Առավոտները լողափում երանելի վիճակ է… Ծածկերին մոտիկ, խումբ-խումբ փռվել են պանսիոնատի բնակիչները․ ծղրտում են՝ կրունկները ջուրը մտցնելով, կարգով ու հերթով արևին են դեմ անում մարմնի դեռևս չմոխրացած մասերը։
Եվան չծուլացավ, քայլեց մինչև նավամատույցը, որտեղ ավազի մեջ քթները տրտմորեն խրած՝ օրորվում էին նավակները։ Սրբիչը փռեց։ Աչքի պոչով որսաց նավավարների հուզմունքը «նախիրում», ենթագիտակցության պոչով՝ որ դա իրեն դուր է գալիս։
Որդին, հեռվում նկատելով ընկերներին, տխուր հայացքով չափեց ամայությունը, ձևի համար մի քանի րոպե նստեց, հետո շրմփաց ջուրը, ափին մոտ չփչփացրեց ու լողաց ուղիղ դեպի ընկերները՝ մեղավոր ետ նայելով։ Եվան շրջվեց փորի վրա՝ օգնելով, որ իրեն դավաճան չզգա։
Ինչ լավ է։ Պարզապես լավ։ Լավ ու պարզ։ Վիճակ, որ վերջին մի քանի ամիսներին հազվադեպ էր իրեն երես տալիս։ Նա հաճույքով մտաբերեց ավագ որդու դիմագծերը, լսեց արդեն տղամարդկային դարձած ձայնը ու նորից զարմացավ։ Նա խոստանում էր երկու մետր բոյ առնել և տասնվեց տարեկանում վերաբերվում էր մորը, ինչպես Փոքրիկ Իշխանը՝ իր մոլորակին։ Եվ ճիշտ էլ անում էր, որովհետև միայն նրան էր հաջողվում ջանք չթափելով՝ իրականացնել այդ մոլորակի մնացած բնակիչների հիստերիկ երազանքը՝ ազատել Եվային իրավացի լինելու գիտակցումից։ Եթե անգամ այդ նույն իրավացիությունը մեխված էր մնում իր տեղում։ Որդին էլ կզարմանար՝ իմանալով, թե մայրը որքան շնորհակալ է նրան՝ հիմար գտնվելու հնարավորության համար։
Մի օր, տանը մաքրություն անելիս, պատահաբար ձեռքն ընկավ «Սթիվեն Քինգի սարսափները»՝ որդու սեղանի գիրքը, թերթեց և իր համար էլ անսպասելի, կարդաց մինչև վերջ՝ հատակին նստած։ Հետո երկար պայքարում էր սեփական լեզուն կծելու գայթակղության դեմ։ Քանի՜ անգամ էր որդին իզուր համոզել, որ կարդա այդ «ոչ թե պարզապես թրիլլերը, այլ՝ ամեն քայլափոխի հանդիպող, լավ գրված հոգեբանական սարսափը»։ Եվան այն ժամանակ նույնիսկ ծիծաղեց նման բնորոշման վրա և ուսմասվարի ատելի տոնով, իսկ ատում էր, որովհետև այդ տոնը մորն էր հատուկ, խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել դասականներին։
Բայց ախր ինչի՞ համար։ Տղան զուրկ չէ առողջ բանականությունից։ Ճաշակից՝ նույնպես։ Եվ ընդհանրապես, նա դեռ տասնվեց տարեկան է։ Եվ, վերջապես, քանի՞ օտար-ուրիշի բաղադրատոմս է ինքը կուլ տվել, մինչ իրեն լցոնում էին դասական ճշմարտություններով։ Եվ քանիսի՞ց է խեղդ ընկել, մինչև գտավ իրենը՝ մեկ անգամ, բայց շատ ցավոտ բախվելով իրական թրիլլերի հետ։ Մի՞թե պատրաստ էր դիմակայել համակարգչային վիրուսներին՝ քնկոտ ապրելով հարմարավետ տնակում, որ կառուցել էր հայրը։ Մի՞թե չի հիվանդացել՝ չափից շատ ուտելով նրբին խմորագնդիկները՝ հունցված մոր ինտելիգենտ մատներով և սալքարերի պես կոկորդում խցանված՝ նույնպես դասական օրենքներով։ Ու մի՞թե չի փրկվել պարտադրված ծրագրերից մաքրված գիտակցության շնորհիվ, ուր աննկատ սողոսկել