ՃԱՆԱՊԱՐՀԸ / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

ԶուխրաՄեր թաղով է անցնում Կրկժան տանող ճանապարհը, որի երկայնքով իծաշարուկ ձգվող տների բնակիչները հիմնականում հնաբնակներ են, տեսուճանաչ մարդիկ` մեծ մասը սևավոր, աչքի լույսը խամրած, մտքում «իրենց գերեզմանը խլած» որդիների հետ կռվող մայրեր, շեմերից ներսուդուրս անող, ամուսիններ կորցրած ու իրենց հարսնությունից բան չհասկացած կանայք… Շեմերին ժպտերես հարսներ ու մանուկներ էլ կային. նրանք էլ մեծ մասամբ իրենց սկեսրայրներին երբեք չտեսած հարսներ էին, պապերին չտեսած թոռներ:
Թաղի` խեղճությունից անշքացած տներից մեկի դարպասը կրնկի վրա բաց էր. երեխաներ էին բակում խաղում. երկրորդ հարկ բարձրացող քարե աստիճաններին` մի հնամաշ նստաբարձի վրա, կուչ եկած, մի բուռ դարձած ծեր կին էր նստած. բանջար էր մաքրում (արցախցիները կասեին` ժենգյալ ար հնդրում)` աչքի տակով հետևելով նաև երեխաներին, որ հանկարծ փողոց չվազեն. մայթահաշվի մեջ մտցրած միքայլանոց տարածության լինել-չլինելը մեկ է. դուրս վազող երեխան հայտնվում է ավտոբանուկ ճանապարհի մեջտեղում:
Կնոջը ճանաչեցի, Լիդա բաբոն էր: Ամառ օրով մի քանի հնամաշ շոր իրար վրա հագած, գլուխը սև լաչակով կապած, ջրակալվող աչքերը հաճախակի մաքրելով` իր գործն էր անում: Չտեսնելուն տալով անցնել չկարողացա: Հին թաղ է. նոր մարդու երևալն աննկատ չի մնում: Լիդա բաբոյի աչքից չի վրիպում, որ երեխան գրկին ներսուդուրս անող հարսիկը ոտքը կախ է գցել դարպասի շեմին, ուրեմն անծանոթ անցորդ է տեսել: Տքոց-տնքոցով վեր է կենում տեղից, մոտենում շեմին, կորացած մեջքը ցավով շտկելու փորձ անում. չի ստացվում. ինչպես թաղի կանանցից մեկն էր ասում` անտեր պատերազմը մեջքները մի տեղից չէր կոտրել: Կրկված, բանջարից կանաչոտված ու սևոտված մատներով ծերացած ձեռքը գոգնոցի մի ծայրով սրբում է ու աչքերին հովանի անում. ասես շատ հեռու տեղի պիտի նայի ու այնտեղ կարևոր բան փնտրի: Ու հենց այդպես, ասես հեռվից նայելով ու ծանոթ մեկին փնտրելով էլ նայում է մեզ: Հանկարծակի ասես դեմքը հարթվում է. կնճիռների արանքները անսպասելի ուրախությամբ են լցվում. հիսուն տարվա վաղեմությամբ ինձ ծանո՜թ, շատ ծանոթ ժպիտի ստվերն եմ տեսնում…
– Վո՜ւյ, քեզ մատաղ… Ջանս ծեզ մատաղ… Մեր Լենուն ըղճկերքընըն, կլխներավդ շոռ տամ, մըտըղնեդ ինիմ, հըշքան վախտ չըմ տեսալ, է՜… – Խառնվել է իրար, բանջարոտ ձեռքերը մե՛րթ շորին է քսում, մե՛րթ շփոթված` գլխաշորն ուղղում, մե՛րթ տուն հրավիրելու խառնված-շփոթված փորձեր անում:
Ճիշտ որ, ո՞վ գիտի` մեկ էլ երբ է երևանաբնակիս տեսել. ախր մեկ էլ ե՞րբ եմ, է՜, այդ ճանապարհը ոտքով անցել:
– Կրկժա՞ն ըք քնյամ, մամուն, պապուն հանգիստը կընիք քինալիս… Ես ծեզ մատաղ ինիմ: Միշտ սկանըմ ըմ, վեր յեկալս,- դառնում է ինձ,- բայց տեսնըմ չըմ. երևի մշինավ ըք ինիմ:
Բառ մտքիս չէր գալիս. հա գլխով էի անում: Կարկամելուս պատճառը ժամանակին չասված ցավակցական խոսքերն էին, որ կանգնել էին կոկորդիս, վերածվել խեղդված ցավի: Առաջին անգամն էր անպատասխան մնացող այդպիսի տառապեցնող հարց ծագում, թե քսաներկու տարի հետո կարելի՞ է մորը ցավակցել թշնամու կողմից վայրագորեն հոշոտված որդու համար, թե՞ վերքին չդիպչելն է ճիշտ: Քույրս ինձ օգնության հասավ` հարսիկին ինձ ներկայացնելով. զոհված Վահանի որդու կինն էր` թմփլոշ մի մանչուկ գրկին: Մեծ մաման իր «ջանին մատաղ»-ներն ուղղեց ծոռնիկին. ես վիճակից դուրս եկա և փորձեցի ժպտալ…
Նրանց ընտանիքը թաղի դժվար ապրող ընտանիքներից էր. մայրս հնարավորության դեպքում օգնում էր ինչով և ինչպես կարողանում էր: (Մեր հին թաղեցիների` իրար հասնելու և իրար օգնելու անգնահատելի սովորությունը մանկությանս տարիներից ինձ մնացած նստվածքներից ամենաարժեքավորն եմ համարում):
Լիդա բաբոն երկու որդի է ունեցել: Մեծը` Վանիկը, ֆիզիկական որոշակի խեղումներով էր ծնվել: Միառժամանակ հետո ակնհայտ դարձավ նաև մտավոր և լեզվական կարողությունների անկատարության իրողությունը: Տղան մեծանում էր, հասակ ձգում. թաղում բոլորը սովոր ու հաշտ էին նրա անշառ-անփորձանք, խեղճուկրակ ներկայությանը: Հասակակիցները դպրոցական դարձան, զինվոր դարձան, ամուսին ու հայր դարձան, ինքը մնաց խեղ ու խեղճ. տարիների ընթացքում սովորեց ինչ-ինչ բառեր, ինչ-ինչ նախադասությունանման բաներ արտաբերել: Վիզը ծռում էր, ու դեմքին պարզ, մանկավարի մի ժպիտ` հանդիպած ծանոթներին հասկացնում հաղորդակցվելու իր ցանկությունը: «Վանի՛կ, ո՞նց ես» հարցից աշխարհի երջանիկն էր դառնում, բայց տվողն էր կրակն ընկնում. երկար ժամանակ ձեռք չէր քաշում. տեղ էին գնում` հետևներից էր գնում, տուն էին մտնում` դարպասի մոտ էր կանգնած մնում, մինչև մեկնումեկը չհամոզեր, որ թողնի գնա: Խաղացող հասակակիցներին էր մոտենում ու հաշմ ձեռքը կրծքին սեղմած, վիզը ծռած, անհասկանալի մի ուրախություն դեմքին, ժամերով կանգնում` անընդհատ փորձելով ուշադրության արժանանալ: Ոչ մեկը Վանիկին չէր նեղացնում. մայրերը խիստ զգուշացրել էին` արդեն խփվածին չեն խփի. Աստված կբարկանա: Այնուամենայնիվ, անամպ չէր Վանիկի առօրյան. շառ ու փորձանքն անպակաս էին նրանից. թաղի փոքրիկ, չարաճճի տղաներն ու աղջիկները