Որքան էլ բարձրաձայնվի, թե հայկական կողմը Ռուսաստանի պաշտոնյաների հետ բազմիցս քննարկել է Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը, հենց վերջերս զենքերի հերթական խմբաքանակը հայտնվեց Ադրբեջանում, և ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին ՀՄՄ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: «Ինչպիսի հազվագյուտ ցինիզմ, իր դաշնակցի թշնամուն զենք ուղարկել Ռախմանինովի անունը կրող նավով: Ուղարկեիք ձեր որևէ «Կոմսոմոլեց» կամ «Դերժինսկ»-ով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը, ում կարծիքով՝ «Լիցքավորված ատրճանակը խելագար հարևանին տալը պակաս խելագարություն չէ»: Ռուսաստանի արդարացումը, իբր, դաշնակցի թշնամուն զենք մատակարարելն ընդամենը բիզնես է, և որ Բաքուն հնարավորություններ ունի զենք գնելու ցանկացած այլ երկրից, ընդամենը դեմագոգիա է, հաշվի առնելով, որ 1994 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պայմանավորվել էին հակամարտող կողմերին զենք չվաճառել: Մոսկվան փաստացի խախտում է պայմանավորվածությունը, և զավեշտալի է՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա մատակարարված հակատանկային հրթիռների առնչությամբ, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Չի կարելի հակամարտության գոտի զենք մատակարարել, ինչը կարող է խոչընդոտել կոնֆլիկտի կարգավորմանը»: ՌԴ-ի նման երկակի ստանդարտներով եսակենտրոն քաղաքականությունը հազիվ թե ցանկալի հանգրվանի հասցնի: Ստացվում է՝ իրենցը բիզնես է, ամերիկացիներինը՝ քաղաքական ավանտյուրա, երբ Վաշինգտոնը, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր, հավատարիմ է պայմանավորվածությանը: «Այս հարցով մեր և Ռուսաստանի միջև անհամաձայնություն է»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, իսկ լրագրողի հարցին, թե եթե հակամարտող կողմերից մեկը 5 միլիարդ դոլար դներ սեղանին և ասեր՝ ուզում եմ ձեզ հետ բիզնես անել, որպեսզի մեզ հարձակողական զենք վաճառեք, ինչպե՞ս կվարվեիք, դեսպանը պատասխանել է. «Կարող եմ վստահեցնել, որ մեր ներկայիս քաղաքականության համաձայն, մենք այդ առաջարկը կմերժեինք»: Ինչ վերաբերում է ազերիների՝ այլ երկրներից զենք գնելու հնարավորությանը, ապա ռուսականին համարժեք զինատեսակները՝ համազարկային, հակաօդային համակարգեր և այլն, ուրիշ ոչ մի երկիր պատրաստ չէ մատակարարելու Ադրբեջանին: Անգամ Իսրայելը, որի համար Ադրբեջանը զենքի վաճառքի «կարևոր հաճախորդներից» է, սառեցրել է 20 միլիոն դոլարի անօդաչու սարքերի խմբաքանակի մատակարարումը: Սակայն Բաքուն ոչ միայն բավարարված չէ ռուսական զինամթերքի ներկա քանակով, այլև հայտ է ներկայացրել այնպիսի զինատեսակների, որոնք ՌԴ-ի ռազմաարդյունաբերական համալիրի զինանոցում հայտնվելու են տարիներ անց: Խոսքը C-500 նորագույն զենիթահրթիռային համակարգի մասին է, որը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, և որը Ռուսաստանը կունենա միայն 2019-ին: Փաստացի, ռուսները, ազերիներին զինելով, ոչ միայն Հայաստանի անվտանգության հիմքերն են խարխլում, այլև նպաստում են տարածաշրջանում հակամարտության նոր օջախների բռնկմանը: Ազերիներն արդեն իսկ հավակնություններ ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և անգամ Իրաքի տարածքների նկատմամբ: Ըստ «Միասնական Ադրբեջան» ժողովրդական ճակատի կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Բունյամին Գամբարլիի՝ «Երբ Միասնական Ադրբեջան ստեղծվի, այն ժամանակ էլ ադրբեջանական պետականությունը կվերականգնվի… Այդ պետությունը 700 հազար քառակուսի կմ տարածք կունենա, որի սահմանների մեջ կներառվեն հյուսիսից՝ Դերբենտը, հարավից՝ Պարսկական ծովածոցը, արևմուտքից՝ Քիրկուկը»: Պետք չէ գուշակել, որ Բաքվի «ախորժակի» հիմնական գրգռիչը ռուսական զենքն է: Այսքանից հետո դժվար է հավատալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերի անկեղծությանը: «Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում»,- նշել է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշևսկայան, որովհետև «Մոսկվան ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե հակմարտություն չլինի, չի լինի նաև այդ դերը»:
Կարդալ նաեւ․․․
ՀՈՒԼԻՍՅԱՆ ՕՐԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ / Սամվել Կոսյան
2016 թ. հուլիսի ճշգրիտ բնութագրումը պայմանավորված է ոչ միայն ջերմային…
ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Երբ հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, երկիրը միանգամից…
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻԴ, ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
Հայերս ավանդաբար Նոր տարին ընդունում ու նշում ենք որպես ընտանեկան…