ու հիմա ինքնագոհ ճոճվում է մակերեսին անտարբերությունը՝ ասես փրկօղակ, որի ետևում ազատ լողն ունի միայն երկու ելք… Եվան շրջվեց մեջքի վրա… Ոչ՝ մեկ ելք… Բացեց աչքերը, նայեց. դիմացը անվերջանալի կտավ էր՝ ցանկացած երևակայության, ամեն երանգի ենթարկվող… Նկարիր վրան՝ ինչ ուզում ես։ Եվ ինչ չես ուզում՝ նույնպես։ Նկարի՛ր, վայրի կին, չարացած վրձնահարվածներով քո կերպափոխությունը հաստատող դիմանկարը… Քեզ ոչ ոք պետք չէ՛։ Միայն պահպանի՛ր – լսո՞ւմ ես – լավ պահպանիր քո ձագերին, քանի դեռ չեն սրել իրենց ժանիքները…
Ալարելով վեր կենալ՝ Եվան սրեց ականջները։ Ահա կրտսերի խռպոտ ձայնը՝ թող այս նրբերանգը մնա ողջ կյանքում՝ առարկություն չհանդուրժող ու համոզիչ, բարեբախտաբար՝ նա ասելու բան ունի։
Քունը տարավ։ Լավ է, որ շուրջը ջուրն է։ Տրվել մի վիճակի՝ զգալով հակադիրի մոտիկությունը․ ի՞նչը կարող է ավելի զգայական լինել։
Եվան լողաց արևի շողերի միջով, որի առկայծումը ջրի երեսին երբեք չի մնում ետևում, միայն առաջ է մղում։ Այնուամենայնիվ, Սևանը արգելքները հարգել ստիպող միակ տարերքն է։ Ցանկացած այլ ծովում,- իսկ ինքը Սևանի դեպքում դեռ մանկուց ժխտում էր աշխարհագրական դոգմաները,- առանց երկմտելու, կլողար փրկօղակներից շատ հեռու, որտեղ չկա հոգնություն, և չի լսվում քեզ հետապնդողների փնչոցը։ Բայց Սևանը, ինչպես ամեն հարազատ բան, իր մեջ վտանգ էր թաքցնում։ Վերջին երկու ամսում նրա անկանխատեսելիությունը կուլ էր տվել երեսուներկու երիտասարդ մարմին՝ պատառոտելով նրանց սրտերը խուճապով ու վիրավորվածությամբ՝ դավաճան հորձանուտից։ Իսկ Սևանը չէր էլ գիտակցում, որ դավաճանում է։ Նա պարզապես վրեժ էր լուծում՝ տարեցտարի դաժանանալով անմահության հանդեպ կորսված հավատքի համար, իր նախկին պատրանքների համար, թե մարդը, որ խեղել է իրեն, գուցե ինքն էլ է արժանի կարեկցանքի։
Եվան լողում էր փրկօղակների երկայնքով՝ հիանալով հանդարտ մակերեսի նենգությամբ… Ինքն էլ հիմա այդպիսին է, համենայնդեպս, առաջինը չի հարձակվում…
…- Տանել չեմ կարող ձվերով կանանց,- վերջին հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախկին ամուսինը։
– Ես էլ։ Դրանք գիրացնում են ազդրերը։
– Ստում ես։ Եթե չհպարտանայիր քո ուժով… ավելի ճիշտ՝ կեղծ ուժով, ինձ կկպչեիր երկրորդ մաշկի պես։
– Քո ինչի՞ն է պետք երկու մաշկը։
– Դե, դու չես հասկանա։ Դու դեկաբրիստուհի չես։
– Հա, դեկաբրիստուհի չեմ։ Եթե լինեի, մեր երեխաները աքսորված կալանավորների խաչը կկրեին։
– Եթե դեկաբրիստուհի լինեիր, հիմա տանգո կպարեինք ինչ-որ տեղ, ծովափին։
– Այսինքն՝ պարելուդ խանգարում են իմ ձվե՞րը։
– Ինձ խանգարում է քո գոռոզությունը։ Կարծում ես՝ ձվերդ իսկական են։ Բայց ֆոկուսն այն է, որ եթե կնոջից պոկես ձվերը, նա ցավից լաց կլինի, իսկ եթե տղամարդուց՝ կմեռնի դրանց բացակայությունից։
