◆ գրողի ժամանակը ◆ գրողը և իր ժամանակը

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ես նաև Փակ շուկայի շենքով եմ ճանաչում հայկական ճարտարապետությունը: Այն Երևան քաղաքի բրենդն է… Ու մարդ ինչքան պետք է չսիրի իր երկիրը, հանրու­թյանը, որ կործանի մայրաքաղաքի լավագույն շինություններից մեկը:
Սակայն մեղադրել միայն մի մարդու, թեկուզ օլիգարխ, քաղաքական փուչ վերնախավի անդամ` ճիշտ չի լինի: Այդ կարևոր հուշարձանը քանդելու թույլտվություն են տվել քաղաքապետարանը, կառավարությունը, այսինքն` իշխող համակարգը: Ի վերջո, անբարո ի՞նչ համակարգ ծնեց, ձևավորեց ու պատգամավորական աթոռի նստեցրեց Սամվել Ալեքսանյանին ու նրա նմաններին:
Հասունացել է երկրի քաղաքական վերնախավը փոխելու խնդիրը:

Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Դա միշտ է՝ գրողի այդ ժամանակը: Խորենացու «Ողբը» մեզանում արդիական է եղել մինչ ինքն ու մինչև մեզ: Գրում եմ ժամանակակից լեզվով պատմական, բայց, ցավոք, ոչ պատմություն դարձած երևույթների մասին: Պատմվածք-զուգահեռների շարք է՝ տասից ավելին մամուլում արդեն տպագրված: Կավարտեմ, չնայած դա ամբողջացող նյութ չէ… Օրինակ, մեր հին նախարար-զորականների հանգույն գեներալ գնդապետ Դալիբալթայանն ասում է. «ԱրկադԻԿԸ (Արկադի Տեր-Թադևոսյանին նկատի ունի) ղարաբաղցի տղաներին խանգարում էր, գնացի էնտեղից խռիկ տվեցի…»:
Ազգային հերոսի մասին է ասում ու այն ժամանակ, երբ կռված ազատամարտիկները բուժվելու փող չունեն: Էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին:
Խորհրդային բանակում խոսք կար՝ զինվորականի ճակատին մի կնճիռ է լինում, էն էլ համազգեստի գլխարկը տևական կրելուց:
Ինչևէ:
…Գիրքը կավարտեմ, երևի ֆինանսա­տպագրական խնդիրներ կփորձեմ լուծել, հետո տպաքանակի մի մասը կնվիրեմ, մյուս մասը տանը կսպասի նվիրելու իր հերթին…
Ինչու եմ ուրեմն գրո՞ւմ: Չգիտեմ: Բայց քո անելիքը դու պիտի անես. գրողի ժամանակը Ազգային ժողովի կոճակ չէ, որ ով ում փոխարեն ասես սեղմի, ամեն ոք իրենը պիտի անի:

Նարինե ԿՌՈՅԱՆ

Յուրաքանչյուրը կյանքն ընկալելու, նրա իմաստը փնտրել-որոնելու իր կերպն ունի:
Գրողի, ինչպես և արվեստագետի մոտ, կարծում եմ, այն ավելի զգայական է:
Իմ ստեղծագործությունները ավելի շատ կյանքի ենթագիտակցական ընկալման և վերծանման գիտակցական մակարդակի արգասիք են: Դա է երևի իմ ճանապարհը, իմ Դաոն, որից հրաժարվելը, շեղվելը հավանաբար ինքնության կորստի պես մի բան է:
Մերօրյա իրականության գորշության, կյանքի ու մահվան ճամփաբաժանին կանգնած «փոքր» մարդու` լույսի անհիասթափ փնտրտուքն է իմ պատմվածքներում և վիպակներում, երբ երբեմն ստիպված ես իրականությունից դուրս դեպի լույս ճանապարհն անցնել քո էզոթերիկ երևակայության միջով` ջախջախելով շուրջբոլորդ բարձրացող մռայլության անառիկ պարիսպները: Այդպիսին է իմ վերջին` «Երիքով» վիպակը, որի տպա­գրությանը անհամբերությամբ եմ սպասում:
Էկզիստենցիան ևս սկսում է խեղդել` ճահճի նման քաշելով ներքև, դեպի գորշության ու անզորության հերթական, ավելի խիտ շերտերանգ, և դրան դիմակայելու իմ ձևը ինձ համար ևս ան­սպասելի դարձավ երգիծանքը, հեգնախառը ժպիտը, որն ավելի շատ դիմագիծ է ծամածռում, քան կազդուրում իբր վիտամին «C»-ի սպասված չափաբաժնով:
Երևի դա էլ պաշտպանական ռեակցիայի պես մի բան է, և իմ պատմվածքների նոր շարքը հենց այդպիսին է` «Դաշտադադար», «Ապացիցը», «Շավարշի քարը», «Հաղթանակի օրը», «Խնդրեցեք և կտրվի» և այլն: Լեյտմոտիվն այստեղ մեկն է. ինչպես Է. Կուստուրիցան է ասում. «Ողջ կյանքը հյուսված է գռեհկության ու դրամատիզմի համադրությունից: Ցույց տալ այդ ամենն ավելի ծիծաղելի՝ նշանակում է դիմակայել միօրինակությանը»:
Մի քանի անավարտ պատմվածք ևս ունեմ: Էդպես, մի քանիսի վրա զուգահեռ աշխատել եմ սիրում` երևի մի հույզս մյուսով ժամանակավոր կոծկելու, հատուցելու, օրերի նյութական ու ան­նյութական ցավը մեղմելու համար` ինչպես ուժեղ գլխացավն են փորձում մեղմել ատամները ցավեցնելու աստիճան սեղմելով:
Եվ գուցե մի օր հանկարծ իսկապես գլուխս դադարի ցավել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Մի քանի օր է՝ քունս չի տանում… Պառկում եմ լուսադեմին ու շուռումուռ գալիս անկողնուս մեջ… Բաց պատուհանից շոգը ներխուժում է սենյակ… Բայց անքնությանս պատճառը շոգը չէ, որին վարժվել եմ, որը տանելի է դարձել: Ողջ օրվա ընթացքում իմ գլխում պտտվող մտքերը գիշերն առավել կատաղի են դառնում ու տեսնելով ինձ ամբողջապես մենակ՝ հարձակվում են վրաս… Չգիտեմ ինչ անել, ուր գնալ, ինչպես ազատվել նրանցից: Եվ արդյո՞ք կարելի է ազատվել, երբ մտահոգություններն ու խնդիրներն ամենուր են, երբ հենց իմ ու շատերի աչքերի առջև փլուզվում-ավերվում է այն երկիրը, որի մասին խոսելիս սիրում ենք տրվել վիպապաշտականությանը, շքեղ բառերի հեղեղին… Երկիրը, որը 1988-ին երկրաշարժ ու արցախյան գոյամարտ տեսավ, բայց չծնկեց, կարողացավ իր մեջ ուժ գտնել՝ պահպանելու համար անկախության ձեռքբերումները, հիմա կամաց-կամաց գլորվում է դեպի անորոշություն ու անհայտություն՝ հիշատակ թողնելով դատարկվող գյուղերն ու քաղաքները… Օրեր առաջ Արմավիրի մարզի գյուղերից մեկում էի. սրտաճմլիկ, սիրտ սղոցող պատկերներ՝ փակված դռներ ու պատուհաններ, անտերունչության մատնված ցանքատարածու­թյուններ, հեղեղումներից ու կարկտահարություններից հետ՝ անջրդի, պարապ մնացած հողակտորներ, որոնք երևի ցավից տնքում են, գիշերվա լռության մեջ ճիչեր արձակում, իրենց տերերին կանչում, որոնք այլևս հետ չեն դառնալու, որովհետև դեգերում են աշխարհի ճանապարհներով՝ ապահովություն ու հանգիստ, տարրական բարեկեցություն գտնելու համար… Հարյուրամյակներ շարունակ անկախություն երազող ժողովուրդը նույն այդ անկախության պատանդը դարձավ, որովհետև հասկացությունն ընկալվեց միայն նրա հուզական- զգացական շեշտերով՝ մոռացության մատնելով այն կարևոր միտքը, գաղափարը, հրամայականը, որ անկախությունը բառ չէ լոկ, այլ կացութաձև է, ժողովրդավարություն է, կառավարման ձև ու սկզբունք է, իշխանություն – ժողովուրդ փոխկապակցումն է, որը մեզ մոտ, ավա՛ղ, այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև ոչ թե իշխանություն, այլ՝ իշխանավորներ ձևավորեցինք, ոչ թե Ազգային ժողով ու ժողովարան, այլ՝ փողատերերի, իշխանատենչների հավաքատեղի ձևավորեցինք, յուրատեսակ կիսաքաղաքական ակումբ, ուր երբեմն գործում են խաղատներում ընդունված կանոններով ու «հիմնադրույթներով»: Բնականաբար և հետևաբար, այս կիսակլանային-կիսաքաղաքական «ակումբն» ի զորու չէ լուծելու երկրի առջև կանգնած խնդիրները, կռիվ մղելու մարտահրավերների դեմ, որոնք ծնունդ են առնում ոչ միայն արտաքին աշխարհի որդեգրած սկզբունքներից, այլև սեփական դիվանագիտության, քաղաքական մտքի, կառավարման համակարգի ճկունության բացակայության պատճառով: Այն պատճառով, որ մենք մեզ զատել ենք մե՛ծ աշխարհից, մե՛ծ խնդիրներից, պարփակվել ենք մեր նեղլիկ ցանկությունների ու պատկերացումների շրջագծի մեջ և երկիր ու պետություն ենք խաղում, հասարակություն ենք խաղում… Կյանքը խաղ է, այո՛, մեծ ու կանոնակարգված խաղ, աշխարհը մեծ խաղերի վրա է հենվում, բայց պետք չէ սեփական երկրում և սեփական ժողովրդի հետ խաղալ՝ անհուսությունն ու հոգելլկումը դարձնելով նույն այդ ժողովրդի կեցության հենարանները…
Յո՞ երթաս, երկիր Հայաստան…
Գիտենք, ու այլևս անզոր է պարտակել այն, որ թելադրված-ծրա­գրավորված մի ընթացքով, որի հեղինակները մենք չենք, սակայն համահեղինակ ենք դարձել, մարդաթափվում է երկիրը… Հեռավոր ռուսաստանների տաքուկ խոստացվող անկյունների փոխարեն՝ ոչսևահողային շրջանների թշվառության մեջ կքված տարածքներն են հրամցվում խաբված-հիասթափված մարդկանց, որոնք փախչում են երկրից՝ հետ չնայելով, չհասկանալով, որ այսպես դատարկում են հնամենի այս տարածքը՝ իրենց ռազմական ու աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար… Ամեն շաբաթ 1500-2000 մարդ է հատում մեր երկրի սահմանը՝ հեռանալու, մոռանալու համար ամեն ինչ, գտնելու այն միակ հանգրվանը, որտեղ տառապանքն ու լլկումը չեն ուղեկցելու, որտեղ ապրելու են ենթադրյալ ապահովության մեջ… Արգելափակոցներ չեն դրվում մեր սահմանի վրա, հետդարձի կոչեր չեն հնչեցնում, որովհետև այդ կոչերն այլևս բառերի տեսքով չեն կարող ներկայանալ, այլ պիտի գործուն ու ճշգրիտ քայլեր լինեն, ճգնաժամն ու հոգեկան ավերումները կանխող քայլեր լինեն… Դրանք չկան, որովհետև շատերն իրենց անամոթության դղյակներն են կառուցում՝ ազգ փառապանծին, որը Սարդարապատ ու Շուշի նվաճեց՝ վերածելով ազգ տառապածի, ազգ հուսալքվածի… Ու հիմա Հայաստանը հեռանում է ինքն իրենից, մեզանից…
Յո՞ երթաս, երկիր Հայաստան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.