ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՆԵՐԱՌՅԱԼ

Սուսաննա-ՀարությունյանՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խոզատերը կանգնել, համոզում էր` «Վա՞տ էր,- ասում էր,- անցյալ տարի տեղը սալ տվեցի»: «Չէ’,- արկղը իրենց էին քաշում կանայք,- կարող ա Արգոյին պետք ա: Արգո’, Արգո’…»,- ծեծում էին նկուղի դուռը: «Արգոն նամշած հացն ի՞նչ ա անում, արդեն անասնակեր ա»,- զարմանում էր խոզատերը: «Չէ’,- ասում էին շենքի կանայք,- տենանք Արգոյին պետք չի` նոր… թրջում ա, վառարանի վրա տաքացնում, ուտում: Արգո՛, Արգո՛…»,- ձեն տալով ծեծում էին դուռը:

– Սանէպիդկայանից էկել, նկուղներում մկնդեղ են դրել, կռիսների հետ սատկած չլնի՞,- անհանգստացան,- թե չէ` հիշո՞ւմ եք, անցյալ տարի էս ժամանակ գլուխ էր գովում` «Ընենց մի ձի ունեմ, ընենց հրեղեն… որ նստում եմ, շատերը մտածում են` գնչու եմ»:
– Արգոն գնացել ա գյուղ,- ասաց երրորդ հարկինի գնդակ տշող տղան:
– Ի՞նչ գիտես:
– Ինքն ա ասել, ասեց` «Մամադ որ թողներ, քեզ էլ հետս կտանեի, իրեք հարկանի տուն ունեմ ընդեղ»:
– Թո սուտ չխոսա,- չպպացրեց խոզատերը,- իրեք հարկանի տուն ունեցողը ուրիշի պադվալում չի ապրի:
Խոզատերը հաջորդ օրն էլ եկավ. քիչ բան չէր` հինգ պարկ ու երկու մեծ արկղ չոր հաց: Շենքի կանայք դեմ չէին` ձմռանը սալ պետք է, բայց Արգոն գար, նոր… էլի դուռը ծեծեցին ու առաջվանից բարձր կանչեցին` Արգո՛, Արգո՛…
Խոզատերն անհամբեր էր, ասաց` «Վաղը տվիք` տվիք, չէ` Արգոյի հետ կերեք ձեր հավաքած չոր հացը»:
Ոստիկանները դեռ դիակը չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում հետքի վրա ընկնելու համար: Երրորդ հարկինի տղան ասում էր` գյուղ ա գնացել, բայց գյուղի անունը չգիտեր: Մեկն ասաց` «Ամեն տարի էլ էս ա, իրա դառը քրտինքով հավաքածը ջեբը դրած գնում ա, դափ-դատարկ հետ ա գալի…»: Երրորդ հարկինի տղա երեխան թե` «Իրա իրեք հարկանի տունն ա ճոխացնում»: Միլիցիան չհավատաց, որոշեց խաղատներում նրան փնտրել:
Անցել էր մի շաբաթ, շենքի կանայք դժգոհ էին ոստիկանության աշխատանքից` ո’չ դիակն էին գտել, ո’չ հետքը: Բայց, համենայնդեպս, երկու պարկ չոր հաց պահել էին. ինչքան ուզում է խոզատերը թող մրթմրթա: Երրորդ հարկինի տղան ծամոն ծամելով ասում էր` «Քիչ ա, գալու յա ձմեռն ի՞նչ ուտի էդ մարդը»:
Ոստիկանները հավաքել շենքի ժողովրդին, պահանջում էին. «Նկարագրեք` ո՞ւր էր գնում, ո՞ւմ հետ էր գնում, ի՞նչ էր անում, ինչո՞ւ էր անում»: Նկարագրում էին` «Խալին ու պատուհանը փողով էր լվանում, մնացածը` ով ինչ կտար: Մեկ-մեկ վստահում էինք` երեխեքին փողոցը անփորձանք անցկացնում, տանում էր դպրոց, դպրոցից վերցնում, փողոցն անփորձանք անցկացնում, բերում էր տուն: Կրթություն չուներ, բայց որոշակի գրագիտություն կար` աստվածաշնչից մի երկու տող, քիչումիչ` հեքիաթներից… քիմիայից էլ գաղափար ուներ` հին ճաշերը չէր թողնում թափենք, մեջը սոդա էր լցնում, եռացնում, ուտում, որ փող քիչ ծախսի»: Երրորդ հարկինի տղան քիթը քաշելով ասում էր` «Իրեք հարկանի տան պատերին ոսկի էր ուզում փչել»: «Ո՞րն ա նրա գյուղը, տղա, և կա՞ արդյոք էդպիսի գյուղ… հլա մատդ քթիցդ հանի, լեզվիդ տակ բան կա, դու մի բան գիտես` չես ասում»,- քրքրում էր ոստիկանը: «Կա,- պատասխանում էր երրորդ հարկինի երեխան,- ուղղակի ես աշխարհի քարտեզը վատ գիտեմ»:
Ոստիկանը կարգին` ուղն ու ծուծով, հեր ու պապով ոստիկան էր,- պետությունից էնքան պարգևներ ուներ ստացած` մի թանգարան կլցվեր,- գլուխը որ լրիվ խելք էր` ոսկոր, միս ու կաշի չկար: Նրան հայտնի էր կյանքն իր բոլոր մանրամասներով, ցանկացած ծանր հանցագործություն բացահայտում էր երեք օրում, ու էդպիսի բան դեռ չէր պատահել. շաբաթն անցել էր` կամուրջների տակերով, մորգ ու հիվանդանոցով ներառյալ` աշխարհը խուզարկել էր, Արգոն իր քնձռոտ հալով չէր բացահայտվում: Կատաղած շան պես պոչն առել բերանը` ոստիկանը հերսից ինքն իրեն գզում էր ու անզորությունից մատիտի պոչով ծեծում էր սեղանը. «Ա՛յ մարդ,- գոռում էր շենքի ժողովրդի վրա,- էս ի՛նչ տեսակ մարդիկ եք. կարող ա էդ մարդը մոլագար ա, ձեր էրեխեքին ժպտում ա, մի ուրիշ տեղում էրեխա յա սպանում, կարող ա այլասերված ա` էդ կորած օրերին այլանդակությամբ ա զբաղվում, հետո գալի, ձեր էրեխեքի հետ ա շփվում: Կարող ա հիվանդ ա, ա՛յ մարդ, էդ մարդը էդ կորած օրերին նոպաների մեջ գալարվում ա, բայց որ բուժենք` պիտանի ա… բա ձեր հացն ա ուտում, ա՛յ ցավներդ տանեմ, բա ձեզ հետաքրքիր չի՞ էղել էսքան ժամանակ…»: «Իսկ մենք ի՞նչ իրավունք ունենք էդքան բան պահանջենք տված չոր հացի կամ հին ճաշի դիմաց, մեր ի՞նչ գործն ա` ուրիշի տղամարդը ուր ա գնում կամ որտեղից ա գալի,- արդարանում էին կանայք,- կարևորը` լրիվ անունը գիտենք` Արգամ ա: Ամբողջ օրը հայաթում, մեր աչքի առաջ կանգնում էր, մինչև մեկը ձեն տար, մի գործի դներ, հին ու մին շոր տար, մի քանի դրամ տար… քանի պարապ էր, բակում խաղացող էրեխեքին կանչում էր, լկստվում` «Մի հարց տամ, կպատասխանե՞ս»£ «Տո՛ւր»: «Ասսու նստավայրը որտե՞ղ ա գտնվում»£
Ցուցամատը օդ տնկում, էրեխեն ծիծաղում էր` գիժ ա՜£ Ծիծաղում ու փախչում էր: Արգոն հաջորդին էր մոտ կանչում, էլի նույն հարցը տալի… էնքան էր տալի, կասկած էր ընգնում մեջդ` կարող ա՞ սա գիդի, գիդի ու չի ասում: Չէ՜, պարզ էրևում էր` վատ բանի ընդունակ չի: Չէր խմում, չէր ծխում, եթե իր հաշվին՝ չէր էլ ուտում, նոր շոր չէր հագնում, կինո-թատրոն չէր գնում, տո՛ հեչ կնկա մոտ չէր գնում, վայթե չէր էլ հասկանում կնիկն ինչ բան ա: Ճգնավորից վերան` կյանքը մերժած ուներ, ինքն իրան ապրելը արգելել էր:
…Փիլիսոփա էլ էր սատկածը£ Որ ասում էինք` հերիք ա քեզ զրկես` փող հետ քցես, մի քիչ էլ քեզ հաճույքի տուր, ասում էր` հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»£
Էդ արանքում խոզատերը մի անգամ էլ եկավ. ափսոս էր երկու պարկ չոր հացն անտեր մնար: «Չէ՛,- էլի ասացին կանայք,- մեկ էլ տեսար` Արգոն էկավ»:
…Եկավ: Նույն քոսոտ-քնձռոտ, հոգնած-բեզարած, քրջակոլոլ Արգոն. երբ անհույս փնտրել էին կորչելուց հետո երկրորդ կիրակին ներառյալ: Կանայք սպասում էին՝ մի բան պարզվի, որ իմանան` հացը տա՞ն: Կռանում, նայում էին բանալու անցքից. ոստիկանը գնում-գալիս էր սենյակում, խաթրով ու զոռով ուզում էր Արգոյից խոսք կորզել.
– Մեր երկրի վատն էն ա,- ասում էր,- որ փոքր ա, էնտեղ հնարավոր չի կորչել, բոլորը գիտեն քո քնել-արթնանալու, մեռնել-ապրելու ժամերը: Հնարավոր չէ տանից դուրս գալ և այլևս չվերադառնալ: Ես ամեն ինչ գիտեմ, ուղղակի քո ազնվությունն եմ փորձում: Արգո՛ տղա, քո կամքով ամեն ինչ պատմի,- հորդորում էր:
– Իրեք հարկանի տունս էի նորոգում:
– Դու երբեք էսքան երկար չես բացակայել,- խոժոռ ոստիկանը մատիտով համբերատար տկտկացնում էր սեղանին:
– Միշտ էլ բացակայել եմ էնքան, ինչքան փող եմ ունեցել: Անցյալ տարի օճորքի գերանն էր փտած, մի օրում փոխեցի, էկա: Նախանցյալ տարի բակի սալերն էին խախտվել, ջրերից քայքայվել` երկու օրում փոխեցի, հետ էկա: Էս տարվա գործը շատ էր…
– Տար ցույց տուր,- պնդեց ոստիկանը:
– Պա՛հ,- ասաց Արգոն,- էդ ո՞վ դառար որ:
– Արգո՛ տղա, խելքդ գլուխդ հավաքի,- սաստեց ոստիկանը,- էնքան կծեծեմ, ողնաշարդ կփշրվի, կլցվի կրունկներդ,- բանալիները խլեց Արգոյից, գնաց, որ ճշմարտությունը պարզի: Եվս մի կիրակի շենքի կանայք սպասեցին, մինչև ոստիկանը սարսափահար ետ եկավ:
– Ա՛յ մարդ,- ասաց զարմանքից գլուխը բռնած,- ես ըտենց բան չէի տեսել: Արա՛,- ամոթանք տվեց Արգոյին,- դու էշ ես ու իշի քուռակ: Արա, էդ պալատների տերը ինչի՞ յա պադվալներում ապրում:
– Պուճուր գյուղ ա, աշխատանք չկա, իսկ տունը, գիտես` հոգս ա, ծախս ա…
– Ա՛յ իշի քուռակ, ծախի էդ տունը, քանի՞ կյանք ես ապրելու, արի էս կողմերում մի լավ տուն առ:
– Գին չեն տա,- ասացին շենքի կանայք,- աշխարհից շատ ա հեռու:
– Ի՜նչ եք խոսում,- կյանքը լավ գիտեր ոստիկանը,- էնքա՜ն էկզոտիկայի սիրահար միլիարդատեր… էդպիսի բնություն ու պալատ երազում էլ չեն տեսել, կթռցնեն:
– Բա որ ծախեմ, ես ո՞ւր կվերադառնամ, տարվա մեջ իմ էրկու-իրեք օրը ո՞ւր կկորչեմ:
– Որ էստեղ տուն ունենաս,- համոզում էր ոստիկանը,- էլ պետք չի լինի վերադառնալ, նույն տանը հա՛մ կապրես, հա՛մ կկորչես:
– Էդպես ո՞նց կլնի, ախր չի լինի, բա ես ո՞ւր կվերադառնամ,- բութ երեխայի անմեղ ձայնով հարցնում էր Արգոն:
– Ցավդ տանեմ,- բացատրում էր ոստիկանը,- որ դրա նման կամ դրա կեսի չափ, ասենք մեր թաղում, տուն ունենաս, հանգիստ կապրես, էլ ո՛չ գնալ ա պետք, ո՛չ գալ, ո՛չ էլ վերադառնալ… դաժե կարաս պսակվես:
– Բայց ոնց կլնի…- չէր հասկանում Արգոն,- ո՞նց կարելի յա ապրել առանց վերադարձի հույսի… անհնար ա առանց վերադարձի… լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ£ Թե չէ` ո՞նց կլինի… բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.