Եվան պաշտում էր, երբ իրեն գրագետ կերպով պառկեցնում էին թիակներին: Այն աստիճան, որ որոշեց չփչացնել այդ հանճարեղ միտքը ձվակիր տղամարդկանց շրջապատում իր երկարամյա մենակության և թեկուզ ցավից լաց լինելու անիրականալի երազանքի մասին ձանձրալի մենախոսությամբ…
…Եվ, այնուամենայնիվ, նա հեռու լողաց։ Մոռացավ, թե որքան զզվելի է հետդարձի ճանապարհը։ Մի կիսակույր ճայ նրան ձկան տեղ դրեց ու քարի պես նետվեց ուղիղ դեպի գլուխը։ Եվան սուզվեց՝ գրեթե զգալով գարշելի կտուցը, որքան կարող էր՝ մնաց ջրի տակ և զգուշորեն գլուխը դուրս հանեց։ Խելառ թռչունը հեռացել էր՝ ճանկելով անվտանգության զգացումը։
* *
Ճաշից հետո տղամարդիկ գրավեցին նախասրահը՝ շրխկացին զառերը, գնդերն ու գնդիկները։ Օդում տարածվեց գարեջրի հոտը։ Ծալքափեշավոր ծխող կանայք տեղավորվեցին նստարաններին, անպատիժ ցուցադրում էին ոտքերը, համեմատում արևայրուքները, սուրճի բաժակները շրջում էին անձեռոցիկների վրա՝ սպասելով պանսիոնատի անփոփոխ գուշակին՝ հավաքարար Ֆուլիկին: Նա, լինելով Մոր նախակերպար գյուղատնտեսական սյուժեներով գրող հեղինակների համար, գուրգուրված էր եղել դեռ Վարպետի կողմից, որի իմաստուն աչքերը, ի դեմս ծեր կնոջ, առաջինն էին նկատել ազգի խորհրդանիշին։ Հունիսին Ֆուլիկը նշեց իր հարյուրվեցամյակն ու երդվում էր, որ ժամանակին վկայականում ծննդյան թիվը սխալ են գրել՝ խաբս տալու համար սուլթանի հրամանին, որով արգելվում էր երկրից դուրս բերել երիտասարդ աղջիկներին, և որ իրականում ինքը հինգ տարով էլ մեծ է։ Այս հովվերգությանը հաճույքով հավատում էին, հատկապես, որ հայտնի գուշակի բոյը ավելի չափ էր, ու երբ մաքրում էր սենյակները, սարսափելի զգացողություն էր առաջանում, թե առարկաներն իրենք իրենց են տեղից տեղ ցատկոտում, թղթերն իրենք են կանոնավոր դասավորվում կիտուկների, ձմերուկի կեղևները՝ պլաստիկե տոպրակների մեջ, իսկ փոշին, դռներն ու պատուհանները օժտված են նախանձելի ինքնագլխությամբ։
Հմայանքը ամբողջացնում էր անտեսանելի պառավի մարգարեական հանճարը, որն, ի դեպ, ոչ մի անգամ չէր չարաշահել վստահությունը։ Նա ոչինչ չէր մուրում գուշակության դիմաց, ամաչկոտ շնորհակալություն էր հայտնում, եթե ինչ-որ մեկը կարողանում էր նրա բազմաթիվ փեշերի մեջ միրգ կամ կոնֆետ խցկել, իսկ կարևորը՝ միայն երջանիկ ճակատագիր էր գուշակում։
Եվան կուշտ գայլի բարեհոգությամբ էր հետևում ջահելատես սևահերի դիմախաղին, որն ունկնդրում էր սվսվախոս Ֆուլիկին՝ ասես աստծո խոսքին։ Բարի պառավը նրան երաշխավորում էր ամենանվիրական ցանկության իրականացում, ինչից սևահերը գունատվեց ու չարագուշակ կկոցեց աչքերը, իսկ Եվան պատկերացրեց, թե ինչպես նույն այդ պահին մեկ այլ գուշակ ինչ-որ մեկի սրտում տագնապ է սերմանում։
Հաջորդը Ֆուլիկին դանդաղաճոճք մոտեցավ Կզաքիսը։ Չորուկ թաթիկներին հանձնելով սեփական ճակատագիրը՝ նա ծխեց և հենվեց նստարանին Մարգարիտա Գոտյեի մահամերձ դիրքով։ Դուստրը, մոր ոտքերի կողքը պպզած, ակնածանքով շոյում էր նրա ծունկը։
– Է-էէ,- սկսեց մարգարեանալ պառավը, բայց անողորմաբար դուրս հանվեց տրանսից.
