Մամա՛,
երբ դու կողքիս ես,
աշխարհը
ճերմակ աղավնի է,
դու երկինք
ես դառնում
իմ մեջ,
ես` ամպ
քո գրկում։
***
Եզերքը հեռանում է
իմ կողքից,
որ չարցունքոտվի
քո գրկի ամպը։
***
Մամա՛,
մեր տունը
մեզ սիրում էր,
մեզ սիրում է,
հիմա
մեզնից թաքուն
պատերազմ են
շնչում պատերը,
որ աշունը չգա,
որին չէինք սպասում։
***
Անսովոր տոներն
իրար հաջորդում են,
քո ներկայությամբ
մեծ տոն ես,
քո սրբասուրբ
աչքերով
ամեն մի օրս
ապրելու
առիթ է, մա՛մ։
Ձեռքերդ դիր գլխիս,
որ մտքերս
առիթների
պակաս չունենան…
***
Ճանապարհը երբեք
չի ուշանում
ու քեզ տանում է ինձանից։
Այսքան ներել կլինի՞
ճանապարհին…
***
Մի ապտակ տվեք
արնագույն
ժամանակին,
որ մեկին թողնում է
ճանապարհին,
մյուսին
տանում է իր հետ,
այրվող չակերտներից
այն կողմ,
որ չտեսնեմ երբեք։
***
Ճամպրուկը բացեք
ու դատարկեք,
թող թեթևանան
մտքերս այդ ծանր
շորերից,
որ խոսեմ,
որ քայլեմ երկու ժամ ավելի
ու գուցե հասնեմ քեզ,
ու գուցե խլեմ ճանապարհից։
ԴՐՈՒԹՅՈՒՆ
Մայթը սպանում է
քայլերս,
որ բութ
շարժումներ չանեմ
առաջվա պես,
չփորձեմ դեպի
արևը գնալ
ու ջերմ ձևանալ։
Արևը սպանում է
օրը,
որ չքայլեմ
դեպի իրեն,
ու այն սկիզբը լինի
ձախողված պահի։
Պահը հեռանում է
ինձանից,
բայց մոտիկ, ինձ
շատ մոտիկ մի
թռչուն է գալիս
ու իր հետ
արև է բերում,
որ ինչքան ուզեմ
ջերմ ձևանալ,
բայց երբեք չսպանեմ
ո՛չ օրը,
ո՛չ պահը…
***
Էս ինչքան արնահոսեցիր,
Երկի՛ր,
Քեզ ոնց փրկեմ,
Ասա,
Ձեռքդ բռնեմ, երկի՛ր,
Գամ քեզ հետ…
Տղերքիդ հետ։
Հողը լացում է
ինձանից առաջ,
որ մի քիչ վերև նայեմ,
որտեղ իրենք են,
որտեղ տղերքն են։
Ճայը նստել է իրենց մոտ,
տեսնես մի լուր կբերի՞…
Ես փոքրացել եմ
սպասումից,
տղերքն էլ
ամպեր են դարձել։
Սպասել,
Սպասել…
Այսքան սպասել,
ու ճայը չգա՞…
Մի շունչ չբերի՞
այդ հեռվից,
որ երգը թվում էր սովորական,
իսկ ձայնը
խիզախություն`
մարմնի մեջ….
Էս ինչու չես ժպտում, երկի՛ր,
Թևերդ կտրվեց այսքան շուտ,
Տղերքը չկան, երկի՛ր,
Տղերքը….
գրկումդ քնեցին…