ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Բանաստեղծություն գրելու լավագույն ժամանակները, ցավոք, բանաստեղծության ընթերցանության վատագույն ժամանակներն են: Հենց սա է պատճառը, որ այդ ժամանակներում սկսում են մեծարվել և գնահատվել ոչ թե ժողովրդի, այլ տվյալ հասարակության հետ զանազան կապեր (ընկերական, պաշտոնեական, վերադասի-ստորադասի, բաժակակցական, ընդհանուրկերակրամանային) ունեցող գրողները: Մասնավորապես՝ տվյալ հասարակության (որ միշտ գաղափարախոսական է) և ոչ թե ընդհանրապես ժողովրդի (որ մշակութային է) հետ այդ զանազան կապերն ունեցող գրողների գործերը սոցիալականացված ու քաղաքականացված են, և քանի որ նրանց համար միշտ ավելի շատ հասարակությունն է ներկա, քան ժողովուրդը, իրենց սպասարկող գրականագիտության մեջ էլ պոեզիայի նկատմամբ գերակշռում, գերակշռել ու գերակշռելու է, այսպես կոչված, գաղափարախոսականությունը, որը մշտապես կեղծ է: Մենք ունենք գրականության պատմաբաններ, գրականության գաղափարաբաններ, այնինչ վաղուց հայ բանաստեղծությունը կարիքն ունի գրականության (գրի) մշակութաբանների: Եթե գրականագիտությունը ուզում է դուրս գալ այն փակուղուց, որի մեջ հայտնվել է, գաղափարախոսական ատաղձը պետք է փոխի մշակութաբանական հենքով, այսինքն՝ գրական ստեղծագործությունը քննի նախ որպես մշակութային և մշակութաբանական երևույթ՝ կոնկրետ մշակույթի տիրույթում՝ ընդհանուր հումանիզմի դիտակետից: Այլապես, սովետական գրական գաղափարախոսայնությանը փոխարինում է շուկայական բեստսելերությունը՝ ընկած նորօրյա վաճառականության ոտքերը. ձեռ տա՝ կբարձրացնեն, ձեռ չի տա՝ կգցեն:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մեզանում պոեզիայի գնահատման ասպարեզում վերջին մոտ երեսուն տարիների ընթացքում մեծ խաբեություն է տեղի ունեցել: Հատկապես վերջին տասը-քսան տարում բարձր ատյաններում գնահատված պոեզիան, մեծ մրցանակներից զատ, ոչինչ չվաստակեց, առավել ևս ոչինչ չունի ժառանգելու. ժամանակակից աշխարհում լինելու համար սեփականը ստեղծելու փոխարեն այն ավելի շատ ընկավ մարդակապկի դարաշրջան՝ զբաղվելով այլ գրականություններին էպիգոնություն-կապկություն անելով այն դեպքում, երբ մեր թարգմանիչներն իրենց գործն անում էին և են: Ինչ-ինչ գրականություններից, իբրև թե, հետ չմնալու հիմար վախը ու նաև հատկապես այդ վախի քարոզումը (երբ որպես միակ ճշմարիտ գիր ներկայացվում է սեփականը) նախապատրաստեցին կոնյունկտուրային «նոր» գրականագիտական խմբի «արշալույսը», որի վախճանը ընթերցասիրությունը որպես նորաձևություն գովազդելն էր:
Հերթական թայֆան, անկումը, գրական ահել «հեղինակությունների» և ջահել «հեղինակությունների» փոխադարձ քծնանքը՝ մեկը մեկով ապրելու: Տաղանդավորների վաղաժամ հեռանալը և անտաղանդ պնդաճակատների երկկենցաղ երկարակեցությունը, ապաշնորհ, օրացուցային, թիթեռնիկային գրականագիտության մրցավազքը, տարբեր հեռուստաընկերություններում նույն դիվահար «պոետների» ռեկլամն ու շոուն (որպեսզի ժողովրդին ասվի՝ էս մտագարը չի՞ քո բանաստեղծը), մարդու իրավունքների պաշտպանության կեղծիքով միասեռականներին հովանավորող «գրողների» հեռուստաելույթները (որ եվրոպաներում այսօր նոր փշալարե սահմանների բարձրանալուն զուգընթաց սսկվել են)… սա՛ է մեր ժամանակը:
Ի՞նչ պետք է անի պոեզիան այս իրավիճակում: Ուշացած՝ քաղաքական պոեզիայի թութակային լեզվով պատմի ու նկարագրի՞ այս ամենը մարդկանց, ովքեր յութուբում արդեն տեսել են, թե ինչպես են մարդ մորթում, երեխա գնդակահարում, թե՞ շարունակի մարդակեր մարդ արարածին ՄԱՐԴՈՒՆ մոտեցնելու իր գրեթե անհեռանկար, բայց ճշգրիտ գտած գործը՝ Մարդու պոեզիան՝ Նարեկացու, Թումանյանի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։