– Է, չէ՛է, այդպես չեղավ, հոգյակս։- Կզաքիսը ծածկեց դախ ձեռքն իր ափով, ծուխը բաց թողեց լայն բացած ազդրերի արանքից մարմարե հատակին, հիացավ նրա հետադարձ ընթացքով, նորից ներս քաշեց ծուխն ու փաղաքուշ շարունակեց։- Քո ձեռքում, թանկագի՛նս, սովոռական կեռամիկա չէ։ Այս բաժակում իմ ամբողջ կյանքն է՝ անսովոռ ու սառսափելի իր մեռկությամբ։ Հասկանո՞ւմ ես։ Այս բաժակում Բայռոնի մուսան է, Վագնեռի կիռքը, Բեթհովենի լսողությունն ու Հոմեռոսի տեսողությունը… Այնտեղ եռգն ու ոտանավոռն են, պատկեռն ու միտքը։ Այնտեղ անցյալը միահյուսվել է ապագայի հետ և առդեն սուռում է դեպի Տիեզեռք: Այնտեղ Առառիչը բաժակ է բառձռացնում Ars amandi-ի պատվին, թեև ինքը եռբեք սիռված չի եղել Եռկրի վռա։ Այնտեղ հավեռժությունը վիճում է ունայնության հետ ու մահվանը առդառացման դատավճիռ առձակում: Նախ տե՛ս այդ ամենը, պառավ՝ դդումի պես պառզունակ, ու հետո միայն քեզ թույլ տուռ…
Երբ ծուխը ցրվեց, դրա միջից հազալով դուրս նայեց ճլորած, վախեցած դեմքն ու հարցրեց.
– Հիմա գուշակե՞մ։
– Հիմա գուշակիռ։
– Է-էէ… *
* *
Ի վերջո հաջողվեց իրեն ենթարկել մտքերը, փոխարենը՝ ենթարկվելով կարգապահությանը։ Բառերը, թքած ունենալով մաթեմատիկայի վրա, հլու լցնում էին դատարկությունը, որսում էին արագությունը։ Բառեր-թիթեռացանցեր… բառեր-դույլեր, բառեր-ծեփածո, բառեր-իզացիա, բառեր-ացիա… Դատարկությունը ուրախությամբ մգանում էր, լցվում՝ փքվելով հաճույքից, նա երախտագիտություն էր փափագում։ Երախտագիտությունը, ինչպես միշտ, ուշանում էր ավարտից առաջ։ Դարձյալ նույն՝ վերջին վերջակետի բարդույթը, կարծես ծաղկած բալենու շուրջը հանկարծ գերեզմանոց է փռվում..
…Հարազատների գերեզմաններին Եվան չէր սիրում այցելել։ Արդարանում էր իր ծուլությամբ։ Նա սիրում էր ինքն իրեն խաբել։ Ասենք, չկար էլ ուրիշ մեկը, որին կխաբեր՝ մնացած բոլորը այնքան հարմարավետ էին տեղավորվել վկաների աթոռներին, որ նրանց իրենց տեղը ցույց տալու չնչին ցանկություն չկար։ Իմաստ կա՞ քեզ պարտադրել, եթե հետո երազում ես չեղարկվել։ Ու եթե դու նույնպիսի վկա ես, ու ոչ մեկը չի ցանկանում քեզ ցույց տալ քո՛ տեղը… Մի անգամ նախկին ամուսինը խնդրեց գնալ գերեզմանատուն, որտեղ թաղված է իր հայրը, և համոզվել, որ գերեզմանը նորմալ վիճակում է։ Եվան չգնաց և հեռախոսով ստեց, թե՝ ամեն ինչ կարգին է։ Երբ նախկին ամուսինը եկավ մահվան տարելիցին, պարզվեց, որ հոր գերեզմանը վաղուց վնասված է սողանքներից, թալանչիներից, դիվային այլասերվածներից։
– Իսկ ես ի՞նչ կարող էի անել։
– Քեզ մեղադրո՞ւմ եմ։ Ես եմ մեղավորը։ Ամբողջ կյանքում նրա առաջ մեղավոր եմ։
