Համաշխարհային գրականության պատմության մեջ բացառիկ են այն գրողները, ովքեր իրենց ստեղծագործություններով և հասարակական գործունեությամբ անմնացորդ ծառայել են հարևան երկրների ու ժողովուրդների միջև համերաշխություն, խաղաղություն, սեր ու բարեկամություն սերմանելու և հաստատելու սրբազան գործին: Այդ բացառիկներից է հայոց ազգային հանճար Հովհաննես Թումանյանը:
Հովհ. Թումանյանը բարձրագույն, նույնիսկ միջնակարգ կրթություն չստացավ, բայց ինքնակրթությամբ հաղորդակից դարձավ համաշխարհային գրականությանը, գիտությանը, փիլիսոփայությանը, հսկայական տաղանդի և գեղարվեստական վարպետության շնորհիվ հասավ կատարելության` հավերժությանը հանձնելով քնարերգության փայլուն նմուշներ, քնարաէպիկական պոեմներ, թախծալուր նորավեպեր ու պատմվածքներ, լուսաշող քառյակներ, որոնք հագեցված են խոր ու իմաստալից բովանդակությամբ: Բանաստեղծ-մտածողն ազդել է ազգային գեղագիտական ճաշակի, ժողովրդի ընկալումների վրա, հսկայական լիցք է հաղորդել արվեստի ու գրականության բոլոր ճյուղերին:
Բնակություն հաստատելով Թիֆլիսում` Հովհ. Թումանյանը պատանեկան տարիներից չթուլացող հետաքրքրություն է ցուցաբերել Վրաստանի և վրաց ժողովրդի հանդեպ, հանգամանորեն ուսումնասիրել է նրա նիստ ու կացը, ջերմ զգացմունքներով շփվել «արի, բարիե ընկերների հետ: Կարճ ժամանակ անց մեծ հեղինակություն և ժողովրդականություն է վայելել վրաց իրականության մեջ: Նա անձնական, բարեկամական կապեր ուներ տեղի ավագ և կրտսեր սերնդի գրողների, երկրի մշակույթի, առհասարակ տարբեր բնագավառների մտավորականների լայն շրջանակների, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Ն. Բարաթաշվիլու դամբանի վերաե, «Վրաստանի ոգինե, «Վրաստանի համարե, «Նվեր Վրաստանի բանաստեղծներինե և այլ երկերում, ժողովրդասեր գրողը անկեղծ, սրտառուչ արտահայտել է բարեկամության ու եղբայրության վեհ գաղափարներ, ամեն առիթ օգտագործել և հանրության մեջ տարածել իր համար երկրորդ հայրենիք դարձած երկրի ու ժողովրդի մասին իր հարուստ գիտելիքները:
Հովհ. Թումանյանը ճիշտ ժամանակին ընկալեց ու գնահատեց եղբայրությունը խորհրդանշող այն գեղեցիկ լեգենդի խորհուրդը, ըստ որի` պատմությունը Հայոսին և Քարթլոսին խոստովանել է, որ վաղ անցյալում մի ընդհանուր նախահայր են ունեցել: Նա վկայեց, որ ժողովուրդների հիշողությունը ոչ միայն պատմական վկայությունների, այլ նաև սրտի և արյան հիշողություն է, որ անցնում է սերնդեսերունդ, և պատգամեց ամեն ինչին նայել բարեկամական սիրո բարձունքից. սեր, որ վեհացնում է, սեր, որ միաբանում և ջերմացնում է, քանզի «սիրո կապն է ապահովել մեր ժողովուրդների պատմական կյանքի հաջողություններըե:
Գրողն ուշի-ուշով հետևում էր թե՛ իր պատգամներին և թե՛ Վրաստանի գրական, պատմամշակութային նշանակալից անցուդարձերին: Նա հայ և վրաց մտավորականների հետ հաճախ սեփական հարկի տակ հավաքներ էր անցկացնում և բարեկամությունն ամրապնդելու նորանոր գաղափարներ առաջադրում:
Գիտակցական ամբողջ կյանքի ընթացքում Հովհ. Թումանյանը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ համակրանք էր տածում. «Ես, իբրև բանաստեղծ մարդ, անհունորեն սեր տածելով առհասարակ դեպի ժողովուրդները-առանձնապես ուժեղ սիրել եմ մեր եղբայրակից վրացի ժողովուրդը, որի մեջ անց եմ կացրել իմ կյանքի մեծագույն մասը և որի հետ կապված եմ շատ խոր ու ամուր կապերովե:
Իսկ բանաստեղծ, հասարակական գործիչ Սիկո Փաշալիշվիլիին (1894-1970) 1921 թ. հուլիսի 14-ին գրում է. «Սեղմում եմ Ձեր ձեռքը և հավաստիացնում, որ որքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, այդքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները էդ հոգու: …Ինքը` վրացին, պոետ է, իսկ վրացի պոետը` կրկնակի պոետե:
Թումանյանի կրտսեր բարեկամներից ականավոր վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, գրականագետ, փիլիսոփա Գրիգոլ Ռոբաքիձեն (1880-1962), որի անունը 1910-1920-ական թվականներին որպես առաջին մեծության աստղ թնդում էր համայն Վրաստանում, հավաստում է, որ «Հովհաննեսը խորապես զգում է Վրաստանը: Վրաստանի ծնունդ վրացու հազվադեպ եմ հանդիպել, որ նրա չափ ճանաչեր ու ընկալեր Վրաստանի էությունըե:
Թումանյանի մասին Գ. Ռոբաքիձեի հուշը` «Հովհաննես Լուսեղենե վերտառությամբ, լույս է տեսել համավրացական նոր գրականության օրգան «Ռուբիկոնիե շաբաթաթերթի 1923 թ. ապրիլի 8-ի համարում և սկսվում է հետևյալ տողերով. «Բանաստեղծի մահը իր մահն է բանաստեղծի համար, առավել ևս Հովհաննես Թումանյանի մահը: Շատ մեծ է մեր վիշտը, որովհետև Հովհաննեսը մարդ էր: Հովհաննեսը բանաստեղծ էր: Հովհաննեսը բարեկամ էր: Եվ ամեն ինչում կատարելապես լուսեղեն… Հոգին` ամենատես, բարի, Բարձրյալի պես միշտ խանդավառ: Սիրտը` պարզ, բաց, կրակված, մանկական, անապականե:
Թումանյանն իր բարեկամին` ի դեմս «սգավոր եղբորե, նվիրել է մեկ քառատող, որը, պետք է գրված լինի 1918 թ. դեկտեմբերին` հայ-վրացական ազգամիջյան կարճատև պատերազմի օրերին: «Սգավոր եղբայրըե` Գ. Ռոբաքիձեն, այցի է գնում իր «վշտահար եղբորըե` Հովհաննես Թումանյանին, ով համակված է նույն հոգսով և նույն ցավով.
Ինչ դալուկ ես քու երկրի պես
ու սըգավոր դու էսօր,
Բայց ողջ ու վեհ քան երբևէ,
թովիչ ու խոր դու էսօր.
Եղբորըդ մոտ եկած վըշտոտ`
տանջում ես նոր դու էսօր,
Տանջանք անվերջ իմ սըրտի մեջ
ու սեր հըզոր, դու էսօր:
Եղբայրները սգի մեջ էին, վշտահար, որովհետև աղետաբեր ամպեր էին կուտակվել նրանց երկրների երկնակամարում: Թումանյանը պարզապես համօրյա ջանքեր էր գործադրում խաղաղությունը վերահաստատելու համար: Այդ բախտորոշ պահին նրան է դիմում նաև բանաստեղծ Տիցիան Տաբիձեն (1895-1937): Նա ևս Թումանյանի ազնիվ բարեկամներից էր, մտերմական ջերմ կապեր ուներ նրա հետ և լիովին համոզված էր, որ այդ ճակատագրական պահին «մեկ ուրիշի ձայնը չի հնչի և չի լինի այնպես ճշմարիտ ու հասկանալի, ինչպես լուսավորյալ բանաստեղծինն ու հայրենասերինըե: Նա, նկատի ունենալով Թումանյանի վիթխարի հեղինակությունն ու ժողովրդականությունը անդրկովկասյան ազգաբնակչության մեջ, բաց նամակով դիմում է նրան` հաղորդակից դարձնելով իր մտորումներին ու անհանգստությանը:
Երկու կառավարությունների միջև հաշտության բանակցությունների ավարտից հետո «լուսավորյալ բանաստեղծըե «եղբայրական զրույց է սկսում իր ազնիվ բարեկամի հետե` հղելով ընդարձակ մի նամակ, որտեղ վերլուծում է հայ-վրացական պատերազմը, դատապարտում ուժի կիրառումը հարևան ժողովուրդների միջև:
Նույն խնդրին լուծում տալու համար այդ օրերին վրաց մտավորականների հետ իր բնակարանում հանդիպման ժամանակ, որոնց թվում էին նաև Տ. Տաբիձեն ու Գ. Ռոբա-քիձեն, Թումանյանն ասում է. «Վերջապես, մենք` բանաստեղծներս, ավելի իրավունք ունենք մեր հաշտության ձայնը բարձրացնելու, երբ ժողովրդի արյունն է հոսում, քան իշխանությունները, որովհետև մենք ենք ժողովրդի կոչված ներկայացուցիչները, մե՛նք ենք, որ վշտանում ենք նրա տառապանքով և խնդում նրա ուրախությամբե:
Վրացի գործիչների վկայությամբ` Թումանյանի ուշադրության կենտրոնում վաղուց ի վեր նաև պատերազմի և հաշտության խնդիրն էր: Այս ասպարեզում ծավալվող բանավեճերի հիմնական ծանրությունը վերցնելով իր վրա` նա առաքյալի նման ծառանում էր կռիվ հրահրողների, արյուն հեղողների, կողմերին թշնամացնող բանսարկուների և կրքեր բորբոքող զանազան բախտախնդիրների դեմ: Մանավանդ 1900 թվականների սկզբին ռուսական կայսրությունում ընդգրկված Անդրկովկասում ծավալվում էին հակաազգային քարոզներ, հրահրվում ազգամիջյան ընդհարումներ, ստեղծվում պատերազմական իրավիճակներ. խեղվել էր մարդկային հոգեբանությունը:
Այդ փոթորկուն, խառը և քաղաքական ողբերգություններով լի ժամանակներում Թումանյանը մեծ հույսով ժողովուրդների իսկական բարեկամություն էր քարոզում: Իրար դեմ ելած կողմերին հաշտեցնելու համար, խաղաղության խորհրդանիշ սպիտակ դրոշ պարզած, բանաստեղծը մտնում էր կենաց ու մահու դաշտ, համոզում հակառակորդ ուժերին` պատյան դնել մերկացրած սրերը: Գրչով, գործով ու խոսքով նրան հաջողվեց կանխել հայ-թաթարական արյունահեղությունը: Այդ թեժ կռիվների ժամանակ Թումանյանի սխրանքների մասին ահա թե ինչ է ասել Թումանյանի հետ գավառներում շրջագայած «Մշակե թերթի թղթակից Արտեմ Չիղյանը «Թեատրի դա ցխովրեբաե («Թատրոն և կյանքե) ամսագրի խմբագիր Սիկո Փաշալիշվիլիի հետ ունեցած հարցազրույցում. «…Հա՛, կասեիր Մազուրի* ճակատամարտն է, մեկմեկու չէին զիջում: Հարևանը հարևանի վրա էր կրակում, եղբայրների պես մեծացած, հիմա կոտորում էին իրար, ինչ է, թե տարբեր ազգության էին պատկանում: …Պարզապես ոսկե խոսքեր ասաց Թումանյանը. «Կայենը հարազատ եղբորն սպանեց, ձեր մեջ ո՞վ կայենություն գցեց, ո՞վ է ձեզ կործանողը… Այսպես էր խոսում նրանց պարագլուխների հետ: Հետո գավառապետին և փոխարքա Վորոնցովին մեծ պետիցիա ուղարկեց: Տեսնո՞ւմ ես` է՛ն, ինչ չկարողացան անել կառավարությունները, արեց մեն մի մարդ…ե:
Այդ թեմայի մասին Թումանյանը մտերիմներից Ֆիլիպ Վարդազարյանին գրում է. «Ես …ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու: Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներև կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածից…ե:
Հաջորդ հակամարտությունը սահմաններ կազմավորելու պատճառով բորբոքվեց նորանկախ հանապետությունների` Հայաստանի և Վրաստանի միջև, Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո (1918 թ. մայիսի 26), և 1919 թ. դեկտեմ-բերին հանգեց ռազմական երկուստեք բախումների:
Թումանյանը ելքը տեսնում էր բարեկամությունն ամրապնդելու մեջ և իր ամբողջ էությամբ նվիրվում է այդ նպատակի իրագործմանը` համոզված, որ «մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամըե: Նա, ի դեպ, Հայաստանի և Վրաստանի ղեկավարներին հորդորում էր առաջնորդվել ժողովուրդների մեջ սեր ու բարեկամություն հաստատելու գաղափարով, որովհետև «մեզնից ամեն մեկս պիտի սիրենք մեր հարևանի ազատությունը ու աշխատենք նրա համար, պարզ գիտակցելով էն հավիտենական ճշմարտությունը, որ մեկի երջանկությունը պայմանավորվում է մյուսի երջանկությունով…ե:
«Առաջին մարդը, որն ավելի շատ էր մտատանջվում Հայաստանի և Վրաստանի եղբայրության հարցով, Հովհաննես Թումանյանն էր: Վրաստանում բոլորը հավատում էին նրա անկեղծությանը: Դա հավաստեց Թիֆլիսը նրա 50-ամյակինե,- գրում է Տ. Տաբիձեն: Իսկ Գ. Ռոբաքիձեն ավելի հստակ է. «Բոլորիս համար պարզ էր, թե ինչ ողբերգություն էր ապրում Հովհաննեսը հայ-վրացական անհամաձայնության և ապա նրանց միջև ծագած պատերազմի ժամանակ… Կարելի է վճռականորեն ասել. հայերին և վրացիներին համաձայնեցնող հաշտեցնողը, բառիս լավագույն իմաստով, եղավ Հովհաննեսը` քաղցր ու ասպետական…ե:
Հաշտեցման խնդրում Թումանյանին աջակցում էին վրացի առաջադեմ մտավորականներ: Տ. Տաբիձեի, Լ. Ղիփիանիի և Հովհ. Թումանյանի նամակագրությունը վաղուց ի վեր հայտնի է հայ և վրաց հանրությանը, ուստի` վկայենք մեկ այլ գրող, հասարակական գործչի` Սամսոն Փիրցխալավային (1872-1952): Նա «գեղեցիկն ըմբռնող և գեղեցիկն արարող հայ մեծատաղանդ բանաստեղծիե մասին հենց այդ օրերին գրել է, որ բոլորին է հայտնի, թե խաղաղությունը վերականգնելու համար Թումանյանը որքան մեծ ջանքեր է թափում, ինչպես է արիաբար մարտնչում գրչով ու գործով, հաճախ ամեն պահ վտանգում կյանքը, որովհետև «հայ ժողովրդի ազնվագույն զավակը և վրաց ժողովրդի ամենասիրելի բարեկամը, առավել, քան որևէ մեկը, քաջ գիտակցում է երկու ժողովուրդների համերաշխության և ի վերուստ նրանց տրված պատմական առաքելության գինը: Երբ սրվել են մեր և հայերի հարաբերությունները, երբ մատնացույց են արել վրացատյաց հայերին (մի՛թե քիչ են հայատյաց վրացիները), իմ աչքի առաջ հառնել է Հովհաննես Թումանյանի կերպարը, և ես կասեմ` հնարավոր է մեր հաշտությունը, հայերը սրտանց ցանկանում են դա, նրանք անկեղծ կողմնակիցն են այն բանի, որ հայերի և վրացիների միջև միակ լեզուն բոլորովին էլ ատելությունը չէ…ե:
Վրաց մտավորականը նույնպես հայ և վրաց ժողովուրդներին մերձեցնելու, կապերը վերականգնել-խորացնելու ջատագովն էր` դա համարում էր երկու երկրների քաղաքական ու մշակութային վերածննդի կարևորագույն գործոնը: Այդ քայլերի անհապաղ իրականացումը նա անհրաժեշտ, պարզապես երանելի էր համարում, որովհետև Հայաստանն ու Վրաստանը նոր-նոր սկսել էին ապրել անկախ կյանքով, մինչդեռ շրջապատված էին բազմաթիվ թշնամիներով, որոնք, բացահայտ թե քողարկված, որոգայթներ էին հյուսում, միջոցներ գործադրում` դրկից երկրներին զրկելու ձեռք բերած ազատությունից: «Ահա թե ինչու,- ամփոփում է մտահոգ գործիչը,- այսպիսի ժամանակ մեկմեկու ձեռք մեկնելը հույժ կարևոր էե:
Այդքանով հանդերձ, Թումանյանը ճակատում մենակ էր: Ժամանակակիցներից նշանավոր դրամատուրգ Շալվա Դադիանին (1874-1959) այդ առիթով գրում է. «Երբ Վրաստանում և Հայաստանում իրար դեմ թշնամական ժանիքներ էին սրում, մտավորականության շրջանում Թումանյանի նման քչերը կային: Մենակ էր Հովհաննեսը. որբ էր մնացել այս անվեհեր մարդն այն տխուր ու մռայլ օրերին` ժողովուրդների եղբայրության քարոզով… Սրտանց ցանկանում էիր, որ շատերն այդ որբի նման լինեին, նրա կողքին լինեին, բազմանային թե՛ մեզանում, թե՛ նրա յուրայինների մեջ, ցավոք, այդ տխուր օրերին դա միայն երազել կարելի էրե:
Մեկ այլ վրացի հեղինակավոր գործիչ բանաստեղծի հոբելյանի առիթով գրում է, որ Հովհ. Թումանյանը ժամանակի խոշորագույն բանաստեղծներից է, հայ ժողովրդի երդվյալ հավատարմատարը, նրա հոգևոր հարստության, նվիրական զգացումների ու իղձերի լավագույն արտահայտողը: Ահա ինչու նա արժանացել է համաժողովրդական սիրո, իսկ այդպես ամեն մի ժողովուրդ սիրում է իր ազգային կերպարը, իր անհատականությունը, իր ազնվությունը:
1919 թ. փետրվարի 20-ին Տիցիան Տաբիձեն «Սաքարթվելոե թերթում շնորհավորում է Թումանյանի 50-ամյակը` այն համարելով տոն, ընդ որում` «Կովկասի գրականության տոն և ժողովուրդների համերաշխության գաղափարների ամրակայումե: Թումանյանի մասին իր հուշերում նա վերստին անդրադառնում է իրենց ծանոթության, մտերմության հանգամանքներին, վրաց մտավորականների վրա Թումանյանի ունեցած ազդեցությանը և Անդրկովկասի ժողովուրդների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու նրա գործուն ջանքերին: Նա հուշերի էջը եզրափակում է աստվածաշնչյան գեղեցիկ պատկերով. «Չեմ կարող պատկերացնել Հովհաննեսի կյանքի վերջին օրերը, բայց համոզված եմ, որ նա` բարձրահասակ, ճերմակահեր և լուսեղեն դեմքով այդ մարդը, ով իր ամբողջ կյանքն անցկացրեց սիրո քարոզով, վստահ եմ, իբրև աստվածային պատգամախոս, կյանքն ավարտել է հավերժ հավատարմության մասին խոսքերով, ինչպես Հովհաննես առաքյալը, որին վերջին անգամ աշակերտները դուրս բերեցին ժողովրդի առաջ, և նա, արցունքն աչքերին, ասաց. «Սիրեցէ՛ք զմիմեանսե:
Տաբիձեն վրաց գրողների պատվիրակության կազմում 1929 թ. հունիսին ժամանում է Հայաստան, շրջագայում երկրում և բանաստեղծությունների շարք գրում, որոնցից մեկը` «Իրականացավ երազանքը պոետներիե, նվիրված է Հովհ. Թումանյանին: Հեղինակը նշում է խորհրդային տարիներին հայոց աշխարհում առաջընթացի մասին և պարտավորվում գրչակից ընկերների հետ նորովի շարունակել բարեկամության, համերաշխության ու եղբայրության այն երգը, որ մեծ հաջողությամբ սկսել էր Թումանյանը:
Եղբայրներիս հետ եկել եմ ես էլ
Այս եղբայրությանն
ասելու նոր խոսք,
Այն երգը, որ դու էիր սկսել,
Կշարունակենք այսօր ահա մենք:
Ժամանակակիցների վկայությամբ` Թիֆլիսում ամենուր Թումանյանին դիմավորում, ընդունում էին սիրով ու ակնածանքով: Վկայենք մեկական օրինակ հայկական և վրացական մամուլից: «Հատկապես հիշում եմ,- գրում է Տ. Տաբիձեն,- Հովհաննես Թումանյանի հոբելյանական հանդեսը «Տարտոե թատրոնի դահլիճում: Հանդիսասրահը լեփ-լեցուն էր: Խոսք ասաց Պաոլո Իաշվիլին… Նրա ելույթից հետո դահլիճը երկար ժամանակ դղրդում էր ծափողջույններիցե:
Արտակարգ ջերմ էր 1919 թ. մարտի 24-ի Ի. Գրիշաշվիլիի կազմակերպած երեկոն, որտեղ բանախոսը «ողջույնի խոսք է հղում Թումանյանին, որից հետո հասարակությունը հոտնկայս, որոտընդոստ ու երկարատև ծափերով է դիմավորում օթյակ մտած Հովհաննես Թումանյանինե:
Բանաստեղծի հետմահու կյանքում հետաքրքրությունը նրա նկատմամբ ավելի է մեծանում վրաց իրականության մեջ: Դա տեղի է ունենում Թումանյանի ևս մեկ լուսավոր բարեկամի` բանաստեղծ Ի. Գրիշաշվիլիի կախարդանքով: Թումանյանի մահվան տարելիցը չլրացած` նա թարգմանում և ընդարձակ առաջաբանով լույս է ընծայում հայ բանաստեղծի երկերի ընտրանին, որով խորախորհուրդ աշխարհ է բացում վրաց գրասերի առջև: Այդ թարգմանությունը գնահատվում է բնագրին համարժեք. «Բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլին Հովհաննես Թումանյանի հարազատ կրկնակն է,- գրում է բժիշկ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Իվանե Գոմարթելին (1889-1938):- Նրա թարգմանությունը թարգմանություն չէ. նույն բնագիրն է: Երբ դուք կարդում եք Գրիշաշվիլիի թարգմանությունը, ձեր առջև Հովհաննես Թումանյան վրացերեն երգիչն է, և համոզվում եք, որ այստեղ ոչ մի թարգմանություն էլ չկա, ինքը` Հովհաննես Թումանյանն է գրում վրացերենե:
Նույն առիթով վրացի մեկ այլ բանաստեղծ վկայում է.«…Ունենք սքանչելի թարգմանությունների հատորյակ, որի շնորհիվ վրաց ժողովուրդը սիրեց Հովհաննես Թումանյանին: Շատերն են գրել և ապագայում ևս կգրեն, որովհետև, ըստ հայ և վրացի լավագույն մասնագետների, այդ թարգմանությունը համարվում է նվաճումե:
Թումանյանի երկերի վրացերեն թարգմանությունը սեղանի գիրք է դառնում: Բանաստեղծությունների, պատմվածքների, հեքիաթների ու քառյակների մի շարք գոհարներ ներառվում են վրաց դպրոցական և բուհական դասագրքերում:
Խոսուն փաստ է, որ հայ բանաստեղծի մասին ծանրակշիռ խոսք են ասել տարբեր բնագավառի վրացի շուրջ հարյուր հեղինակավոր գործիչներ, իսկ ներբողագիրների թիվը հասնում է երկու տասնյակի:
Հավելենք նաև հայտնի հասարակական գործիչ Իոսեբ Իմեդաշվիլիի (1876-1952) խոսքը: Նրա համար Հովհ. Թումանյան բանաստեղծը` «արևի առաջին ճառագայթ է, վաղորդյան թարմաշունչ սյուք, վաղ գարնանն արթնացած ձնծաղիկ, մանուշակի ժպիտե: Իսկ դասական գրող Վասիլի Բարնովի (1856-1934)` «Իսանիի արշալույսըե վեպի հեղինակի բնութագրումով` «Թումանյանը անապական վարք ու բարքի տեր է, յուրաքանչյուր խոսքը թե շարժումը` կիրթ, անթերի, արվեստի քուրմ է, որ իր հոգու ուժով զգում է երկրի գեղեցիկը, բարին ու ճշմարիտը և արտացոլում, որպեսզի ուրախացնի ու իմաստնացնի անհատին, ամբողջ ժողովրդին, մարդկությանը…, Թումանյանը լուսաբերն է, ջահակիրը իր ժողովրդի, ուրիշ ազգերի, համայն մարդկության: Ավելին` սիրո, գեղեցիկի, բարու և ճշմարիտի արարումով ու քարոզով, խավարի դեմ լույսն առատ դարձնելու պայքարով Թումանյանը` քերթողների մեջ ամենակատարյալը, կապող ոսկե օղ է ժողովուրդների միջևե:
Սրանք վրացի այն գրողներն ու գործիչներն են, ովքեր հաճախակի հավաքվել են բանաստեղծի հյուրընկալ հարկի տակ, խորհրդածել գրականության ու արվեստի, հայ և վրաց ժողովուրդների անցած ճանապարհի, ներկայի ու ապագայի, բարիդրացիական հարաբերությունների մասին և Թումանյանի հանդեպ անկեղծ ու գորովալի զգացմունքներ արտահայտել իրենց հոդվածներում, նամակներում, բանաստեղծություններում ու հուշերում: Նրանց գրեթե բոլոր գրվածքներում Թումանյանը հառնում է իբրև երևելի գրող, լուսեղեն հանճար, աստվածային պատգամախոս, համակովկասյան փարոս, ժողովուրդների հաշտության մարգարե, բարեկամության ռահվիրա` «միշտ բարեհոգի, հույս ու լույս ներշնչող, ճառագող ժպիտովե: Խոսել են նրա գրական-հասարակական գործունեության, մարդկային հմայքի, կազմակերպչական ջանքերի, ծանրագույն իրադրություններից փրկության ելքեր գտնելու մասին:
Այդքանով կարևորել ենք վրացի մտավորականների գնահատականներին հայ հանրությանը հաղորդակից դարձնելու իրողությունը:
——————————
*Մազուր – գերմանա-լեհական սահման, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արյունահեղ մարտեր են տեղի ունեցել (ծնթ. հեղ.):