շատ էին նրա հոգու հետ խաղում, լեզու ցույց տալիս, տնազն անում, հաճախ էլ թաղի սառնաջուր աղբյուրից ջուր տանելու եկած անծանոթներին չէր դուր գալիս, որ գնում, ուղիղ քթների տակ կանգնում էր: Երբեք մուրացկանություն չանող Վանիկը այդ ձևով էր արտահայտում մարդկանցից օգնություն ստանալու իր ակնկալիքը: Լինում էին մարդիկ, որ ինչ-որ մի բան տալիս էին, ասենք, թեկուզ մի կոնֆետ, տասը կոպեկ… Մեծ մասամբ խիստ տոնով պահանջում էին հեռու մնալ իրենցից: Մի քիչ հեռանում, կանգնում էր խեղճ-խեղճ ու կամացաքայլ նորից մոտենում: Սպառնացողներ էլ էին լինում: Նման դեպքերում Վանիկը դառնում էր անճանաչելի. գոռում էր, ինչ-որ վայրենի ձայներ հանում ու քարերով հարձակվում անծանոթների վրա: Միայն վրա հասնող մայրն էր կարողանում մի կերպ, խնդրելով ու յուրօրինակ գորովանքով քաշքշելով, տանել տուն ու հանդարտեցնել:
Պատանության տարիներին Վանիկը հերթով սիրահարվում էր թաղի աղջիկներին. այդ սերը երբեմն ամիսներ էր ձգվում: Լույսը բացվելու հետ հայտնվում էր աղջկա տան դարպասի կողքին` օրվա ընթացքում հազվադեպ լքելով «դիրքերը»: Տանից ներսուդուրս անողներին ամեն անգամ իրավարի հիշեցնելով, որ ինքը նրանց աղջկան սիրում է, հաճախ տանտերերի համար դառնում էր ուղղակի պատուհաս, բայց դե գիտեին, որ միայն «լավով» կարող են համոզել. օրինակ, ասել, որ, ցավոք, աղջիկն իրեն չի սիրում, վատ աղջիկ է, ինքն ավելի լավ աղջկա կարող է սիրել և այլն: Լինում էին և կատակի տվող եղբայրներ, հարևան տղաներ, որոնք նրան ուղղորդում էին, օրինակ, դեպի իրենց երբևէ մերժած աղջիկները` ասելով` բա, չգիտե՞ս, այսինչն ինձ թաքուն խոստովանել է, որ քեզ շատ է սիրում, ուղղակի գժվում է: Վանիկը միայն մի պահ տարակուսում էր ու երբ լսում էր «հավաստացուցիչ երդումը»` «Սուտ ասողն ուտի հավի բուդը», պայծառանում էր, «դիրքերը» արագ փոխում ու սկսում արդեն այնինչին սիրել: Իսկ նախկին «սիրածների» կողքով անցնելիս իրավարի ծուռ-ծուռ նայում էր ու իրավարի փնչացնում` փի՜ս ախճի… Եվ երկար ժամանակ այդ «վատ աղջիկը» Վանիկի աչքից ընկած էր մնում:
Այսպես էր մինչև Արցախյան դեպքերը: Հետո թաղի կյանքն այնքան դեպքաշատ ու տագնապաշատ դարձավ, որ ո՛չ Վանիկ էին հիշում, ո՛չ նրա` տասն էլ վրան դրած ու զավեշտի վերածած սերերի պատմությունները:
Պատերազմահոտ կռիվներ էին սկսվել: Թեժ կետերից մեկը Կրկժանն էր: Ստեփանակերտից Կրկժան տանող ճանապարհը վերածվել էր «թեժ գծի»` և՛ իր ուղղակի, և՛ իր փոխաբերական բոլոր իմաստներով: Ճանապարհն իրենով անցնող-դարձողների, իր երկու կողմերով ձգվող տների ու նրանց բնակիչների հետ միասին կռվի մեջ էր: Ճանապարհն էլ իր ձևով էր կռվում. զենք ու սնունդ էր հասցնում ֆիդայի տղաներին, վիրավորներին էր հասցնում Ստեփանակերտ, ցավից ճաք տալով` զոհվածների էր բերում-հասցնում ծնողներին ու հա՜ գնդակոծվում, հազար տեղից խոցվում, ճաքճքում ու շարունակում կռվել: Կռվեց մինչև Կրկժանի` վերջին ազերու շնչից ազատվելը: Հանդարտվեց, երբ զգաց, որ էլ ազերու ոտնակոխի տակ չի ընկնելու:
Այդ կռիվներից մեկում էր զոհվել Վանիկի կրտսեր եղբայրը` Վահանը: Անգլուխ, հոշոտված մարմինն էին հասցրել հարազատներին: Ամբողջ թաղը ցնցված էր: Հուղարկավորությունից հետո` առավել: Երեք օր էր անցել, բայց թաղում չէր դադարում Վանիկի ոչ մարդաձայն վայոցը. դա ավելի շատ ոռնոց էր… Ոչ մեկին չէր հաջողվում որևէ կերպ հանգստացնել նրան: Թաղում շատերն արդեն կորուստներ ունեին. մեծ տխրություն ու վիշտ կար թանձրացած, և Վանիկի չարագույժ ողբ-ոռնոցի ավելացումն ավելի էր պրկում մարդկանց նյարդերը, սրում տառապանքը: Ելքեր էին փնտրում: Հուշեցին, թե գուցե եղբոր վրեժը լուծված համարելը փրկի նրան: Ի՞նչ էր արթնացել մեջը… Ո՞վ գիտեր` Տերն ի՞նչ էր որոշել… Վահանի ընկերները որոշեցին Վանիկին ազերու դիակ ցույց տալ, ասել, որ նա է եղբորը սպանողը, որից իր փոխարեն վրեժ են լուծել: Այդպես էլ արեցին:
Ինձ ցնցել էր պատմության ավարտը: Հանդարտված Վանիկը ձեռքն անընդհատ տարել էր վզին ու կտրելու շարժում արել: Տղաներից մեկը տագնապած հարցրել էր.
– Վանի՛կ, մատաղ, հի՞նչ ըս օզում: Օզում ըս թորքեն կլյօխ կտրե՞նք, ախր մունք հայ ընք, ցավդ տանեմ, պա մեզ սազը՞մ ա մեռածի կլօխ կտրենք…
Վանիկը, ասում են, տղաների աչքի առաջ անսպասելի փոխվել էր. վիզն ուղղել, մեջքը շտկել էր, նայել տղաներին ու, ճիշտ է, քիչ կակազելով ու հանդարտ, բայց հստակ ու հասկանալի ասել.
Ա՜ա՜սըմ չըմ կտրենք, ա՜ա՜սըմ ըմ` ինքը փիսն ա, ինքը ա՜ա՜խպորս կլյոխը կտրալ ա… Ինքը փիսն ա, տուք լավն ըք, տուք ուրան կլյոխը կտրալ չըք:
Պատմում են, որ դրանից հետո Վանիկը շատ էր փոխվել. մաքուր էր հագնվում, իրեն լուրջ պահում, հարևաններին օգնություն առաջարկում` վարձատրություն ակնկալելով. ձեռքից եկածն անում էր, որպեսզի մորն ու հարսին օգնի` երկու անհայր մնացած փոքրիկներին պահել-մեծացնելու:
Անցյալ ամառ պատահաբար հանդիպեցի Վանիկին, հարցիս, թե ինչպե՞ս է, ժպտաց ու շուտասելուկի նման ասաց.
– Քեզ ըմ մենակ ասըմ. փող ըմ հվաքըմ, արդեն 25 հազար մանեթ փող օնեմ բանկըմը, հվաքըմ ըմ, վըր ախպորս ըղճկանը հետե պեժինք առնեմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.