ՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ալիս ՀովհաննիսյանՎազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Տարբեր առիթներով հաճախ ենք լսում, թե արդի հայ արձակը քիչ է անդրադառնում մեր կյանքի վերջին քառորդդարյա բախտորոշ իրադարձություններին, թե այնպիսի իրողություններ, ինչպիսիք են անկախական ու ազատագրական շարժումները, արցախյան հերոսամարտը, Հայաստանի ու Արցախի անկախացումը, գեղարվեստական լիարժեք դրսևորում չեն ստանում, գրականությունը չի դառնում պատմական ժամանակի տարեգիրը: Տրտնջացողները մասամբ են միայն իրավացի (թեև շատ հաճախ չեն կարդում եղածը), քանի որ ինչպես այդ բախտորոշ իրադարձությունները, այնպես էլ անկախության տարիների մեր դժվարին կյանքի ընթացքը, սոցիալական բևեռացումը, անարդարությունները, արտագաղթը և այլ երևույթներ, այնուամենայնիվ արտացոլվել են գրականության մեջ (երբեմն-երբեմն էլ՝ գեղարվեստական լուրջ մակարդակով):
Ահա ևս մի օրինակ՝ Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր-տերևներ» խորագրով նոր լույս տեսած ուշագրավ վեպը, որ հետադարձ հայացք է՝ նետված մեր նորօրյա պատմության մի հատվածին: Ավելի ճիշտ՝ այդ տարիները հետադարձ հայացքով չէ, որ դիտված են, այլ, ինչպես հերոսուհին է վկայում, «գրի են առնված օր առ օր», հենց «դեպքերի մեջ…, դրանց հորձանուտում»: (Որպես վիպական կառույց՝ հեղինակը ընտրել է իր հերոսուհու օրագրային գրառումները ներկայացնելու հնարանքը): Օր առ օր գրառված օրագրից «ընտրողաբար ներկայացված» այս էջերով, հենց օրագրային բաժանումներով (տարի, ամիս, օր), որ ենթագլուխների վերնագրերի դեր են կատարում, հյուսվում է վիպական պատմությունը՝ շուրջ մեկ տասնյակ հերոսների ճակատագրերով ու ճակատագրական իրադարձություններով, որ մեր ժողովրդի պատմությունն է 1987-ից մինչև 2007 թվականը: Բայց վիպական ժամանակը ձգվում է աջ և ահյակ, ասել է՝ առաջ և ետ. անցյալ՝ հեռավոր միջնադար՝ Բագրատունիների ժամանակները, և ապագա, որ հեղինակը ներկայացնում է հերոսներից մեկի՝ Արտուրոյի երազով և Շուշան հերոսուհու արթմնի տեսիլով. «Բացվում է քաղաքի դարպասը, ճերմակ նժույգի վրա առաջանում է պատանի Գագիկ արքան… Նրա թիկնազորում են Վահրամ,Գրիգոր Պահլավունիները, Գագիկի որդի Հովհաննեսը… Բոլորս այնտեղ ենք՝ Լուկինոն, Անդրյուշը, Անահիտը, Կարենը, Ռուբենը, իմ ինչ-որ դարում չծնված որդիները, դուստրերս, թոռներս, թոռնուհիներս… Պանտալեոն՝ Արտուրոյին Անիից պետք է հասցնենք … Գետաշեն …», … «Անին հենց նոր ողորկված ադամանդի պես սկսել է շողշողալ արևի տակ … Ուխտավորները դարպասների մոտ հանում են ոտնամանները, գուլպաները, լվանում ոտները աղբյուր-հուշարձանից հորդող առվակի ջրերում…» (էջ 372): Ապագայի Անին է …
Պատմական այս անունների և վեպում գործող մեր ժամանակի հերոսների մեկտեղումը Շուշանի տեսիլում ընթերցողի համար զարմանալի չէ, նրանց հանդիպել է վեպի առաջին իսկ էջերից, նրանց հետ ճանապարհ է անցել, և սա վեպի հետաքրքիր, խորհրդա­նշային և կարևոր հղացումներից է: Ճիշտ է, վիպական ժամանակի, մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների ռեալիստական ոճի նկարագրությունների համապատկերի մեջ (այն էլ օրագրային ճշգրտությամբ) ֆանտաստիկայի ներհյուսումը կարող է մի քիչ բռնազբոսիկ թվալ, բայց ընթերցողը ներողա­մտորեն է ընդունում այն, ինչպես նաև վեպի ժանրի հեղինակային բնութագրումը՝ «Կիսաֆանտաստիկ վեպ» (թեև ֆանտաստիկը «կիսա» չի լինում, ու նաև այդ ֆանտաստիկի քիչ թե շատ «գիտական» մանրամասներն են բացակայում): Վեպը դեռ չկարդացած ընթերցողների համար համառոտ հիշեմ սյուժեի ֆանտաստիկական շերտը: Իտալացի գիտնական եղբայրներ Լուկինոն և Արտուրոն նվիրվել են հայոց միջնադարի պատմության, ինչպես նաև բուսաբուժության, բժշկագիտության ուսումնասիրությանը, հայտնագործել են Հայաստանի լեռնային վայրի ծաղիկների թուրմերից պատրաստված մի խառնուրդ (հեղինակը այն «հիշողության էլեկսիր» -ՀԷ է անվանում), որ հերոսուհին (ոչ միայն նա), նրանով եփված ապուրը ճաշակելով, թմբիրի մեջ է ընկնում, հայտնվում է իր նախնիների հեռավոր անցյալում՝ հայոց միջնադարում, վերամարմնավորվում իր գենային սկզբի մեջ, և նրա այն օրերի խոհերը, ապրումները, զգացողությունները, այն ժամանակի իրադարձությունների տարեգրությամբ, ձայնագրվում են, և թմբիրից արթնացած Շուշանը (նաև մյուսները) հիշում է իր «երազը», որ նույնն է ձայնագրվածի հետ: Արդեն ծերացող պատմաբան Արտուրոն Մատենադարանի ձեռագրերն է քրքրում զօր ու գիշեր (հասկանալի է, որ լավ գիտի հայերին ու հայերենը)՝ ջանալով պարզել Բագրատունյաց թագավորության շրջանի մեր պատմության մութ էջերն ու առեղծվածները, պատմիչների տեղեկությունները, հասկանալի է, դրանք լրացնելով ու հաստատելով անցյալ «գործուղված» հերոսների՝ «մասնակից-ականատեսի» վկայություններով:
Պատանի ընթերցողի համար գիտաֆանտաստիկ այս սյուժետային գիծը, խորացումով ու առանձնացումով, կարող էր իսկապես ֆանտաստիկ (և ոչ՝ «կիսա») վեպի ժանրում աչքառու դառնալ, ինչպես հավատացած էր նաև պատմող հերոսուհին. «Լուկինոն արդեն գրել է մեր համատեղ պրպտումների վիպական իր տարբերակը, որ որպես ֆանտաստիկ գրականություն մեծ հաջողություն ունի Իտալիայում» (370):
Բայց էական չէ՝ զուտ գեղարվեստական այս հնարանքը ֆանտաստիկա է, թե՝ ոչ: Կարող ենք այն պարզապես երազ համարել (մենք այդպիսի երազներ քի՞չ ենք տեսնում), կամ արթմնի տեսիլ, որով լի է մեր գրականությունը: Ուրեմն ի՞նչն է էականը կամ կարևորը, որ փոխանցվում է մեզ այս վեպն ընթերցելիս: Անցյալի ու ներկայի հանդիպադրումը: Գլխավոր հերոսի՝ մեր ժամանակակից երիտասարդ ուսուցչուհի և լրագրողուհի Շուշանի և մի հազարամյակ առաջ Անիում ապրած ազնվական Շուշանի միացումը մեկ անձի մեջ: Պատմության հավերժական վերադարձի խնդիրն է, և ոչ միայն Շուշանի օրինակով: Եվ ոչ միայն անունների կրկնությամբ: Այն օրերի Շուշանի տատի անունն էլ էր Շուշան, հայրը Վեստ-Սարգիսն էր, մերօրյա Շուշանի հայրը դարձյալ Սարգիս է, որի պապը նույնպես Սարգիս է կոչվել: Տարօրինակ ոչինչ չկա՝ հայ ընտանիքներում երեխաներին իրենց պապերի, տատերի կամ ավելի նախորդների անուններով են կոչել: Բայց ժառանգական, գենային հատկանիշներն էլ են կրկնվում: Իր հոր՝ կենտկոմական Սարգսի մասին Շուշանն ասում է. «Համարեք, որ անձամբ տեսել եք Վեստ-Սարգսին»: Հայրս ճիշտ նրա նմանակն է (երազում տեսածի): Մերօրյա Շուշանի Պահլավյան ազգանունն էլ, պարզ է, հեղինակը նույնացրել է Անիի հայտնի Պահլավունուն: Բայց կա ավելի կարևորը. վեպի մերօրյա կերպարները նաև իրենց էության շատ գծերով նույնանում են նախնիների հետ: Քաջազուն սպարապետ Վահրամ Պահլավունու մասին նրա եղբոր տղայի՝ Գրիգոր Մագիստրոսի վկայություններից քաղված հատվածը լսելով՝ Շուշանն ասում է. «Այս պահին զգում եմ իմ այժմյան Վահրամ պապի ու հին դարերում ապրած սպարապետի շոյանքը… Ինձ՝ որբուկիս, այսօրվա իմ Վահրամ պապը հենց այդպես էր պահում, երբ նրա մոտ Բջնիում էի մնում ամառները. կամ երբ հիվանդանում էի… Իմ ներկա պապի ձեռքերն էլ խոշոր են, նա էլ է դողում մեր ցեղի երեխաների վրա… Ամեն ինչ համընկնում է… Նրանք ջրի երկու կաթիլի պես նման են իրար… » (181-182): «Նա էլ գեղեցիկ է ու պարթևահասակ», քաջ կռվող է, պատերազմի հերոս ու գեներալ, որ Արցախյան պատերազմի օրերին իր տան նկուղում Գրիգոր տղայի հետ «չորս տարի ծպտված, օր ու գիշեր աշխատել են, ոչնչից զինանոց են սարքել», ի վերջո կամավոր (պահեստայիններ էին) ամբողջ զինամթերքով մեկնում են Արցախ: Ճակատագիրը կրկնվում է, և նրանք էլ, ինչպես սպարապետ Վահրամ Պահլավունին իր Գրիգորիս տղայի հետ, ընկնում են կռվի դաշտում հերոսաբար, նախ՝ տղաները, ապա՝ հայրերը: Իրենց էությամբ նման են Գագիկ արքան ու Անդրյուշան. Գագիկը «նույնպիսի փխրուն մի էություն է եղել», «հռետորական գիտությամբ զարգացյալ», քաջ և հայրենասեր, «Անդրյուշայի մագնիսական, հռետորական ձայնը, գեղեցիկի մասին զրույցները, մարտի դաշտում զինվորներին կարդացած հորդորները, քաջությունը…, անողոքությունը թշնամու նկատմամբ… Տեսել եմ երկուսին էլ, նմանությունները շատ են…» (288-89):
Զուգահեռվում են ոչ միայն անհատները, այլև իրադարձությունները, նաև արհավիրքները՝ բնության թե թշնամու բերած դժվարությունները, հուսալքության մեջ ելքի փնտրտուքները և ամենակարևորը՝ ոգին, հավատը: Մենք անցյալի մեջ ենք, անցյալը՝ մեր մեջ, մեր թիկունքում մենք հենվելու պատմություն ունենք, որ և՛ փորձ է, և՛ խորհրդատու, և՛ հուշարար: Այս դեպքում անցյալը Գագիկ արքայի ժամանակն է՝ բնական ու թշնամական արհավիրքները, դավաճանություն, Անի քաղաքը «նվիրելու» խայտառակ դաշինք, նաև հերոսամարտեր Գագիկ արքայի ու Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ, անեցիների անկոտրում ոգին, ապա նաև կորուստները…
Բայց ահա վեպի մերօրյա հերոսներից մեկի հարցադրումը (ժամանակը 1987 թ. օգոստոսն է). «Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել մեր առջև այսպես հրաշքով իր քողը բարձրացրած պատմությունից… Ի՞նչ է թելադրվում մեզ, երբ պատմությունը կրկնվում է…» (187): Նաև մի այլ հերոսի հարցադրումը. «Այդ ի՞նչ ուժ ու քաջություն, ի՞նչ հանդգնություն էր հարկավոր բոլոր արհավիրքներին դիմագրավելու համար…»: Հուշող պատասխանը՝ ոգի՛ն, հավա՛տը, ազատության, անկախության բաղձանքը: Անգամ «Անիի անկումից հետո»: «Եվ ո՞վ ասաց, թե հայ ժողովուրդը պարտվել է Անիի անկումից հետո»,-հերոսի բարձրաձայն խոհն է և համոզումը,-«դրանից հետո հրաշք չեղա՞վ, որ ծնվեց Կիլիկյան թագավորությունը» (191):
Պատմությունը կրկնվում է: Վիպական ծավալվող նոր իրադարձությունները չե՞ն հիշեցնում այդ «հրաշքը»՝ ազատության, անկախության համար պայքարը և նվաճումները՝ Մոսկվայի սևեռուն ու խոժոռ հայացքի տակ, սովետական ահազդու տանկերի, Ադրբեջանում հայերի ջարդերի, ահավոր երկրաշարժի դժվարագույն պայմաններում: Նախորդ օրերի գրառումներից մեկում հերոսներից մեկը իրեն անհանգստացնող հարց ունի. «Եթե հիմա հեղափոխություն կամ պատերազմ սկսենք, ո՞վ է կռվելու, մեր ո՞ր բանակը, ու՞ր է մեր երիտասարդությունը»: Մյուսը պատասխանում է. «Հանգամանքներն են որոշում ամեն ինչ… Այսօր, այս հանգամանքներում տղաներն ու աղջիկները ապրում, հարմարվում են, բայց վաղը, եթե հանգամանքները փոխվեն, նրանցից յուրաքանչյուրը կդառնա այն, ինչի համար կոչված է…» (184): Օրագրի հետագա էջերում, վեպի մեջ ծավալվող դեպքերը, հենց երիտասարդ հերոսների հերոսական արարքները այս պատասխանի հաստատումն են: Այսօր էլ մեզանում հաճախ ենք լսում, թե ուրիշ էր մեր ոգին 1988-94-ին, իսկ հիմա, աստված չանի, եթե պատերազմ սկսվի, ո՞վ է կռվելու: Այս վեպը պատասխան է նաև այդ հարցին՝ աստված չանի, բայց մեզանից «յուրաքանչյուրը կդառնա այն, ինչի համար կոչված է»: Պատասխան է ծավալվող իրադարձություններով, ոգու արթնացմամբ, հերոսների գործողություններով. ուսուցչուհի Շուշանի ըմբոստացումներով, Անդրյուշայի հավատավոր հեղափոխականությամբ, գիտնական Ռուբենի անձնվիրությամբ, որ «դրսերում» իր գիտափորձերի հաջողությամբ հանդերձ՝ չի ուզում Հայաստանից դուրս բերել իր գյուտերը, եթե անգամ գիտության զարգացման համար չափազանց աննպաստ են պայմանները, Կարենի անձնազոհ հայրենասիրությամբ, Անահիտի լեգենդար սխրանքներով, Անահիտի, որ պատերազմից առաջ խենթ սիրահար էր, իր սիրո ետևից կարող էր աքսորավայր գնալ, կռվում դառնալ քաջ հրամանատար, «ժամանակի դյուցազնուհին», որ «հինգ վիրահատություն տարավ… և հաղթեց պատերազմին», հետո անտրտունջ կրեց «կյանքի զրկանքները», իր միակ որդուն՝ Հովիկին պահելու համար ստիպված էր անգամ «շաբաթ-կիրակի» տոնավաճառում Սադախլոյից բերված թուրքական ապրանք վաճառել «ու չէր կարող առանց սիրո ապրել»: Եվ ի վերջո Հովիկի արարքով, որ հաստատում