Արմենուհի ՍԻՍՅԱՆ

***
Արի համբուրվենք, քամի՛,
այնպես շոգ է այստեղ,
համբուրի՛ր տապը սրտիս,
որ պապակել է շոգից,
միայն չխենթանա՛ս, քամի՛,
ու բաց թող ինձ կրկին,
որովհետև սիրտս քամուն տալ
չեմ ուզում նորից…

***
Ու որքան էլ սևեռուն,
խորամուխ նայեմ քեզ,
հայացքդ երբեք
չփախցնես ինձնից, երկի՛նք:

Թղթիս
Գիշերը գայթակղեց ինձ նորից
ու ես դավաճանորեն տրվեցի նրան
ու քնեցի նրա գրկում մինչև լուսաբաց:
Առավոտյան նայեցի թաքուն
ինձ սպասող ճերմակ էջին.
գունատ էր ավելի
ու դատարկությունն էր լռում
սպիտակ երեսին…
ների՛ր…

***
-Մենք մեկ անգամ ենք ապրում:
-Բայց դուք ապրում եք ամեն օր,-
ծլվլաց թռչունը
ու մարդը նրան չհասկացավ:

***
Ինքնասպան եղած օրեր ունեմ քանի՜,
ու թե Աստված անգամ ների նրանց,
ես չեմ ների…

***
Մինչ մտածում էի
կարոտը հանցավո՞ր է, թե՞ ոչ,
կամ թռչունը, որ չվել էր աշնանը,
ինչու՞ չվերադարձավ,
(մոլորվե՞լ էր գուցե),
սև ագռավը առանց վարանելու,
կտցահարեց իմ սերը:
Մայրամուտը արյան գույն ուներ…

***
Իմ երազները ձեր տեսած
երազներից չեն.
ես փակ աչքով չեմ տեսնում նրանց
ու ոչ էլ պատմում եմ ջրին,
որ տանի…

***
Ինչքան սեր կա սրտումդ, երկի՛նք.
դատարկի՛ր, դատարկի՛ր սիրտդ
ձյան տեսքով
ու թող մեր գլխին թափվողը
քո ձյունը լինի…

***
Երբ մարմինս կզգամ ավելի ուժեղ,
քան իմ սպասումն է,
բառերն ու զգացումներս,
ես ընդառաջ կգնամ լեռներին՝ պարզելու՝
բանաստեղծությա՞ն իրականությունն է
առավել զորեղ,
թե՞ իրականությունը կյանքի,
որ տրված է մեզ
սահմանափակ օրերի սահմանում,
ո՞րն է լեռների բարձունքին հասնում…

Հայելի
Ու ես դանդաղ սանրում եմ
հայացքդ իմ վարսերից,
ուսերիս իջնող հիշողությունդ
շիկնում է իմ քնքշանքից,
բայց մերկացած հոգնությունս թող լռի.
հայելին անդրադարձնում է
ներկայությունդ բացակա,
ահա բամբակը՝ փափուկ, անցավ.
ես քնքշորեն կմաքրեմ
իմ մաշկը քեզանից…

***
Չվեցին թռչունները՝
երազներիս երամով.
կվերադառնան գարնանը,
թե սիրտս տաքանա…
(կվերադառնա՞ն արդյոք)
Ցուրտ է:
Չվեցին թռչունները՝
երազներիս երամով…

***
Մաքրու՛մ եմ,
եփո՛ւմ եմ,
թափո՛ւմ եմ,
սարքու՛մ եմ,
բայց ինչու՞ հաճախ
ձանձրույթից մեռնում եմ,
երբ կանայք իմ շուրջ
մեծ ախորժակով
խոսում են այդ մասին,
ինչ ինքս էլ անում եմ…

***
Քամիների ու ձյուների միջով,
գիշերների ու ցերեկների միջով,
ցավերիս ու կարոտներիս միջով
գալիս եմ ընդառաջ,
վերցրու՛ ինձ, սե՛ր,
ու կամքս մի՛ հարցրու:

***
Ամեն անգամ,
երբ քեզ ուղղված բառերս
մնում են չասված,
ես անհագորեն ձգվում եմ
դեպի թուղթն ու գրիչը,
ինչպես մոլի ծխողն է
ձեռքն առնում ծխախոտն ու…
վառում եմ բառերս…

***
Այն ժամանակ, երբ մարմինն իմ
կլինի ավելի ամուր,
քան իմ երազանքներն ու պատրանքները,
ես կհամարձակվեմ լռել սիրո մասին,
մինչ այդ կշարունակեմ խոսել,
ուր միայն բառերն են ապրում…

***
Ամեն կեսգիշեր
օրը մեռնում է իմ գրկում
ու այդպես էլ չեմ հասցնում
սիրել նրան…

***
Երբ անձրևները կմոռանան իմ մասին,
մաքրի՛ր իմ հուշը թաց ապակուդ վրայից
ու նայիր դուրս դատարկ ապակու միջով…

***
Թե հարցնեն՝ ու՞ր է,
ասեք՝ գնաց՝ մարմինը հանձնի
կեսօրվա տապին,
տեղում կլինի մի երկու ժամից,
իսկ հոգին անհասանելի է,
կապ չկա վերևներում…

Հոկտեմբեր
Մինչ մտածում էի՝
գնա՞մ նրա մոտ, թե՞ ոչ,
շրթներկս մու՞գ քսեմ, թե՞ բաց,
ուսերիս հպվելով նա ներս սահեց,
տնավարի նստեց աթոռիս,
ճիշտ դեմ դիմաց.
– Սուրճ դու չես սիրում, գիտեմ,
թե՛յ կխմեմ քեզ հետ, այո՛,
կոկորդս կարծես սառել է փոքր-ինչ,
հա՛, անունս էլ Հոկտեմբեր է…
– Շշշատ լավ, հիիմա,- կմկմացի
ու դուրս նայեցի.
սեպտեմբերը արտասվեց պատուհանիս
ու հեռացավ: Էլ չսպասեց:
Չգիտեմ, կտեսնե՞մ նրան նորից…

One thought on “Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։