– Գուցե վերջ տաս ինքնախարազանումիդ։ Երկուսդ էլ մեղավոր էիք, դեռ հարց է՝ ով ավելի շատ։
– Այդպես էլ չհասկացար, որ «ավելի» կամ «պակաս» մեղավորներ չեն լինում։ Մեղքը բացարձակ հասկացություն է, ինչպես հղիությունը։
– Ուրեմն, մեղքը կարելի է առնվազն ընդհատել…
…Հաշվի առնելով համաչափ ռիթմը, դուռը թակողը երկչոտ մեկն էր։ Եվան, հայհոյելով, խալաթը գցեց ուսերին։ Սկսվե՜ց…
Top of Form
Դռան շեմին կանգնած կինը հավանաբար իր տարիքին էր, ապշեցուցիչ դիմագծերով գունատ դեմքով՝ աղավաղված կա՛մ վերջերս ապրած վշտից, կա՛մ խորը թաքցված վախից… Տիեզերական Տառապանքի կենդանի արձան: Ու նաև՝ կարծես ծանոթ։
– Ներեցեք, ի սեր Աստծո, ներխուժման համար, իմ անունը Էսթեր է։
– Շատ հաճելի է։ Ես Եվան եմ։
– Այո, ես արդեն գիտեմ… Հենց դրա համար էլ եկել եմ։
– Որովհետև անունս Եվա՞ է,- փորձեց թեթևացնել իրավիճակը հումորով, բայց հարցը կարծես թե ավելացրեց լարվածությունը։ Էսթերը սկսեց խաղալ մատանու հետ երկար, գեղեցիկ մատներով։
– Ահ, ոչ, Աստծո սիրուն… Բանն այն է, որ որդուս հետ ընդամենը մեկ ժամ առաջ ենք եկել, իսկ պետք է գայինք ճաշին, և… հասկանում եք, այնպես ստացվեց, որ… Մի խոսքով, մեր սեղանին ուրիշ ընտանիք են նստեցրել…
Եվան կռահեց վերջաբանը, ինչից անտանելիորեն ցանկացավ նվաստացնել անկոչ հյուրին կարեկցանքի բացակայությամբ։
– Իսկ ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ։
– Դուք, իհարկե, կապ չունեք։ Պարզապես ինձ ասացին, որ ձեր սեղանին հենց երկու ազատ տեղ կա… Ու եթե դեմ չեք…
– Բայց ճաշարանում լիքը ազատ սեղաններ կան։ Ինչո՞ւ չեք զբաղեցնում դրանցից մեկը։
– Դուք, երևի, ընթրիքի չեք իջել, թե չէ կնկատեիք, որ ճաշարանը լեփ-լեցուն է… Հավատացեք, անհարմար եմ զգում նման խնդրանքով դիմել ձեզ, առավել ևս, որ…
– Առավել ևս՝ ի՞նչ,- Եվան չէր կարողանում հասկանալ սեփական հակակրանքի բնույթը նրբագեղ ու նրբանկատ հյուրի հանդեպ և ավելի էր նյարդայնանում։
– Չէ, ոչինչ… Ինձ պարզապես զգուշացրել էին, որ դուք… ինչպես ավելի ճիշտ ասեմ… Չեք սիրում մարդկանց շրջապատում լինել, թե չեք ցանկանում որևէ մեկի հետ շփվել…
…«նա չի սիռում ոռևէ մեկի հետ շփվել»…
– …այդ պատճառով ուզում էի ձեզ նախապես հանգստացնել՝ որդուս հետ ձեզ չենք անհանգստացնի։ Ձեզ կգոհացնի՞ լուռ սեղանակցությունը։ Տղաս բավականաչափ դաստիարակված է, որպեսզի չ…
– Ասացեք, խնդրեմ, Ձեր կողքի սենյակում ապրո՞ւմ է մի… դե, մի կին աղջկա հետ…
– Կզաքի՞սը: Այո, այո, կռահեցիք։ Հենց նրա հետ էլ խոսել ենք ձեր մասին։ Նա ինձ դուր չի գալիս։
Եվան հանկարծ ծնկներում սարսափելի թուլություն զգաց, որն արագ տարածվում էր մարմնով՝ այն դարձնելով գրեթե անկշիռ.
