ԾԻՐԱՆԱ…ԾՈՎ
Քամու զրույցը ծիրանի հետ է: Զգույշ սոսափում է, խառնում ծառի տերևները, հետո թաքուն շոյում կարմրաթուշը: Կարմրաթուշը հպարտ է, ինքը գույն ունի, համ ունի, քաղցր է: Քաղցր է այնքան, որ ճյուղն էլ չի դիմանում: Ծառն էլ չի դիմանում ու… բաց է թողնում… բա՜ց… ո՜ւֆ…- ասում է ծառը:
Ծանր է: Երևի քաղցրություն կրելն էլ ծանր է: Երևի գեղեցկություն կրելն էլ ծանր է: …Ու ծառը հոգնած թեքվում է քամու շշունջին ընդառաջ, քամու շփումին տեղի տալով, ու ամեն մի շփումից մի կլոր, հյութալի, գեղեցիկ պտուղ ընկնում է ցած: Ճաքում, տրաքում վայրէջքի թռիչքի ու ազատության զգացումից… Ու միանգամից էլ խառնվում հողին… Հասուն, տրաքած պտուղը` հասե՜լ եմ՝ գոռալով փռվում է հողին: Մրջյունները սպասում էին, նրանք տնավորվում են ճպճպան պտուղի հյուսվածքներում ու մի քանի օր ապրում: Քամին բարկացած ուժգնանում է: Ինքը համը չառավ, ու ավելի է ճկում ճյուղերը: Ծառը ճկվում է, տարածվում, տարուբերվում ու… քամին կարմրաթուշը խլած տանում է թևերին, բայց կրկին վայրէջքը հողին է ու գետինը ծածկվում է տրաք-տրաք ծիրանով… ծիրանով, որ հասուն է, որ քաղցր է, կարմրաթուշ է, գեղեցիկ… գեղեցիկ:
Քամու սվվոցին, ծիրանը պատասխանում է խուլ թրմփոցով:
ԱՆՁՐԵՎ
Անձրև է գալիս:
Կտկտոց…
Կտկտոցին հետևում է խշշոց… Տերևները զգույշ ղողանջում են: Իհարկե, զանգակներ չեն, բայց զանգակ են դարձել, որովհետև արձագանքում են ջրի կաթոցին: Ամառ էր: Տապ: Տերևը ձգվել ու փոշեթաթախ կախվել էր ճյուղից: Հիմա ճյուղն էլ է զրնգում, տերևն էլ… Փոշու հոտը, անձրևի կաթիլին նախանձելով բարձրանում է վեր և հակառակը: Կաթիլը տեղավորվում է հողի խորքերում, որքան կարող է: Ծարավ հող: Վախենում եմ: Օձի ճամփին եմ սպասում ու Աստված չանի, որ իմանա: Պատուհանը փակում եմ վախից: Ու մեկ էլ կրկին բացում` տոթից: Դե ինչ լինում է, թող լինի: Է՜: Մտածում եմ: Էս անտեր մոծակներն էլ այնքան կծեցին, ասես պարելով, ձեռքերս թափահարելով եմ քնում: Չմեռանք` մեղուն էլ կծեց ու աքլորն էլ վրա տվեց: Ձեռից հազիվ փրկվեցի: Փրկվել էլ ասում եմ` եղբայրս մի կերպ, փայտով հեռացրեց:
Մինչ տարվել էի մտքերով, անձրևը դադարեց:
Խաբեբա անձրև էր:
ՕՐ
Ամբողջ օրը մանգաղով խոտ հնձեցի: Այգու խոտը… Ձեռքս ցավում էր, բայց ինձ դուր էր գալիս: Հոգիս մաքրվում էր ու թեթևանում:
Հողի ու խոտի հոտը արբեցնում է:
Ամբողջությամբ տրվելու զգացում կա, որ սպառում է քեզ ու… գոհ է, թեթև…
Աշնանային երկնագույն ծաղիկների փնջերի մեջ խայտում են թիթեռները, նրանք մերթ երևում, մերթ սուզվում են երկնագույն թերթիկների փնջերում:
Երբ անցնում եմ, ոտքերի՞ս, թե՞ օդի շարժման աղմուկից վեր են թռչում, շփոթված հարվածվում ինձ ու իրենցով պարուրում: Քայլում եմ թիթեռների խառնաշփոթ թռիչքի ու ծաղկաբույրի միջով: Ամեն ինչ անցնում է, հիացած ու թեթևացած շունչ եմ քաշում ու հասկանում, որ կյանքը հրաշք է:
ՊԱՀ
Միտքս պատվաստում եմ դիմացի կանգնած ուսանող երեխայի մտքի հետ ու ծնունդ է առնում պահը` որ երջանկությունն է ստեղծագործության, որում մոռանում եմ երեկվա կյանքս` մտախոհ ու տանջանքով լի:
Այսօր, այս տղայի բառի շփոթվածության մեջ ծնվում է մաքրությունը մանկության, որ փորձում է հասունանալ ու ճանաչել աշխարհի իմաստությունը` ուրիշի աչքերով:
