ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Անկարայի բժշկական պալատի վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով խաղաղ ցույցի զույգ պայթյուններից զոհերի թիվը հասել է 106-ի, 89-ը շարունակում է իր բուժումը, 20-ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Թեև մինչև հիմա ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մեկը չի ստանձնել, կասկածում են քրդերին կամ ԻՊ-ի գրոհայիններին: Սակայն փորձագետների մեծ մասը բացառում է քրդերի մասնակցության հավանականությունը: Նախ՝ դա նրանց ձեռագիրը չէ, երկրորդը` քրդերը, որպես կանոն, մարդկային հավաքատեղիներում պայթյուններ չեն իրականացնում և ավելի պայքարում են ոստիկանության դեմ: Մահապարտների տարբերակը նույնպես բնութագրական չէ նրանց: Հավանական է ԻԼԻՊ-ի պարագան, հաշվի առնելով, որ Թուրքիան ևս միացել է Իսլամական պետության դեմ կոալիցիային: Սակայն ամենատարօրինակը երրորդ` Էրդողանի կուսակցության կողմից կազմակերպված լինելու վարկածի շրջանառությունն է: Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կանխատեսմամբ՝ «Այս պրոցեսները կարող են ԱԶԿ-ի համար հիմք լինել երկրում պարեկային ժամ, ռազմական դրություն մտցնելու: Արդյոք նման պայմաններում ընտրությունների անցկացումը ձեռնտու չէ՞ ԱԶԿ-ին: Այս դեպքում ընտրությունների արդյունքները կարող են նաև փոխվել»: Ամեն ինչ հնարավոր է, սակայն տարբերակներն առայժմ ենթադրությունների դաշտից են, և ոչ մի հիմնավոր փաստարկ՝ դրանցից մեկի վերջնական լինելու մասին: Ուստի նման անորոշության, «շունը տիրոջը չջոկելու» խառնաշփոթում զավեշտ է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլիի հայտարարությունը, իբր, «չկա որևէ այլ երկիր, որն այդքան արդյունավետ կպայքարեր ահաբեկչության դեմ, քան Թուրքիան: Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մենք միայն մեկ գիշերվա ընթացքում, ահաբեկչական կազմակերպություններին ներգրավվածության կասկածանքով, ձերբակալել ենք 768 անձի: Երեք-չորս օր առաջ Ստամբուլում վնասազերծվել է մահապարտ-ահաբեկիչ: Այդ մասին հասարակությունը չգիտի, ինչպես և չգիտի, որ ահաբեկչության նախօրեին մահապարտ է վնասազերծվել, որը ծրագրել էր հարձակվել բարձրաստիճան պաշտոնյայի վրա: Այդպիսով, հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է բարձր մակարդակով և հաջողությամբ»: Որ ներկա իշխանությունները կասկածյալի պիտակով կարող են յուրաքանչյուր առիթ օգտագործել ընդդմադիրներին ձերբակալելու և մեկուսացնելու համար, նորություն չէ: Անհասկանալին այն է, որ հակաահաբեկչության դեմ նշանակալի հաջողություններ արձանագրած երկիրն արդեն երկար ժամանակով ահաբեկչություններից չի կարողանում մեջքը ուղղել: Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», թուրքական թերթերը հայտնել են, որ վերջին՝ առավել լայնածավալ ահաբեկչության մասին հետախուզությունը տեղյակ է եղել 3 օր առաջ: Ըստ մամուլի՝ մահապարտները տաքսի են նստել և նախաճաշել դեպքի վայրից 10 րոպեի հեռավորության վրա գտնվող սրճարանում՝ սպասելով հանրահավաքի մեկնարկին: Այլ տարբերակով, 15-ամյա մի աղջիկ տեսել է, թե ինչպես են մահապարտները մզկիթում սև ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ: Ըստ «Միլիյեթ» թերթի՝ աղջիկը ոստիկանությանը տված ցուցմունքում պատմել է, որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո ընկերոջ հետ մոտեցել և այդ մասին հայտնել է ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոց չեն ձեռնարկել: Հակասական այս մանրամասները, վիճակը հստակեցնելու փոխարեն, ավելի են խառնում խաղաքարտերը՝ ստիպելով անորոշության ու կասկածների պատասխանները գուշակության դաշտում փնտրել: Իրականն այն է, որ Թուրքիայում սև ժամանակներ են սկսվել՝ պայմանավորված Թուրքիայի շահերն անտեսող նաև այլ հանգամանքներով: Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը երկրում տիրող վտանգավոր վիճակի համար Էրդողանին է մեղադրել, ասելով, որ ստեղծված պայմաններում Թուրքիան կարող է հայտնվել դավանանքային հակամարտության մեջ: Մասնավորապես, Փամուկը Էրդողանին մեղադրել է երկրում ստեղծված անապահովության մթնոլորտի համար, որ դաժանորեն դրսևորվեց հոկտեմբերի 10-ին Անկարայի ահաբեկչությամբ: Իտալական «La Republika»-ին տված հարցազրույցում Փամուկը ասել է, որ Թուրքիայում աճող անկայունությունը Էրդողանի ԱԶ կուսակցության գործունեության արդյունք է: Ասել է՝ իրական մտավախություն ունի, քանի որ Էրդողանի «վերջնական նպատակն է՝ ամեն գնով հասնել միահեծան իշխանության»: Անվանի գրողի մտահոգությունը մասնավոր եզրահանգում չէ: Հենց Էրդողանի իշխանատենչությունն ու իշխանամոլությունն է նախընտրական ողջ շրջանում զրկել այդ երկրին կատարվող ու կատարվելիք իրադարձություններին հստակություն հաղորդելու հնարավորությունից, ավելի ամբողջականորեն հաղորդակցվելու քաղաքակրթության ձեռքբերումներին: Աննախադեպ հակասությունների ու սադրանքների մթնոլորտն ավելի ու ավելի լայնամասշտաբ ահաբեկչություններ ու բռնություններ է ենթադրում: Եթե նոյեմբերի 1-ից հետո խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ին չհաջողվի մեծամասնություն լինել, տրամաբանական-հավանականն այն է, որ Թուրքիայում սևին կարող է արնագույնը գերակշռել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։