է ժառանգած արյան շարունակականությունը. արդեն զորակոչի տարիքի է, բայց բանակ չեն տանում, «որովհետև հաշմանդամ մոր միակ որդին է», հաշվի են առել նաև «մոր զինվորական փառավոր ուղին», բայց… «Չկարողացանք համոզել… Հովիկը հիմա բանակում է», – Շուշանի վերջին գրառումներից է, – «Մամ, քեզանից պակա՞ս տղա եմ, – ասաց մորը, – հանկարծ չխառնվես իմ բանակային գործերին, մի երկու տարով մոռացիր, որ տղա ունես» (371):
Երկրին, հողին, նրա պատմությանը նվիրված մարդիկ են՝ դասախոս, ուսուցիչ, ուսանող, գիտնական, հողը և կյանքը սիրող մտավորականներ, երկրի ճակատագրով մտահոգ ու գործունյա, պատմության շառավիղ (թե՞ կրկնություն), գրեթե բոլորը՝ լցված յուրովի խենթությամբ: Նաև «գրեթե հայ» իտալացի եղբայրները՝ հարազատացած այս հողին, լեզվին, պատմությանը, մարդկանց: «Ապրելու եմ այնքան, մինչև որ ազատագրվի Գետաշենը… Ինձ թաղեք Պանտալեոն բժշկի կողքին» (Գետաշենում), – ասում է արդեն ծեր Արտուրոն (վեպի վերջին տեսիլում այդպես էլ լինում է):
Երկրի, հայրենի հողի տիրոջ հպարտության զգացողությունը, որ վեպի հերոսուհունն է, հաճելի սարսուռով փոխանցվում է ընթերցողին. «Ուղևորվում ենք Բջնի… Ինձ ուղեցույցի դեր է վստահվել… Սիրտս ուզում է ուռչել հպարտությունից… Նայում եմ բեռնատարի լուսամուտից… Այստեղով ձիավարել են իմ պապերը հին-հին դարերում… Էս բոլորը ի՛մն է, մե՛րն է, մեքենան իմ երկրի ճամփեքով է սլանում դեպի Բջնի…» (303): Հողի և արմատների այս զգացողությամբ են պայմանավորված մի քիչ «խենթ» հերոսուհու աներևակայելի արարքները (Կոնդի տունը «հոտառությամբ» գտնելն ու «գիտափորձերին» տրվելը, գիշերով Մատենադարան այցելելը, անձնական, սիրային պատմությունները, կորուստներն ու գտնումները, ամերիկյան «դրախտին» չհարմարվելը և կրկին «մեր տուն», իր «հոգս ու տանջանքին» վերադարձը): Նաև մյուս հերոսների:
Այս վեպը ես գնահատում ու կարևորում եմ հենց այս կողմերով: Եվ այդ ամենից թելադրվող դրական լիցքերով, որ հայրենասիրության պաթետիկ քարոզ չէ, այլ կենսագրություն նվիրված հոգիների, որ ներկայացվում են հերոսներից մեկի՝ Շուշանի օրագրային գրառումների գրական ձևի մեջ՝ կենդանի երկխոսությունների, զրույցների, գործողությունների նկարագրություններով, էջ առ էջ իրար հանգուցվող դրվագներով, որ դառնում են վիպական պատմություն՝ կենդանի, տեսանելի (և ուսանելի), որտեղ գործող անձինք, որոշակի ազգային պատկանելությամբ, գործում են որոշակի ժամանակի ու տարածության մեջ և ոչ վիրտուալ իրականության կամ փիլիսոփայական խորհրդածությունների, միստիկ հածումների վերին ոլորտներում:
Մի կողմ թողնելով ֆանտաստիկայի շերտը՝ այս վեպը ռեալիստական ոճի պատում է՝ իրական (երբեմն նույնիսկ՝ վավերական) կերպարներ, իրադարձություններ, փոխհարաբերություններ: Մեր կյանքն է, իր բազմազան կողմերով, իր լույս ու մութով: Բայց այս ամենին անդրադարձը թողնենք մի այլ առիթի, ավելացնենք թերևս մի երկու ցանկություն:
Կարծում եմ՝ վեպը կարող էր ավելի կառուցիկ դառնալ օրագրային գրառումների մանրամասներից որոշ բեռնաթափումով (օրինակ՝ Լոս Անջելեսում իր բարեկամների հետ շրջագայությունների, խրախճանքների նկարա­գրությունները, հոր սիրային նոր կապի դրվագները, խմբագրություններ այցելելը և այլն): Կարծում եմ՝ վիպական կառույցին որոշ գրառումներում հեղինակին խանգարել է հրապարակախոս-լրագրողի մտածողությունն ու ոճը, եթե անգամ չմոռանանք, որ Շուշան-օրագրողը ոչ միայն պատմության ուսուցչուհի է, այլև լրագրի աշխատակցուհի: Չէի ուզենա հոգեկան հարուստ ներաշխարհով (այդ հաստատող շատ էջեր կան վեպում)՝ երկու Շուշան իր մեջ միավորած հերոսուհին, որ նաև պոռթկուն, պայքարող, խենթ մի էություն է, տեղ տար նաև օրագրային պարզունակ, առօրյա նկարագրությունների, որ լրագրային
մակերեսային տեղեկատվու­թյուն են հիշեցնում, կամ հանրության տարբեր շերտերում շրջանառվող ենթա­դրություններ:
Անշուշտ, վեպին հավաստիության երանգ են տալիս նաև իրական, հայտնի մարդկանց անունների հիշատակումը, գործողություններին նրանց մասնակիորեն առնչվելը (ասենք՝ գեներալ Քրիստափոր Իվանյան, նախարար Վազգեն Սարգսյան, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյան, խմբագիր, գրող Մաքսիմ Հովհաննիսյան, կուսակցական ու պետական գործիչներ և այլք), բայց երբեմն որոշ անունների հիշատակումները կամ նրանց մասին անվերապահ հայտնվող գնահատականները հուշում են, թե Շուշան-օրագրողը վերածվում է Ալիս Հովհաննիսյան-լրագրողի, որ իր ծանոթ մարդկանց մասին տեղեկություններ է տալիս, մանավանդ սուբյեկտիվ գնահատականներ՝ չթաքցնելով նաև իր նկատմամբ նրանց դրսևորած համապատասխան վերաբերմունքը: Նմանատիպ վեպերում, հասկանալի է, գրողը չի կարող խուսափել կենսագրական նյութի օգտագործումից, դա շատ դեպքերում նույնիսկ անհրաժեշտ է ու նպաստում է գեղարվեստական գործի հավաստիությանը, բայց միշտ չէ, որ խրախուսելի է, եթե սուբյեկտիվիզմը հաղթահարված չէ (ավելորդ չէ՞, ասենք, սփյուռքահայ թերթի խմբագրատանը զրույցի ներառումը): Ես կուզեի, որ չխառնվեին Շուշանն ու Ալիսը՝ ինքնակենսա­գրական ատաղձի կիրառումով հանդերձ:
Կարելի էր ուշադիր և հետևողական լինել որոշ բնութագրային արտահայտությունների մեջ: Այսպես, 1991, 10 հունիս գրառման մեջ Քրիստափոր Իվանյանը գեներալ-լեյտենանտ է, հունիսի 15-ի գրառման մեջ՝ գեներալ-գնդապետ, 1997 թ. 30 մայիսի գրառման մեջ Շուշանի կենտկոմական պաշտոնյա հոր կողմից ուղարկված մարդուն Անդրյուշը անվանում է «մի սափրագլուխ», բայց չէ՞ որ այն տարիներին այդ անվանումը չկար: Առաջին անգամ վեպում հայտնված Ռուբենը անծանոթ է Շուշանին, ընդամենը ներկայանում է որպես Անդրյուշայի ընկեր, բայց հինգ տող հետո Շուշանը գրում է. «Այդ պատկառելի կենսաբան-պրոֆեսորը…»:
Վեպում գործողությունները զարգանում են տվյալ օրը կատարված դեպքերի գրառումների հաջորդականությամբ (օրագիր է), հետևաբար, դրանց մեջ (թեկուզ փակագծերում) խոսել հետագա (վեպի ավարտի) օրերի իմացությամբ, անախրոնիկ է, խաթարում է վիպական կառույցը, օրագրի հավաստիությունը: Դեպքերից առաջ ընկնելու, ապագայի դիրքերից այդպիսի բացատրությունների (փակագծերում) հեղինակը հաճախ է դիմում, ինչպես, օրինակ՝«երբ հինգ տարի անց նրա գեղեցիկ հասակը տեսա դագաղի մեջ» (194), «Հետագայում և հիմա էլ շատերից եմ լսում…» (242), «Իսկական ցավերն ու արհավիրքները դեռ հետո էին վրա հասնելու» (249), «Երկու տարի անց նա էլ իր տղային բանակից փախցրեց, ընտանիքով տեղափոխվեցին Փարիզ» (265) և այլն:
Գրականության մեջ, հատկապես երգիծական բնույթի, գեղարվեստական կերպավորման կրկնված հնարանք է շրջասության եղանակը, երբ անվանավոր մի հերոսի հետագա էջերում անվանում են համեմատելիով կամ նրան վերագրված մակդիրով: Ալիսն էլ է այս վեպում հաճախ տեղին ու սրամիտ կիրառում այդ հնարանքը, բայց երբեմն այնքան է չարաշահում գտնված միջոցը, որ ձանձրացնում է, ու կորչում է տպավորությունը: Կարենի հետ Կրիշնայի մասին Շուշանի զրույցի ժամանակ Կարենը ասում է. «Քո կարծիքով նախկին կյանքում ես ի՞նչ եմ եղել, կամ ո՞վ… Մի քանի օր առաջ երազումս ես քո ձին էի…»: Շուշանն էլ կատակով՝ «Ես գրեթե համոզված եմ, որ իմ նախորդ կյանքերից մեկում դու իմ նժույգն ես եղել»: Կատակը՝ կատակ, ու մի երկու անգամ, երբ Կարենի մասին խոսելիս գրում է՝ «Իմ նժույգը», լավ է: Բայց ահա էջեր շարունակ, այլևս Կարեն անունը չկա, միշտ՝ «իմ նժույգը». «Գիշեր է, նժույգիս հետ զբոսնում էի պողոտայով…», «նժույգս ամեն ինչ նկատեց…», «Իմ նժույգը դիմացի մայթին կանգնած թերթ է կարդում…»: Երկու ամիս հետո համալսարանի դահլիճում հեռվում նկատելով Կարենին՝ Շուշանը Անահիտին հարցնում է՝ «Ո՞վ է այն գեղեցիկ նժույգը»: Անահիտը, որ անտեղյակ է այդ պատմությանը, չի էլ հարցնում՝ իսկ ինչու՞ նժույգ, այլ հանգիստ՝ «Կարենն է, ընկերս»: Հետո գալիս է Անդրյուշը: Զրույցի պահին հարցնում է՝ «Ի՞նչ է, բաժանվե՞լ ես այդ ազնվացեղ նժույգից» (նա ի՞նչ գիտի): Երկու ամիս անց՝ գրառման մեջ՝ «Նժույգիս ու ինձ թվաց…», «Նժույգս տրտինգ տալով»: Իսկապես որ գտնված հետաքրքիր շրջասության չարաշահում: Այդպես նաև դպրոցի ուսուցչուհիներին «հավիկ» անվանելն է չարաշահվել: Ամբողջ վեպում նրանք «հավիկ» – ներ են, տնօրինուհին՝ նույնպես, նրանց ժողովը «հավիկային ժողով» է, անգամ «ժողկրթբաժնի նոր վարչուհին՝ այդ հավիկը, որ հիմա հնդկահավի նման փքվում է…» և այլն:
Նման վրիպումներ չէի ուզենա տեսնել իսկապես լուրջ թեմայով, բովանդակությամբ ու ոճական հարստությամբ ներկայանալի այս վեպում, որ «Ճյուղեր-տերևներ» անվանումն ունի և ընթերցողին հուշում է նաև ծառաբնի ու արմատների մասին, հողմակոծ, բայց միշտ ընձյուղվող ու սաղարթապատվող ծառի գոյությունը որպես մեր հարատևության խորհրդանիշ:

One thought on “ՃՅՈՒՂԵՐՆ ՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։