Տղան ծուլորեն, բերանի անկյունը ծլթացնելով, երկար ու ձիգ հորանջելով ձգում է բառը, որ ինձ համար աշխարհ արժե: Բառի արտահայտության ձևը գտնելու համար գրեթե կյանքիս կեսն եմ ապրել ու փնտրել: Հիմա ծուլանում է բառը ու մաթևոսյանական «ծուլծուլուլիկե ձգողությամբ հորանջում, դառնում երջանկություն, իր հետ բերելով մանկության անհոգությունը, կուտակված, որին փորձում եմ քշել, որ ծերունական իմաստնությունից մտքեր մտնեն ուղեղ ու հնչեն` բառով լցնելով պատանու աշխարհը:
Պատանին չի հասկանում ու ժպտում է, ծիծաղում, որ վերջապես կարողացավ հասկանալ Սերը, որ իրենը չէ: Մատները ջղաձգեց ու ներքին, արուի բնական մղումով ճմրթեց, ավելի ճիշտ` պատառոտեց այն, ինչը դեռ հասու չէր իրեն, բայց ծնվում ու ապրում էր երակներում: Երակներում, ուր արթնանում է Սերն ու պտղավորվում:
ԽԱՂԱՑՈՂԸ
Հերարձակ…
Փոշոտ պողոտա:
Իսկ տխրությունս հասել է գագաթնակետին:
Մինչդեռ բոլորն ուրախ են: Այնքան ուրախ, որ քիչ է մնում լաց լինեմ: Անգամ կամրջի ցանկությունը փսխումի նման դեմ առած կոկորդիս` չգիտի` ոնց վարվի: Ճիշտն ասած, զզվում եմ ինքնասպանվող մարդկանցից: Ինքս էլ շատ լավ գիտեմ ու հասկանում եմ, որ ամեն դրությունից մի ելք կա:
Տոնում են քաղաքի տոնը: Խորհրդանիշերի տոնը: Ազատության տոնը:
Իսկ պատանիները պարտադրում են` երեխայի դեմքին նկարել ամենախորհրդանշականը, ամենա… եռագույնը… հայրենի դրոշը` 200 դրամ վճարով: Փոքրիկի մայրը համաձայնվում է: Ճիշտն ասած, ես էլ դեմ չէի լինի դեմքս ներկելուն: Այդպես կվարագուրվեր տխրությունս: Բայց նայում էի ուրախացող մարդկանց ու զարմանում…
Մեծ մասն ուսանողներ էին, երիտասարդներ, որոնք չգիտեն, թե վաղն ինչ է լինելու:
Հայացքս չի կտրվում կապույտ թռչունից: Տանում է: Կլանում:
Ասում են՝ թռչուն չի, անհարմար դիրքով ընկած խաղում է: Կարևոր է:
Խաղում է և կապույտ գույն ունի:
Թվում է, թե այս համատարած ծես-ուրախության մեջ այն միակ իրականն է, որ կլանում ու հասկանում է:
Ես սիրում եմ այդ խաղացող, կապույտ թռչունին:
Խաղն իմ ազատությունն է: Ազատությունն ինձ ուղեկցում է դեպի կյանք:
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ
Շողքիս հետ կռիվ տալով քայլում եմ:
Պատասխանում է:
Մերթ առաջ է ընկնում, մերթ՝ հետ:
Իսկ փշատենին բուրում է:
Շողքս` փշատենու բույր, անհաղորդ անհանգստություններին կյանքի:
Այդպես միայն հայը կարող է մտածել:
Հայի մտածողությունը` հիմքում է:
Նախապապերի հիշողություն է: Եթե մեկին հարց տաս, կսկսի Տիգրան Մեծից ու հետո միայն կպատմի` այսօրը:
Իսկ մասրենին ծաղկել է: Բուրում է: Անտարբեր չեմ կարողանում անցնել:
Մի ճյուղ եմ պոկում իր վարդով: Կատարյալ է: Թերթիկները, միջուկը, առէջները: Զարմանում եմ թերթիկների գունաբաշխման վրա:
Ասում եմ` բնության գեղարվեստի ակադեմիան է, բաց երանգավորումով միջուկից դեպ եզրերն են ձգվում, տարածվում ու եզրերում մգանում: Ու կրկին փշատի բույրն առնելով կրկնում եմ` Տեր Աստված, օգնիր, երգ ասեմ փշատի բույրի ու ծաղկի մասին` փշատի, որ ինքն էլ չհասկանալով գրավում է տարածությունը ժամանակի: Օդն արբել է բույրից:
Կանգնում եմ, խառնվում օդում պարող փշատաբույր հյուլեներին:
Գիշերվա տեղատարափից հետո փշատի խենթացնող բույրին խառնվել է և հողի թաց, խոնավ հոտը:
Ես ու ստվերս օդին խառնված փշատի հոտ ենք:
Գուցե ժամանակ թագավորին իշխելու միակ ուղին փշատի բույր դառնալն է: Չգիտեմ:
Մտքերը հերթ չտալով փոխվում են: Անգամ չեմ հասցնում բռնել թևերը նրանց:
Օտար մեկը փորձում է խցկվել տողերիս մեջ, մազերիս ու կրծքիս փշատի ծաղիկներ շաղ տալով:
Դու ի՞նչ գործ ունես իմ ստվերի ու իմ ժամանակի տարածքում:
Ես մենակ եմ իմ ժամանակի տարածքում:
***
Աշուն է:
Բնությունը տերևաթափ է նկարել:
Հուր, կարմրաշող մազերով մանչուկն ամեն ընկնող տերևի հետևից վազում է` այն թռչունի տեղ դնելով:
Իմ Հայաստան երկրի արևը տաք է, լույսը` կարոտ: Օրերը գլորվում են, տանում, կիսելով ապագայի անսահմանությունը: Ես հայտնվում եմ այն կետում, որին սպասել եմ, երազանքով: Ապագայում եմ: Փախուստ է: Գլորվող հորիզոն: Անիվների վրա, թարմ կանաչահոտով լեցուն օդ:
Աղջկա վարսերում. տերևը՝ թիթեռ, վարսերը` բույն:
Օծվել եմ ձմեռվա շեմը բախող արևաշողով:
ԾՆՈՒՆԴ
Զգո՜ւյշ մոտեցիր արշալույսին…
Արեգակի աչքը նոր է կիսաբացվել…
Շրթունքներդ զգույշ մոտեցրու մշուշապատ հորիզոնին…
Օրվա մեջ կա մի պահ, երբ լույսը նոր-նոր ուզում է բացվել և արեգակն իր առաջին, միակ շողով արթնանալով, բրդբրդում է մութի տարածուն թևերն ու իջնում Մասիսի գագաթին: Ապա տարածվում նրա լանջով: Լույսի հատիկները նման են տառերի, որ բառ են դառնում ու լույսի աղոթք: Եվ այդ լուսաշաղախ գորգը ծնունդն է օրվա:
Արարման ոգևորություն` ահա:
Առավոտը հրաշք է: Իր գեղեցիկ ծնունդով, արարման կատարելությամբ ու տեսանելի անկրկնելիությամբ: Մարդը ձգվում ու ձուլվում է, բայց և միաժամանակ մնում այնքան հեռու, որը մի անասելի ցավ ու չնչինության զգացում է, ու նաև հրեշավոր հզորություն, որով և մասնակցում է օրվա ծնունդին, լույսի արարմանը, տիեզերքի հրաշքին:
Ամեն բացվող օրվա առաջին շողի հետ հորիզոնում վեհորեն մեզ է նայում հեռացող մութի ու արթնացող լույսի մեջ ցոլացող Արարատը, որ գուներանգվում է արևաճառագայթի և օդում պարող մթնշաղի ու լուսաշաղի խառնաշփոթում և ծիածանվում: Երբ վեհ գագաթը դեռ մթան մեջ է ու նաև լույսի, ու նաև լույսի…
Եվ ինչ էլ լինի, և թեև առավոտն անհոգի է ու անմերձենալի, սպասում ենք մանանայի թևով լույսի բարությանը:
Եվ արյանս հետ ծնված ու ապրող բոլոր օրերիս հետ, անսահմանության հասնող կարոտի քանակը` դեպի Նախնյաց երկիրը, որը երբեք չեմ տեսել, բայց միշտ զգացել եմ երակներումս, որպես իմ Սերոբ հոր հայրենիք, երկիր, որտեղ ինչ-որ ժամանակ ծնվել են իմ պապերն ու ազգիս նախապապերը: Այդ սերն ու անվերջ ահագնացող կարոտը, մայրական սիրո հետ միաձուլված` էգ առյուծ ու էգ արծիվ է դառնում, վախից կծկվելով ամեն պահի, երբ մտածում եմ իմ երկրին սպառնացող վտանգի մասին: Եվ աչքերիցս քունը հեռանում, հոգիս էլ կորցնում սեփական հանգրվանը, մարմինս թևածում է` տիեզերքի լույս ու ճառագայթ դարձած: Հասնելու ու օգնելու հայրենիքիս ամեն քարին ու թփին: Կարո՞ղ եմ, թե՞ ոչ, չգիտեմ, բայց այդպես է ու այսպես կկրկնվի, քանի դեռ ապրում եմ:
Իմ Արարատն ամեն օր իմ աչքի մշուշ պատկերն է, որ երազ է, բայց կանգնած է նյութեղեն ու իրական:
Եվ ամեն օր, որպես կրող մեր հուզումների, կարոտների ու երազանքների` Մասիսն իր լանջերին է հավաքում մեր հոգիներից, մեր եթերային մարմնից բաց թողնված շշունջներն ու բարձրացնում դեպ վեր, դեպ Աստված: