտահայտող բանաստեղծու­թյուններ էին: Ահա մի օրինակ`
Ложится белый снег на мерзлый труп земли,//Окутав саваном холодные просторы,//А мысли о конце с безмолвием сплелись,//И душу странно давят чьи-то взоры.
Բերում եմ իմ տողացի թարգմանությունը.
Ձյուն է իջնում սառած մարմնին հողի,//Իր սավանով ծածկում ցուրտ հեռաստանները,//Խոհը վերջի մասին անխոս հյուսվելով,//Ճնշում է հոգին անսովոր հայացքը ինչ-որ մեկի:
Հավանաբար այս և նման բանաստեղծություններն են առիթ դարձել այն նամակի համար, որ Մաքսիմ Գորկին 1916 թ. ուղղել է Տիգրան Հախումյանին` պատգամելով չլինել Ռոբինզոն` մեկուսացված իր մեջ, այլ նայել իրական կյանքին, որը քաոս է, բայց նրանում կա ճիչ, ծիծաղ, հայհոյանք, սեր:
Տիգրան Հախումյանը, ինչպես բոլոր մեծերը, եղել է ընթերցասեր և ունեցել է Երևանի լավագույն անձնական գրադարաններից մեկը: Տիտանական աշխատասիրությունը և աշխատանքային կարգապահությունը նրա մշտական ուղեկիցներն էին: Ինչպես վկայում է նրա հետ երկար տարիներ աշխատած պրոֆեսոր Լազար Այվազյանը, նա չի հիշում որևէ դեպք, որ Տիգրան Հախումյանը բացակայեր կամ ուշանար դասախոսությունից: Նրա լսարանները լեփ-լեցուն էին, նրան լսելու էին գալիս շատերը: Ինչպես հաստատում է որդին` Սեմյոն Տիգրանի Հախումյանը, ով, ի դեպ, շուրջ 17 տարի մեծ հաջողությամբ ՀԽՍՀ կրթության նախարարն էր և ապահովում էր հայ դպրոցի ոսկեդարը, հայրն անգամ առաջացած տարիքում օրական 8-10 ժամ անցկացնում էր գրասեղանի մոտ, իսկ երբեմն աշխատում էր նաև գիշերները: Այսպես, օրինակ, «Ալմաստ» օպերայի լիբրետոյի վերջում նշել է. «Ավարտեցի առավոտյան 05.17-ին»:
Տիգրան Հախումյանն, անշուշտ, ունեցել է դժվարություններ, տարաձայնություններ, սակայն դրանք հաղթահարել է ուժեղ կամքի շնորհիվ, ինքն իրեն ոգևորելով, ինքն իրեն խրախույս կարդալով: Երբեք անտարբեր չէր շրջապատի ոչ ցանկալի երևույթների նկատմամբ: 60 տարվա աշխատանքային եռանդուն գործունեության մեջ եղել են շատ խոչընդոտներ. նրան հաճախ անտեսել են, մոռացել, չեն տպագրել: Սակայն այս արտասովոր մարդն ունեցել է իր երկրորդ ես-ը, որը և նրան անշահախնդիր խորհուրդներ է տվել, թե ինչպես դիմանա այդ բոլորին: Նա կարող էր մի քանի դոկտորական ատենախոսություններ գրել, սակայն բավարարվել է միայն պրոֆեսորի կոչմամբ: Փառասիրությունը նրան հարիր չէր:
Տիգրան Հախումյանը ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես, այդ թվում` Շեքսպիր, Գոլդոնի, Լոպե դե Վեգա, Բոմարշե (ֆրանսերենից), Պուշկին, Լերմոնտով, Օստրովսկի, Գորկի, Լունաչարսկի, Մուրացան, Էրենբուրգ և այլք: Ինքը ևս գրել է դրամատիկական գործեր, որոնք բեմադրվել են Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնում և ԽՍՀՄ այլ թատրոններում:
Տիգրան Հախումյանն առաջնակարգ գրականագետ էր: Նրա թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիային: Իր հուշերում Տ. Հախումյանը մեջբերում է Դ. Դեմիրճյանի գրական գործունեու­թյան 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ գրողի արտասանած հետևյալ խոսքը. «Ես իմ ժողովրդին ոչ թե անչափ մեծ բան տվեցի, այլ անչափ ցանկացա մի ինչ-որ բան տալ»:
Ինչպես հատուկ է այն անհատներին, որոնց նեցուկը հենց իրենք են, իրենց խոր գիտելիքներն ու բանականությունը, Տիգրան Հախումյանը երբեք չի գնացել սկզբունքային փոխզիջումների: Գրականագիտության մեջ ունեցել է իր սեփական տեսակետները, որոնց հանգել է տարիների երկարատև զննումների արդյունքում: Բավական է կարդալ նրա «Литературные очерки и воспоминания» ¥«Գրական ակնարկներ և հուշեր»¤ գրքի երկու հատորները, համոզվելու համար, թե որքան տարբեր են ռուս դասական գրողների կերտած կերպարներին տված հախումյանական բնութագրերը: Նրա Պեչորինը կամ Ալեքսեյ Կարենինը հոգեբանական բարդ ու համոզիչ բնութագրեր ունեն և ոչ ընդունված ու հայտնի, սակայն անպայման հավաստի են գրականագիտորեն:
Նրա երբեմնի ուսանողները ևս ջերմ հուշեր են թողել իրենց պաշտելի պրոֆեսորի մասին: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Նելլի Սահակյանի, Լուիզա Սամվելյանի, Հակոբ Սալախյանի բնութագրերը: Նրանք հավաստում են, թե որքան երջանիկ են իրենց զգացել` լինելով Տիգրան Հախումյանի ուսանողը, որքան գիտելիքներ են ստացել այդ հանրագիտակ մարդուց ու նրան կոչում են բնության պարգև, բնակտոր ոսկի: Դասախոսի աշխատանքը չափազանց բարդ է, եթե այն ընթանում է անմնացորդ նվիրումով: Խոսքի ուժը գիտակցել է Տիգրան Հախումյանը, դրա համար էլ նա թողել է իրավաբանի փայլուն կարիերան և նվիրվել առավել անշնորհակալ, սակայն առավել անանձնական մի բնագավառի` մանկավարժությանը, որն իսկական գիտնականից խլում է նրա թանկ ժամանակը, և փոխհատուցումը միայն մանկավարժի բարձր գիտակցությունն է, թե մարդ է կրթում: Երկար տարիներ աշխատել է տարբեր բուհերում` Երևանի պետական համալսարան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ: Նրա դասախոսության վերջին տասնամյակը համընկնում է իմ ուսանողական տարիներին, սակայն, ավա՜ղ, նա այլևս Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում չէր դասախոսում: Որքա՜ն երջանիկ կլինեի, եթե նա լիներ իմ դասախոսը, ոչ թե միայն իր գրքերով, հիանալի թարգմանություններով, այլև կենդանի խոսքով ու հմայքով, ինչպես միաբերան վկայում են նրա արժանավոր ուսանողները:
Տիգրան Հախումյանը բազմաձիրք էր. հիանալի ջութակ էր նվագում, ռեալիստական ոճով դիմապատկերներ գծանկարում: Վերջիններից խոսուն օրինակներ կան 2002-ին լույս տեսած Սիմեոն Հախումյանի «Думы о былом» ¥«Խոհեր անցյալից»¤ հուշերի գրքում:
Մեծ մտավորականի հուշերում կան այնպիսի մտքեր, որոնք չենք գտնում այլուր, դրանք կա՛մ իր, կա՛մ մեր մեծերի` Կոմիտասի, Շիրվանզադեի, Վահան Թոթովենցի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովսեփ Օրբելու, Ալեքսանդր Թամանյանի, Թորոս Թորամանյանի, Մարտիրոս Սարյանի, Լեոյի, Պողոս Մակինցյանի, Հովհաննես Աբելյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի և այլ երևելիների մտքերն են: Հմուտ հետազոտողը դրանք կարող է առանձնացնել և աֆորիզմների արժեքավոր հատոր կազմել:
Մահվանից քիչ առաջ Տիգրան Հախումյանն իր օրագրում գրել է. «Կուզեի՞ արդյոք, որ իմ գերեզմանին հուշարձան դրվեր: Անկեղծ ասած` ոչ: Ես կուզեի, որ նրանց, ում սիրել եմ, ում տվել եմ ողջ գիտելիքներս և կյանքս, չմոռանային ինձ և հիշեին բարի խոսքով»: Մեծ մտավորականի այս ցանկությունն իրականացել է: Նրան հիշում են ջերմորեն:
Այս տարի Տիգրան Հախումյանի ծննդյան 120-ամյակն է, և այդ առիթով ցանկանում եմ հիշեցնել: Նրա անունը մտել է մեր հանրագիտարաններում, սակայն նա վաստակել է այն հիմնավոր իրավունքը, որ հանրագիտարանից մեզ նայի այդ արժանավոր հայորդին նաև իր նկարով, չէ՞ որ մեծ գիտնականը երկար տարիներ յուրատեսակ միացնող օղակ է եղել հայ-ռուսական այնքան մեծարժեք գրական կապերի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։