– Որտեղի՞ց գիտեք, որ նրա անունը Կզաքիս է։
– Դա նրա անո՞ւնն է։ Ինչ սարսափելի է, Աստված իմ… Նա ներկայացավ որպես Նելլի… Ես ընդամենը նկատի ունեի, որ կզաքիսի շատ է նման…
– Լավ, դա կարևոր չէ… Նստեք մեզ հետ, դեմ չեմ։ Նույնիսկ լավ է՝ ես էլ որդի ունեմ, թող տղաները ընկերանան։
– Իրո՞ք,- երջանկությունից հյուրը այնքան գեղեցկացավ, որ Եվայի աչքերում աստղեր բռնկվեցին՝ կուրացրին… Իսկ երբ փայլը ցրվեց, Եվան իրեն գտավ հայելու առջև՝ փակ դռան կողքին…
*
* *
Ճաշարանում իրոք ասեղ գցելու տեղ չկար: Դահլիճը բզզում էր փեթակի պես, մատուցողուհիները մատուցարաններով ու սայլակներով խուսանավում էին սեղանների միջև՝ ասես անիվների վրա լինեին։ Նրանցից մեկը հընթացս մոտեցավ Եվային ու շշնջաց ականջին.
– Վաղը Սոլժենիցինների ընտանիքը մեկնում է, ու մենք անմիջապես ձեր հարևաններին կտեղափոխենք այդ սեղանի մոտ…
…«Սոլժենիցին» անունը նոսր մորուքով տղամարդուն, որ ավելի շատ Դոստոևսկուն էր հիշեցնում, Չոնն էր տվել՝ ձեռի հետ, երբ քիչ էր մնում նրան զգետներ՝ ֆուտբոլի դաշտ սլանալու ճանապարհին.
– Բարև, Սոլժենիցին։
Մորուքավորը հավանաբար դեմ չէր, որովհետև ժամեր անց ամբողջ պանսիոնատը տեղեկացված էր ոչ միայն ավելի շատ Դոստոևսկուն հիշեցնող տղամարդու մականվան մասին, այլև այն մանչուկի, որը գիտի՝ ինչ տեսք ունի Սոլժենիցինը…
…Էսթերն արդեն նստած էր որդու հետ՝ դեմ դիմաց։ Տղայի կողքին, տիեզերական անտարբերությունը դեմքին, նստել էր Չոն-ճապոնացին՝ պատառաքաղով թակելով ափսեի հատակը։ Երեկ երբ վերադարձել էր կինոդահլիճից, Եվան արդեն քնած էր, իսկ առավոտյան, սովորականի պես, թռել էր խաղահրապարակ՝ նախաճաշից առաջ «մարզվելու», այնպես որ Եվան չէր հասցրել նախազգուշացնել հարևանների մասին։ Անակնկալի եկած՝ որդին ընտրել էր մեկուսացածի անտարբերությունը՝ որպես վարքի ամենաթույլատրելի տարբերակ՝ մոր արձագանքի սպասումով։ Եվան մտքում քմծիծաղեց. «Իմ արյունն է։
– Buon appetito!
Թե ինչու ասաց իտալերեն, ինքն էլ չհասկացավ, գուցե որ չխրվի-լռվի բարձրաշխարհիկ բարեկրթության մեջ։ Բայց կարծես ոչ ոքի մտքով չանցավ զարմանալ.
– Grazie, signora,- խմբով պատասխանեցին Էսթերը, նրա որդին ու Չոնը։
– Իսկ ի՞նչ ունենք նախաճաշին,- հարցը հռետորական էր, բայց օգնեց կրկին, չգիտես որտեղից սողոսկող ծնկների դողը հաղթահարելու համար։ Եվան անշնորհք կերպով թրմփաց իր աթոռին, հիմարաբար «օյ» արեց ու բռնեց որդու զգուշավոր հայացքը.
– Մա՛մ, մոռացե՞լ ես։ Մանրաձավարով շիլա, ձվածեղ լոլիկով, օմլետ։ Ու թեյ։
– Հա, ճիշտ որ… Իսկ ձեռքերդ լվացե՞լ ես։
– Չէ։
– Ես էլ,- անսպասելի արձագանքեց Էսթերի տղան։- Ձեռք լվանալը հիմար զբաղմունք է։ Իսկ քո անունը ի՞նչ է։
– Ասա, ոնց մամաս է ասում՝ Չոն։ Իսկ քո՞նը։
– Դու էլ ասա, ոնց մամաս է ասում՝ Բուս։
«Հո անուններ չե՞ն տվել ձեզ ձեր մայրերը»,- մտքում աշխուժացավ Եվան և շրջվեց՝ փնտրելով ուշացած մատուցողուհուն… Ծուռթաթ սահքով ճաշարան էր մտնում Կզաքիսը… Տեղովը՝ հին քամանչա։ Եվ ինչպես է հաջողեցնում վրան քաշել այն, ինչը հատկապես է իրեն այլանդակում…
– Մա՛մ, նայի՛ր, Կզաքիսն է գալիս,- միաձայն փռթկացին Չոնն ու Բուսը։
Եվան՝ որպես համերաշխության նշան, շրջվեց դեպի հարևանուհին, որը մինչ այդ, բացի բարևից, մի բառ չէր արտասանել՝ պատրաստվելով նրան համակել ընդհանուր ուրախությամբ։ Էսթերը պատասխանեց չարչրկված ժպիտով, որի միջից հազիվ լսելի պլստացին բառերը.
– Հիմա կմոտենա մեզ… որպեսզի նորից ինձ տանջի։
– Մա՛մ, ուզո՞ւմ ես, ոտք գցեմ՝ շրմփա հատակին,- հարցրեց Բուսը։
– Մա՛մ, ուզո՞ւմ ես, նրան մողես ուտեցնեմ,- հարցրեց Չոնը։
– Ի՞նչ է Ձեզնից ուզում,- հարցրեց Եվան։
Կզաքիսը մոտեցավ նրանց սեղանին, ձեռքով արեց հեռվում նստած դստերն ու ճաթած ժպիտը տարածեց դեմքով մեկ.
– Ի՜նչ աստվածային տեսառան՝ եռկու հմայիչ մայռիկներ ու նռանց հռաշք փոքռիկ հռեշտակնեռը։ Ախ, ինչո՞ւ ես նկառիչ չեմ… Ի դեպ, սիռելիս, – դիմեց Էսթերին, – ձեզ համառ ցնցող նոռություննեռ ունեմ։ Հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում, այնպես չէ՞։ Սպասում եմ ձեզ սուռճի… Բառի ախոռժակ։
Մատուցողուհին վերջապես բերեց նախաճաշը։ Մինչ բոլորը քար լռության մեջ կուլ էին տալիս ուտելիքը, Եվան հուսահատ փորձում էր խեղդել-սրախողխող անել-գնդակահարել-ցրել մտերիմին օգնելու վաղուց մոռացված ցանկությունը՝ դեռևս սաղմնային վիճակում։ Բայց քո ի՞նչ գործն է։ Կարծես նրանց մեջ ոչ նորածին կա, ոչ կույր, ոչ անոտք, թող իրենք իրենց հարցերը լուծեն… կամ չլուծեն… Եվ ընդհանրապես, վաղը նրանց ուրիշ սեղան են տեղափոխելու։ Եվ ճիշտ կանեն։ Միայն դա էր քեզ պակաս, որ Կզաքիսը կողքդ ֆռֆռա, երբ խելքին փչի… Դու քո կյանքն ունես։ Քո երեխան… «հռաշք հռեշտակը»… Ֆո՛ւ, էդպես էլ գիտեր, որ արձակուրդը մեկնումեկը հաստատ կփչացնի…
Նա ուշքի եկավ Էսթերի ձայնից.
– Մենք գնացինք։ Շնորհակալություն ընկերակցության համար և… կներեք։
– Կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել,- բառերն ավելի արագ դուրս թռան, քան Եվան կհասցներ ընտրել անհրաժեշտ պատասխանը։ Էսթերը անսպասելի թեքվեց ու համբուրեց նրա ճակատը.
– Կարող ես։ Եվ ոչ միայն ինձ։
Ու դուրս եկավ ճաշարանից՝ ամուր բռնած որդու ձեռքը։
Չոնը թեյը խմեց, անձեռոցիկով սրբեց շուրթերը, հենվեց աթոռին, ուսումնասիրեց առաստաղի ջրաբծերն ու ասաց.
– Գիտե՞ս, մա… երբեմն ֆուտբոլ խաղալիս, չգիտես ինչու, գնդակը փոխանցում եմ ուրիշին հենց էն պահին, երբ արդեն դարպասի դիմաց եմ ու կարող եմ հեշտությամբ գոլ խփել… Չգիտե՞ս՝ ինչու…
* լատ. «Ես կերպափոխվելու եմ»
